Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

<<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 4-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասի 15-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրում (տաքսամոտորային փոխադրում)` մինչև 5 նստատեղով (ներառյալ վարորդի նստատեղը) թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորների և ուղեբեռների  պատվերով (անկախ պատվերի ձևից) վճարովի փոխադրման գործունեություն:»:

  1. 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնող  ֆիզիկական անձ՝ «Ֆ» տիպի լիցենզիա ունեցող ֆիզիկական անձ, որն իրեն սեփականության կամ տիրապետման իրավունքով պատկանող սույն oրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1 կետով նախատեսված արտաքին կահավորմամբ մինչև 5 նստատեղով (ներառյալ վարորդի նստատեղը) թեթև մարդատար ավտոմոբիլով իրականացնում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ, առանց այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից էլեկտրոնային հարթակներով կամ այլ միջոցներով ուղևորների փոխադրման պատվերներ ստանալու:

Օդանավակայանի տաքսի ծառայություն՝ «Ա» տիպի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ուղևորների փոխադրման գործունեություն:»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «պատվերներով ավտոբուսներով» բառերից հետո լրացնել «և վեցից ութ նստատեղ (բացառությամբ վարորդի նստատեղի) ունեցող թեթև մարդատար ավտոմոբիլներով» բառերը:

 

Հոդված  3. Օրենքի 17-րդ հոդվածի`

  1. 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն ՝

1) տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար ստուգաչափված ավտոմոբիլային սակաչափիչով կամ արբանյակային տեղորոշման համակարգով (GPS, ГЛОНАСС և այլն) վազքի միավորի հիման վրա փոխադրավարձը հաշվարկող ծրագրային հավելվածներով ներբեռնված էլեկտրոնային սարքով.

2) տաքսի ծառայություն մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանման, ինչպես նաև տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի անվան մասին տեղեկատվությամբ.

3) գնացւցակով, որը պետք է լինի ուղևորի համար տեսանելի մասում և առնվազն պետք է ներառի ուղևորափոխադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղևորափոխադրման սակագինը, նստելավարձի և (կամ) սպասելավարձի մասին (առկայության դեպքում) տեղեկատվությունը.

4) ավտոմոբիլի տանիքին և կողային մասում տաքսու շախմատաձև տարբերանշանով, կողային մասում ուղևորափոխադրման նվազագույն արժեքի (առկայության դեպքում), սակագնի, նստելավարձի, սպասելավարձի մասին (առկայության դեպքում) տեղեկատվությամբ (բացառությամբ՝ այն տրանսպորտային միջոցների, որոնք փոխադրումներ են իրականացնում միայն էլեկտրոնային հարթակով պատվերով):»:

  1. 4-րդ մասից հետո լրացնել նոր 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ.

«5. Օդանավակայանների, ավտոկայարանների, ավտոկայանների և միջմարզային երթուղիները սպասարկող երթակարգավարական կետերի տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով տաքսի ծառայությունների մատուցումն իրականացվում է միայն տաքսի ավտոմոբիլների կանգառներում, բացառությամբ ուղևորների կողմից իրականացված պատվերների:

