Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 142-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1. Հսկող դատախազը կարող է անձին ազատել կալանքից, եթե առկա է կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն խոչընդոտող ծանր հիվանդություն: Ծանր հիվանդությամբ տառապող անձին կալանքից ազատելու հարցը լուծելիս հսկող դատախազը հաշվի է առնում վերագրվող արարքի ծանրությունը, մեղադրյալի անձնավորությունը և այլ հանգամանքներ:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Սույն հոդվածի 1.1-րդ մասով նախատեսված դեպքում, երբ կալանավորված անձը տառապում է ծանր հիվանդությամբ, որն անհամատեղելի է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հետ, հսկող դատախազը, կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջնորդագրով, որը պետք է հիմնված լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա, իրավունք ունի որոշում կայացնել կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և կալանավորված անձին ազատ արձակելու մասին: Հսկող դատախազը միջնորդագիրը քննում է անհապաղ, բայց ոչ ուշ քան այն ստանալու հաջորդ օրը: Միջնորդագրի քննումն ավարտելուց հետո հսկող դատախազը որոշում է կայացնում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Հսկող դատախազի՝ միջնորդագիրը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման դատական կարգով: Դատարանը բողոքը քննում է անհապաղ, բայց ոչ ուշ քան այն ստանալու հաջորդ օրը: Բողոքի քննումն ավարտելուց հետո դատարանը որոշում է կայացնում բողոքը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Դատարանը միջնորդագիրը քննում է անհապաղ, բայց ոչ ուշ քան այն ստանալու հաջորդ օրը: Միջնորդագրի քննումն ավարտելուց հետո դատարանը որոշում է կայացնում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

  • Քննարկվել է

    24.01.2020 - 09.02.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5579

Տպել