Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) նախագիծը մշակվել է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները լուծելու, անհապատասխանությունները վերացնելու, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքն ամբողջությամբ իրացնելու, «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 30.08.1961թ. կոնվենցիայի /որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 16.08.1994թ-ից/ պահանջները պատշաճ կատարելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո մինչև այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը նախկին ՀՀ քաղաքացու կողմից քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում հայտնվելը և իր իրավունքներն իրացնելու համար առանց անձը հաստատող փաստաթղթի մնալը բացառելու, ինչպես նաև անձի քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու հարաբերություններում իրականացվող վարչարարությունը պարզեցնելու նպատակով։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվող նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական կարգավորումները՝

- նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխության նպատակը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս բնակվում են  ազգությամբ հայեր կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիներ, որոնք չունեն որևէ երկրի քաղաքացիություն և դիմում են ՀՀ ոստիկանություն՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու և անձը հաստատող փաստաթղթով փաստաթղթավորվելու համար, ուստի նշված կատեգորիայի անձանց համար ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը սույն նախագծով երկարաձգվում է մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը։

- Նախագծի 2-րդ հոդվածի՝

1) 1-ին կետով առաջարկվող փոփոխության նպատակը կայանում է հետևյալում. «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի ներկայիս խմբագրությամբ 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա ունեցող անձին իրավունք է վերապահված ՀՀ քաղաքացիություն ստանալ առանց նույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հայերեն լեզվով բացատրվելու և օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես ՀՀ-ում բնակվելու պահանջների պահպանման։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի վերը նշված հոդվածի համատեքստում՝ «երեխա» հասկացության մեկնաբանությունը ներկայումս հնարավորություն չի ընձեռում ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին օգտվել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից, այսինքն, վերջիններս ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար պետք է կարողանան բացատրվել հայերեն լեզվով և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելը օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվեն ՀՀ-ում։ Նշված հանգամանքը պրակտիկայում առաջացնում է խնդիրներ, մասնավորապես, ՀՀ քաղաքացի զավակներ ունեցող ծնողները, բնակվելով իրենց զավակների հետ Հայաստանի Հանրապետությունում, չեն կարողանում ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն և ամբողջ ծավալով իրացնել իրենց իրավունքները, այն պարագայում, երբ ակնհայտ է իրավական-ընտանեկան կապը վերջիններիս միջև։

Ելնելով վերոգրյալից, սույն նախագծով առաջարկվում է 13-րդ հոդվածի 2-րդ մասում «երեխա» բառը փոխարինելլ «երեխա կամ զավակ» բառերով՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց համար ևս սահմանելով առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի պահպանման ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք։

2) Օրինագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող փոփոխության նպատակը կայանում է նրանում, որ օրենքի ներկայիս կարգավորումների համաձայն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձինք առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանում են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված որոշ պետությունների։ 

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ներկայումս առկա են 20.000-ից ավելի անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրեր, սակայն տարբեր հանգամանքներով պայմանավորված (ֆինանսական, անձնական և այլն) նշված անձինք չեն կարողանում ժամանել Հայաստանի Հանրապետություն՝ անձնագիրը ստանալու համար, մինչդեռ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ անձնագիրը համարվում է ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ։

Վերը նշվածը հաշվի առնելով՝ սույն նախագծով գործող օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասը լրացվում է նոր նախադասությամբ՝ որով նախատեսվում է ազգությամբ հայերին իրավունք վերապահել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առանջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ նաև օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում։ Նշված հանգամանքով պայմանավորված գործող օրենքի 11-րդ մասը ճանաչվում է ուժը կորցրած։

- Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով ուժը կորցրած են ճանաչվում գործող օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը, քանի որ դրանով նախատեսվող կարգավորումներն առաջարկվում է սահմանել այլ հոդվածներում՝ ավելի հստակեցնելով երեխաների քաղաքացիության դադարեցման հետ կապված հարաբերությունները։

- Նախագծի 4-րդ հոդվածով ՀՀ քաղաքացիությունը փոխելու հետ կապված հարաբերությունները սահմանող 24-րդ հոդվածը առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ՝ սահմանելով նոր իրավակարգավորումներ քաղաքացիությունը դադարեցնելու դիմում ներկայացնելու հետ կապված հարաբերություններում։

Առաջարկվող փոփոխության պարագայում քաղաքացին անձամբ կդիմի իրավասու մարմիններին՝ օենքով նախատեսված պարտավորություններ չունենալու տեղեկանք ստանալու համար և պարտավորությունների առկայության դեպքում կկարողանա դրանք մարել՝ հետագա խնդիրներից խուսափելու նպատակով։

Օրենքի 24 հոդվածում առաջարկվում է նաև մեկ այլ փոփոխություն, մասնավորապես, օրենքով անձին իրավունք է վերապահված փոխել քաղաքացիությունը` եթե նա ունի այլ պետության քաղաքացիություն կամ մինչև Նախագահի կողմից  Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումը ներկայացնում է օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստում (տեղեկանք)՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին։ Օրենքի ներկայիս գործող խմբագրության համաձայն՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության կազմած եզրակացություններն ուղարկվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ դրանք քննարկվում են, կազմվում են ամփոփ եզրակացություններ և ՀՀ ոստիկանության կազմած եզրակացությունների հետ մեկամսյա ժամկետում ներկայացվում Հայաստանի Հանրապետության վարչապետին։ ՀՀ վարչապետը Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եզրակացություններն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը: Պրակտիկայում լինում են դեպքեր, երբ քաղաքացիությունը դադարեցնելու համար պահանջվող հավաստումը ներկայացվում է օրենքով ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար սահմանված 6-ամսյա ժամկետը լրանալու վերջին օրերին, և մինչև այն սահմանված կարգով ՀՀ նախագահի աշխատակազմ ուղարկելը ՀՀ նախագահի կողմից արդեն իսկ ստորագրվում է հրամանագիրը՝ մերժելով անձի դիմումը՝ փաստաթղթի բացակայությամբ պայմանավորված։  «Քաղաքացիության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այս դեպքում անձը կարող է կրկին դիմել մերժման օրից մեկ տարի հետո միայն։ Ներկայացված նախագծով նախատեսվում է այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) ներկայացնելու համար սահմանել դիմումը ներկայացնելուց հետո եռամսյա ժամկետ, որպեսզի մինչև գործը քաղաքացիության հարցերով հանձնաժողովի քննարկմանն ուղարկելը ապահովվի փաստաթղթերի ամբողջականությունը և հիմնավորվածությունը։

Միաժամանակ, նախագծով սահմանվում է նաև հիշյալ ժամկետում օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տված գրավոր հավաստում (տեղեկանք) չներկայացնելու դեպքում քաղաքացու դիմումը մերժելու հիմք։ Այս դեպքում քաղաքացին կարող է կրկին դիմում  ներկայացնել՝ առանց 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մեկամյա ժամկետի սահմանափակման:

Նախագծի 5-րդ հոդվածով ՀՀ քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման բնագավառում առաջարկվում են սկզբունքային նշանակություն ունեցող նոր կարգավորումներ, որոնց նպատակը կայանում է հետևյալում.

- 5-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող լրացումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքի իրացումն ապահովելու հանգամանքով։ Այսպես, ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով։ Նշված դրույթն իր ամրագրում է գտել նաև «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում, որի պահանջն ապահովելու նպատակով օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը ազգությամբ հայերի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար սահմանել է արտոնություն՝ օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվելու, հայերեն լեզվով բացատրվելու և Սահմանադրությանը ծանոթ լինելու պահանջից ազատելու վերաբերյալ։

Սույն նախագծով նախատեսվում է ազգությամբ հայերի կողմից պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար սահմանել նաև ընթացակարգային արտոնություն, մասնավորապես, օրենքով սահմանված դիմումների քննարկման վեցամսյա ժամկետի փոխարեն սահմանել եռամսյա ժամկետ և դիմումների քննարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացություններն առանց  Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու անմիջապես ՀՀ վարչապետին ներկայացնելու հնարավորություն։

- Նույն հոդվածով գործող օրենքի 27-րդ հոդվածում առաջարկվում է մեկ այլ սկզբունքային փոփոխություն ևս, որը միտված է ՀՀ-ում ապաքաղաքացիության կրճատմանը։ Այսպես, պրակտիկան ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիները հաճախ դիմում են ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ ներկայացնելով օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տված գրավոր հավաստումը (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորության մասին, սակայն արդյունքում տարբեր պատճառներով ձեռք չեն բերում տվյալ պետության քաղաքացիությունը՝ փաստացի հայտնվելով քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում: Առանց անձը հաստատող վավեր որևէ փաստաթղթի այս անձինք հնարավորություն չեն ունենում իրացնել իրենց հիմնարար իրավունքները (սոցիալական, կրթական և այլն) և հարկադրված դիմում են ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն՝ քաղաքացիություն չունեցող անձի վկայականով փաստաթղթավորվելու համար։ Ավելին, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո ծնողները դիմում և դադարեցնում են նաև երեխաների քաղաքացիությունը, որոնք ձեռք չբերելով այլ պետության քաղաքացիություն նույնպես հայտնվում են քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում։ Բացի այդ, լինում են դեպքեր, երբ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անձի կողմից ներկայացված հավաստումը լինում է կեղծ, որը պարզվում է հետագայում՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ նախագահի հրամանագրի ստորագրումից հետո, քանի որ քաղաքացիության դադարեցման գործի ընթացում  Ոստիկանությունը չի կարող ստուգել ներկայացված փաստաթղթի իսկությունը։

Հիշյալ հանգամանքներով պայմանավորված վերջին տարիներին ՀՀ-ում կտրուկ աճել է քաղաքացիություն չունեցող անձանց թիվը /եթե 2013թ. քաղաքացիություն չունեցող անձի վկայականով փաստաթղթավորվել է 38 անձ, ապա 2017թ-ին՝ 412, արդյունքում՝ ներկայումս ՀՀ-ում քաղաքացիություն չունեցող անձանց թիվը գերազանցում է 900-ը/, ինչի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը, որը հանդիսանում է նաև քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով իրավասու մարմին, և առաջարկել է վերանայել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը՝ նախկին ՀՀ քաղաքացիների ապաքաղաքացի դառնալու հնարավորությունը կանխելու նպատակով։

Հարցի կանոնակարգման նպատակով սույն օրինագծով նախատեսվում է կարգավորել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, ըստ օրինագծի, այն դեպքում, երբ անձի ՀՀ քաղաքացիությունը դադարեցվել է օտարերկրյա պետության կողմից տրված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորության վերաբերյալ փաստաթղթի հիման վրա, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնելու տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու ապացույցը (օտարերկրյա պետության անձնագիր կամ իրավասու մարմնի կողմից տրված այլ փաստաթուղթ՝ նրա այդ պետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ) լիազոր մարմին ներկայացնելու պահից։ Ընդ որում, նշված ապացույցը ներկայացնելու պարտականություն կրելու է անձը։

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը.

 

Սույն օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքի լիարժեք իրացումը, մասնավորապես, ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 3 ամիս։ Բացի այդ, ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք իրավունք կունենան առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել ինչպես Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին, այնպես էլ օտարերկրյա պետություններում գործող դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ դիմելու դեպքում։ Միաժամանակ, պատշաճ կապահովվեն «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 30.08.1961թ. կոնվենցիայի /որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 16.08.1994թ-ից/ պահանջները, կբացառվի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո մինչև այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը նախկին ՀՀ քաղաքացու կողմից քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում հայտնվելը և իր իրավունքներն իրացնելու համար առանց անձը հաստատող փաստաթղթի մնալու հնարավորությունը, ինչպես նաև կկանոնակարգվեն անձի քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու հարաբերություններում իրականացվող վարչարարության ընթացքում իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները։

 

 

ՀՀ  ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  • Քննարկվել է

    18.02.2020 - 04.03.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8766

Տպել