Հիշել նախագիծը

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Hasmik Mikayelyan 24.04.2020 00:23:12 Առաջարկություն ՀՀ վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածում լրացումներ կատարելու վերաբերյալ: Սույն նախագծով նախատեսվում է, որ այն պարագայում, երբ հնարավոր չէ վարչական վարույթի մասնակցին ծանուցել առձեռն, կամ պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ (փոստով ուղարկված ծանուցումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) ծանուցումը կամ ծանուցումը չի հանձնվել այլ հիմքերով, և առկա է հանձնողի նշումն այդ մասին), ապա ծանուցումը պետք է ուղարկվի ՝ ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում եթե առկա են ֆիզիկական և իրավաբանական անձանց այլ հասցեներ, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով): Վերոգրյալ գործողությունները կատարելու հետ միաժամանակ ծանուցումը նապատեսվում է տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը անձին համարել պատշաճ ծանուցված: Հայտնի է, որ վարչական մարմնի հայեցողությունը՝ ընտրելու ծանուցման ձևը պետք է համապատասխանի «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որի համաձայն՝ հայեցողական լիազորություններ իրականացնելիս վարչական մարմնիը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու Սահմանադրությամբ ամագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված նպատակները: Հետևաբար ի՞նչ նպատակ է հետապնդում անձին ծանուցման հետ միաժամանակ այդ ծանուցումը տեղադրել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, եթե ՀՀ ինտերնետով հրապարակային ծանուցաման մասին օրենքի 3-րդ հոդվածով՝ հրապարակային ծանուցումը կայքի միջոցով իրականացվում է օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրպարակային ծանուցում՝ տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով: Հայտնի է, որ «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է։ Այստեղ խոսք չի գնում այն մասին, որ վարույթի մասնակիցներին վարչական վարույթ հարուցելու մասին որ օրենքը նախատեսում է ծանուցել հրապարակային ձևով, իսկ ահա նույն օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասով ՝ վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով: Հետևաբաև հրապարակային ծանուցումը նախատեսված է միայն ընդունված վարչական ակտի հրապարակման, այլ ոչ թէ վարչական վարույթի հարուցման դեպքերում: Վերոհիշյալից ելնելով առաջարկում ենք սույն օրենքի նախագծից հեռացնել հետևյալ հատվածը ՝ սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։ Չի ընդունվել Վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելու վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել վարույթին մասնակցող անձի` լսված լինելու իրավունքը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը: Այսինքն օգտագործվում են բոլոր հնարավոր միջոցները անձին պատշաճ ծանուցելու համար: Սույն նախագծով սահմանվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով վարչական վարույթի մասնակցի ծանուցման կարգը, որը նույնաբովանդակ է դատավարության մասնակիցներին ծանուցելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի որդեգրած մոտեցմանը: Պետք է նկատի ունենալ, որ Նախագծով նախատեսվող կարգավորումները նոր չեն, մասնավորապես՝ նմանատիպ կարգավորվում նախատեսված է նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 4-րդ հոդ.՝ հայտարարություն հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ օրը:
2 Vardan Vardanyan 24.04.2020 14:54:42 Իմ կարծիքով նախագիծը դրական արդյունք անպայման կունենա, բայց ես վերապահում ունեմ ֆիզիկական անձի մասով՝ հատկապես պատճառները նշելու առումով, թե ինչու չի ծանուցվել ֆիզիկական անձը վերոնշյալ եղանակներով, իսկ ՀՀ Հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցումը տեղադրելուց հետո հնգօրյա ժամկետ անցնելուց հետո ծանուցված լինելը, իմ կարծիքով, նեղ ժամկետ է և արժե դարձնել ոչ թե 5,այլ 10 օրյա։ Չի ընդունվել Սույն նախագծով նախատեսվում է օրենքը լրացնել վարչական վարույթ հարուցելու մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու կարգ նախատեսող դրույթով, ինչը հիմնավորվում է վարչական մարմինների` վարչական վարույթի մասնակիցներին վարչական մարմնում հարուցված վարույթների մասին ծանուցելու պարտականության կատարման, ինչպես նաև վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ: Ինչ վերաբերվում է ժամկետին ապա հարկ է նշել որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 46-րդ հոդ.