Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «բ) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերում նորմատիվ բնույթի խախտումներ հայտնաբերելիս դադարեցնել շինարարական աշխատանքները և պահանջել կամ նախաձեռնել կրկնակի փորձաքննության նշանակում:»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել նոր «ը» և «թ» կետերով.

«ը) ստեղծում է քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննություն իրականացնող մարմին և հաստատում է դրա գործունեության կանոնադրությունը.

թ) ապահովում է քաղաքաշինական փաստաթղթերի  փորձաքննություն իրականացնող փորձագետների հավաստագրումը:»:

 

Հոդված 3. Օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21) համակարգում է քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննությունը.»:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի «գ» կետից հանել «անկախ» բառը:

 

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 143 –րդ հոդվածի 25-րդ և 33-րդ մասերը:

 

Հոդված 6. Օրենքի 14.4-րդ հոդվածի 9-րդ մասից հանել «փորձաքննվում,» բառը:

 

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 20-րդ մասից հանել «փորձաքննության,» բառը:

 

Հոդված 8. Օրենքը լրացնել նոր VII1 գլխով հետևյալ բովանդակությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ VII1

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 17.1.  Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հիմնական դրույթները

  1. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության նպատակը քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված նախագծային լուծումների համապատասխանության պահպանումն է Հայաստանի Հանրապետության օրենսդրության» նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ինչպես նաև քաղաքաշինական գործունեությունը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին։
  2. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը հավաստվում է սահմանված կարգով տրված փորձագիտական եզրակացությամբ:
  3. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձագիտական եզրակացության կառուցվածքի և բովանդակության ձևերն ու գործողության ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Կառավարություն)՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ։

4.Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը համարվում է քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեություն՝ բացառությամբ պետական փորձաքննության:

  1. Պետական փորձաքննություն իրականացնող մարմինը, լիցենզավորված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն կարող են իրականացնել միայն հավաստագրված փորձագետի կամ փորձագետների միջոցով: Հավաստագիրը տրվում է միայն ֆիզիկական անձանց:
  2. Փորձագետի հավաստագրման կարգը, մասնագիտական չափորոշիչները, հավաստագրի գործողության ժամկետը և հավաստագրի վավերապայմանները սահմանում է Կառավարությունը՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ:
  3. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատում է Կառավարությունը՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ: Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության ընթացակարգերը սահմանվում են կարգով։
  4. Փորձագետների ցանկը և փորձագիտական եզրակացությունները (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվության) պարտադիր հրապարակվում են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող էլեկտրոնային տեղեկատվական հարթակում:
  5. Քաղաքաշինական փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ու փորձաքննությունն իրականացվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 17.2. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հիմնական սկզբունքները

  1. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հիմնական սկզբունքներն են՝

     1) փորձաքննության օբյեկտիվությունը․

     2) փորձագիտական եզրակացության հիմնավորվածությունը և  ամբողջականությունը.

     3) փորձաքննություն իրականացնելիս փորձագետի անկախությունը. 

     4) փորձաքննություն իրականացնող փորձագետի մասնագիտական պատասխանատվությունը:

 

Հոդված 17.3. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության տեսակները

  1. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության տեսակներն են՝

     1) պետական.

     2) արտագերատեսչական.

  1. Քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննություն իրականացնող մարմնի գործունեությունը համակարգում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը:
  2. Արտագերատեսչական փորձաքննություն իրականացնում են քաղաքաշինության բնագավառում համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:
  3. Պարտադիր փորձաքննության ենթակա քաղաքաշինական փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ։

 

Հոդված 17.4. Քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննություն

  1. Պետական փորձաքննության կարող են ենթարկվել արտագերատեսչական փորձաքննության ենթակա քաղաքաշինական փաստաթղթերը՝ Կառուցապատողի հայեցողությամբ:
  2. Քաղաքաշինության բնագավառում տեսչական վերահսկողություն իրականացնող պետական մարմինն արտագերատեսչական փորձաքննության ենթարկված քաղաքաշինական փաստաթղթերը գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների հետ անհամապատասխանության հայտնաբերման դեպքում, հնգօրյա ժամկետում միջնորդագիր է ներկայացնում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմին՝ քաղաքաշինական փաստաթղթերը պետական փորձաքննության ենթարկելու համար:
  3. Օրենսդրությամբ սահմանված այլ պետական մարմինների հետ քաղաքաշինական փաստաթղթերի համաձայանեցման պահանջի դեպքում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է այդ համաձայնեցումների և (կամ) դրական եզրակացությունների ստացումից հետո:
  4. Քաղաքաշինական փաստաթղթերը կարող են ենթարվել կրկնակի փորձաքննության, բացառությամբ պետական փորձաքննության ենթարկված քաղաքաշինական փաստաթղթերի:

