ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՆԱԿՉՈԻԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությանը և դրա իրականացման գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 14 նիստի արձանագրային որոշման կատարման ապահովման նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվել է «Աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ նպատակ ունենալով կատարելագործել արտակարգ իրավիճակների ոլորտը կարգավորող իրավական դաշտը:
Ներկայումս, ամբողջ աշխարհում աղետներն իրենց վտանգավորության աստճանով ուղղված են մարդկության անվտանգության և զարգացման դեմ:
Վերջին տարիների ընթացքում աղետների զոհ են դարձել միլիոնավոր մարդիկ, իսկ պետությունները աղետների հետևանքների վերացման և հասցված վնասների հատուցման վրա ծախսել են ահռելի ռեսուրսներ:
Հարկ է նշել, որ արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունները, հիմնական հասկացություններն ու բնակչության պաշտպանության գործընթացում իրավական այլ առանձնահատկությունները սահմանվել են դեռևս 1998 թվականին՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այնուհետև, օրենքի կիրարկումն ապահովող մի շարք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, սակայն պետք է արձանագրել որ գործող օրենքով և ենթաօրենսդրական ակտերով պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունների շրջանակը լիարժեք ընդլայնված չէր:
Միաժամանակ, աշխարհի մի շարք զարգացած երկրներում կանոնակարգված են արտակարգ իրավիճակ և համապատասխան իրավական ռեժիմ հայտարարելու իրավական հիմքերը:
Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգված չեն արտակարգ իրավիճակին վերաբերող մի շարք պարտադիր ինստիտուցիոնալ գործընթացներ, մասնավորապես՝
- թե որ դեպքում, ինչ իրադրությունում, հետևանքների ծանրության որ աստիճանում, և ինչպիսի հանգամանքների առկայության պարագայում՝ համայնքում, մարզում կամ Հանրապետությունում կարող է հայտարարվել արտակարգ իրավիճակ և մտցվել արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմ.
- արտակարգ իրավիճակ հայտարարելու լիազորություններ ունեցող պետական մարմինների շրջանակը.
- ինչ ժամկետներում և եղանակով է հայտարարվում արտակարգ իրավիճակ.
- արտակարգ իրավիճակ հայտարարելու և իրավական ռեժիմ հաստատելու պատասխանատու մարմինների, կազմակերպությունների, բնակչության իրավահարաբերությունները, կիրառվող սահմանափակումներն ու միջոցները:
Այսպիսով, վերոնշյալ Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի այն բացերի լրացմանը, որոնք ներկայումս առկա են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտներում:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծով կարգավորվում են արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, վաղ վերականգնման և արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացների պատշաճ ապահովումը, արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը հայտարարելու մասին որոշման ընդունման հնարավորությունը, որի բովանդակության մեջ ներառվում է` հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները, հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը, այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ իրավիճակ, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը, կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, ուժի մեջ մտնելու և գործողության ժամկետները, ինչպես նաև որոշման հրապարակման առանձնահատկությունները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել աղետների ռիսկի կառավարման ոլորտի իրավական դաշտը նաև սահմանվում են նոր հասկացություններ, որոնք առկա չեն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքում:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին առավել ընդգրկուն իրավասություններ են նախատեսվում, որոնք օպերատիվ գործելու տեսանկյունից արդյունավետ և նպատակահարմար են:
Ակնկալվող փոփոխություններով Կազմակերպությունները, ըստ իրենց գործունեության առանձնահատկությունների, ևս մասնակից են դառնում արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկների նվազեցման, վաղ վերականգնմանն ու արձագանքման և հետաղետային վերականգնման գործընթացներին:
ՏԵՂԵԿԱՆՔ N 1
«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265 օրենքը:
ՏԵՂԵԿԱՆՔ N 2
«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համընդգրկուն բնույթից ելնելով հետագայում կարող է ընդունվեն այլ ենթաօրենսդրական իրավական ակտեր, որոնց ընդունմամբ պայմանավորված հնարավոր է նախատեսվեն պետական կամ համայնքային բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում: