Հիշել նախագիծը

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է վիճարկման հայցերով վարչական ակտերի կատարման կասեցում մինչև գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Տվյալ դատավարական նորմի կիրառությունը բազմաթիվ դեպքերում հանգեցնում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձանց կողմից իրենց իրավունքների չարաշահման՝ ի հաշիվ բարենպաստ վարչական ակտի հասցեատիրոջ իրավունքների և օրինական շահերի, ինչպես նաև վարչարարության տնտեսավարության սկզբունքի խախտման։ Միևնույն ժամանակ, վիճարկման հայցերով վարչական գործերով դատավորները չունեն հնարավորություն՝ ապահովելու վարչական ակտի հասցեատիրոջ գերակայող իրավունքներն ու օրինական շահերը առերևույթ արհեստական ներկայացված հայցերով հարուցված գործերի առնչությամբ։

Ներկայացված իրավական ակտի նախագծով առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը լրացնել 1.1 մասով, որով կնախատեսվի, որ վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը երրորդ անձի կողմից բողոքարկվելու դեպքում այդ վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենսդրական պահանջը չի կիրառվում, այլ կիրառվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցի ապահովման ընդհանուր կանոնները։

  • Քննարկվել է

    26.03.2020 - 14.04.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13069

Տպել

Առաջարկներ`

Սամվել Ջաբաղյան

14.04.2020

Զարմանալի է, թե ինչու է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությունը նախաձեռնել ոչ թե Արդարադատության նախարարությունը (որի խնդիրներից է օրենսդրության կատարելագործումը, այդ թվում՝ դատավարական օրենսգրքերի փոփոխությունները, վերջինիս մասնագիտական և ոլորտային տիրույթում է, ի տարբերություն Էկոնոմիկայի նախարարության, տիրապետում է նման կարևորագույն փոփոխությունների համար անհրաժեշտ համապատասխան իրավական-մասնագիտական քննարկումներ նախաձեռնելու և խնդրին համակողմանի մոտենալու համար համապատասխան մասնագիտական ռեսուրսի), այլ ՀՀ տնտեսական զարգացման քաղաքականությունը մշակող մարմինը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ սույն նախաձեռնության անհրաժեշտությունն առաջացել է շինարարության թույլտվությունների վիճարկման արդյունքում կառուցապատման ոլորտում ներդրումային միջավայրի խաթարումը վերացնելու, խոշոր համայքների բաց թողնված օգուտների ձևով կրվող վնասները բացառելու համար: Եթե իսկապես նպատակը դա է, ապա հարց է առաջանում, թե ինչու կոնկրետ շինարարության թույլտվությունների