՝ 1. Վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ: Հաշվի առնելով վարչական վարույթի իրականացման նման ժամկետային սահմանափակումները՝ նախագծով նախատեսված կարգը և ժամկետը համարում ենք բավարար անձին ծանուցված համարելու համար: Միաժամանակ՝ «...Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 37-րդ հոդվածում օրենսդիրը նախատեսել է անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հատուկ ժամկետներ, որոնց անցնելու դեպքում կատարված արարքը կորցնում է իր հանրային վնասակարությունը, և անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, քանի որ այդ ժամկետի լրանալուց հետո վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելը դառնում է աննպատակահարմար»:
3 Վահե Եղոյան 27.04.2020 08:46:49 Ֆիզիկականի մասով անարդարե։ Մարդ կա ընդանրապես ինտերնետից չի օգտվում։ Հավատացած եղեք որ շատերը կան այդպիսիք։ Վերանյեք նախագիծը։ Չի ընդունվել Հարկ է նշել որ ծանուցումը միայն ինտերնետային կայքում տեղադրելով չի սահմանափակվում վարչական մարմնի գործողությունները, այլ միաժամանակ ծանուցումն ուղարկվում է՝ ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում եթե առկա են ֆիզիկական և իրավաբանական անձանց այլ հասցեներ, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով):Այսինքն օգտագործվում են բոլոր հնարավոր միջոցները անձին պատշաճ ծանուցելու համար:
4 Արմեն Վարդանյան 04.05.2020 16:24:21 <<ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի՝ ա/ 1-ին հոդվածով կատարվող 35-րդ հոդվածի լրացման մեջ անհասկանալի է, թե ֆիզիկական անձի դեպքում ինչու՞ պետք է ծանուցումն ուղարկվի վերջինիս բնակության վայրի համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, որ այդ ղեկավարն ի՞նչ անի... կամ արդյո՞ք այդ ղեկավարն այս դեպքում այլ անձի մասով վարչարարության կամ այլ տրամաբանությամբ ՏԻՄ օրենքով որևէ իրավասություն կամ անելիք կամ պարտավորություն ունի, թե՞ համայնքի բնակիչ անձը համայնքի ղեկավարի ստրուկն է կամ էլ համայնքի ղեկավարն է անձի տերը, որին ծանուցումն ուղարկելը նշանակում է անձին ծանուցել կամ էլ այդ ղեկավարը կարող է ստիպել կամ հրամայել համայնքի բնակչին որևէ գործողություն կատարել /անկախ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից/ կամ ստանալ ծանուցումը կամ էլ համայնքի ղեկավարը պարտավոր է այլ անձի փոխարեն կրել նրա պարտավորությունները և պատասխանատվությունը: Նույն հոդվածում հաշվի առնել այն իրականությունը, որ ֆիզիկական անձի դեպքում ավելի մեծ հավանականությամբ և հազարավոր դեպքերում փաստացի իրողություն է այն, որ վարույթի մասնակից ֆիզիկական անձը չունի համացանցից օգտվելու հնարավորություն և կարողություն, հետևաբար առձեռն կամ փոստով ծանուցման միջոցով անհնարինության դեպքում հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքը արդյունավետ և համաչափ լինելու, ինչպես նաև անձի իրավունքի պաշտպանության և բողոքարկման տեսակետներից միանշանակ չէ՝ նամանավանդ այն պատճառով, որ շատ դեպքերում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չգիտի կամ չի կարող կանխատեսել իր նկատմամբ վարույթի հարուցումը կամ չի տեղեկանում վարույթի հարուցման մասին: բ/ 2-րդ հոդվածով առաջարկվող լրացումը տեղին չէ, այն փաստացի կրկնորդում է, որովհետև վարույթի մասին ծանուցման հարցը կարգավորված է գործող օրենքի 35-րդ հոդվածով, որի 1-ին մասը վերաբերում է վարույթի՝ դիմումի հիման վրա հարուցմանը, իսկ 2-րդ մասը՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցմանը, հետևաբար, եթե նույնիսկ հստակեցման և լրակարգավորման տեսանկյունից դիտարկվի, որի անհրաժեշտությունը այնքան էլ միանշանակ չէ, ապա ակնհայտ է, որ դա պետք է կատարվի 35-րդ հոդվածի շրջանակներում, որովհետև նորմատիվ իրավական ակտում անթույլատրելի են կրկնորդումները: Չի ընդունվել 1. Ծանուցագրերն ուղարկվում են ՝ ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, այն հաշվով, որ դրանց հասցեատերերը իրազեկվեն վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին, ինչպես նաև ապահովվի վարույթի մասնակիցների և նրանց ներկայացուցիչների՝ վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու (վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունք) հնարավորությունը («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդված): 2.