  1. Օդանավակայանների տարածքի տաքսու կայանատեղերից ծառայություն կարող են մատուցել միայն օդանավակայանի տաքսի ծառայություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:
  2. Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև յոթ տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառումամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին ու սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջներին համապատասխան ներքին կահավորում ունեցող ավտոմոբիլներ:
  3. Մարդատար-տաքսի ավտոմոբիլների համար նախատեսված կանգառներ չեն կարող տեղակայվել միջմարզային կանոնավոր երթուղիների սկզբնակետերը և վերջնակետերը սպասարկող ավտոկայարանների, ավտոկայանների և երթակարգավարական կետերի տարածքներում:
  4. Մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների միայն պատվերներ (էլեկտրոնային հարթակներով կամ այլ միջոցներով) ձևակերպող և փոխանցող (այսուհետ՝ միայն պատվերներ ձևակերպող և փոխանցող) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնից ստանալ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք:
  5. Միայն պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են պատվերները փոխանցել բացառապես մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին:
  6. 11. Լիազոր մարմինը միայն պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպություններին առցանց տրամադրում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակով լիցենզավորման տվյալների բազայից օգտվելու հնարավորություն, իսկ միայն պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունները վերահսկողություն իրականացնող մարմնին առցանց տրամադրում են իրենց տվյալների բազայից օգտվելու հնարավորություն՝ ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները:
  7. Մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց լիցենզիան տրվում է, եթե անձը հաշվառված չէ թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում և անցել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առողջական վիճակի պարտադիր նախնական բժշկական զննություն:
  8. Լիազոր մարմինը մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց լիցենզիայի գործողությունը դադարեցնում է, եթե անձը լիցենզիայի գործողության ընթացքում հաշվառվել է թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում կամ զրկվել է վարորդական իրավունքից: Եթե անձը չի անցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առողջական վիճակի հերթական տարեկան պարտադիր բժշկական զննությունը, կամ նրա վարորդական իրավունքը ժամանակավոր կասեցվել է, լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը, մինչև անձի կողմից հերթական տարեկան պարտադիր բժշկական զննություն անցնելը կամ վարորդական իրավունքի վերականգնումը: Լիցենզիայի գործողության դադարեցման կամ կասեցման վերաբերյալ լիազոր մարմինը եռօրյա ժամկետում ծանուցում է համապատասխան անձին:
  9. 14. 30 և ավելի ավտոտրանսպորտային միջոցներով տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է փոխադրումներում ներգրավեն հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման համար նախատեսված նվազագույնը մեկ ավտոտրանսպորտային միջոց:»:

 

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի՝

  1. 5-րդ մասի 3-րդ պարբերության «տաքսամետրի» բառը փոխարինել «ավտոմոբիլային սակաչափիչի» բառով և պարբերությունը լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը առանձին դեպքերում կարող է սահմանել փոխադրման հաստատագրված վճարներ:» նախադասությամբ:
  2. 8-րդ մասից հետո լրացնել նոր 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ.

«9. Արգելվում է ավտոկայարանների, ավտոկայանների և կանոնավոր երթուղիները սպասարկող երթակարգավարական կետերի տարածքներից, ինչպես նաև տրանսպորտային միջոցների ինքնակազմակերպվող կուտակման կետերից միջմարզային և ներմարզային կանոնավոր ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների ուղեգծերով, կամ երթուղու ցուցանակներով մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումները:

  1. Մարդատար-տաքսի ավտոմոբիլների համար նախատեսված կանգառներից չեն կարող օգտվել սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետում նախատեսված արտաքին կահավորանք չունեցող տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցները:
  2. Արգելվում է օդանավակայանների տարածքում «Ա» տիպի լիցենզիա չունեցող մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնողների կողմից ծառայության մատուցման գովազդը:
  3. Արգելվում է ավտոկայարանների, ավտոկայանների և միջմարզային երթուղիները սպասարկող երթակարգավարական կետերի տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլների փոխադրումներ իրականացնողների կողմից ուղևորների հավաքագրումը:»:

 

Հոդված 5. 24-րդ հոդվածի 2-րդ մասում «չմիացված լուսացուցիչով» բառերը փոխարինել «լուսացուցիչի կանաչ լույսով, կամ չմիացված ավտոմոբիլային սակաչափիչով, կամ ավտոմոբիլային սակաչափիչի ցուցմունքից ավել փոխադրավարձով, կամ առանց սակաչափիչի ցուցմունքի փոխադրավարձ սահմանելով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի,» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի <<Գործունեության այլ բնագավառներ>> բաժինը լրացնել նոր 10-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

<< 

10.

Մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների միայն պատվերների (էլեկտրոնային հարթակներով կամ այլ միջոցներով) ձևակերպում և փոխանցում

ՏԿևԵՆ

-

-

>> 

         

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Լիզենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի՝

1.1-ին մասը լրացնել նոր 13-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«13) մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առողջական վիճակի հերթական տարեկան պարտադիր բժշկական զննությունը չանցնելու կամ նրա վարորդական իրավունքը ժամանակավոր կասեցվելու դեպքում:»:

2.10-րդ մասից հետո լրացնել նոր 11-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

«11. Լիազոր մարմինը սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված լիցենզիայի կասեցման վերաբերյալ եռօրյա ժամկետում ծանուցում է լիցենզավորված անձին:»:

