Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի № 623-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 N   - Ն

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի № 623-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը, չափանիշները  և դեպքերը հաստատելու մասին» № 623-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



 

Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
_________________ _____-ի №      -Ն որոշման

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 13-ի № 623-Ն որոշման

 

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն ընթացակարգով (այսուհետ` կարգ) և չափանիշներով կարգավորվում են տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ` ՏԿ) պահանջներին համապատասխանության գնահատման ծառայություն մատուցելու համապատասխանության գնահատման մարմնի (այսուհետ` ՀԳՄ) նշանակման չափանիշների և ընթացակարգերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են նշանակման դեպքերը:
  2. Նույն ՏԿ-ի պահանջների ապահովման համար կարող են նշանակվել մի քանի ՀԳՄ-ներ:
  3. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված իմաստը:

 

 ՀԳՄ-Ի ՆՇԱՆԱԿՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված իրավաբանական այն անձինք, որոնք համապատասխանում են սույն կարգով սահմանված չափանիշներին:
  2. ՀԳՄ-ն պետք է իրականացնի «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև համապատասխան ՏԿ-ով իրեն վերապահված համապատասխանության գնահատման այն բոլոր պահանջները, համաձայն որոնց հավակնում է դառնալ նշանակված մարմին:
  3. Նշանակվելու համար ՀԳՄ-ն պետք է`

1) ունենա համապատասխանության գնահատման գործունեության իրականացման իրավասություն, տվյալ բնագավառում որակավորում, մասնագիտական պատրաստվածություն և փորձ ունեցող անձնակազմ,

2) ունենա համապատասխանության գնահատման գործունեության հետ կապված տեխնիկական կարողություններ և միջոցներ, անհրաժեշտ սարքավորումներ ու տարածքներ (սենքեր),

3) լինի անկախ այն կազմակերպությունից կամ արտադրանքից, որը գնահատում է` հանդես գալով որպես համապատասխանության գնահատման երրորդ կողմ: ՀԳՄ-ն չպետք է ներկայացնի այնպիսի կազմակերպություն, որը ներգրավված է գնահատվող արտադրանքի նախագծման, արտադրման, առաքման, իրացման կամ վերանորոգման գործընթացներում, ինչպես նաև հանդես չգա որպես արտադրանքի նախագծող, արտադրող, մատակարար, տեղադրող, սեփականատեր կամ գնահատվող արտադրանքի վերանորոգման օպերատոր, կամ էլ որպես նշված կողմերից մեկի նշանակված լիազոր ներկայացուցիչ, անմիջականորեն ներգրավված չլինի համապատասխան արտադրանքի նախագծման, արտադրման կամ ստեղծման, շուկայահանման, տեղադրման, վաճառքի կամ վերանորոգման աշխատանքների մեջ: ՀԳՄ-ը, մասնավորապես, պետք է զերծ լինի համապատասխանության գնահատման գործունեության արդյունքներով հետաքրքրված անձանց կամ անձանց խմբերի կողմից առաջացած ցանկացած տեսակի ճնշումներից և ֆինանսական խրախուսանքներից, որոնք կարող են ազդել համապատասխանության գնահատման արդյունքների վրա.

 4) ունենա Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերության հետ կնքված մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագիր (ապահովագրողի առավելագույն պատասխանատվության սահմանաչափը պետք է կազմի 2 մլն ՀՀ դրամ):

 5) անհրաժեշտության դեպքում ունենա ենթակապալի պայմանագրեր՝ համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար:

7. ՏԿ-երի պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացնում են համապատասխանության գնահատման համար նշանակված մարմինները (այսուհետ` ՀԳՆՄ) հետևյալ դեպքերում՝

1) եթե մասնակցելու են ՏԿ-երի պահանջների պահպանման պետական վերահսկողության ժամանակ ՏԿ օբյեկտ հանդիսացող արտադրանքի փորձանմուշների փորձարկումներին.

