Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանիքում բռնության բոլոր դեպքերի բացահայտման և արդյունավետ կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝  այդ թվում, երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության ապահովման և համարժեք աջակցության միջոցներ տրամադրելու խնդիրներով:

2. Կարգավորման առարկան

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ որպես ուղենիշեր կարևորվեցին ընտանիքում բռնության միջավայրի վերացման և կանխարգելման, բռնության տարբեր դրսևորումների բացահայտման, բռնության գործադրած անձանց նկատմամբ համաչափ սահմանափակումների կիրառման և բռնության ենթարկված կամ ենթարկվելու իրական վտանգի մեջ գտնվող անձանց համար ապահով և անվտանգ կեցության պայմաններ ապահովելու խնդիրները: Սակայն Օրենքում առկա բացերը և իրավակիրառ գործունեության արդյունքները փաստում են, որ բռնության ոչ բոլոր դրսևորումները  և ոչ բոլոր հարաբերություններն են ընդգրկվում գործող իրավակարգավորման շրջանակում: Այսպես, օրինակ, վիճակագրական տվյալները փաստում են, որ ընտանեկան բռնության տարածված դրսևորումներից է վերահսկող վարքագծի կիրառումը, որը նույնպես պահանջում է կանխարգելման կամ պաշտպանական համարժեք միջոցների ձեռնարկում: Մինչդեռ, Օրենքը վերահսկող վարքագիծը որպես ընտանեկան բռնության տեսակ առհասարակ  չի սահմանում, ինչի արդյունքում բռնության տվյալ դրսևորումը զրկված է որևէ իրավական կարգավորումից:

Օրենքում հաշտեցման ընթացակարգի սահմանումը գործնականում  խոչընդոտում է բռնության ենթարկված անձանց հասնելու արդյունավետ իրավական պաշտպանության և խախտված իրավունքի վերականգնման: Հաշտեցման գործընթացին պետության որևէ միջամտությունը պետք է բացառվի, քանի որ այն հակադրվում է ընտանեկան բռնության դեպքերի բարձր հանրային վտանգավորության, տուժողի բողոքից անկախ քրեորեն հետապնդելի լինելու և համաչափ, արդարացի ներգործության միջոցներ պահանջելու սահմանված ուղենիշերի հետ: Քննարկվող ոլորտում պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի ընտանեկան բռնության դեպքերը կանխարգելելուն, բռնության կրկնումը կամ շարունակումը բացառելուն, այլ ոչ թե նպաստի բռնություն գործադրած անձի նկատմամբ բացասական ներգործության միջոցները վերացնելուն

Օրենքում այլ իրավական ակտերին կատարած որոշ հղումներ և/կամ կարգավորումներ (ինչպես, օրինակ, 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 8-րդ կետը, 11-րդ հոդվածի 1-ին մասը և այլն) չեն համապատասխանում այդ ակտերի բովանդակությանը, իսկ սահմանված որոշ գործառույթներ ըստ էության դուրս են համապատասխան մարմիններին վերապահված լիազորությունների շրջանակից:

Oրենքը որպես բռնության ենթարկված անձ չի դիտարկում երեխային, ով անմիջականորեն ականատես է եղել բռնության կիրառմանը և/կամ կրել է այդ բռնության բացասական հետևանքներն իր վրա (անուղղակի զոհեր), հայտնվելով, ըստ էության, խիստ խոցելի, հոգեբանորեն ծանր վիճակում:

Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Աջակցության կենտրոնի կարգավիճակ ունի միայն պետական կազմակերպությունը: Նման սահմանափակումը չի նպաստում քաղաքացիական հասարակության հետ գործակցային կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը և անտեսում է մասնագիտացված կազմակերպությունների ներուժը (կազմակերպական, նյութական և մարդկային (մասնագիտական)  և փորձը: Այս առումով նպատակահարմար կլինի աջակցության կենտրոնի կարգավիճակ թույլատերլ նաև ոչ պետական կազմակերպության համար:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք 

Ծրագրի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կընձեռնեն առավել համապարփակ ապահովելու ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարաբերությունները, տրամադրելու արդյունավետ պաշտպանության և աջակցման միջոցներ:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ այլ իրավական ակտերում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման  կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում: 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    17.10.2019 - 01.11.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 28530

Տպել

Առաջարկներ`

Ստելլա Չանդիրյան

01.11.2019

Առաջարկում ենք սույն օրենսդրական փոփոխությունների շրջանակներում կատարել փոփոխություն նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում եւ «ապաստարանում տեղավորված ընտանիքում բռնության ենթարկված անձի գտնվելու վայրը հրապարակելը» իրավախախտման սուբյեկտների թվում ավելացնել նաեւ ընտանեկան բռնության ենթարկված եւ (կամ) նրանց խնամքի տակ գտնվող անձանց, քանի որ գործնականում չի բացառվում, որ առավելապես նշված անձանց կողմից են նաեւ այդ տեղեկությունները հայտնի դառնում։

Ստելլա Չանդիրյան

01.11.2019

Առաջարկում ենք նախազգուշացումը որպես պաշտպանության միջոց հանել Օրենքի ձեւակերպումներից, քանի որ ընտանեկան բռնության դեպքերը պահանջում են կանխարգելման կամ պաշտպանական համարժեք միջոցների ձեռնարկում: Ձեւավորված վիճակագրական տվյալները փաստում են, որ նախազգուշացման կիրառումը որպես պաշտպանության միջոց շուրջ 2,5 անգամ գերազանցում է անհետաձգելի միջամտության որոշումների նկատմամբ, մինչդեռ նախազգուշացումը չի ենթադրում շոշափելի միջամտություն բռնության իրավահարաբերություններին, իսկ բռնության ենթարկված անձը շարունակում է մնալ բռնության անմիջական տիրույթում, որում կարող են առկա լինել վերջինիս կյանքի եւ անվտանգության համար իրական սպառնալիքներ: Ընտանեկան բռնության դեմ շոշափելի եւ արդյունավետ պայքար ծավալելու խնդիրը լավագույնս կարող է լուծվել, եթե բռնություն գործադրած անձը գիտակցի եւ անմիջականորեն կրի բռնության բացասական հետեւանքները, ինչը չի կարող ապահովել նախազգուշացման միջոցը: Գործնականում նախազգուշացումը չի ապահովում հետագա բռնության կանխարգելումը եւ որեւէ կերպ չի երաշխավորում տուժողների անվտանգությունը:

Ստելլա Չանդիրյան

01.11.2019

Առաջարկում ենք Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 7-րդ կետով, որով կամրագվի հետամտումը՝ որպես բռնության տեսակ. «Հետամտումը՝ դիտավորությամբ շարունակաբար անձին հետապնդելը կամ սպառնալից գործողություններ կատարելը, այդ թվում՝ ֆիզիկապես կամ հեռախոսային, նամակագրական, էլեկտրոնային եղանակով կամ սոցիալական ցանցերով կամ կապի այլ միջոցներով սպառնալիքներ հնչեցնելը, որոնք անձի մոտ վախ են հարուցում սեփական անձի կամ ընտանիքի անդամների, իր խնամքին գտնվող անձանց՝ այդ թվում՝ երեխաների կամ ազգականների անվտանգության կամ կյանքին եւ առողջությանը հնարավոր վնաս պատճառելու համար։»։

Տեսնել ավելին