 

          Հոդված 2. Օրենքի  37-րդ հոդվածի`

  1. 1-ին մասը լրացնել նոր 8.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

<<8.1) մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման համար լիցենզիայի պետական տուրքի հերթական վճարմանը հաջորդող երկու ամիս անընդմեջ տուրքը չվճարելու, մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձի թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում հաշվառվելու կամ վարորդական իրավունքից զրկվելու դեպքում:>>:

  1. 7-րդ մասի <<և 7-րդ>> բառերը փոխարինել <<, 7-րդ և 8.1-րդ>> բառերով:
  2. 13-րդ մասից հետո լրացնել նոր 14-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

<>:

 

43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում 16-րդ բաժինը լրացնել նոր 6-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

6.

Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանների տարածքից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպում

ԿՄ

  

-

-

-

-

-

Վ

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«15.5

Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ, ինչպես նաև օդանավակայանի տաքսի ծառայություն կազմակերպելու համար՝ տարեկան

բազային տուրքի 100-ապատիկի չափով»

 

Հոդված 2. Օրենքի 19.7-րդ հոդվածի

  1. 3-րդ մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում է համարվում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև հինգ նստատեղ ունեցող թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացվող ուղևորափոխադրումը, այդ թվում` ըստ նախնական պատվերի, ինչպես նաև վեցից ութ նստատեղ ունեցող (բացառությամբ վարորդի նստատեղի) թեթև մարդատար մեքենայով համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ոչ կանոնավոր կամ զբոսաշրջային ուղևորափոխադրումները, այդ թվում՝ ըստ նախնական պատվերի:»:

 

Հոդված 3. Օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացնել նոր 16-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

 

<<16) Մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների միայն պատվերների (էլեկտրոնային հարթակներով կամ այլ միջոցներով) ձևակերպում և փոխանցում իրականացնելու իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով>>

 

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերությունները:

 

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել 34-րդ հոդվածի վերջին պարբերությունը:

 

Հոդված 6. Օրենքը լրացնել նոր 45-րդ հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 45. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետական տուրքերի գանձումը

Սույն օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ բաժնի 15.5 կետով սահմանված գործունեության տեսակի համար տարեկան պետական տուրքի գումարի վճարումը պետական տուրք վճարողի կողմից իրականացվում է վճարման ենթակա հերթական  ժամանակահատվածի համար սահմանված դրույքաչափով:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  137.2–րդ հոդվածի.

  1. 1. 8-րդ և 9-րդ մասերը շարադրել հետևյալ նոր բովանդակությամբ.

«8.Առանց ավտոմոբիլային սակաչափիչի, կամ առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար ստուգաչափված ավտոմոբիլային սակաչափիչի, կամ անսարք ավտոմոբիլային սակաչափիչով, կամ առանց արբանյակային տեղորոշման համակարգով (GPS, ГЛОНАСС և այլն) վազքի միավորի հիման վրա փոխադրավարձը հաշվարկող ծրագրային հավելվածներով ներբեռնված էլեկտրոնային սարքերի կիրառման մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

9.Առանց լիազոր մարմնից ծանուցման ենթակա մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների միայն պատվերներ (էլեկտրոնային հարթակներով կամ այլ միջոցներով) ձևակերպելու և փոխանցելու գործունեությամբ զբաղվելու իրավունքի գործունեություն իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

  1. Առանց տաքսի ծառայություն մատուցող կազմակերպության, կամ անհատ ձեռնարկատիրոջ և տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի մասին տեղեկատվության կամ գնացուցակի մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

  1. «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձև տարբերանշանով կահավորված ավտոտրանսպորտային միջոցները առանց թափքի կողային մասում առկա ուղևորափոխադրման նվազագույն արժեքի (առկայության դեպքում), ուղևորափոխադրման սակագնի, նստելավարձի և (կամ) սպասելավարձի մասին (առկայության դեպքում) տեղեկատվության մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

  1. Մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների միայն պատվերներ (էլեկտրոնային հարթակներով կամ այլ միջոցներով) ձևակերպող և փոխանցող (այսուհետ՝ միայն պատվերներ ձևակերպող և փոխանցող) կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, կամ մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց պատվերներ փոխանցելը, ինչպես նաև պատվերների ձևակերպման համապատասխան ծրագրերով աշխատելու դեպքում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին տվյալների բազայից առցանց օգտվելու հնարավորություն չտրամադրելը կամ բազայի թերի տրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