 

Հոդված 17.5. Փորձագետի հիմնական իրավունքները և պարտականությունները

  1. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականցող փորձագետի իրավունքներն են՝

     1) փորձաքննության օբյեկտին և մեթոդաբանությանը վերաբերող  հարցերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ազատ արտահայտումը,

     2) հրաժարվել իր մասնակցությամբ մշակված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործընթացից,

    3) փորձագիտական եզրակացություն նախապատրաստելու համար կառուցապատողից կամ նրա կողմից լիազորված անձից, ինչպես նաև նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուից լրացուցիչ փաստաթղթեր պահանջելը:

  1. Փորձագետի հիմնական պարտականություններն են`

     1) օրենսդրությամբ սահմանված դեպքերում փորձաքննության ներկայացված քաղաքաշինական փաստաթղթերի գաղտնիության պահպանումը,

     2) փորձաքննության օբյեկտի ուսումնասիրությանը, վելուծությանը և գնահատմանը մասնակցելը փորձաքննության ընթացքում,

     3) քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված նախագծային լուծումների համապատասխանության հավաստումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության» նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ինչպես նաև քաղաքաշինական գործունեությունը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին,

     4) ստորագրում է փորձաքննության ներկայացված քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքներում իր մասնակցության մասին հայտարարություն:

  1. Փորձագետները չեն կարող կատարել կամ ներգրավվել իրենց կողմից մշակված նախագծերի փորձաքննության աշխատանքներում:
  2. Փորձագետն ունի նաև օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ:

 

Հոդված 17.6. Փորձագետի հավաստագրի կասեցումը կամ դադարեցումը

  1. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության նպատակով փորձագետին տրված հավաստագիրը կասեցվում է սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:
  2. Փորձագետի հավաստագիրը կասեցվում է, եթե՝

     1) նվազագույնը երկու դեպքով փորձագետի կողմից տրված եզրակացությունը  կրկնակի փորձաքննության արդյունքում հերքվել է,

     2) մասնակցել է իր կողմից մշակված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությանը,

     3) փորձագետի կողմից ներկայացվել է դիմում հավասատագրի կասեցման համար:

  1. Փորձագետի հավաստագիրը դադարեցվում է, եթե՝

     1) փորձագետի հավաստագիրը մեկ տարվա ընդացքում կասեցվել է երկու անգամ,

     2) փորձագետի կողմից ներկայացվել է հավաստագրի դադարեցման դիմում,

     3) հավաստագիր ստանալու նպատակով ներկայացվել է հիմնավորված կեղծ փաստաթղթեր,

     4) սույն օրենքով սահմանված դեպքերում փորձագետի կողմից ներկայացվել է կեղծ փաստաթղթեր:

  1. Փորձագետի հավաստագիրը կասեցվում է երեք ամիս ժամկետով: Հավաստագրի գործողությունը վերականգնվում է օրենսդրությամբ սահմանաված որակավորման քննության արդյունքի հիման վրա::

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հոդված 10. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքի 17.1-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 8-րդ մասերով, 17.3-րդ հոդվածի 1-ին մասով, 17.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով, 17.5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով,  6-րդ հոդվածով սահմանված դրույթները ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի մեկից:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

1) մինչև 2021 թվականի ապրիլի մեկը՝ հաստատում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը,

2) օրենքի հաստատումից վեց ամսվա ընդացքում՝ հաստատում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող փորձագետի հավաստագրման կարգը:

  • Քննարկվել է

    01.11.2019 - 17.11.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9798

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

14.11.2019

Վերոնշվածը հիմնավորելու և նախագծում առկա խնդիրները վերհանելու համար ստորև ներկայացնենք այս ձևաչափի հնարավորություններին համապատասխան ծավալով տեղեկատվություն: Նախագծում առկա դրույթների վերաբերյալ <<Հիմնավորում>> բաժնում <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառարավության 19.03.2015թ N 596-Ն որոշման հատվածների հետ միասին ներկայացված են ընդամենը հետևյալ խնդիրները և առաջարկությունները. Ներկայացված խնդիրներ. 1. Գործող կարգով չի հստակեցվում, թե ինչ է իրենից ենթադրում նախագծող կազմակերպության կողմից տրված համապատասխան երաշխավորագիրը(տես 1-ին կետի 7-րդ պարբերությունը), 2. Խնդրահարույց է նաև ՀՀ կառարավության 19.03.2015թ N 596-Ն որոշմամբ սահմանված օբյեկտների դասակարգման սկզբունքը(տես 1-ին կետի 8-րդ պարբերությունը), 3. Ի՞նչ է իրենից ներկայացնում շինարարական օբյեկտը, և ինչո՞վ է այն տարբերվում քաղաքաշինական օբյեկտից (տես 1-ին կետի 9-րդ պարբերությունը), 4. Խնդրահարույց է այն փաստը, որ որևէ կերպ չի կարգավորվում, թե ինչ որակա-վորում պետք է ունենան փորձաքննությունն իրականացնող մասնագետները (տես 1-ին կետի 10-րդ պարբերությունը), 5. <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքը ՀՀ վարչապետին չի տալիս այնպիսի լիազորություն, որի համաձայն վարչապետը կարող է անհատական հրամանով ստեղծել և հաստատել քաղաքաշինական փաստաթղթերի համալիր փորձաքննության նպատակով փորձագիտական հանձնաժողով( տես 1-ին կետի 11-րդ պարբերությունը), 6. Համալիր փորձաքննություն իրականացնելու պարագայում հնարավոր չէ ակնկալել քաղաքաշինական փաստաթղթերի պատշաճ փորձաքննություն, քանի որ շահագրգիռ կազմակերպությունները իրենց ներկայացուցիչներին ներառում են հայեցողական՝ առանց հաշվի առնելու ներկայացուցչի մասնագիտական որակավորման մակարդակը։( տես 1-ին կետի 12-րդ պարբերությունը) 7. Փաստելով քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հետ կապված ընթացիկ իրավիճակը և օրենսդրական ընթացակարգերի անկատարությունը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքում՝ սահմանելով և կարգավորելով քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հետ կապված հարաբերությունները(տես 2-րդ կետի 3-րդ պարբերությունը), 8. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնող անձանց նկատմամբ որևէ նվազագույն պահանջ՝ փորձառության և կրթության վերաբերյալ, ներկայումս նախատեսված չէ(տես 2-րդ կետի 8-րդ պարբերությունը): ՀԿ-ի դիրքորոշումը. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան ներկայացված խնդիրներին՝ Նախագծում առկա որևիցե կարգավորումով անմիջական լուծում չի տրվում, այլ նախատեսվում են ենթաօրենսդրական ակտեր, որոնք ներկայումս գործում են, և եթե դրանցում խնդիրներ կան, ապա դրանք պետք է լրամշակել: Ակնհայտ է, որ ներկայացված խնդիրների լուծման նպատակով իրականացվելիք լրամշակումները՝ համապատասխան իրավական ակտերում, չեն կարող հակասել մայր օրենքի պահանջներին: 4-րդ և 8-րդ կետերինն համապատասխան ներկայացված խնդիրները իրականությանը չի համապատասխանում, քանի որ ՀՀ կառավարության 27.12.2018թ N1533-Ն որոշման 8-րդ կետի 1-ին ենթակետի բ) և գ) պարբերությունների և 2-րդ ենթակետի գ) և դ) պարբերությունների և 16-րդ կետի պահանջները կարգավորում են քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա հայցող իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների մասնագետներին վերաբերող պահանջները: 5-րդ կետին համապատասխան ներկայացված խնդիրը շրջանցվել է, ինչը կարելի է լուծել ՀՀ վարչապետին կամ փոխվարչապետին համապատասխան լիազորություն տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելով: 6-րդ կետին համապատասխան ներկայացված խնդիրը նախագծում ձևակերպվել է ոչ կոռեկտ և իրականությանը անհամապատասխան, քանի որ ոլորտային կառույցները՝ նախարարությունները և այլ պետական կառավարման մարմինները ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողով պետք է գործուղեն տվյալ մարմնի միայն կոմպետենտ ներկայացուցչի, անկախ այն բանից այդ մասին իրավական որևիցե ակտում ամրագրված է, թե՝ ոչ: 7-րդ կետին համապատասխան ներկայացված խնդրի վերաբերյալ որևիցե պարզաբանում չի ներկայացվել, որից պարզ կդառնար, թե նշելով <<օրենսդրական ընթացակարգերի անկատարություն>>, որ ընթացակարգն են ի նկատի ունեցել, որը չի իրականացվում՝ անկատար լինելու պատճառով: Ներկայացված առաջարկությունները. 