ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՅԴ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը.
Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Տնտեսության բնականոն զարգացմանը խթանող միջոցառումների ձեռնարկմամբ և հասարակության նյութական արժեքների, մարդու կյանքի ու առողջության անվտանգության, շրջակա միջավայրի, բնական և էներգետիկ պաշարների և ազգային անվտանգության պահպանության նպատակներով պետական մոտեցման մշակման անհրաժեշտությամբ: Ըստ էության ցանկացած երկրի համար եզակի ռազմավարական նշանակություն ունեն շինարարության ոլորտը և ռեսուրսները: Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև շուկայում օրենսդրության խախտմամբ հայտված անկառավարելի և հնարավոր սպառնալիք ներկայացնող շինարարական արտադրանքի, մասնավորապես՝ ցեմենտների, բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներիների, կլինկերի և բիտումի օգտագործումը քաղաքաշիննության ոլորտում կանխելու նպատակով, ինչպես նաև պետության, հասարակության և անհատի շահերի փոխհամաձայնեցումն ապահովելու նպատակով առավել անվտանգ համակարգի ձևավորման նկատմամբ պահանջների սահմանման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվել են ցեմենտների, բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներիների նկատմամբ շուկայահանման և արտադրության պարտադիր պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը՝ 2006 թվականի օգոստոսի 10-ի Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1136-Ն և 2006 թվականի փետրվարի 2-ի Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 179-Ն որոշումներով սահմանված:
Տեխնիկական կանոնակարգման մասին ՀՀ օրենքով սահմանված է, որ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատման գործընթացը պետք է իրականացվի մինչև շուկայահանման գործընթացը: Սակայն անբարեխիղճ գործարարների գործողությունների արդյունքում շուկայում հայտվել է վերոգրյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների անհամապատասխան արտադրանք՝ ցածր ֆիզիկական, քիմիական ցուցանիշներով, որն ուղղակի սպառնում է ազգային անվտանգությանը: Ցեմենտի հիմնական բաղադրիչ հանդիսացող «կլինկեր» արտադրանքի ներմուծման կարգավորումը դուրս է օրենսդրության կարգավորման շրջանակներից: Շուկայում օրենսդրության խախտմամբ հայտնված անկառավարելի և հնարավոր սպառնալիք ներկայացնող շինարարական արտադրանքի, մասնավորապես՝ ցեմենտների և կլինկերի օգտագործումը քաղաքաշինության ոլորտում կանխելու նպատակով, ինչպես նաև պետության, հասարակության և անհատի շահերի փոխհամաձայնեցումն ապահովելու նպատակով առավել անվտանգ համակարգի ձևավորման նպատակով առաջարկվում է կանոնակարգմանն ուղղված սույն նախագիծը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներկայումս առկա են շինարարության ոլորտի արտադրանքի ներմուծման, շուկայահանման, կանոնակարգման բացեր, որոնք առաջացնում են խոչընդոտներ և ռիսկեր և վերջիններս վերացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է սույն նախագիծը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն իրավական ակտի նախագծի նպատակը շինարարության ոլորտի արտադրանքի ներմուծման և շուկայահանման գործող ընթացակարգերի սահմանումն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա բացերի վերացում, ՀՀ-ում տվյալ ոլորտի կարգավորումը:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան: