Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

Ներկայիս խմբագրությամբ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում պաշտոնատար անձին կաշառք տալու, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար:

Հոդվածի 4-րդ մասը նախատեսում է խրախուսական նորմ, որի համաձայն՝ կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, և այդ անձը մինչև կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:

Քննարկվող խրախուսական նորմի կիրառումը, սակայն, պահանջում է Օրենսգրքի 312-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված որոշակի պայմանների պարտադիր առկայություն: Նշյալ պայմանները  հետևյալն են.

  1. կաշառքի շորթման առկայությունը,
  2. անձի կողմից հանցանքի կատարման մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնելը,
  3. հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում հանցանքի կատարման մասին հայտնելը,
  4. կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի չլինելը,
  5. անձի կողմից հանցագործության բացահայտմանն աջակցելը:

Հատկանշական է, որ խրախուսական նորմի կիրառման համար անհրաժեշտ է վերը թվարկված բոլոր հինգ պայմանների միաժամանակյա առկայությունը, քանի որ ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասից՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում` 1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, կամ 2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, կամ 3) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով: Նշանակում է՝ վերոնշյալ պայմաններից թեկուզև մեկի բացակայության պարագայում անձը չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից, ինչն անհարկիորեն սահմանափակում է նորմի կիրառման հնարավորությունը, քանի որ թվարկված հինգ պայմանների միաժամանակյա ապահովումը գործնականում անիրատեսական է:

        Հարկ է նշել, որ կաշառք տալու համար խրախուսական նորմի նախատեսման նպատակն է շահագրգռելու կաշառք տվողին հանցագործության բացահայտման մեջ՝ այսպիսով փոքր-ինչ թուլացնելով կաշառակերության մասնակիցների սերտ կապը: Սակայն խրախուսական նորմով ամրագրված դրույթներն այն գործնականում դարձնում են ոչ կիրառելի:

Մասնավորապես, կարծում ենք, որ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար եռօրյա ժամկետ սահմանելը ողջամիտ չէ, քանզի գործնականում հնարավոր են դեպքեր, երբ անձն ուղղակի առաջացած ֆիզիկական կամ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ չկարողանա սահմանված ժամկետում կատարվածի մասին հայտնել քրեական հետապնդման մարմիններին:

Բացի այդ, հնարավոր են նաև դեպքեր, երբ հանցագործության մասին իրենք՝ քրեական հետապնդման մարմնի աշխատակիցները, տեղեկացվեն և վարույթ իրականացնեն դեպքից բավական ուշ ժամանակահատվածում: Տվյալ դեպքում, եթե վարույթն իրականացնող մարմինը ոչ մի տվյալ և ապացույց չունի հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին հայտնաբերելու համար, ապա որքանո՞վ ճիշտ ու արդարացի կլինի կաշառք տվող անձին քրեական պատասխանատվության ենթարկելն ու նրա նկատմամբ այս խրախուսական նորմը չկիրառելը, եթե նա հենց այդ ժամանակահատվածում որոշի ներկայանալ և տեղի ունեցածի վերաբերյալ հայտնել քրեական հետապնդման մարմիններին:

Խնդրահարույց է նաև կաշառքի շորթման վերաբերյալ պայմանի պարտադիր լինելու հանգամանքը: Հարց է առաջանում՝ ինչպես վարվել այն դեպքում, երբ, օրինակ, կաշառք տված անձը համապատասխան ժամկետում կամովին հայտնել է այդ մասին քրեական հետապնդման մարմիններին` մինչև նրանց կողմից այդ դեպքի մասին տեղեկանալը, այնուհետև աջակցել է հանցագործության բացահայտմանը, սակայն, այդուհանդերձ, կաշառքի շորթում տեղի չի ունեցել:

Անհրաժեշտ է նշել, որ նախքան օրենսդրական փոփոխությունների ենթարկվելը, քննարկվող խրախուսական նորմը գործել է հետևյալ խմբագրությամբ. «Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ եթե այդ անձը կաշառք տալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին»: Այսինքն, առկա են եղել քրեական պատասխանատվությունից ազատելու երկու պայմաններ, որոնցից առնվազն մեկի առկայությունը բավարար է նորմի կիրառման համար, ինչը պայմանավորված է պայմանների՝ «կամ» շաղկապով միմյանցից բաժանված լինելու հանգամանքով («Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-ին մաս): 

Խրախուսական նորմի վերախմբագրումը իրականացվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի փետրվարի 9-ի և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2014 թվականի մայիսի 16-ի ՀՀ օրենքներով:

Մասնավորապես, 2012 թվականի փետրվարի 9-ի ՀՀ օրենքով նորմը փոփոխությունների է ենթարկվել, և նախատեսվել է քրեական հետապնդման մարմիններին կաշառք տալու մասին հայտնելու ժամկետային սահմանափակումը (հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում), իսկ 2014 թվականի մայիսի 16-ի օրենքով սահմանվել է կաշառք տալու հանցակազմով քրեական պատասխանատվությունից ազատելու համար վերը թվարկված հինգ պայմանների միաժամանակյա առկայության պահանջը, ինչով էլ նորմը առանցքային փոփոխությունների է ենթարկվել:

Հարկ է նշել, որ ՀՀ տարածքում 2016 թվականի ընթացքում և 2017 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ, 3111-րդ, 3112-րդ, 312-րդ, 3121-րդ, 3122-րդ և 313-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կատարված ամփոփման արդյունքները նույնպես վկայում են այն մասին, որ ներկայիս խմբագրությամբ գործող խրախուսական նորմն ունի խիստ սահմանափակ կիրառելիություն, այն է՝ կարգավորման՝ փաստացի չգործող նորմի կարգավիճակ ունենալը:

Ուստի, կաշառք տված, սակայն հանցագործության բացահայտմանն աջակցող անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու գործող իրավակարգավորումների վերոնշյալ թերությունները խոչընդոտում են  հանցագործությունների բացահայտման հրամայականի իրագործմանը: Վերոնշյալը չի կարող մտահոգիչ չլինել, քանի որ լատենտայնության բարձր մակարդակ ունեցող կոռուպցիոն բնույթի այնպիսի հանցատեսակի դեմ պայքարում, ինչպիսին է կաշառք ստանալը, կաշառք տվող անձի համագործակցության կարևորությունը թերագնահատելն անթույլատրելի է:

Նշյալ համատեքստում, կարծում ենք՝ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել նաև կաշառք տալու հանցակազմի խրախուսական նորմի առնչությամբ արտասահմանյան երկրների փորձն ու օրենսդրական մոտեցումները: Հարկ է նշել, որ կաշառք տալու համար քրեական պատասխանատվությունից ազատելու խրախուսական նորմեր են նախատեսել այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Մոլդովան, Վրաստանը, Խորվաթիան, Բոսնիան և Հերցեգովինան, Լիտվան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուկրաինան, Մոնտենեգրոն, Մոնղոլիան, Սլովենիան, Ռումինիան, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Սերբիան, Մակեդոնիան: Հատկանշական է, որ նշված պետություններից ոչ մեկի օրենսդրությամբ սահմանված չէ կաշառք տալու մասին քրեական հետապնդում իրականացնող մարմիններին հայտնելու կոնկրետ ժամկետային սահմանափակում, և նշյալ գրեթե բոլոր պետություններում քրեական պատասխանատվությունից ազատելու պայմանները այլընտրանքային են, այն է՝ դրանցից անգամ մեկի առկայությունը բավարար է խրախուսական նորմի կիրարկման համար:

Այսպես, Ռուսաստանի քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի համաձայն՝ կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա ակտիվորեն աջակցել է հանցագործության բացահայտմանը և (կամ) քննությանը, և կամ պաշտոնատար անձի կողմից տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ այդ անձը հանցանքի կատարումից հետո այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին:

Մոնտենեգրոյի քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածը սահմանում է, որ կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում կամ կաշառք տալուց հետո անձը կամովին հայտնել է հանցանքի կատարման մասին և ակտիվորեն աջակցել է հանցագործության բացահայտմանը և քննությանը:

Ղազախստանի քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածի համաձայն՝ կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել պաշտոնատար անձի կողմից կաշառքի շորթում կամ անձը կամովին հայտնել է հանցագործության մասին քրեական հետապնդում իրականացնող մարմիններին: Համանման նորմ ամրագրված է Ղրղզստանի քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով՝ այն տարբերությամբ, որ  կաշառք տվող անձը պետք է քրեական հետապնդում իրականացնող մարմիններին կամովին հայտնի դեռևս նախապատրաստվող հանցագործության մասին:

Մոլդովայի քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի համաձայն՝ կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում կամ անձը հանձնվել է քրեական հետապնդում իրականացնող մարմիններին՝ չիմանալով, որ նրանք տեղյակ են կատարված հանցագործության մասին: Բոսնիա և Հերցեգովինայի քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կաշառք տվողն այդ մասին հայտնել է իրավապահ մարմիններին մինչև հանցագործության բացահայտումը կամ հանցագործության բացահայտման մասին իմանալը:

 Իսկ Վրաստանի քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի համաձայն՝ կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին: Նույնաբովանդակ կարգավորում նախատեսված է Մոնղոլիայի քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածում:

Միաժամանակ, Ռումինիայի քրեական օրենսգրքի 290-րդ և Սերբիայի քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածները նախատեսում են կաշառք տվող անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն, եթե այդ անձը կամովին հայտնել է կաշառք տալու մասին մինչև քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը:

Համաձայն ՀՀ Կառավարության 2019 թվականի ծրագրի՝ հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության համար անհրաժեշտ է երաշխավորել փոխզսպումների և հակակշիռների սկզբունքի կիրարկումը, հնարավորինս նվազեցնել օրենսդրական կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունները, ինչպես նաև ներդնել նոր գործիքակազմ։

Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիայի» (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2004 թվականին) 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, ներառյալ անհրաժեշտ հատուկ քննչական տեխնիկայի օգտագործումը թույլատրող միջոցները, որոնք հնարավորություն են տալիս, ներպետական իրավունքին համապատասխան, դյուրացնելու սույն Կոնվենցիայի 2-14-րդ հոդվածներում նախատեսված հանցագործությունների առնչությամբ ապացույցների հավաքումը և կոռուպցիայի գործիքների ու եկամուտների կամ այլ գույքի, որը համարժեք է նման եկամուտներին, նույնացնելը, հայտնաբերելը, սառեցնելը և առգրավելը` սույն Կոնվենցիայի 19-րդ հոդվածի 3-րդ կետում սահմանված միջոցների կիրառման նպատակով:

Այսպիսով, հանցագործության բացահայտման շահերից ելնելով՝ անհրաժեշտ է  վերանայել, մեղմել համապատասխան խրախուսական նորմում ամրագրված պայմանները:

Ուստի, Նախագծի համաձայն՝ կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում կամ այդ անձը կաշառք տալու մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին (բացառությամբ՝ եթե անձը իմացել է հանցագործության վերաբերյալ քրեական հետապնդման մարմիններին հայտնի լինելու մասին):

Այսինքն, առաջարկվում է նշանակալի փոփոխություններ կատարել քննարկվող խրախուսական նորմում, որպիսի պայմաններում կաշառք տված անձը իր կողմից կատարված հանցագործության մասին հայտնելու դեպքում չի կաշկանդվի ժամկետային սահմանափակումներով, ինչպես նաև քրեական հետապնդում իրականացնող մարմիններին հանցագործության մասին հայտնի լինելու հանգամանքով: Փոխարենը, Նախագծի կարգավորումների համաձյան՝ հնարավորություն է ընձեռնվում անձին ազատելու քրեական պատասխանտվությունից այլընտրանքային երկու պայմաններից թեկուզև մեկի առկայության պարագայում: Այդ պայմաններն են՝ կաշառքի շորթման առկայությունը կամ կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնելը:

Այսինքն, Նախագծով սահմանվում են երկու առանձին պայմաններ, և դրանցից մեկի առկայությունն արդեն բավարար է կաշառք տվող անձին պատասխանատվությունից ազատելու համար: Հետևապես, եթե քրեական վարույթ իրականացնող մարմինը պարզում է, որ պաշտոնատար անձի կողմից կատարվել է կաշառքի շորթում, ապա դա հիմք է հանդիսանում կաշառատուի նկատմամբ խրախուսական նորմի կիրառման համար:

Հաջորդ պայմանի համաձայն՝ այն դեպքերում, երբ անձը կաշառք տալուց հետո կամավոր կերպով ներկայանում է քրեական հետապնդման մարմին և հայտնում իր կողմից կատարված հանցանքի մասին, անկախ այն հանգամանքից՝ տեղի է ունեցել կաշառքի շորթում, թե ոչ, ազատվում է քրեական պատասխաանտվությունից: Ընդ որում, անձը կազատվի քրեական պատասխանատվությունից ոչ միայն այն դեպքերում, երբ նախքան հայտնելը քրեական հետապնդման մարմինները տեղյակ չեն եղել հանցագործության մասին, այլ նաև այն դեպքերում, երբ քրեական հետապնդման մարմիններին հանցագործության մասին հայտնի է եղել, սակայն անձը չի իմացել այդ հանգամանքի մասին: Այսինքն, տվյալ պարագայում կարևորվում է ոչ միայն օբյեկտիվ իրականությունը, այլ նաև իր կատարած հանցանքի մասին հայտնող կաշառատուի սուբյեկտիվ ընկալումը, ինչը աներկբայորեն առավել ընդունելի է:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք՝ Նախագծի ընդունումը առավել քան անհրաժեշտ է, քանի որ այն կստեղծի պրակտիկայում քննարկվող խրախուսական նորմի առավել լայն կիրառման հնարավորություն, և կվերացվեն հանցագործության բացահայտմանը խոչընդոտող օրենսդրական կարգավորումները:

 

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    09.10.2019 - 24.10.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար, Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8114

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Սարաֆյան

10.10.2019

հանել նախագիծը, իրավական որոշակիության խնդիր կա,

Տեսնել ավելին