Ներկայումս երբ վարչական վարույթի, ինչպես նաև նշանակված վարչական լսումների մասին վարույթի մասնակիցը չի ծանուցվում իր կամքից անկախ հանգամանքներով, երբեմն նաև կանխամտածված, ապա սույն նախագծով նոր 3-րդ և 4-րդ մասերը նախատեսելով նպատակ է հետապնդվում օգտագործվել բոլոր հնարավոր միջոցները անձին պատշաճ ծանուցելու համար: Հարկ է նշել նաև, որ մինչ ծանուցումը պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելը կատարվում է մի շարք գործողություններ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց ծանուցելու համար, և միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ ծանուցել սահմանված կարգով, ապա դրանից հետո է կատարվում սույն նախագծով նախատեսված գործողությունները և անձը համարվում է պատշաճ ծանուցված։ Այսպիսով, իրավական պետության պայմաններում պատշաճ վարչական վարույթի պարտադիր նախապայման է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը գործնականում իրացնելը:
5 «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 07.05.2020 14:23:35 1. Հայաստանի Հանրապետությունում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինները օրենքով պարտավորված են գործի քննությունն իրականացնել միայն վարչական պատասխանատվության ենթարկվող անձանց (վարչական վարույթի մասնակցի) վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված լինելու պարագայում։ 2. ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը հստակորեն երաշխավորում է անձանց պատշաճ վարչարարության իրավունքի իրացումը, մասնավորապես՝ ընգծելով անձանց մասնակցությունը իրականացվող ընթացիկ վարչական վարույթում։ 3. Սակայն, որ դեպքում կարող է անձը պատշաճ ծանուցված լինել։ 4. Առօրյա պրակտիկայում, անձը (վարչական վարույթի մասնակիցը) պատշաճ ծանուցված կարող է համարվել, երբ ծանուցվել է առձեռն, կամ պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ (որպես հիմք)։ 5. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի Հոդված 1-ով առաջարկվում էր, լրացնել 35-րդ հոդվածը հետևյալ բովանդակությամբ՝ 1).ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով. 2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով: 6. Ըստ էության, այո՛ անձը (վարչական վարույթի մասնակիցը) բովանդակային առումով, կարող է ըստ վերը նշված առաջարկվող լրացումների համարվել պատշաճ ծանուցված, սակայն այս համատեքստով հարկավոր է կենտրոնանալ էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցված լինելու հանգամանքի վրա, մասնավորապես՝ ռիսկերի և արդյունավետության վրա։ 7. Կարևորում ենք արձանագրել, որ վարչական մարմնի հայեցողության իրավունքի դրսևորումը, մասնավորապես՝ ընտրելու ծանուցման ձևը, պետք է համապատասխանի վերոնշյալ իրավանորմի պահանջներին, համաձայն որի՝ հայեցողական լիազորություններ իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու Սահմանադրությամբ ամագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված նպատակները: 8. Օրենքի որոշակիության սկզբունքը պահանջում է, որ անձի համար իրավակարգավորումները լինեն հնարավորինս պարզորոշ, մատչելի, ըմբռնելի, որպեսզի անձն ի վիճակի լինի դրսևորելու համապատասխան վարքագիծ, այսինքն դա նշանակում է, որ վարչական մարմինների կողմից կիրառվող միջոցները պետք է նախատեսված լինեն նպատակին հասնելու համար, այսինքն՝ դրանք պետք է կազմված լինեն նպատակի հետ, ընտրված միջոցները չպետք է վնասեն անձանց իրավունքներն ու ազատությունները և պետք է լինի համաչափություն միջոցների, հետևանքների և նպատակի միջև։ 9. Սակայն տվյալ պարագայում, նախագծով առաջարկվող ծանուցման կերպերը չեն ապահովում հետապնդվող նպատակի հետ համաչափություն։ 10. Ղեկավարվելով այն հանգամանքով, որ էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցված լինելը կարող է համարվել պատշաճ ծանուցում, ապա կարող ենք ենթադրել, որ այդպիսով խախտվում է ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի դրույթները, քանի որ նախատեսված նորմերը պետք է կրեն պատասխանատվութուն նպատակին հասնելու համար, այսինքն՝ դրանք պետք է կազմված լինեն նպատակի հետ, ընտրված միջոցները չպետք է վնասեն անձանց իրավունքներն ու ազատությունները և պետք է լինի համաչափություն միջոցների, հետևանքների և նպատակի միջև։ 11. Սակայն այս իրավիճակում, անձն ըստ էության ընդհանրապես չօգտագործելով/չօգտվելով իր էլեկտրոնային փոստից, կարող է համարվել պատշաճ ծանուցված և առանց իր ներկայության իրականացվեն վարչական վարույթի գործողությունները, այդպիսով խախտելով որպիսի իրավանորմի՝ լսված լինելու կիրառությունը։ 12. Այսպիսով, գտնում ենք, որ նախագծի 1-ին հոդվածի՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով ծանուցելու դրույթը, ընդհանուր առմամբ խնդրահարույց է, քանի որ այդպիսով չի ապահովվում անձի(վարչական վարույթի մասնակցի) պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը։ 13. Այժմ անդրադառնանք հրապարակաման միջոցով անձին ծանուցելու հանգամանքին։ 14. Վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով: 15. Եզրահանգում. ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի կոնտեկստը վերաբերում է ոչ թե հրապարակման միջոցով վարույթի մասնակիցներին վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցելուն, այլ վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը (վարչական ակտը հանձնելը և հրապարակելը)։ 16. Հետևաբար հրապարակային ծանուցումը նախատեսված է միայն ընդունված վարչական ակտի հրապարակման, այլ ոչ թէ վարչական վարույթի հարուցման դեպքում ծանուցման համար: 17. Անձինք(վարչական վարույթի մասնակիցները) իրավունք ունեն ներկայացնելու վարույթին առնչվող դիմումներ և փաստաթղթեր և վարչական մարմինն էլ իր հերթին պետք է ընդունի դրանք, սակայն, եթե վարույթի հարուցման մասին տեղեկությունը հրապարակվի համապատասխան ինտերնետային կայքէջում, կամ ուղարկվի անձի էլեկտրոնային փոստի հասցեին, ապա արդյոք անձը(վարչական վարույթի մասնակիցը) այդպիսով կհամարվի պատշաճ ծանուցված։ 18. Վերոհիշյալից ելնելով գտնում ենք, որ սույն օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասը նույնպես խնդրահարույց է, քանի որ այդպիսով խախտվում է ՀՀ օրենսդրության մի շարք նորմեր, ինչպեսև վարչական վարույթի ընթացիկ և հարուցման փուլերին զուգահեռ ծանուցումը տեղադրվելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում, այդպիսով չի ապահովվում անձի(վարչական վարույթի մասնակիցի) պատշաճ ծանուցված լինելու իրավունքը։ 19. Այսպիսով՝ առաջարկում ենք, չլրացնել 35-րդ հոդվածը վերոնշյալ 3-րդ և 4-րդ մասերով։ «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ-ի փորձագետ Գևորգ Մուղումյան Չի ընդունվել Սույն նախագծով նշված իրավակարգավորումը հնարավորություն է ընձեռնում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացն իրականացնել՝ վերջինիս կողմից պատշաճ ծանուցված լինելու և արդյունքում՝ համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ գործով ընդունված որոշման մասին իրազեկված լինելու պայմաններում: Այսինքն՝ Տեսչական մարմինները, որպես վարչական պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին, օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները անձին պատշաճ ծանուցելու համար, որի արդյունքում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթում հնարավորությունն են ունենում ապահովվել ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով երաշխավորված անձանց պատշաճ վարչարարության իրավունքի իրացումը։ Ինչ վերաբերվում է էլեկտրոնային փոստով ծանուցմանը, ապա հարկ է նշել, որ վարչական մարմնի կողմից սույն եղանակով ծանուցումը ևս մեկ միջոց է, որը կապահովվի անձի ծանուցված լինելու հավանականությունը, հարկ է նշել, որ գործնականում նմանատիպ գործելաոճ է կիրառում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, որը իր ծանուցումները ուղարկում է էլեկտրոնային փոստերին: Հետևաբար օրենքում նման դրույթի նախատեսումը նպատակ է հետապնդում ամեն կերպ իրազեկելու անձին վարույթի առկայության մասին, դրանով ապահովելով վերջինիս մասնակցությունը և լսված լինելու իրավունքը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը: Միաժամանակ կարևորելով պատշաճ ծանուցումների հիմնախնդիրը՝ սույն նախագծի շրջանակներում հարկ ենք համարում անդրադարձ կատարել պատշաճ ծանուցումների ինստիտուտի վերլուծությանը և գնահատման՝ հաշվի առնելով, որ պատշաճ ծանուցման ինստիտուտը, որը հնարավորություն է տալիս փաստացի իրազեկված լինել վարչական վարույթի մասին, հանդիսանում է կարևոր երաշխիք անձի իրավունքների պաշտպանության հարցում, այդ թվում ՝ ինչպես դատական, այնպես էլ պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության համար: