« Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի լրամշակման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, 83-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 82-րդ հոդվածի՝ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծումը:
Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հիմնական նպատակն է՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները, որոնք փաստաթղթում ներկայացված են ըստ առանձին ոլորտների։ Ծրագրում առանձին բաժիններով ներկայացված են Երևանի ընդհանուր և Երևանի սոցիալ-տնտեսական վիճակի նկարագրությունը:
Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագծի ձևաչափը ներկայացվել է Երևան քաղաքի ավագանու խմբակցություններին, որոնց կողմից դիտողություններ և առաջարկություններ չեն ստացվել:
Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագծի ձևաչափը կազմվել է՝ հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից և Համայնքների Ֆինանսիստների Միավորման և Վորլդ Վիժն Հայաստան ծրագրի տեխնիկական աջակցությամբ 2014 թվականին մշակված համայնքի զարգացման ծրագրի մշակման և կառավարման մեթոդական ցուցումները:
Ծրագրի կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։ Յուրաքանչյուր բաժին հիմնականում բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝ «Վիճակի բնութագիր», «Հիմնախնդիրներ» և «Ծրագրերի անձնագրեր»։
Ծրագրերն ու միջոցառումները կազմվել են՝ հիմք ընդունելով մայրաքաղաքի զարգացման գերակայությունները, առկա հիմնախնդիրները և ֆինանսավորման հնարավորությունները։ Ծրագիրն ուղղված է քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների զարգացմանը:
Ծրագրի նպատակն է ապահովել համակարգային բարեփոխումներ՝ նոր մոտեցումների կիրառմամբ՝ հաշվի առնելով քաղաքացու շահերի և իրավունքների պաշտպանությունը:
Ծրագրի իրականացման գործընթացում որպես գերակա սկզբունք որդեգրվել է Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության և բնակչությանը լիարժեք հաշվետու լինելու ապահովումը, մարդու իրավունքների, հանրային տարածքների, շրջակա միջավայրի և պատմամշակության ժառանգության պաշտպանության գերակա սկզբունքներով որոշումների կայացումը, քաղաքի մասնակցային կառավարման մշակույթի ձևավորումը և այլն:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է շարունակաբար լավացնել մայրաքաղաքի աղբահանության և սանմաքրման աշխատանքները:
Քաղաքաշինության ոլորտում նախատեսվում է պահպանել և զարգացնել միասնական մոտեցումների ձևավորումը:
Հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումները, ոլորտի ամբողջական արդիականացումը և ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրումը 2019-2023թթ. հնգամյա ծրագրի գերակա ուղղություններից է:
Երևանի զարգացման ծրագրի գերակայություններից վերելակային տնտեսության ամբողջական արդիականացումը:
Նախատեսվում է խիստ վերահսկողության տակ պահել բնապահպանության ոլորտը՝ բացառելով հանրային կանաչ տարածքների հաշվին կառուցապատման արդյունքում կանաչ տարածքների ոչնչացումը: Նախատեսվում է նաև կանաչապատման շարունակական աշխատանքների իրականացում:
Կիրականացվեն նաև էներգախնայողությանը, էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմանն ուղղված ծրագրեր, որոնք կնպաստեն քաղաքի էկոլոգիական վիճակի բարելավմանը, ֆինանսական ռեսուրսների խնայողությանն ու արդյունավետության բարձրացմանը:
Գերակա ուղղություններից է լինելու առողջապահության և սոցիալական ապահովության համակարգերի բարելավումը, Երևան քաղաքում կրթական համակարգի որակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
Հասցեական և նպատակային ծրագրեր կիրականացվեն մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման նպատակով:
Երևանի զարգացման հնգամյա ծրագրի առանձին ոլորտ է հանդիսանում «Խելացի Երևան» ծրագիրը, որով կարևորվում է կառավարման օպտիմալացումն ու ծառայությունների որակի բարելավումը, նոր տեխնոլոգիաների լայն կիրառությանը։
Հիմք ընդունելով վերը շարադրվածը, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 83-րդ հոդվածը՝ համաձայն որի Երևանի քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնվում Երևանի բնակչության կենսական շահերը, Երևանի զարգացման ծրագրերը, Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվում Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի լրամշակված նախագիծը։
-
Քննարկվել է
13.11.2019 - 28.11.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Երևանի քաղաքապետարան
Հանրային քննարկում
27.11.2019 11:00
Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Դիտումներ` 7816
Տպել