Հիշել նախագիծը

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.4-րդ կետով.

«25.4) սահմանում է ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի իրականացման դեպքում առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման վերցված առարկաները իրացնելու կարգը:»:

Հոդված 2.  Օրենքի 60-րդ հոդվածի 1-ի մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) իրականացնում է ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի իրականացման դեպքում առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաների վերցնում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.4-րդ կետով.

«41.4) սահմանում է ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի իրականացման դեպքում առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման վերցված առարկաները իրացնելու կարգը:»:

Հոդված 2.  Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.

«12) իրականացնում է ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի իրականացման դեպքում առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաների վերցնում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 264-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«Ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի իրականացման դեպքում առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները, օգտավործվող տրանսպորտային միջոցները, սարքավորումները, այլ միջոցներն ու գործիքները կարող են վերցվել ոստիկանության կամ տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից:

Վերցնելուց առաջ իրավախախտման կատարման մեջ կասկածվող անձին բանավոր պահանջ է ներկայացվում անհապաղ դադարեցնել իրավախախտումը և տրամադրել ինքնությունը հաստատող փաստաթուղթ՝ նախազգուշացնելով, որ տվյալ պահանջը չկատարելու, ինչպես նաև իրավախախտումը շարունակելու դեպքում վերը նշված առարկաները ենթակա են վերցման:

Վերցնելն ավարտելուց հետո կազմվում է համապատասխան արձանագրություն, որտեղ նշվում են կազմող անձի պաշտոնը, անունը և ազգանունը, վերցնելու վայրը, ժամանակը, հանգամանքները, վերցնելու մասնակիցների տվյալները, վերցված առարկաների քանակը, չափը, քաշը, բնորոշիչ հատկանիշները և այլ առանձնահատկություններ:

Արձանագրությունը կազմող պաշտոնատար անձն այն ծանոթացնում է գործողության մասնակիցներին, որոնք ծանոթանալուց հետո այն ստորագրում են և իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնել իրենց դիտողությունները: Եթե մասնակիցներից մեկը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ ապրանքն այդ պահին տիրազուրկ է կամ իրավախախտում կատարած անձը հրաժարվել է ներկայացնել ինքնությունը հաստատող փաստաթուղթ, ապա այդ մասին նշում է կատարվում արձանագրությունում: Իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքները, գործիքներն ու միջոցները վերցնելու գործընթացը կարող է տեսանկարահանվել կամ տեսաձայնագրվել դրանք վերցնող պաշտոնատար անձի կողմից, ինչի մասին նույնպես նշում է կատարվում արձանագրությունում, իսկ տեսանկարահանման կամ տեսաձայնագրման նյութերը, ինչպես նաև իրավախախտումը դադարեցնելու վերաբերյալ բանավոր պահանջ ներկայացնելու ընթացքի տեսաձայնագրությունը հետագայում փաստաթղթային, էլեկտոնային կամ այլ կրիչով կցվում են վերցնելու մասին արձանագրությանը:

Արձանագրության պատճենը ստորագրությամբ հանձնվում է այն անձին, ում մոտ կատարվել է վերցնելու գործողությունը, իսկ առձեռն ստանալուց հրաժարվելու դեպքում կարող է առաքվել փոստով:

Վերցված ապրանքների վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ ստանալու նպատակով, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել մասնագետներ կամ փորձագետներ:

Վերցված ապրանքները տեղափոխվում են դրանց պահպանության համար նախատեսված՝ որակի անվտանգության համար անհրաժեշտ սարքավորումներով ու սենքերով կահավորված տարածք, որտեղ պահվում են մինչև վարչական վարույթի ավարտը, իսկ տիրազուրկ ապրանքները՝ միչև օրենքով սահմանված կարգով դրանց տնօրինման համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտը: Բացառություն են կազմում արագ փչացող ապրանքները, որոնք վերցնելուց հետո հատուկ պահպանության տարածքում պահվում են երեք աշխատանքային օր: Եթե ապրանքների սեփակատիրոջ կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում վարույթ իրականացող մարմնի հաշվեհամարին, որպես դեպոզիտ վճարվում է տվյալ իրավախախտման համար նախատեսված տուգանքի գումարի առավելագույն չափով գումար, ինչպես նաև այդ ապրանքների տեղափոխման ու պահպանության ծախսերի չափով գումար, ապա ապրանքները մինչև վարույթի ավարտը վերադարձվում են նշված անձին, իսկ վճարված գումարների տնօրինման հարցը լուծվում է տվյալ գործով կայացված վարչական ակտով՝ դրա ուժի մեջ մտնելուց և անբողոքարկելի դառնալուց հետո:

