««Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ- ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
Իրավական ակտի ընդունման անհարժեշտությունը
Նախագծերի մշակումը պայմանավորված է հարկային նպատակներով բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկության (այսուհետ՝ գաղտնի տեղեկություն) փոխանակման համար ՏՀԶԿ Գլոբալ Ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների և հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման ստանդարտների կիրարկումն ապահովելու հետ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 10.09.2015թ. թիվ 1049-Ն որոշմամբ հավանության է արժանացել Գլոբալ ֆորումին Հայաստանի Հանրապետության անդամակցելու առաջարկությունը։ Գլոբալ ֆորումը միջազգային կառույց է, որի գործունեությունն ուղղված է դրա անդամ-երկրների միջև հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման ստանդարտների իրականացմանը: Գլոբալ ֆորումի շրջանակներում ներդրված է Տեղեկատվության փոխանակում հարցման հիման վրա՝ Exchange of information on request-EOIR ստանդարտը՝ համաձայն որի 157 երկիր պարտավորվել են հարկային նպատակով միմյանց միջև տեղեկատվություն փոխանակել։
Հայաստանի Հանրապետությունում բանկային, ապահովագրական և արժեթղթերի ոլորտում գաղտնիքի պահպանման, դրա ապօրինի տրամադրման բացառման երաշխիք է հանդիսանում դատական համակարգը, ինչը եղել է Հայաստանի Հանրապետության որդեգրված պաշտոնական քաղաքականությունը բանկային գաղտնիքի ինստիտուտի կայացման առաջին օրվանից: Նշված քաղաքականությունն իր արտացոլումն է գտել «Բանկային գաղտնիքի մասին», «Ապահովագրության և ապահովագրական գաղտնիքի մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում տեղ գտած կարգավորումներում՝ դատարանի համապատասխան որոշման առկայությունը պարտադիր դարձնելով երրորդ անձանց բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ տրամադրելիս:
Մասնավորապես, օրինակ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը արդեն իսկ նախատեսում է հարկային մարմնի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացումը ոչ միայն քրեական գործերի շրջանակներում, այլ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա:
Հաշվի առնելով ֆինանսական ծառայությունների ոլորտում գաղտնիքի պաշտպանության համար որդեգրած քաղաքականությունը՝ հարցման հիման վրա տեղեկատվության փոխանակման չափանիշներին համապատասխանությունը ապահովելու առումով ընտրվել է դատարանի որոշման հիման վրա գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման մոդելը, ինչը նաև Գլոբալ ֆորումի փորձագետների դիտարկմամբ համապատասխանում է միջազգային պրակտիկային և կապահովի համապատասխանությունը տեղեկատվության փոխանակման Գլոբալ ֆորումի շրջանակներում սահմանված չափանիշներին:
Հարցման հիման վրա տեղեկատվության փոխանակման չափանիշները նախատեսում են, որ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների մոտ առկա տեղեկատվությունը հարկային մարմնի կողմից կարող է ստացվել ինչպես ուղղակի կերպով, այնպես էլ անուղղակի՝ հատուկ վարչական կամ դատական ընթացակարգով (ՏՀԶԿ «Եկամտի և կապիտալի մասին» մոդելային կոնվենցիայի 21.11.2017թ. մեկնաբանությունների 19.11-րդ կետ): Այսինքն՝ միայն այն հանգամանքը, որ, օրինակ, բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը հարկային մարմնի կողմից ստացվում է դատարանի որոշման հիման վրա, չափանիշների խախտում չէ, կարևորն այն է, որ տեղեկատվությունը ողջամիտ ժամկետներում հասանելի լինի հարկային մարմնին: Կան Գլոբալ Ֆորումի անդամ երկրներ, որտեղ ևս հարկային մարմինը բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը ստանում է կամ հաճախորդի համաձայնությամբ կամ անկախ տրիբունալի որոշման հիման վրա, օրինակ՝ Մեծ Բրիտանիան և Վրաստանը:
Հարցման հիման վրա տեղեկատվության փոխանակման չափանիշների համաձայն օտարերկրյա պետության հարկային մարմնի հարցումը պետք է լինի հիմնավորված (վերաբերելի) և անհրաժեշտ լինի կոնվենցիայի դրույթները կիրառելու կամ հարցումն իրականացնող հարկային մարմնի կողմից իր երկրի օրենսդրությանը համապատասխան հարկային վարչարարություն իրականացնելու համար (foreseeably relevant): Հարցումը ստացած երկիրը իրավասու է մերժելու հարցումը, եթե բացակայում է հայցվող տեղեկատվության ակնհայտ կապը որևէ հետաքննության կամ ուսումնասիրության հետ (ՏՀԶԿ «Եկամտի և կապիտալի մասին» մոդելային կոնվենցիայի 21.11.2017թ. մեկնաբանությունների 5-րդ կետ): Հետևաբար՝ նշված սկզբունքի արդյունավետ ապահովումը հնարավոր է այն դեպքում, երբ հարցման վերաբերելիությունը գնահատվի որևէ անկախ մարմնի, այն է՝ դատարանի կողմից:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Գլոբալ Ֆորումի անդամ երկրների միջև վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն հարցման հիման վրա հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակումն ապահովելու համար առաջարկվում է լրացում կատարել Վարչական դատավարության մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում և հարակից օրենքներում՝ նախատեսելով հարկային մարմնի կողմից բանկային և այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկության ստացումը հատուկ վարույթի շրջանակներում։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից: Նախագծերը քննարկվել և փորձաքննության են ենթարկվել ՏՀԶԿ Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկատվության փոխանակման գծով միջազգային փորձագետների կողմից։ Միջազգային փորձագետների գնահատմամբ Նախագծերի կարգավորումները համապատասխանում են հարցման հիման վրա տեղեկատվության փոխանակման միջազգային հարկային ստանդարտներին (EOIR):
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն Գլոբալ Ֆորումի անդամ երկրների միջև վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն հարցման հիման վրա հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման համար և կապահովվի Գլոբալ Ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից հարկային հարցերում համապատասխանող երկրի կարգավիճակ և բավարար գնահատական ստանալը։
Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Ակտը նորմատիվ բնույթի է, քանի որ Նորմատիվ իրավական ակտի նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների համաձայն մշակված գրավոր ակտ է և պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:
-
Քննարկվել է
12.03.2020 - 27.03.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ
Դիտումներ` 8879
Տպել