Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239 Քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

          «Հոդված 203. Հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելու և գույք տեղադրելու արգելքը 

1. Յուրաքանչյուր ոք ունի իր օրինական տիրապետման ներքո գտնվող հողամասը, շենքը, շինությունը և այլ անշարժ գույքի տարածք այլոց մուտք գործելուց զերծ պահելու իրավունք:

Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք կամ այդ տարածքում  առանց օրինական տիրապետողի թույլտվության տեղադրել որևէ շարժական գույք (այսուհետ՝ ներխուժում):

Ներխուժում է համարվում նաև՝

1) օրինական տիրապետողի թույլտվությամբ հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած կամ դրա վրա շարժական գույք տեղադրած անձի կողմից հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու կամ տեղադրած շարժական գույքը  հեռացնելու  վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը.

2) օրենքով սահմանված հիմքերով հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած կամ դրա վրա շարժական գույք տեղադրած անձի կողմից այդ հիմքերի դադարումից կամ օրենքով նախատեսված համապատասխան գործողություններ կատարելուց հետո հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու կամ տեղադրած շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը:

2. Ներխուժում առկա չէ այն դեպքերում, երբ հողամասը ցանկապատված, պարսպապատված չէ, կամ չկա հողամասը մուտք գործելն արգելող որևէ գրավոր կամ ձայնային հայտարարություն կամ պատկերային նշան, և հողամաս մուտք գործելը վնաս չի պատճառի հողամասին:

2.1. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան ներխուժում առկա չէ մինչև Կառավարության սահմանած կարգով համապատասխան իրավասու մարմնի կողմից հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու պահը:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն` առանց որևէ թույլտվության, գտնվելու պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող` բոլորի համար բաց հողամասերում և օգտվելու դրանցում եղած բնական օբյեկտներից` պահպանելով օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը:

4. Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով օրինական տիրապետողն իրավունք ունի խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ ներխուժման հետևանքին համարժեք ուժ գործադրելու, եթե ոչ ուժային միջոցները չեն կարող կանխել կամ վերացնել ներխուժումը: Օրինական տիրապետողն իրավունք ունի հեռացնելու իր հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի գույքը: Սույն մասով նախատեսված պայմաններում ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով ձեռնարկված գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ:

5. Հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը` իր անունից կատարելու գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը և պայմանները սահմանում է կառավարությունը:

5.1. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու, հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու և տնօրինելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ::

 

Հոդված 2. Անցումային և եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը ընդունում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու, հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու և տնօրինելու կարգը սահմանող համապատասխան որոշում:

  • Քննարկվել է

    20.01.2020 - 04.02.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7902

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

21.01.2020

Նախ գտնում եմ, որ ՀՀ արդարադատության նախարարությանը պատիվ չի բերում օրենսդրական տեխնիկայի նման բազում ու կոպիտ խախտումներով նախագծի հրապարակումը: Մասնավորապես նախագծի վերնագրի համաձայն նախագծով պետք է կատարվեն փոփոխություններ ու լրացումներ, սակայն նախագծում կատարվում է միայն մեկ փոփոխություն: Բացի այդ նոր խմբագրությամբ տրված հոդվածում առկա են երկու հատ 1-ին մաս, 2-րդ մասը գտնվում է 2.1-ին մասից հետո: Բացակայում են հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը: Կարծում եմ նաև, որ նախագիծը չի բխում ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի պահանջներից, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձեւերը: Սույն նախագծով պետության և համայքի սեփականության համար սահմանվում է պաշտպանոթւյան ավել վատ իրավական կարգավորում, որը խթանելու է պետական ու համայքի հողամասերի զավթումը:

Տիգրան Ստեփանյան

20.01.2020

Հարկ է նկատել նաև, որ դրական կողմերից զատ՝ տվյալ կարգավորումը որոշակի կերպով կարող է հանգեցնել ինքնիրավչության դեպքերի քանակի ավելացման

Տիգրան Ստեփանյան

20.01.2020

Հնարավոր տարընթերցումներն ու իրավունքի չարաշահումները նվազագույնի հասցնելու նպատակով առաջարկում եմ նախագծի 2․1․ կետի 2-րդ ենթակետի 3-րդ պարբերության մեջ <<ձեռնարկված գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ>> նախադասության մեջ ավելացնել <<ողջամիտ>> արտահայությությունը, այսինքն՝ <<ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով ձեռնարկված ողջամիտ գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ:

Տեսնել ավելին