Եռօրյա ժամկետում վերը նշված գումարները չվճարելու դեպքում արագ փչացող ապրանքներն իրացվում են տվյալ համայնքի ղեկավարի կողմից: Իրացման արդյունքում գոյացած գումարը փոխանցվում է համայնքի հաշվին ու տնօրինվում միայն տվյալ գործով կայացված վարչական ակտն ուժի մեջ մտնելուց և անբողոքարկելի դառնալուց հետո՝ ակտի եզրափակիչ մասում  նշելով բռնագանձման և վերադարձման ենթակա գումարների չափերի մասին: Վերցված ապրանքների իրացման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կողմից:    

Անձը, ումից սույն հոդվածով սահմանված կարգով վերցվել են սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված առարկաները, կարող է դրանք ստանալ տուգանքի առավելագույն գումարի և այդ ապրանքների տեղափոխման ու պահպանության համար անհրաժեշտ գումարները վարույթ իրականացող մարմնի հաշվեհամարին, որպես դեպոզիտ վճարելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ արագ փչացող ապրանքների դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

  • Քննարկվել է

    27.07.2020 - 12.08.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6005

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

<<ԲԵԿՈՒՄ>> հանրային պատասխանատվություն, անվտանգություն, հսկողություն>> հասարակական կազմակերպություն,

27.07.2020

Օրենքների նախագծերի վերաբերյալ <<Բեկում>> հասարակական կազմակերպությունը հայտնում է. <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը խիստ խնդրահարույց է, մշակելիս, ելից անելիս և ելիցները ստորագրելիս արդյո՞ք հաշվի առել են ՎԻՎ օրենասգրքի 20-րդ գլուխը՝ իր բոլոր հոդվածներով: Նախ, պետք է ՎԻՎ օրենսգրքի 20-րդ գլուխը՝ իր 259-266-րդ հոդվածներով, դիտարկել և իրավակիրառ պրակտիկայում հաշվի առնել ամբողջության մեջ, այլ ոչ թե սուբյեկտիվ և հատվածական սեփական ընկալումների կամ շահերի նպատակներով: ՎԻՎ 259-րդ հոդվածում շատ հստակ նշված է, թե որ դեպքում է թույլատրվում անձի վարչական ձերբակալումը, անձնական զննումը, իրերի զննումը և իրերի ու փաստաթղթերի վերցնելը, որի համար, սակայն, կա մի եթե. եթե սպառվել են ներգործության մյուս միջոցները: Կա՞ որևէ մեկը, ով կարող է հավատալ կամ համոզվել, որ այևս սպառված են ներգործության մյուս միջոցները տվյալ խնդրի լուծման հետ կապված, որ հնարավոր և բոլոր միջոցները պետությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինը կիրառել է և չի ստացել որևէ արդյունք ու բանը հասել է մարդկանց կողմից սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքի փողոցային կամ բացօթյա առևտրի կամ որևէ ծառայություն մատուցելու հետ կապված ապրանք կամ գույք կամ տրանսպորտային միջոց կամ այլ միջոցներ կամ իրեր վերցնելուն: ՎԻՎ օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասում հստակ նշված է ՎԻՎ օրենսգրքի 261-րդ հոդվածը /այն վարչական ձերբակալման և դրա դեպքերի մասին է/ և 263-րդ հոդվածը, /այն անձնական զննության և դրա դեպքերի մասին է/: Հիմա հարցեր՝ 1/ ՏԻՄ-ը վարչական ձերբակալման իրավասություն ունեցող մարմի՞ն է, թե՞ անձնական զննություն կատարելու իրավասություն ունեցող մարմին., թե հանկարծ որոշվել է, որ ՏԻՄ-ը պետք է ունենա և կրկնորդի օրենսգրքով արդեն նախատեսված ուժային կառույցներին վերապահված վարչական ձերբակալման կամ իրերի զննության և վերցնելու իրավասությունն ու գործառույթը. 2/ առևտրի իրականացումը կամ ծառայության մատուցումը կամ բացօթյա առևտուրը կատարելիս սննդամթերքը կամ ոչ պարենային ապրանքը վաճառող և դրա համար անհրաժեշտ սարքավորումները կամ այլ իրերն ու գույքը մարդիկ իրենց գրպանու՞մ թե՞ մարմնի վրա են պահում, որ անձնական զննության ենթարկեն, թե՞ որևէ ծառայություն մատուցելիս մատուցման գործիքներն ու առարկաները կամ նյութերը և միջոցներն են գրպանում, որ անձնական զննումով հայտնաբերվեն կամ էլ միգուցե՞ հանրության համար զենքի կամ այլ վտանգավոր նյութերի պես սպառնալիք հանդիսացող իրեր են, որոնք պետք է հայտնաբերվեն և վերցվեն: 3/ նման նախագիծ մշակելիս պատկերացրե՞լ են, թե՞ գործնականում ի՞նչ խնդիրներ և ի՞նչ հետևանքներ են առաջանալու նշվածի փաստացի իրականացման ժամանակ, գոնե պատկերացում կա՞, թե ինչպիսի՞ լծակներ են տրվում և ինչպիսի՞ կոռուպցիոն ռիսկեր և հետևանքներ են առաջացնում: Գոնե պատկերացում կա՞, թե ինչպիսի՞ անհամաչափ պարտավորություններ և ֆինանսական բեռ է դրվում քաղաքացու վրա՝ իբր նրան լավություն անելու հիմքով վերցված ապրանքը վերադարձնելու համար: 4/ օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված է <<… օբյեկտ համարվող ապրանքները, օգտագործվող տրանսպորտային միջոցները, սարքավորումները, այլ միջոցներն ու գործիքները կարող են վերցվել ոստիկանության կամ տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից>>: Հարց՝ ի՞նչը /սարքավորում, թե՞ ապրանք, թե՞ տրանսպորտային միջոց, թե գործիք, թե բոլորը միասին/ կամ դրանց ո՞ր մասը կամ էլ ինչպե՞ս, ու՞մ կողմից և ո՞ր դեպքերում է որոշվելու՝ վերցնել, թե չվերցնել, եթե տրված է <<կարող է>> ձևակերպում, կոռուպցիան էլ ինչպե՞ս է լինում, թե՞ այդ որոշողները հրեշտակներն են, հասարակությունն էլ՝ մեղավոր է և վերջ, ու պետք է ունեցած –չունեցածը, անկախ նրանից, թե իր սեփականությունն է, թե ուրիշինը, պետք է վերցվի: 5/ երբ միևնույն վարչարարությունը վերապահվում է և ոստիկանությանը և ՏԻՄ-ին, պատկերացում կա, թե դա ի՞նչ է նշանակում և ինչպե՞ս է օրինակ՝ որոշվելու, թե ե՞րբ կամ ո՞ր դեպքում է տվյալ գործողությունը կամ լիազորությունը կատարելու ոստիկանությունը և ո՞ր դեպքում՝ ՏԻՄ-ը, թե՞ համատեղ են անելու, այդ դեպքում ո՞ր մասը ո՞վ է անելու, թե՞ … 6/ պատկերացում կա՞, թե ի՞նչ քաշքշուքների և ի՞նչ վիճակի մեջ է ընկնելու քաղաքացին և ինչքան է տևելու կամ ինչպես է իրականացվելու 2 մարմնի կողմից կատարվող վարչարարությունն ու վարչական վարույթը, գործի քննությունը: 7/ ենթադրենք առևտրի իրականացումը կամ ծառայության մատուցումը կամ բացօթյա առևտուրը կատարելիս վերցրեցին ապրանքները, օգտագործվող տրանսպորտային միջոցները, սարքավորումները, այլ միջոցներն ու գործիքները, որոնք պետք է համապատասխան պայմաններում պահվեն մինչև քննությունը: Օրենքի նախագիծը չի կարգավորում, թե վարչական վարույթի կամ իրավախախտման վերաբերյալ գործի քննությունից հետո ի՞նչ է լինելու դրանց հետ՝ բռնագրավվելու՞ են, թե՞ վերադարձվելու են, թե՞ ոչնչացվելու են, եթե նախատեսված է միայն իրացում: Ովքե՞ր, ի՞նչ հիմնավորմամբ ու իրավական հիմքով և ինչպե՞ս են որոշելու դրանց ճակատագիրը: 8/ Եթե վերցված իրերի իրացման կարգը սահմանելու լիազորություն և իրացման հնարավորություն է նախատեսված, արդյո՞ք հաշվի առել են, որ վերցված իրերը կարող են իրացվել միայն հատուցման պարագայում, ինչը նախատեսված է նաև ՎԻՎ օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասում: Ինչ վերաբերում է «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> և «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքների նախագծերին, ապա նախագծերը չեն տալիս ՎԻՎ օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ բարձրացված խնդիրների և հարցերի պատասխանները: Բացի այդ, նախագծերի 1-2-րդ հոդվածներում տրված <<առարկա>> ձևակերպումն անորոշ է, պարզ չէ, թե խոսքը կոնկրետ ինչին է վերաբերում, եթե հաշվի առնենք, որ ՎԻՎ օրենսգրքի 20-րդ գլխի վերնագրում, 264-րդ հոդվածում նշված է իրերի մասին, այնինչ <<ՎԻՎ օրենսգրքի մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծում նշված է ապրանքների, օգտագործվող տրանսպորտային միջոցների, սարքավորումների, այլ միջոցների ու գործիքների մասին: Օրենքների 2-րդ հոդվածները վերանայման կարիք ունեն շարահյուսության և մտքի ձևակերպման տեսակետից , քանի որ <<իրականացնում է …. առարկաների վերցնում>> ձևակերպումն առնվազն հայերեն չէ: Նախագահ՝ Ա. Վարդանյան

Տեսնել ավելին