Հիշել նախագիծը
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագիծ
-
17 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Անահիտ Սարգսյան 28.11.2019 23:29:56 | Նախագծի 57-րդ հոդվածի 3-րդ մասն առաջարկում ենք լրացնել նոր՝ 6-րդ կետով. «6) հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա իրականացնող մասնագետը (հոգեբան, հոգեբան-խորհրդատու, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ)՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելու կապակցությամբ իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին:»: Դիմելով հոգեբանական խորհրդատվություն կամ հոգեթերապևտիկ ծառայություններ տրամադրող մասնագետի՝ անձն ակնկալում է ստանալ պրոֆեսիոնալ հոգեբանական աջակցություն, որի գլխավոր էթիկական պահանջներից է անձնական ինֆորմացիայի գաղտնապահության (կոնֆիդենցիալության) նորմը։ Առաջարկվող լրացումն այդ մասնագետին անկաշկանդ գործելու հնարավորություն կտա, նաև կնպաստի, որ անձինք վերոնշյալ մասնագետին դիմեն առանց մտավախությունների: | ||
2 | Ստելլա Չանդիրյան 28.11.2019 23:36:28 | Նախագծի 109-րդ հոդվածով ամրագրված են ձերբակալման հիմքերը, որոնք համապատասխանում են «հիմնավոր կասկածի» չափանիշին, սակայն հարկ է ընդգծել, որ հիմնավոր կասկած չի կարող ծագել «հանցանքը կատարելուց անմիջապես հետո» անձի բռնվելու հիմքով, քանի որ դա նրան ընդամենն առնչում է հանցագործության վայրի հետ, սակայն անպայմանորեն չի հանգեցնում նրա ներգրավվածությանը հանցագործության կատարման մեջ։ Այդ ներգրավվածությունը կարող է ապահովվել «բացահայտ հետքերով», որոնց մասին առանձին նշվում է հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետում։ Հետեւաբար, 109-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետում կարիք չկա պահպանել «հանցանքը կատարելուց անմիջապես հետո» ձեւակերպումը։ Համանման կարծիք է արտահայտել նաեւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ (տես ավելին՝ § 15, https://rm.coe.int/16806ef4c5)։ | ||
3 | Ստելլա Չանդիրյան 28.11.2019 23:36:28 | Նածագծի 116-րդ հոդվածով ամրագրված խափանման միջոցների կիրառման 3 հիմքերից միայն առաջին երկուսը՝ փախուստը կանխելն ու հանցանքի կատարումը կանխելն են ճանաչվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Եվրոպական դատարան) կողմից՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածին համապատասխան։ 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3)-րդ կետով ամրագրված մեկ այլ՝ «մեղադրյալի կողմից իր վրա օրենքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելը» հիմքը բավականին տարբեր է Եվրոպական դատարանի կողմից ճանաչված հիմքից, այն է՝ արդարադատության ընթացքը խոչընդոտելու պոտենցիալ ռիսկից։ Հաշվի առնելով վերոգրյալն ու հիմնվելով նաեւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության արտահայտած դիրքորոշման վրա՝ առաջարկում ենք Նախագծի նշված հոդվածը համապատասխանեցնել Եվրոպական կոնվենցիայի կարգավորումներին։ | ||
4 | Ստելլա Չանդիրյան 28.11.2019 23:36:28 | Նախագծի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2)-րդ կետի համաձայն՝ տնային կալանքի պարագայում դատարանի որոշմամբ մեղադրայլին կարող է արգելվել շփում ունենալ որոշակի անձանց հետ կամ իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց: Հարկ է նկատել, որ մեղադրյալին իր բնակության վայրում այլ անձանց հյուրընկալելն արգելելու իրավասությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով այնտեղ ապրող այլ անձանց՝ Եվրոպական կոնվենցիայի 8- րդ հոդվածով նախատեսված անձնական եւ ընտանեկան կյանքի հարգանքի իրավունքը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք համապատասխան հստակեցումներ կատարել Նախագծում։ | ||
5 | Ստելլա Չանդիրյան 28.11.2019 23:36:28 | Նախագծի 210-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նախատեսվում է, որ առնվազն երկու ընթերակա պետք է մասնակցեն որոշակի քննչական, մասնավորապես՝ ցուցմունքը տեղում ստուգելու, զննման, արտաշիրիմման, քննման, փորձարարության, ճանաչման, խուզարկության եւ առգրավման գործողություններում։ Հարկ է նկատել, որ եվրոպական մայրցամաքային քրեական դատավարության օրենսգրքերում նրանց ներգրավվման մասին դրույթն այլեւս հաճախ չի հանդիպում, եւ փոխարինվել է ձեռնարկված բոլոր գործողությունների պարտադիր ձայնագրմամբ։ Այդուհանդերձ նրանց ներգրավումը քննչական գործողություններին կարող է բավարար երաշխիք լինել այն դեպքերում, երբ մեղադրյալը տվյալ պահին պաշտպան չունի, սակայն առավել գոհացուցիչ երաշխիք կլինի քննչական գործողությունների ձայնագրումը պարտադիր դարձնել բոլոր դեպքերում, այլ ոչ միայն այն դեպքում, երբ ընթերականեր չկան, ինչպես նախատեսվում է 210-րդ հոդվածի 7-րդ մասում (տես ավելին՝ § 207, https://rm.coe.int/16806ef4c5)։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծում կատարել համապատասխան փոփոխություն։ | ||