հետ կապված լուծումներ փնտրելու փոխարեն (օրինակ շինարարության թույլտվությունների վիճարկման վերաբերյալ վարույթների տևողության սահմանափակում, արագացված դատաքննության կիրառում) փորձ է արվում առհասարակ բոլոր վարչական մարմինների «բարենպաստ» վարչական ակտերի վիճարկման «հարցերը լուծել»: Որպես փոփոխության հիմնավորում, նշված է. «Ըստ դատավորների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և կառուցապատմամբ զբաղվող կազմակերպությունների շրջանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված հարցումների՝ նշված դատական գործերը շատ դեպքերում բաղկացած են առերևույթ անհիմն և կեղծ հայցադիմումներից, որոնցով հայցվորները չունեն օրինական շահ գործի ելքում, այլ հետապնդում են այլ, որոշ դեպքերում ոչ իրավաչափ նպատակներ»։ Հետաքրքիր է, որ Էկոնոմիկայի նախարությունը հիմք է ընդունում և որպես փաստարկ նշում է ակնհայտ շահագրգիռ անձանց՝ ՏԻՄ-ի ներկայացուցիչների և կառուցապատողների կարծիքը հայցադիմումների անհիմն լինելու վերաբերյալ. հարց է ծագում, իսկ ինչու հարցման չեն ենթարկվել բազմահազար այն քաղաքացիները, որոնց իրավունքները նույն ՏԻՄ ներկայացուցիչները և կառուցապատողները ոտնահարել են: Ընդ որում, վերջիններիս իրավունքների խախտումը ոչ թե ենթադրություն է, այլ օրինական ուժ ստացած դատական ակտերով հաստատված փաստեր, ցավոք նաև միջազգային դատական ատյանների ակտերով: Իսկ թե ինչ է «կեղծ հայցադիմումը», առնվազն անհասկանալի է. համենայն դեպս նման եզրույթ չի հանդիպել որևէ իրավական ակտում, կամ նույնիսկ իրավունքի տեսության մեջ: Հատկանշական է Էկոնոմիկայի նախարարության պնդումն այն մասին, որ նաև դատավորների շրջանում է հարցումներ կատարել և արդյունքում եզրակացրել, որ «ՀՀ վարչական դատարանի դատավորները չունեն հնարավորություն՝ ապահովելու վարչական ակտի հասցեատիրոջ գերակայող իրավունքներն ու օրինական շահերը, ինչը հատկապես խնդրահարույց է մեծ համայնքներում (ինչպիսին Երևանն է), որտեղ բնակարանների նկատմամբ պահանջարկը էականորեն գերազանցում է շուկայում դրանց առաջարկը»։ Անհիմն պնդում է, քանի որ, այսօր գործող օրենսդրությամբ գոյություն ունի բավականին գործուն մեխանիզմ. դա արագացված դատաքննության է, երբ հայցը ակնհայտ հիմնավոր է կամ ակնհայտ անհիմն: Ուղղակի անհրաժեշտ է այդ ինստիտուտը բարեխղճորեն կիրառել: Պետք է ընդամենը խորանալ խնդիրների բուն էության մեջ և վերացնել դրանց ծնող պատճառները, այլ ոչ թե փորձել շարունակել հետևանքները «շտկելու» նախկին պրակտիկան:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

