Հիշել նախագիծը

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  1. «Գովազդի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդ­վա­ծի 10-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդելու վիճակախաղը, գովազդը արգելվում է իրականացնել ման­կա­պա­տանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով, իսկ լրատվական կայ­քերում սույն պարբերությամբ հաստատված գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայք­էջի 20%-ից ավելին: Հաշվի առնելով, որ չկան  հստակ չափորոշիչներ և գործիքներ, որոնք հնարավորություն կտան լրատվական կայքերում տեղադրված գովազդը տվյալ կայքէջի 20%-ից ավելին  որակելու  կամ չորակելու համար, նման մոտեցումը խնդրահարույց է  թե ոլորտի կարգավորման պրակտիկ իրացման, թե վերահսկողության տեսանկյուններից, քանի որ պարունակում է բարձր հայեցողական մոտեցման ռիսկեր վարչարարության իրականացման  համար: Հետևաբար անհրաժեշտ է Օրենքով սահմանված պահանջը քննարկել օրենսդրական կարգավորումների պրակտիկ իրացման տեսանկյունից (ՀՀ կառավարության դիրքորոշումը և մտահոգությունները նշված նորմի կիրառման վերաբերյալ  ներկայացվել են ՀՀ Ազգային Ժողովում Օրենքի նախագծի քննարկումների ժամանակ):

 Առաջարկում ենք լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճա­կա­խաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 21:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում:

  1. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինն իրավասու է, համաձայն ՀՀ գործող օրենսդրության, տուգանք կիրառել գովազդատուի, գովազդ արտադրողի, գովազդակրի նկատմամբ գովազ­դային օրենսդրության խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու համար, իսկ 26-րդ հոդվածի 2-րդ մասի հա­մա­ձայն` գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները նույն հոդվածի առաջին կետով նախատեսված խախտումների համար կրում են վարչական պա­տասխանատվություն: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության պե­տա­կան կառա­վար­ման լիազորված մարմինն իրավունք ունի նրանց նկատմամբ կիրառել տուգանք` նվա­զագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով: Նշված կարգավորումներից հստակ երևում է, թե պատասխանատվությունը որ խախտումների համար է կիրառվում:

Սակայն «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 19.06.2019թ. ՀՕ-91-Ն օրենքով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը 01.01.2020թ.-ից լրացվել է 2.2-րդ մասով, համաձայն որի՝ գովազդատու և գո­վազ­դակիր ձեռնարկությունների ղեկավարները նախատեսված խախտումների համար կրում են վար­չա­կան պատասխանատվություն: Այդ դեպքում ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինը նրանց նկատմամբ կիրառում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով: Օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի չորրորդ պարբերության համաձայն՝ վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդելու վիճակախաղը: Նույն պարբերությամբ սահմանված գովազդն արգելվում է իրականացնել մանկա­պա­տա­նե­կան, կրթական, բժշկական կայքերի միջոցով: Լրատվական կայքերում նույն պար­բե­րութ­յամբ հաստատված գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 տոկոսից ավելին, իսկ 15-րդ մասի համաձայն՝ ինտերնետ շահումով խաղերի գովազդի նկատմամբ կիրառվում են նույն հոդվածով վիճակախաղի գովազդի համար սահմանված պահանջներն ու սահ­մա­նա­փակումները:

Վերոնշյալ կարգավորումներից պարզ չէ, թե որ խախտումների համար է նախա­տես­վում պատասխանատվություն։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նոր­մատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշա­նա­կութ­յունից, ամբողջ հոդ­վածի, գլխի, բաժնի կարգավորման հա­մա­տեքստից, այն նորմատիվ իրա­վական ակտի դրույթ­ներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրա­վական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպ­քում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրա­վունքի ճյուղի սկզբունք­ներից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2.2-րդ մասի` վերոնշյալ ձևա­կերպմամբ դրույթի կիրառումն իրավական որո­շակիության տեսանկյունից խնդրահարույց է:

Առաջարկվող կարգավորման բնույթը

  1. Օրենքի նախագծով առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճա­կա­խաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 21:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում:
  2. Օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 26-րդ հոդվածի 2.2. մասը խմբագրել՝ նախատեսելով որ նշված պահանջը վերաբերում է վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի, շահումով խաղերի և խաղատների գովազդների համար սահմանված պահանջների խախտումներին:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել և ապահովվել Օրենքով սահմանված պահանջների հետ կապված հարաբերությունները:

 

 

 

 

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                                           ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ


 

  • Քննարկվել է

    07.04.2020 - 23.04.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8393

Տպել