<<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ
26.12.2019
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Հոդված 1,կետ 4 շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ Սույն օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում ապաստանի տրամադրման և փախստականի կարգավիճակի որոշման, դադարեցման, չտրամադրման կամ մերժման հարաբերությունների վրա, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի : Հիմնավորում՝ Փախստականների և ապաստանի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ում փախստական է համարվում նաև կոնվենցիան ստորագրած այլ պետությունների կողմից փախստական ճանաչված անձինք։ Այս դեպքում արդեն փախստականի կարգավիճակ ունեցող անձին տրամադրվում է ապաստան։ Սակայն, ապաստան տրամադրելու համար կացության որևէ կարգավիճակ ունենալու պայման է նախատեսված, որի հիման վրա էլ միգրացիոն ծառայությունը պրակտիկայում հղում է կատարում Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածին։ Ուստի, գտնում ենք, որ անհրաժեշտ է հստակ նշել, որ հարաբերությունների վրա չի տարածվում սույն օրենքը։ 2. Հոդված 2, կետ 1 լրացնել 21 կետով՝ 21) հատուկ կարիքներ ունեցող անձինք՝ երեխաներ (հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին կետի, 19 և 20 ենթակետերը) կամ հաշմանդամություն ունեցող անձինք կամ հղի կանայք կամ միայնակ ծնողներ, որոնք ունեն անչափահաս երեխաներ կամ ծանր հիվանդությամբ տառապող հիվանդներ կամ հոգեկան խանգարում ունեցող անձինք կամ թրաֆիքինգի կամ խոշտանգումների կամ բռնաբարության կամ բռնության այլ ձևերի զոհեր։ 3. Հոդված 4, կետ 1, ենթակետ 8 շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ 8) օտարերկրացին կարող է արտաքսվել Հայաստանի Հանրապետությունից սույն օրենքի 6-րդ գլխին և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան: Հիմնավորում՝ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի կետ 4. Հղումները կատարվում են հստակ և ուղղակի: 4. Հոդված 5, կետ 3 առաջին նախադասությունը լրացնել հետևյալ կերպ՝ Բացառությամբ ապաստանի իրավունքից օգտվելու դեպքերի։ Հիմնավորում՝ մինչ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը արգելելը կամ ծագման երկիր վերադարձնելը անհրաժեշտ է հաշվի առնել Փախստականների և ապաստանի մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի պայմանը, մեջբերում հոդվածից՝ «Ապաստանի խնդրանք է համարվում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ազգային անվտանգության հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին) կազմում գործող Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերին (այսուհետ` Սահմանապահ զորքեր), իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ լիազոր մարմնին, ինչպես նաև հանցավորության և հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնին (այսուհետ` Ոստիկանություն), կամ եթե անձը գտնվում է ազատազրկման վայրում՝ ազատազրկման վայրի վարչակազմին բանավոր, գրավոր, ժեստերի լեզվով կամ հաղորդակցության որևէ այլ միջոցով առերես արված ցանկացած հայտարարություն, որն արտահայտում է Հայաստանի Հանրապետությունում պաշտպանություն գտնելու նրա ցանկությունը: Սույն մարմինները նաև պարտավոր են տրամադրել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց ներկայացնելու հնարավորության մասին այն անձանց, որոնք, հնարավոր է, որ ապաստանի կարիք ունեն:»։ 5. Հոդված 28, կետ 7 լրացնել հետևյալ նախադասությամբ՝ Եթե դիմումի քննարկման ընթացքում պարզվում է, որ դիմողը իր ծագման երկրում հետապնդումների է ենթարկվել կամ հետապնդման երկյուղ ունի կամ մինչ քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ տրամադրելու դիմումը, ապաստանի հայց է ներկայացրել և մերժվել, կամ նրա դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճվել է, ապա ՀՀ արտաքին գործերի նախարարություն ուղղարկվող դիմումով տեղեկացնում է գաղտնության սկզբունքի պահպանման անհրաժեշտության մասին։ Հիմնավորում՝ մինչ ՔՉԱ դիմում ներկայացնելը, դիմողը իր ծագման երկրում կարող է հետապնդման ենթարկված լինի կամ հետապնդման երկյուղ ունենա, որը չհասնի հիմնավորման այն մակարդակի, որ փասխստականի կարգավիճակի տրամադրման հիմք լինի, կամ անձը չցանկանա փախստականի կարգավիճակ ստանալ։ Սակայն, իր ծագման երկրի իշխանություններին որոշակի փաստաթղթերի իսկությունը հաստատելու նպատակով հարցման դեպքում, նրա համար կարող է առաջանալ հետապնդման նոր հիմք։ 6. Հոդված 32 լրացնել հետևյալ կետով՝ Քաղաքացիություն չունեցող անձ է համարվում նաև այն անձը, որին պաշտոնապես քաղաքացիություն չունեցող անձ են ճանաչել Կոնվենցիան ստորագրած այլ պետություններ։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձանց համար նախատեսված նույն իրավունքներից և պաշտպանությունից օգտվելու համար անձը լիազոր մարմնին համապատասխան դիմում է ներկայացնում: 7. Հոդված 37 լրացնել 3 և 4 կետերով՝ 3. Քաղաքացիություն չունեցող անձը արտաքսման մասին որոշումը դատական կարգով բողոքարկելու իրավունք ունի։ 4. Արտաքսման որոշումը ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիություն չունեցող անձին բավարար ժամանակ է տամադրվում օրինական այլ երկիր մուտք գործելու համար։ Այս ընթացքում անձը ունենում է Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ։ 8. Հոդված 28, կետ 2 հանել «սահմանված կարգով կատարված» բառերը։ 9. Հոդված 34 լրացնել 5 կետով՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակը ճանաչելու մասին որոշումը անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընցակարգերին համապատասխան։ 10. Օրենքում հստակեցնել և 4-րդ գլխի համապատասխան հոդվածներում 16 տարեկանը փոխարինել 18-ով։ Հիմնավորում՝ սահմանելով մինչև 16 տարեկան տարիքային շեմը 17 տարեկան երեխաների վրա չի տարածվում ընթացակարգային երաշխիքները։