ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N685-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձևը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի N 1184-Ն որոշումը (այսուհետ` որոշում) ուժը կորցրած ճանաչելու մասին» N 685-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի, ինչպես նաև հիվանդությունների բացակայության մասին տեղեկանքի տրամադրման գործընթացի հստակեցում, կապված թմրաբանական հիվանդությունների հետ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Որոշման Հավելվածի 1-րդ 4-րդ կետի համաձայն՝ սահմանված են դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հոգեկան և վարքային խանգարումները` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների վիճակագրական դասակարգչի ծածկագրերին համապատասխան, սակայն այդ ծածկագրերը հստակեցման կարիք ունեն` կապված հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով առաջացած հոգեկան և վարքային խանգարումների հետ:
Որոշման Հավելված 3-ով սահմանված է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրելու կարգը (այսուհետ` կարգ), որի 7-րդ կետի համաձայն Թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենը բժշկական փաստաթուղթը հավակնորդին է տրամադրում համապատասխան հետազոտությունների արդյունքների հիման վրա: Մինչդեռ տարածաշրջանում և Հայաստանում վերջին տարիներին առավել տարածված անօրինական թմրամիջոցների հիմնական տեսակների (խմբերի) օգտագործման հետևանքով առաջացած թմրաբանական հիվանդությունների և թմրամիջոցների գործածման փաստի բացակայությունը անձի մոտ հաստատելու համար անհրաժեշտ է պարտադիր իրականացնել բժիշկ-թմրաբանի հետազոտություն, այդ թվում՝ ըստ անհրաժեշտության մարմնի (նաև վերջույթների, աճուկային և անութային շրջանների) արտաքին զննություն և քնաբեր կակաչից ստացվող ափիոնատիպ նյութերի (ափիոն, հերոին, մորֆին) արհեստական ափիոնատիպ նյութ հանդիսացող մեթադոնի, բնական ծագման կանաբինոիդների (մարիխուանա, հաշիշ), մետամֆետամինի և կոկաինի նկատմամբ օրգանիզմի կենսամիջավայրի լաբորատոր տոքսիկոքիմիական հետազոտություն։
Ներկայում թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացվում է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն», «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր», «Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսեր», «Սևանի հոգեկան առողջության կենտրոն», «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ներում։ Սակայն համալիր հետազոտություն (այն է՝ բժիշկ-թմրաբանի հետազոտություն և լաբորատոր տոքսիկոքիմիական հետազոտություն) իրականացնելու հնարավորություն ունի միայն «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 685-Ն որոշման մեջ՝ հստակեցնելով հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով առաջացած հոգեկան և վարքային խանգարումների հիվանդությունների վիճակագրական դասակարգչի ծածկագրերը:
Նախագծով նաև առաջարկվում է հստակ սահմանել թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման մասով դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրող կազմակերպությունը:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծի մշակմանը մասնակցել են Առողջապահության նախարարության աշխատակիցները:
5.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանքի տրամադրման արդյունավետ կազմակերպումը։
-
Քննարկվել է
22.01.2020 - 06.02.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 7543
Տպել