Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ 

 

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես սոցիալական պետություն, 2016 թվականի դեկտեմբերի 16-ին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-226-Ն օրենքի ընդունմամբ սահմանեց, որ քաղաքացի-պարտապանի բնակարանը կամ դրա բաժինը, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` նվազագույն գումարի չափից, բռնագանձման ենթակա չէ: 

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն իրավասություն է վերապահվել մշակել համապատասխան իրավական ակտ, որով կսահմանվի միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի չափը: 

 

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը 

1. Նախագծով իրավաչափ նպատակին հասնելու համար սահմանվել է այնպիսի չափ, որն անհրաժեշտ և բավարար կլինի իրացնելու անձի նվազագույն բնակարանային պահանջմունքները: Մասնավորապես, Նախագծով նախատեսվում է, որ նվազագույն գումարի չափը որոշվում է համապատասխան բանաձևի կիրառմամբ: 

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ շուկայական հարաբերությունների զարգացման պայմաններում անշարժ գույքի գինը տարբեր 

ժամանակահատվածներում տարբեր կարող է լինել՝ արդարացված չէր լինի նվազագույն գումարի չափը կայուն դրամական գումարով արտահայտելը: Խուսափելու համար այն իրավիճակից, երբ սահմանված դրամական գումարը անշարժ գույքի գնային տատնման հետևանքով բավարար չէր լինի բնակարան ձեռք բերելու համար, այսինքն՝ կատարված օրենսդրական բարեփոխման նպատակն ըստ էության կմնար չիրացված, Նախագծով առաջարկվում է բռնագանձման ոչ ենթական միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի չափը որոշել բանաձևի հիման վրա՝ խուսափելով որոշակի կայուն գումար սահմանելուց: Մասնավորապես, բանաձևի համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի «ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N93-Ն հրամանը, որի 38-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ 

«Պետական և համայնքային բնակարանային ֆոնդի, սոցիալական բնակարանային ֆոնդի բնակարաններում պետք է բնակարանի մակերեսը կազմի ոչ պակաս, 

ա. ընդհանուր սենյակ մեկ սենյականոց բնակարանում՝ 18 մ2 -ից, 

բ. ընդհանուր սենյակ երկու և ավելի սենյականոց բնակարաններում՝ 16 մ2-ից, 

գ. ննջարան` 8 մ2 -ից (10 մ2 երկու հոգու համար), 

դ. խոհանոց` 8 մ2 -ից, 

ե. խոհանոցային գոտում ճաշասենյակ-խոհանոց` 6 մ2 -ից, 

զ. խոհանոց-խորշ` 5 մ2 -ից:»: 

Հաշվի առնելով ընդհանուր սենյակի (18մ2), ննջարանի (8մ2), խոհանոցի (8մ2) և սանհանգույցի (6մ2), մակերեսների գումարները՝ նախատեսվել է բնակարանի նվազագույն մակերեսը, որը կազմում է 40 մ2: Հիմք ընդունելով վերոնշյալ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանով սահմանված 

ստանդարտները՝ սահմանվել է այն նվազագույն չափը, որը բավարար կլինի անձի կենսական պայմանների ապահովման համար: 

2. Նախագծով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը մինչև յուրաքանչյուր ամսվա հինգը տրամադրում է տեղեկություն բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գնի վերաբերյալ: Ընդ որում, միջինացված գինը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով Երևանի բոլոր վարչական շրջաններում և մարզերի շուկայական առավելագույն գին ունեցող համայնքներում բնակարանների արժեքների գումարը: 

Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ 2017 թվականի մայիս ամսվա համար Երևանի բոլոր վարչական շրջանների և մարզերի շուկայական առավելագույն գին ունեցող համայնքների բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գինը կազմում է ≈209,000 ՀՀ դրամ: Ուստի, Նախագծով սահմանված բանաձևը հնարավորություն է տալիս երաշխավորելու անձի՝ բնակարանով ապահվված լինելու իրավունքը: 

3. Հաշվի առնելով այն հագամանքը, որ բռնագանձման ենթակա բնակարանը պարտապանին կարող է պատկանել բաժնային կամ համատեղ սեփականության իրավունքով, Նախագծով սահմանվել է նաև այդ դեպքերի համար բռնագանձման ոչ ենթական միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի չափի հաշվարկման կարգը: Այսպես, այս դեպքում պարտպանը երաշխավորված է լինում իր բաժնեմասին համամասնորեն գումար ստանալու հնարավորությամբ: Միաժամանակ հաշվի առնելով, որ ի սկզբանե բնակարանի իրացման համար նվազագույն գումարի չափ սահմանելու նպատակը պարտապանին վերջին կացարանից չզրկելն է, հիշյալ դեպքի համար սահմանվել է, որ նվազագույն չափը չի կարող պակաս լինել քաղաքացի-պարտապանի 1/2 բաժնեմասի համար հաշվարկված նվազագույն գումարի չափից: 

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք 

Նախագիծը մշակվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից: 

 

4. Ակնկալվող արդյունքը 

Նախագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի սոցիալական տեսանկյունից կարևորվող քաղաքացիների միակ բնակարանը պահպանելու հնարավորությունը և նրանց զերծ կպահի անօթևանության մեջ հայտնվելու սպառնալիքից:

  • Քննարկվել է

    17.05.2017 - 01.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11433

Տպել