 2) եթե իրականացնելու են ՏԿ օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատում:

 

III. ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

8. ՀԳՄ-ի նշանակման համար նախատեսված փաստաթղթերի ձևերը (նշանակման հայտի, ՀԳՄ-ի նշանակման վկայականի և դրան կից հավելվածի ձևերը) սահմանում է համակարգող մարմինը:

9. Նշանակման համար ՀԳՄ-ն դիմում է համակարգող մարմին հանդիսացող ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ թղթային և էլեկտրոնային եղանակով` ներկայացնելով նշանակման հայտ:

10. Հայտին կից ներկայացվում են ՀԳՄ-ի ղեկավարի կողմից ստորագրված և կնքված հետևյալ փաստաթղթերը.

1) նշանակման գործընթացի իրականացման վերաբերյալ համակարգող մարմնին հասցեագրված գրություն,

2) ՀԳՄ-ի գործունեության նկարագիրը,

3) հավատարմագրման ազգային մարմնի կողմից տրված հավատարմագրման վկայագրի (ներառյալ՝ հավատարմագրման վկայագրի անբաժանելի մաս հանդիսացող Հավելվածի/Հավելվածների) պատճենները,

4) ՏԿ օբյեկտ հանդիսացող արտադրանքի անվանումները, ինչպես նաև համապատասխանության գնահատման համապատասխան ընթացակարգերը, ցուցանիշները և համապատասխան ՏԿ-ով սահմանված փորձարկման (այդ թվում՝ նմուշառման) մեթոդները սահմանող փաստաթղթերի նշագրերը,

5) Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերության հետ կնքված մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագիրը,

6) առկայության դեպքում ՀԳՄ-ի կողմից համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար կնքված ենթակապալի պայմանագրերի պատճենները,

7) տեղեկանք ՀԳՄ-ի անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ,

8) տեղեկատվություն ՀԳՄ-ի տեխնիկական կարողությունների և միջոցների (ներառյալ՝ չափման միջոցների ստուգաչափման/տրամաչափարկման վկայականների) վերաբերյալ,

9) ՀԳՄ-ի կողմից իր գործունեության ընթացքում տրամադրված համապատասխանության գնահատման (գրանցված համապատասխանության հայտարարագրեր, տրամադրված փորձարկման արձանագրություններ, համապատասխանության սերտիֆիկատներ, պետական գրանցման վկայականներ) վերջին 5 փաստաթղթերի պատճենները,

10) աշխատակազմի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն՝ սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին համապատասխան:

11. Համակարգող մարմինը ներկայացված հայտն ու հայտին կից փաստաթղթերը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ ՀԳՄ-ին գրությամբ տեղեկացնում է ներկայացված հայտն ընդունելու կամ մերժելու մասին:

12. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերում` ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին անհամապատասխանություններ, ինչպես նաև սխալներ կամ վրիպակներ հայտնաբերելու դեպքում համակարգող մարմինը դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ տեղեկացնում է հայտատուին և առաջարկում 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել դրանք:

13. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետում անհամապատասխանությունները, սխալները կամ վրիպակները չուղղելու, ինչպես նաև սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերի լրակազմը չապահովելու և կեղծ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում հայտը մերժվում է:

14. Նշանակման ոլորտ է համարվում համապատասխանության գնահատման նշանակված մարմնին տրամադրված նշանակման վկայականում ամրագրված տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի և ցուցանիշների` հավատարմագրման ոլորտով սահմանված համապատասխանության գնահատման ծառայությունները:

15. Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության, սույն կարգով սահմանված պահանջների համապատասխանության, նշանակման ոլորտի սահմանման (նշանակման) կամ մերժման, նշանակման կասեցման կամ չեղյալ հայտարարման, նշանակման ոլորտի ընդլայնման կամ փոփոխման համար համակարգող մարմնի կողմից ստեղծվում է աշխատանքային խումբ (այսուհետ՝ Աշխատանքային խումբ), որի կազմը և աշխատակարգը հաստատվում է համակարգող մարմնի կողմից՝ կազմում ընդգրկելով համակարգող մարմնի համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչների, կանոնակարգող մարմինների ներկայացուցիչների և «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի համապատասխան ներկայացուցչի։

16. Սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացվում է 24 աշխատանքային օրվա ընթացքում, ինչից հետո ՀԳՄ-ի նշանակման ոլորտի սահմանման (նշանակման) կամ մերժման, նշանակման կասեցման կամ չեղյալ հայտարարման, նշանակման ոլորտի ընդլայնման կամ փոփոխման նպատակով կայանում է Աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ քվեարկություն։

17. Քվեարկության արդյունքում Աշխատանքային խմբի անդամների կեսից ավելիի կողմ քվեարկած ձայների առկայության դեպքում 2 օրվա ընթացքում համակարգող մարմնի ղեկավարին ներկայացվում է համապատասխան առաջարկ, ինչից հետո համակարգող մարմնի ղեկավարի կողմից 1 օրվա ընթացքում ընդունվում է ՀԳՄ-ի նշանակման ոլորտի սահմանման (նշանակման) կամ մերժման, նշանակման կասեցման կամ չեղյալ հայտարարման, նշանակման ոլորտի ընդլայնման կամ փոփոխման մասին որոշում։

18․ Համակարգող մարմինը սույն կարգի 17-րդ կետով սահմանված որոշումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ ՀԳՄ-ին տրամադրում է ՀԳՄ-ի նշանակման վկայական՝ բացառապես ՀԳՆՄ կողմից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն նշանակման համար վճարված պետական տուրքի անդորրագրի առկայության դեպքում:

19. ՀԳՄ-ը նշանակվում է մինչև 4 տարի ժամկետով, բայց ոչ ավելի քան հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ավարտը, բացառապես իր կողմից ներկայացված հայտով մեկ կամ մի քանի ՏԿ օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու համար և նրան շնորհվում է նույնականացնող համար:

20. ՀԳՆՄ գրանցվում է համակարգող մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից վարվող համապատասխանության գնահատման նշանակված մարմինների գրանցամատյանում, որի ձևը և վարման կարգը հաստատվում է համակարգող մարմնի կողմից:

21. ՀԳՆՄ նշանակման ողջ ժամանակահատվածում ապահովում է մասնագիտական պատասխանատվության ապահովագրության գործող պայմանագրի առկայությունը:

22․ Քվեարկության արդյունքում Աշխատանքային խմբի անդամների կեսից ավելիի դեմ քվեարկած ձայների առկայության դեպքում 2 օրվա ընթացքում համակարգող մարմնի ղեկավարին ներկայացվում է տվյալ ՀԳՄ-ի նշանակման հայտը մերժելու վերաբերյալ առաջարկ, ինչից հետո համակարգող մարմնի ղեկավարի կողմից 1 օրվա ընթացքում ընդունվում է նշանակման հայտը մերժելու մասին որոշում։

23․ Համակարգող մարմնի ղեկավարի կողմից ՀԳՄ-ի նշանակման հայտը մերժելու մասին որոշումն ընդունելուց հետո համակարգող մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ հայտատուին տեղեկացվում է նշանակման մերժման մասին՝ կցելով համակարգող մարմնի ղեկավարի որոշումն ու աշխատանքային խմբի անդամների քվեարկության արդյունքները:

24. Համակարգող մարմինը յուրաքանչյուր ՀԳՆՄ-ի մասին տեղեկատվություն հրապարակում է համակարգող մարմնի պաշտոնական կայքում` ՀԳՄ-ի նշանակման որոշումն ընդունելուց հետո` ապահովելով հրապարակված տեղեկատվության արդիականությունը, ինչպես նաև ներառելով տվյալ ՀԳՆՄ-ին վերաբերող փոփոխությունները:

25. ՀԳՆՄ-ի նշանակման ժամկետի լրանալուց հետո ՀԳՄ-ի կողմից ներկայացվում է նոր նշանակման հայտ՝ սույն կարգով սահմանված ընթացակարգով:

26. Վիճահարույց հարցերի ծագման դեպքում ՀԳՄ-ի նշանակման մասին որոշումը կարող է բողոքարկվել ՀԳՄ-ների նշանակման բողոքարկման հանձնաժողով` որոշումն ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում:

  ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿԱՄ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒՄԸ

27. ՀԳՆՄ-ի կողմից «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և/կամ սույն կարգով սահմանված պահանջներին չհամապատասխանելու մասին համապատասխան տեղեկատվություն ստանալու դեպքում Համակարգող մարմնի կողմից ընդունվում է նշանակման վկայականի գործողությունը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու մասին որոշում, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը համակարգող մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից գրանցվում է համապատասխանության գնահատման նշանակված մարմինների գրանցամատյանում և հրապարակվում է համակարգող մարմնի պաշտոնական կայքում:

28. Սույն կարգի 27-րդ կետով սահմանված դեպքում նշանակումը կասեցվում է 30 աշխատանքային օրով` դրա մասին համակարգող մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցելով ՀԳՆՄ-ին և տեղեկացնելով կասեցման պատճառների մասին:

29. ՀԳՆՄ-ի կողմից կասեցման մասին որոշումն ստանալուց հետո մինչև կասեցման ժամկետի ավարտը կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները վերացնելը կասեցման վերացման հիմք է, հակառակ դեպքում` նշանակումը չեղյալ հայտարարելու հիմք:

30. Նշանակման կասեցումը կամ չեղյալ հայտարարումն իրականացվում է նաև այն դեպքերում, եթե`

1) ՀԳՆՄ-ի կողմից համակարգող մարմնին ներկայացվել է համապատասխան դիմում,

2) առկա է իրավաբանական անձի լուծարում,

3) ՀԳՆՄ կողմից չի պահպանվել սույն կարգի 21-րդ կետով սահմանված պահանջը,

4) նշանակման ոլորտից դուրս իրականացվել է համապատասխանության գնահատման գործունեություն,

5) նշանակման վերաբերյալ որոշման ընդունումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀԳՆՄ կողմից չի վճարվել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն նշանակման համար պետական տուրքը:

31. Նշանակման կասեցման կամ չեղյալ հայտարարման արդյունք է հանդիսանում համապատասխան ոլորտում համապատասխանության գնահատման գործունեության դադարեցումը:

32. Այն փաստաթղթերը, որոնք տրվել են նշանակման կասեցման վերաբերյալ որոշման ընդունումից հետո կամ նշանակման չեղյալ հայտարարման մասին որոշումն ընդունելուց հետո, համարվում են/ճանաչվում են անվավեր:

33. Նշանակման կասեցման պատճառ հանդիսացող անհամապատասխանությունները վերացվում են ՀԳՆՄ-ի` համակարգող մարմնի հետ գրավոր համաձայնեցված ուղղիչ միջոցառումների միջոցով:

34. Նշանակման կասեցմանը բերած հանգամանքների վերացման դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում, համակարգող մարմնի կողմից կասեցումը վերացվում է:

35. ՀԳՆՄ-ի նշանակման կասեցումը կամ չեղյալ հայտարարումը չի ազդում այն համապատասխանության գնահատման փաստաթղթերի վրա, որոնք տրվել են վերջինիս կողմից նախքան նշանակման կասեցման կամ չեղյալ հայտարարման վերաբերյալ որոշման ընդունումը, եթե այլ բան նշված չէ դրանց վերաբերյալ ընդունված որոշումներում:

36. Նշանակման կասեցման կամ չեղյալ հայտարարման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

37. ՀԳՆՄ կողմից համակարգող մարմնին կարող է ներկայացվել նշանակման ոլորտի ընդլայնման կամ փոփոխման հայտ, ինչի ներկայացման դեպքում իրականացվում է տվյալ ՀԳՆՄ նշանակման վկայականի վերաձևակերպում՝ սույն կարգով սահմանված ընթացակարգով:

38. ՀԳՄ-ի նշանակման վկայականի վերաձևակերպման համար ՀԳՆՄ կողմից վճարվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:

39. ՀԳՄ-ի նշանակման վկայականին անհրաժեշտության դեպքում կցվում է համակարգող մարմնի ղեկավարի կողմից հաստատված նշանակման ոլորտի ընդլայնման կամ փոփոխված նշանակման ոլորտի հավելվածը:

40. Նշանակման ընդլայնման կամ փոփոխման վավերությունը սահմանվում է մինչև ՀԳՆՄ-ի նշանակման ժամկետի ավարտը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    27.03.2020 - 13.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6565

Տպել