ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում` ավելի արդյունավետ և պատասխանատու հանրային կառավարման միջոցով» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի 13-րդ ցուցանիշի գործողություններով նախատեսված է ապահովել, որ e-citizen պորտալի միջոցով քաղաքացիների համար հասանելի լինեն ՀՀ կառավարության փոխգործակցության հարթակի հետ կապված էլեկտրոնային կառավարման տվյալների բազաներում պահվող բոլոր թվայնացված տվյալները՝ ներառյալ էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալները: Ըստ այդմ, նախատեսված է նաև մշակել այնպիսի կարգավորում և ՏՏ լուծումներ, որոնք անձանց հնարավորություն կտան e-citizen պորտալի միջոցով վերահսկելու պետական կառավարման մարմնի կողմից իրենց թվայնացված անձնական տվյալների օգտագործումը: Ցուցանիշն ընդհանուր առմամբ ուղղված է անձի՝ իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունքի ապահովմանը:
Սույն իրավական ակտի ընդունումը նպատակ ունի ապահովել համապատասխան իրավական հիմք (կարգավորում)՝ e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու՝ անձանց հնարավորությունն ապահովելու համար:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին (...):» Ֆիզիկական անձանց կողմից իրենց անձնական տվյալների մշակման (իրենց անձնական տվյալների օգտագործման) վերաբերյալ տեղեկություն ստանալու վերոնշյալ սահմանադրական իրավունքն առարկայացել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում, որի 15-րդ հոդվածը սահմանում է տվյալների սուբյեկտի՝ իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքը, իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածը նախատեսում է այդ իրավունքի իրացման ձևը՝ նշելով, որ տվյալներ մշակողը պարտավոր է Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով տվյալների սուբյեկտին տեղեկատվություն տրամադրել համապատասխան գրավոր հարցումը ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում:
Այդուհանդերձ, թեև անձնական տվյալներին ծանոթանալու և անձնական տվյալների մշակման մասին իրազեկվելու իրավունքն արդեն ամրագրված է, սակայն բացակայում են էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով փոխանցվող անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալու կարգավորումները: Այլ կերպ ասած՝ թեև անձնական տվյալների և անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունքն ամրագրված է, սակայն նախատեսված չէ e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում (միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում) պահվող և դրա միջոցով մշակվող տվյալներին և տվյալների մշակմանը ծանոթանալու ընթացակարգը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է իրավական հիմք ստեղծել համապատասխան ՏՏ լուծումների արդյուքնում e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու՝ անձանց հնարավորությունն ապահովելու համար: Ըստ այդմ, Նախագծի նպատակն է նաև «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում` ավելի արդյունավետ և պատասխանատու հանրային կառավարման միջոցով» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի 13-րդ ցուցանիշով ստանձնած հանձնառության կատարումը:
Նախագծով սահմանվում է e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու հնարավորություն տվող բաժնի նկարագրությունը և տեղեկություն ստանալու ձևերը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինները և անձինք
Արդարադատության նախարարություն, Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն:
- Ակնկալվող արդյունքը
e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու հնարավորության ապահովում:
-
Քննարկվել է
27.03.2020 - 11.04.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6754
Տպել