  1. Զբաղեցված մարդատար-տաքսի ավտոմոբիլով առանց տաքսու մեջ գտնվող ուղևորի (ուղևորների) համաձայնության այլ անձանց փոխադրումների իրականացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

  1. Մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց կողմից այլ կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից էլեկտրոնային հարթակներով կամ այլ միջոցներով ուղևորների փոխադրման պատվերներ ստանալը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

  1. Ավտոկայարանների, ավտոկայանների և կանոնավոր երթուղիները սպասարկող երթակարգավարական կետերի տարածքներից, ինչպես նաև ինքնակազմակերպվող տրանսպորտային միջոցների կուտակման կետերից միջմարզային և ներմարզային կանոնավոր ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների ուղեգծերով, կամ երթուղու ցուցանակով մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումներ իրականացնելը

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

  1. Առանց օդանավակայանների հետ կնքված պայմանագրի օդանավակայանների տարածքի տաքսի ավտոմոբիլների կանգառներից տաքսի ծառայություններ մատուցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

  1. 30 և ավելի ավտոտրանսպորտային միջոցներով տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից փոխադրումներում հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման համար նախատեսված նվազագույնը մեկ ավտոտրանսպորտային միջոց չներգրավելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

  1. Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ երեխաների փոխադրումների իրականացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:»:

 

Հոդված 2. 172.2–րդ հոդվածը լրացնել նոր մասով հետևյալ բովանդակությամբ.

«Օդանավակայանների, ավտոկայարանների, ավտոկայանների և միջմարզային երթուղիները սպասարկող երթակարգավարական կետերի տարածքներում մարդատար-տաքսի ավտոմոբիլների փոխադրումներ իրականացնողների կողմից ուղևորների բանավոր հավաքագրումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից:

 

 

  • Քննարկվել է

    29.04.2020 - 14.05.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13860

Տպել

Առաջարկներ`

Վանիկ Մարգարյան

14.05.2020

Առաջարկում ենք օրենքի նախագծի տեքստում շարադրել երկուսից մեկը՝ - թույլատրել «F» լիցենզիայի լիցենզավորված անձանց պատվերներ ստանալ օնլայն հարթակներից: Ընդ որում հարթակների վրա դնել պարտականություն՝ պարբերաբար ստուգել ավտոմեքենաների համապատասխանությունը պահանջներին (որակի հեռավար վերահսկողություն) և վարորդների մոտ լիցենզիայի առկայությունը (այստեղ անհրաժեշտ է լիցենզիա տրամադրող մարմնի հետ API ինտեգրացիա): Ովքեր չունեն լիցենզիա և/կամ ում ավտոմեքենան չի համապատասխանում պահանջներին՝ օնլայն հարթակներից պատվերներ չեն փոխանցվելու: ԿԱՄ - նախագծում լրացուցիչ ներառել «O» տիպի լիցենզիա (օնլայն) – բոլոր վարորդների համար, ներառյալ ֆիզիկական անձինք, ովքեր ցանկանում են պատվերներ վերցնել օնլայն հարթակներից. բայց այդ դեպքում պետք է ամսական վճարեն պետական տուրք (առաջարկում ենք 2,5 հազար դրամ ամսական օնլայն վճարմամբ ամբողջ երկրում/ կամ 5 հազար՝ Երևանի համար և 1,5 հազար՝ այլ քաղաքների համար – հաշվի առնելով եկամուտների տարբերությունը): Ընդ որում ավտոմեքենաների նկատմամբ պահանջները կարելի է դարձնել նույնական «F» լիցենզիայի հետ: Երկու դեպքում էլ օպերատիվ կերպով (մեկ օրվա ընթացքում կամ ավելի արագ) պատրաստ ենք լուծել լիցենզիայից զրկված վարորդների՝ պատվերների անջատման խնդիրը: Կամ անջատել և մուտք լինելուց ստուգել լիցենզիայի առկայությունը: Այդ նպատակով պատրաստ ենք օգնել լիցենզիաների օնլայն ռեեստրի ստեղծման գործում, որտեղից հարթակները կարող են իրական ժամանակի ռեժիմում ստանալ տեղեկատվություն լիցենզիայի վավերականության մասին (իրականացվել է Մոսկվայում, որտեղ պատվերների անջատումը տևում է 1 ժամից պակաս): Ընդհանուր առմամբ, գտնում ենք, որ ապագայում տվյալ ոլորտում արդար հարկման խնդրին կհամապատասխաներ «F» լիցենզիայի լիցենզավորված անձանց օնլայն հարթակների միջոցով պատվերներ ստանալու իրավունքը՝ նրանցից համապատասխան գումարի հետագա վճարմամբ հօգուտ բյուջե կամ յուրաքանչյուր պատվերից հետո (օնլայն-անդորրագրեր), կամ համապատասխան ժամանակահատվածի ավարտմամբ (ամիս կամ կես տարի): Վճարման գումարը կհաշվարկվեր կախված վարորդի եկամուտից, այլ ոչ թե կլիներ նույնը բոլորի համար «О» տիպի լիցենզիայի դեպքում: Սակայն այս մոտեցման իրագործումը կպահանջի շատ ժամանակ և ռեսուրս ինչպես պետության, այնպես էլ բիզնեսի կողմից: Յանդեքս.Տաքսի ներկայացուցիչ Վ. Մարգարյան

Taxitradeunion

14.05.2020

Միջազգային փորձի ուսւմնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր առաջատար եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում պետությունը իր վրա է վերցնում այս ոլորտում ձևավորվող սակագների կարգավորման գործառույթը: Այդ կարգավորումը տարբեր երկրներում իրականացվում է հիմնականում երեք եղանակով՝ 1. տարբեր հաշվարկային մեթոդներով ձևավորվող սակագների առավելագույն շեմի հաստատելով, կամ այդ շեմը սահմանափակելով (Իռլանդիա, Նիդեռլանդներ, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա), 2. սակագնի հաշվարկման միասնական համակարգի կիրառմամբ (Դանիա, Իտալիա), 3. միասնական սակագնի հաստատում լիազոր մարմնի կողմից (Ֆրանսիա, Չեխիա, Գերմանիա, Հունգարիա, ԱՄՆ): Մենք առաջարկում ենք Հայաստանի Հանրապետությունում ներդնել մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպման ծառայությունների սակագների հաշվարկման միասնական համակարգ: Սա կհավասարեցնի դաշտը այսպես կոչված «օնլայն» տաքսի ծառայությունների, անհատ տաքսու վարորդների և «դասական» տաքսի ծառայությունների միջև՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ: Ուղեվարձի սակագնի հաշվարկման միասնական համակարգը նախատեսում է, որ սակագինը բաղկացած լինի երկու բաղադրիչից՝ 1. նստելավարձ 2. մեկ կիլոմետրի համար նախատեսած սակագին: Բոլոր շահագրգիռ կողմերի քննարկումների արդյունքում օրենսդրորեն սահմանել միասնական նստելավարձի չափը, որից հետո ամեն կիլոմետրի համար՝ սկսած առաջին իսկ կիլոմետրից, կգանձվի վարորդի կամ տաքսի ծառայության կողմից սահմանված սակագին 1 կիլոմետրի համար: Ընդ որում՝ պետք է թույլատրվի առավելագույնը երկու սակագին` նախատեսված ներքաղաքային և միջքաղաքային ուղևորափոխադրումների համար, որոնք երկուսն էլ, ինչպես նաև սպասելավարձի պայմանները պետք է փակցված լինեն ուղևորների համար տեսանելի վայրում: Որպեսզի սակագները հնարավոր չլինի փոխել ինքնուրույն, դրանք պետք է ներբեռվեն և վերահսկվեն ստուգաչափման ժամանակ Չափագիտության ազգային ինստիտուտի մասնագետների կողմից: Սակագնի հաշվարկման միասնական համակարգի ներդրումը պետք է դիտարկել նաև սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության տեսանկյունից: Դա պարզեցնում և հստակեցնում է փոխհաշվարկները և բացառում է ներկայիս գործող սակագների խայտաբղետությունը: Առաջարկում ենք լիցենզիա տրամադրել նաև արտասահմանյան վարորդական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին և ՀՀ-ում օրինական աշխատելու իրավունք ունեցող արտերկյա քաղաքացիներին: Լիցենզիա տրամադրելիս սահմանել վարորդական ստաժի ցենզ` 3-5 տարի: Կարծում ենք, որ պետական տուրքի դրույքաչափերը պետք է տարբերակված լինեն. մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների միայն պատվերների (էլեկտրոնային հարթակներով կամ այլ միջոցներով) ձևակերպում և փոխանցում իրականացնող կազմակերպությունների համար ըստ դրանց ծառայություններից օգտվող անձանց քանակի, իսկ անհատ ձեռնարկատերերի համար`ըստ գրանցման վայրի:

Taxitradeunion

14.05.2020

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի` 2-րդ մասը առաջարկվում է շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2. Մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն ՝ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար ստուգաչափված ավտոմոբիլային սակաչափիչով կամ արբանյակային տեղորոշման համակարգով (GPS, ГЛОНАСС և այլն) վազքի միավորի հիման վրա փոխադրավարձը հաշվարկող ծրագրային հավելվածներով ներբեռնված էլեկտրոնային սարքով»: Հայաստանի Հանրապետությունը, լինելով «МОЗМ» (Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպություն), «МГС» (Ստանդարտների, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ) և «COOMET» («Չափագիտության ազգային հաստատությունների Եվրասիական համագործակցություն») միջազգային կազմակերպությունների անդամ, միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի համաձայն, ինչպես նաև ՀՀ-ի կողմից այդ շրջանակներում ստանձնած պարտավորություններից ելնելով, այդ կազմակերպությունների պահանջների և առաջարկությունների համաձայն, մշակել և ընդունել է «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 29 հունվարի 2016 թվականի N 60-Ն «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ», 11 փետրվարի 2016 թվականի N 113-Ն «ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,13 փետրվարի 2020 թվականի N 151-Ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշումները: Ընդ որում այդ օրենքի 13 հոդվածում հստակ նշված է, որ գնորդի և վաճառողի միջև առևտրային գործողությունները և՛ արտադրողի, և՛ իրացնողի միջև հաշվարկները գտնվում են օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում: ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ կառավարության 13 փետրվարի 2020 թվականի N 151-Ն որոշման մեջ 6-րդ սյունակում որպես օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոց նշված է «ավտոմոբիլային սակաչափիչ», իսկ կառավարության 29 հունվարի 2016 թվականի N 60-Ն «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման մեջ նշված է` 37) մարդատար-տաքսի ավտոմոբիլի սակաչափիչ (այսուհետ՝ սակաչափիչ)` ազդանշանի գեներատորի համակցությամբ աշխատող սարք, որը չափման միջոց է։ Սարքը չափում է ուղևորության տևողությունը, հաշվում է անցած հեռավորությունը՝ հեռավորության ազդանշանային գեներատորից ստացված ազդանշանի հիման վրա, այն նաև հաշվում և ցուցադրում է ուղեվարձը՝ անցած հաշվարկված հեռավորության և (կամ) ուղևորության չափված տևողության հիման վրա: Իսկ «VIII. ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑ-07 ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԻ ՍԱԿԱՉԱՓԻՉ» հստակ սահմանված են ավտոմոբիլային սակաչափիչներն ներկայացվող պահանջները, պայմանները և նրանց տեխնիկական բնութագրերը: Սա նշանակում է, որ ուղևորափոխադրումներ կատարող մարդատար տաքսի ավտոմեքենաներում տաքսու վարորդի և ուղևորի միջև հաշվարկներում պարտադիր պետք է կիրառվեն տաքսու սակաչափիչներ, որոնք պարտադիր պետք է ենթարկվեն չափագիտական հսկողության և վերահսկողության: Չկա որևէ երկիր (նույնիսկ ամենազարգացած), որտեղ տաքսու վարորդի և ուղևորի միջև որպես փոխհաշվարկի միջոց կիրառվի որևէ այլ սարք՝ տաքսու սակաչափիչից բացի: Եվ այդ սակաչափիչները պարտադիր հանդիսանում են չափագիտական հսկողության և վերահսկողության օբյեկտ: Դրա հիմնական պատճառներից է այն, որ բացի տաքսու սակաչափիչներից՝ կիրառվող բջջային հեռախոսների և տաբլեթների ներբեռնած համապատասխան ծրագրային հավելվածները չեն կարող ենթարկվել չափագիտական հսկողության և վերահսկողության: Այսինքն՝ հնարավոր չէ որպես չափման միջոց հաստատել դրանց տեսակը, գրանցել չափման միջոցների տեսակի հաստատման պետական ռեգիստրում, հնարավոր չէ նաև դրանք ստուգաչափել, կարգաբերել և իրականացնել դրանց հանդեպ չափագիտական վերահսկողություն: Պետությունը և սպառողը հույսը պետք է դնեն այդ ծրագրերի հեղինակների, կիրառողների և օգտագործողների բարի կամքի վրա, ինչը սկզբունքորեն անթույլատրելի է, անտրամաբանական և անօրեն: Չափագիտությունը դեռևս չի լուծել արտաքին հարթակներից ծրագրվող չափումներ կատարող սարքերի (խոսքը չի գնում միայն տաքսու սակաչափիչների մասին) հանդեպ չափագիտական հսկողության և վերահսկողության խնդիրը, և այդ պատճառով տվյալ սարքերը ոչ մի պետությունում չի թույլատրվում օգտագործել չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում: Բացի դրանից՝ մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ կատարող վարորդները, համացանցային (ինտերնետային) կապի միջոցով (էլեկտրոնային հարթակներով կամ այլ միջոցներով) պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների պատվերների հետ մեկտեղ կատարում են նաև հեռախոսային և ռադիո կապի միջոցով ընդունված պատվերները, ինչպես նաև սպասարկում են փողոցում կանգնած ուղևորներին, իսկ քանի որ այդ դեպքերում պատվերները համացանցային (ինտերնետային) կապի միջոցով պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կողմից ձևակերպված չեն, վարորդները չեն կարող օգտվել նրանց համապատասխան ծրագրային հավելվածներից: Հետևաբար այդ ուղևորներին պատշաճ սպասարկելու համար տաքսի մեքենաները, միևնույն է, պետք է կահավորված լինեն տաքսու սակաչափիչներով: Բացի դրանից՝ տաքսու սակաչափիչներով կահավորված մեքենաների վարորդները պարտավոր են, համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի, տարին մեկ անգամ սակաչափիչները ներկայացնեն ստուգաչափման «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ՝ վճարելով ստուգաչափման համար սահմանված գումար, իսկ բջջային հեռախոսների և տաբլեթների ներբեռնած համապատասխան ծրագրային հավելվածները, ինչպես արդեն նշվեց, ենթակա չեն ստուգաչափման: Հետևաբար վարորդները հայտնվում են անհավասար կարգավիճակում: Անհրաժեշտ ենք գտնում նշել նաև, որ օրենքում նշված «արբանյակային տեղորոշման համակարգով (GPS, ГЛОНАСС և այլն) վազքի միավորի հիման վրա փոխադրավարձը հաշվարկող ծրագրային հավելվածներով ներբեռնված էլեկտրոնային սարքերից» օգտվելը արգելվում է ՃԵ կանոններով:Չափազանց վտանգավոր է ընթացքի ժամանակ պատվերների հաստատումը և դեպի ուղևոր երթուղին որոնելը և հաստատելը: Կարևոր է նշել նաև, որ համացանցային (ինտերնետային) կապի միջոցով պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների ծառայություններից օգտվելը տաքսու վարորդների համար առաջացնում է մի շարք խնդիրներ կապված աշխատանգի անվտանգության և պաշտպանության հետ, որոնք կարգավորված չեն այս օրենքի նախագծով: Խոսքը գնում է աշխատանքային ժամերի տևողությանը, սակագնային քաղաքականությանը, ուղևորների (օրինակ `վճարումների և պատվերից հրաժարվելու դեպքերի) հետ ծագած խնդիրների կարգավորումները և այլն: Մենք տեսնում ենք նաև բազմաթիվ չլուծված խնդիրներ այդ հավելվածների ճիշտ աշխատանքի հետ կախված եղանակային պայմաններից և տեղանքից: Ինչպես նաև կան խնդիրներ կապված ուղևորների համար հավելվածների տեղեկատվականության հետ:

Տեսնել ավելին