6 | Ստելլա Չանդիրյան 28.11.2019 23:36:28 | Խտրական ձեւակերպոըմներից զերծ մնալու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծի 213 եւ 217 հոդվածներից հանել տեղ գտած «տառապող» բառը՝ այն փոխարինելով պարզապես Նախագծի տեքստում օգտագործվող «ծանր հիվանդություն ունեցող անձ» կամ «ծանր հիվանդությամբ ապրող անձ» արտահայտություններով։ | ||
7 | Ստելլա Չանդիրյան 28.11.2019 23:36:28 | Նախագծի 224-րդ հոդվածով նախատեսված է առերեսման անցկացման կարգը։ Կարեւորելով քրեական գործի շրջանակներում յուրաքանչյուրի՝ իր դեմ ցուցմունք տված անձի հետ առերեսվելու իրավունքը, այնուամենայնիվ պետք է նկատի ունենալ, որ հաշվի առնելով որոշ քրեական գործերի առանձնահատկությունները, առերեսման անցկացման վերաբերյալ ընդհանուր կարգավորումները կիրառելի չեն բոլոր դեպքերում։ Մասնավորապես՝ հաշվի առնելով ընտանեկան բռնության վերաբերյալ քննվող գործերի, ինչպես նաեւ սեռական բռնության գործերով առանձնահատկություններն ու բռնության ենթարկված անձի կրկնակի զոհականացման ենթարկվելու անթույլատրելիությունը՝ անընդունելի է բռնություն գործադրող անձի եւ բռնության ենթարկված անձի (ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս անձի պարագայում) նույն սենյակում առերեսման պարտադիր անցկացումը (տես օրինակ «Y. v. Slovenia» դատական գործը, https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-154728%22]})։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծով ամրագրված առերեսման անցկացման կարգում կատարել համապատասխան փոփոխություններ եւ հատուկ կարգավորումներ նախատեսել ընտանեկան բռնության, ինչպես նաեւ սեռական բռնության գործերով քննության դեպքերով։ | ||
8 | Ստելլա Չանդիրյան 28.11.2019 23:36:28 | Նախագծի 237՝ «Անձնական խուզարկությունը» եւ 238՝ «Խուզարկության արձանագրությունը» վերտառությամբ հոդավծներում նկարագրված գործողությունները պետք է իրականացվեն երաշխավորելով, որ խուզարկությունը որեւէ կերպ չի նվաստացնում կամ ստորացնում տվյալ անձին՝ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված արգելքին համապատասխան։ Այդ նպատակով՝ անհրաժեշտ է, որպեսզի ոչ միայն ամրագրվեն խուզարկության հստակ հիմքերը, ինչպես նաեւ այն, որ խուզարկությունը չպետք է իրականացվի հակառակ սեռի անձանց ներկայությամբ եւ տեղի ունենան միայն այն անձանց ներկայությամբ, ովքեր օրենքով պարտավոր են ներկա գտնվել, այլեւ պետք է նախատեսվի, որ մարմնի խոռոչների զննման ընթացքում պահպանվեն հիգիենայի կանոնները, եւ այն իրականացվի այնպես, որպեսզի չհանգեցնի տվյալ անձի լիովին մերկացմանը (տես ավելին՝ § 233, https://rm.coe.int/16806ef4c5)։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխություններ։ | ||
9 | Ստելլա Չանդիրյան 28.11.2019 23:36:28 | Նախագծի 454՝ «Մասնավոր մեղադրանքով նախնական դատալսումները» եւ 455՝ «Մասնավոր մեղադրանքով հիմնական դատալսումները» վերտառությամբ հոդվածներում հստակեցված չէ, թե արդյոք հաշտության համաձայնությունների պահանջները, որոնք կիրառվում են հանրային մեղադրանքի գործերով, կիրառելի են նաեւ մասնավոր մեղադրանքով դատալսումներում հաշտության համաձայնություններ կայացնելիս, թե՝ ոչ։ Հարկ է նկատել, որ նույնիսկ Նախագծում տեղ գտած «օրենքին հակասող համաձայնությունը» չի հաստատվում դատարանի կողմից ձեւակերպումը բավարար չէ, որպեսզի երաշխավորվի Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված իրավունքն ու համապատասխանի դրան։ Հետեւաբար, անհրաժեշտ է սույն դրույթում պատշաճ երաշխիքներ ներառել՝ ապահովելու, որ ցանկացած հաշտություն ձեռք է բերվում իսկապես կամավոր կերպով, եւ երկու կողմերն էլ լիարժեքորեն տեղեկացված են գործի փաստերին եւ իրավական հետեւանքներին։ Համանման դիրքորոշում է արտահայտել նաեւ Եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում (տես օրինակ՝ «Natsvlishvili and Togonidze v. Georgia» դատական ակտը https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-142672%22]}) |