13.04.2020

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ խնդիրները․ Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը լրացնել նոր 1․1 կետով՝ սահմանելով կարգ, համաձայն որի՝ երրորդ անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու վիճարկման հայց ներկայացնելու դեպքում վարչական ակտի կատարման կասեցման պահանջը չի կիրառվի և դրա փոխարեն առաջարկվում է կիրառել հայցի ապահովման միջոց։ Ներկայացված նախագիծը հեղինակող կառույցի, այն է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգը, համաձայն որի՝ կասեցվում է վիճարկման հայցերով վարչական ակտերի կատարումը՝ մինչև գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, խոչընդոտում է ՀՀ տնտեսության մեջ կանխատեսվող ներդրումներին, քանզի տվյալ դատավարական նորմի կիրառությունը բազմաթիվ դեպքերում հանգեցնում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձանց կողմից իրենց իրավունքների չարաշահման՝ ի հաշիվ բարենպաստ վարչական ակտի հասցեատիրոջ իրավունքների և օրինական շահերի, ինչպես նաև վարչարարության տնտեսավարության սկզբունքի խախտման։ Գտնում ենք, որ ներկայացված նախագիծն առաջարկում է անիրավաչափ և հակասական կարգավորումներ, պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, ուստի անհրաժեշտ է այն հանել շրջանառությունից՝ հետևյալ պատճառաբանությամբ․ 1․ Ներկայացված օրենսդրական առաջարկի բուն իմաստը հանրության համար ընկալելի դարձնելու համար ցանկալի կլիներ, որպեսզի նախագծի հեղինակները ներկայացնեին նախագծի կարգավորման առարկայի բուն իմաստը, այն է՝ քաղաքաշինության ոլորտում օրենսդրական միջամտությամբ էական կանոնակարգեր փոփոխելու թաքնված նպատակները։ Մասնավորապես՝ սույն թվականի փետրվարի 18-ին կառուցապատողների հայկական ասոցիացիայում Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող շինարարության թույլտվությունները քաղաքացիների կողմից դատարաններում վիճարկելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ, Երևանի գլխավոր ճարտարապետը դատարանում քաղաքաշինության բնագավառում իրենց իրավունքները պաշտպանելու ՀՀ քաղաքացիների նախաձեռնությունները բնորոշել է որպես ռեկետ շինարարությամբ զբաղվող տնտեսվարողների նկատմամբ, միաժամանակ առաջարկելով օրենսդրական փոփոխությունների միջոցով բացառել դատարանների կողմից մինչև վերջնական որոշում կայացնելը շինարարությունները կասեցնելու իրավական ընթացակարգերի կիրառումը ։ Վերջնական արդյունքում էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում վերոնշյալ լրացումը կատարելու նախաձեռնությամբ։ Ներկայացված նախագիծն իր էությամբ ոչ միայն ստեղծում է նախապայմաններ մարդու իրավունքների պաշտպանության իրատեսական մեխանիզմները սահմանափակելու առումով, այլ նաև առաջ է բերում էական իրավական և փաստական հակասություններ, միաժամանակ՝ քաղաքաշինության ոլորտում պետության պոզիտիվ պարտականությունները և գրագետ քաղաքականությունը մղում է հետին պլան։ Մասնավորապես՝ առաջարկվող նախագծով փաստացի ձևավորվում է հետևյալ իրավիճակը․ շինարարության թույլտվության հիման վրա կառուցապատողը սկսում է շինարարական աշխատանքները, այդ ընթացքում երրորդ անձը գտնում է, որ շինարարության թույլտվությունն ամբողջությամբ կամ մասամբ չի համապատասխանում շինարարական նորմերին, խախտում կամ սահմանափակում է իր իրավունքները և այդ հիմքով հայցով դիմում է վարչական դատարան՝ կայացված վարչական ակտը վիճարկելու նպատակով։ Ներկայումս գործող իրավական կանոնակարգերի պայմաններում դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելը նշանակում է շինարարության կասեցում՝ մինչև դատարանի կողմից տարբեր ապացույցների, այդ թվում՝ փորձագիտական եզրակացությունների հիման վրա վերջնական դատական որոշման կայացումը։ Ներկայացված նախագծով առաջարկվում է բացառել շինարարության կասեցումը։ Ստացվում է մի իրավիճակ, երբ դատական որոշման կայացումը, այդ թվում՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ, կարող է համընկնել շինարարության ավարտի հետ և նույնիսկ հաջորդել դրան՝ ստեղծելով ողջամիտ ժամկետում մարդու իրավունքների պաշտպանության համար խոչընդոտներ։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

13.04.2020

4․ Առաջարկվող նախագծի ընդունման պարագայում կաճեն նաև կոռուպցիոն ռիսկերը համայնքային կառավարման քաղաքաշինության բնագավառում՝ պայմանավորված համայնքային կառավարման մարմինների կողմից տրամադրվող շինարարության թույլտվությունները դատական վերահսկողության արդյունքում կասեցնելու իրավական մեխանիզմի վերացմամբ։ Խնդրի էությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր դեպքում վարչական դատարան հայցի հարուցումն՝ ըստ գործող իրավակարգավորման, փաստացի ենթադրում է դատական վերահսկողություն բուն շինարարության գործընթացի իրավական կանոնակարգերի նկատմամբ, քանի որ առանց դատարանի՝ շինարարության թույլտվության վարչական ակտն օրինական ճանաչելու որոշման, շինարարության իրականացում կամ վերսկսում օրենքը չի թույլատրում։ Առաջարկվող իրավակարգավորումների պարագայում հայցի հարուցումն ըստ էության դատական վերահսկողություն չի ենթադրում՝ նույնիսկ հայցորդի կողմից մատնանշված և փաստարկված ակնհայտ խախտումների դեպքում և մինչև տվյալ գործով փորձագիտական եզրակացության տրամադրումը դատարանն օժտված չէ շինարարական գործընթացը կասեցնելու իրավական գործիքակազմով, ուստի կառուցապատողների և համայնքային կառավարման մարմինների գործողություններում կոռուպցիոն ռիսկերն աճում են։ Նախագծով առաջարկվող իրավակարգավորումներով աճում են կոռուպցիոն ռիսկերը նաև դատական համակարգում՝ վարչական ակտը դատարանում «օրինականացնելու» հնարավորության ընձեռմամբ։ Ըստ էության կարող ենք արձանագրել, որ ներկայացված նախագծով փորձ է կատարվում քննարկվող խնդիրը դիտարկել քաղաքաշինության բնագավառում պետության պոզիտիվ պարտականությունների ընդհանուր շրջանակից դուրս՝ նախատեսելով ֆրագմենտալ և ոչ արդյունավետ իրավակարգավորումներ։ Խնդրի ողջ էությունը կայանում է նրանում, որ 90-ական թվականներից սկսած ՀՀ-ում և հատկապես՝ Երևան քաղաքում քաղաքաշինության բնագավառը ընդհանուր առմամբ գտնվում է անմխիթար վիճակում։ Երևան քաղաքում իրականացված բազմաթիվ կառուցապատման ծրագրերում անտեսվել և կոպտորեն խախտվել են տարրական քաղաքաշինական նորմերը, արհամարհվել են քաղաքացիների առողջ բնական միջավայր և կենսապայման ունենալու իրավունքները՝ դրանք ստորադասելով մասնավոր խմբային շահերին։ Արդյունքում աղավաղվել է նաև քաղաքի ճարտարապետական դիմագիծը։ Հիշյալ հանգամանքներից ելնելով՝ քաղաքաշինության բնագավառում առկա հիմնարար խնդիրներին արմատական լուծումներ տալու փոխարեն, նախագծի հեղինակներն առաջարկում են ևս մեկ անգամ իրավական կարգավորումների միջոցով ամրապնդել մասնավոր խմբային շահի գերակայությունը հանրայինի նկատմամբ։ Այս առումով պետք է արձանագրել նաև, որ նախագծով առաջարկվող լուծումը՝ շինարարության կասեցման փոխարեն կիրառել հայցի ապահովման միջոց, քաղաքաշինության ոլորտի այս իրավակարգավորումների դեպքում չի կարող հանդիսանալ արդյունավետ եղանակ, քանզի հայցի ապահովման միջոցներն այս դեպքում ուղղված են լինելու առավելապես վնասների նյութական փոխհատուցմանը։ Մինչդեռ քաղաքաշինության բնագավառում ոչ գրագետ քաղաքականության արդյունքում ոչ բոլոր բացասական հետևանքներն են նյութական փոխհատուցմամբ վերականգնելի։ Առաջարկ․ 1․ Ներկայացված նախագիծը հանել շրջանառությունից։ 2․ Ձևավորել անհրաժեշտ միջավայր բարձրացված խնդրի վերաբերյալ մասնագիտական հանրույթի և ոլորտի տնտեսվարողների կողմից մասնակցային քննարկումների կազմակերպման և ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները բացառելու նպատակով։ Այս գործընթացում պատշաճ ուշադրության արժանացնել քաղաքաշինության բնագավառում առկա նորմատիվ իրավական փաստաթղթեր կիրառելիս իրավական հիերարխիայի կանոնի պահպանման և այդ փաստաթղթերում քաղաքաշինության ոլորտի վիճահարույց նորմերի հստակեցման հանգամանքը։ 3․ ՀՀ-ում ընդունված դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված դատավորների ծանրաբեռնվածության նվազեցման, ինչպես նաև փորձաքննությունների կազմակերպման և իրականացման բնագավառում առկա խնդիրների լուծման գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքում պարբերաբար գնահատել քաղաքաշինական փաստաթղթերը վարչական դատավարության կարգով բողոքարկելու իրավական ողջ գործընթացի նկատմամբ դրանց ազդեցության արդյունավետությունը։

Տեսնել ավելին