1. Սահմանել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հետևայլ տեսակները՝ ա) պետական փորձաքննություն, բ) արտագերատեսչական փորձաքննություն, (տես 2-րդ կետի 4-րդ պարբերությունը) 2. Քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննությունը իրականացնել ՀՀ կառավարության կողմից ստեղծված և քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից համակարգվող պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից (տես 2-րդ կետի 5-րդ պարբերությունը), 5. ՀՀ պետական և համայնքային միջոցներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերը ենթակա են պարտադիր պետական փորձաքննության(տես 2-րդ կետի 6-րդ պարբերությունը), 6. Քաղաքաշինական փաստաթղթերի արտագերատեսչական փորձաքննությունը նախատեսվում է իրականացնել լիցենզավորված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից՝ հավաստագրված փորձագետների միջոցով, իսկ կրկնակի փորձաքննությունը ՝միայն պետական լիազորված մարմնի կողմից(տես 2-րդ կետի 7-րդ պարբերությունը), 7. Փորձագետների հավաստագրման կարգը և որակավորման նվազագույն պահանջները նախատեսվում է սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ(տես 2-րդ կետի 8-րդ պարբերությունը), 1-ին կետին համապատասխան ներկայացված առաջարկությամբ նախատեսվում է կիրառել նոր եզրույթներ, այն է՝ պետական փորձաքննություն և արտագերատես-չական փորձաքննություն: Այսինքն, արդեն գործող կարգավորումները փորձ է արվում ներկայացնելու այլ անվանումներով, որի անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկ չի ներկայացվել: 2-րդ կետին համապատասխան ներկայացված առաջարկությամբ նախագիծ մշակողները ցանկանում են ստեղծել պետական բյուջեից սնվող նոր մարմին: Այստեղ ունենք հետևյալ խնդիրները. ա) պետական միջոցների վատնում, քանի որ դեռևս 2014թ.-ից գործում է շուրջ 100% պետական մասնաբաժին ունեցող «Քաղաքաշինական Ծրագրերի Փորձագիտական Կենտրոն» ԲԲԸ >>-ն որի կանոնադրության 4-րդ կետում նշված է հետևյալը. <<Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են` 1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ հաստատված ցանկի, քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննության անցկացում:>> բ) իրականացվող ծառայության կենտրոնացում մեկ վայրում, որը կվնասի մրցակցությանը, գ) կոռուպցիոն ռիսկեր և շահերի բախում, քանի որ ստացվում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման պատվիրատուն, ընդունողը և փորձաքննություն իրականացնողը նույն մարմինն է, դ) համապատասխան ոլորտների պետական կառավարման մարմինները զրկվում են իրենց հնարավորությունից՝ ներկայացուցիչ ունենալու իրենց ոլորտի մասով փորձաքննության աշխատանքներին 3-րդ կետին համապատասխան ներկայացված առաջարկությամբ նախատեսվում է ՀՀ պետական և համայնքային միջոցներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերը ենթակա են պարտադիր պետական փորձաքննության, այսինքն նշանակում է, որ ցանկացած ծավալի և ՀՀ ցանկացած տարածքում նախատեսվող աշխատանքների համար քաղաքաշինական փաստաթղթերի մշակման փորձաքննությունը պետք է իրականացվի մեկ վայրում, որի աշխատանքները համակարգելու է կոմիտեն: Կարծում ենք այս պարագայում մեկնաբանելը անգամ ավելնորդ է, առավել ևս երբ նման առաջարկության հիմնավորում բացարձակապես չի ներկայացվել: 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան ներկայացված առաջարկություններով նախատեսվում է արհեստականորեն նոր չափորոշիչներ մտցնելով կարգավորումներում փաստացի առոչինչ ճանաչել գործող լիցենզիաները և սկսել նոր լիցենզիաներ տրամադրել, կամ նմանատիպ գործունեություն իրականացնել, ինչը կարծում ենք, որ շահագրգռվածության առումով իր մեջ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Վերջին առաջարկությունների համապատասխան կրկին առանց հիմնավորման ցանկանում են կրկնակի փորձաքննության իրավունք վերապահել միայն կոմիտեյի կողմից համակարգվող ձեռնարկությանը:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

14.11.2019

Նախագծի ընդհանուր ենթատեքստից դուրս ներկայացվել է 1-ին հոդվածը, որով, առանց որևէ հիմնավորման, շինարարություն իրականացնողներին զրկում են, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերում նորմատիվ բնույթի խախտումներ հայտնաբերելիս, շինարարական աշխատանքները դադարեցնելու իրավունքից:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

14.11.2019

Առավել անհասկանալի է այն փաստը, երբ որպես վերահսկողության ինստիտուցիոնալ համակարգ՝ կարևորում են քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացումը, սակայն ամենամեծ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման կարգում դեռևս որևիցե բարեփոխում չի իրականացվել: Նման պարագայում մեծ հարց է առաջանում. նոր ստեղծվելիք պետական մարմնում ո՞ր մասնագետներն են ներգրավվելու որոնք պետք է քաղաքաշինական փաստաթղթերի նախահաշվային բաժնի փորձաքննություն իրականացնեն:

Տեսնել ավելին