Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ

ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը

 Հայաստանի Հանրապետության միգրացիոն հոսքերում վերադարձի առավել ինտենսիվ հոսքեր սկսել են ձևավորվել 2002-2007թթ-ին: Տարիներ շարունակ Հայաստանում սահմանահատումների սալդոն բացասական է եղել և միայն 2004-2006թթ, այնուհետև՝ 2018թ.-ին է արձանագրվել սահմանահատումների դրական սալդո[1]:

Այսօր, ավելի քան երբևէ, առկա է դեպի Հայաստան վերադարձի կայուն հոսք, և Հայաստանից արտագաղթած ՀՀ քաղաքացիների վերադարձի հիմնախնդիրները մնում են խիստ արդիական Հայաստանի հասարակության և պետության համար։

Վերադարձի հոսքերի ինտենսիվությունը առավել ակտիվացավ հատկապես վերջին տարիներին Եվրամիության երկրներում խստացված միգրացիոն քաղաքականությամբ՝ պայմանավորված նաև 2015թ-ի Եվրոպայի միգրացիոն ճգնաժամով: Այսօր Եվրոպական Միությունից միգրանտների վերադարձը իրենց ծագման երկրներ ԵՄ միգրացիոն քաղաքականության օրակարգի առաջնահերթություններից է, և Եվրոպայում վերջին տարիների միգրացիոն զարգացումները ցույց են տալիս, որ վերադարձի վրա կենտրոնացումը հետագա տարիներին ոչ թե նվազելու, այլ հակառակը՝ ավելանալու է: Միևնույն ժամանակ, Հայաստանն այլևս դասվում է «ապահով երկրների» շարքին[2], ուստի Հայաստանի միգրանտներից ստացվող ապաստանի հայցի դիմումների գերակշռող մասը մերժվում է:

Այսպես, 2010-2018թթ. ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ և ԵԱԱԸ անդամ պետություններում ներկայացվել է 57,250 ապաստանի հայց[3]։ Ընդհանուր առմամբ, 2010-2018թթ. վերջնական որոշումների հիման վրա ՀՀ քաղաքացիներին շնորհվել է 1,080 փախստականի կարգավիճակ, 1,015 հումանիտար պաշտպանության կարգավիճակ և 880 օժանդակ պաշտպանության կարգավիճակ: Այս ժամանակահատվածի 4 հիմնական նպատակակետ երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան և Բելգիան, որոնք միասին տարեկան ընդունել են ՀՀ քաղաքացի ապաստան հայցողների մոտ 88%-ին։

Վերոնշյալ վիճակագրությունը փաստում է, որ վերջին տարիներին ԵՄ անդամ երկրներում անկանոն կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների թվաքանակը զգալիորեն ավելացել է և անկանոն կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների կուտակումներ են առաջացել, նրանց վերաբերյալ նաև ԵՄ տարածքը լքելու պաշտոնական որոշում է կայացվել, ինչն էլ հանգեցնելու է առաջիկայում նրանց վերադարձի արագացմանը։ Նրանց վերադարձը ձգձգվում է տարբեր հանգամանքների բերումով[4], սակայն ի վերջո հայտնվելով անկանոն կարգավիճակում (օր. մերժված ապաստան հայցողներ, առանց փաստաթղթերի միգրանտներ և այլն)՝ կամավոր կամ հարկադիր վերադառնում են Հայաստան:

Վերադարձի գործընթացը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության անդամ երկրների միջև կանոնակարգվում է «ԵՄ և ՀՀ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին»  համաձայնագրով, իսկ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրով։ Ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում կողմերը պարզում են այն անձանց ինքնությունը, ովքեր չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում հարցում ներկայացրած պետության տարածք մուտք գործելու, ներկա գտնվելու կամ բնակվելու գործող պայմաններին, և պարտավորվում են հետ ընդունել իրենց սեփական քաղաքացիներին։ 

Առկա վիճակագրական տվյալները հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմել Հայաստան վերա­դար­­ձի հոսքերի, ինչպես նաև առաջիկա տարիներին կանխատեսվող վերադարձի հոսքերի մասին:

  • Հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում ստացվող հայցերի (առանց թույլտվության բնակվող անձանց) քանակը տարեցտարի ավելանում է: Այսպես, եթե 2015թ-ին ԵՄ երկրներից ստացվել է 146 հայց, ապա արդեն 2018թ. ստացվել է 1042 ռեադմիսիոն հայց՝ 2077 անձանց վերաբերյալ: Ռեադմիսիոն հայցեր ուղարկող ԵՄ երկրների թիվը 2014թ-ի 2-ի  փոխարեն (Շվեդիա և Լեհաստան) 2018թ-ին դարձել է 8-ը: Պատասխանների միջինում 80%-ի պարագայում ՀՀ քաղաքացիություն ունենալու փաստը հաստատվում է: Ընդհանուր առմամբ, 2012-2018թթ-ի ընթացքում ԵՄ երկրներից և Ռուսաստանի Դաշնությունից ստացվել են 2488 ռեադմիսիոն հայցեր՝ 4889 անձանց մասին։  Վերջին երկու տարիներին ռեադմիսիոն հայցեր ուղարկող առաջատար երկիրը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն է, որը 2017թ-ին ուղարկել է 499 հայց (1022 անձանց մասին)[5], իսկ 2018թ-ին՝ 681 հայց (1385 անձանց մասին)[6]։ 2019թ-ի առաջին ութ ամիսների ընթացքում ստացվել է 679 հայց՝ 1376 անձանց մասին, որից 1063 անձանց ՀՀ քաղաքացիությունը հաստատվել է։
  • Ըստ Եվրոստատի[7] տվյալների, 2017թ-ի ընթացքում 5350 ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացվել, սակայն նրանցից փաստացի վերադարձել է ընդամենը 1470 անձ (24,7%)։ 2018թ. ընթացքում 4135 ՀՀ քաղաքացիներ պետք է վերադառնային իրենց ծագման երկիր, որոնցից փաստացի վերադարձել է ընդամենը 2030 անձ: Ընդհանուր առմամբ, 2009-2018թթ. ընթացքում ԵՄ անդամ պետություններում ընդունվել է 46,945 ՀՀ քաղաքացիների վերադարձնելու մասին որոշում։ Միևնույն ժամանակ, 2009-2018թթ. ընթացքում ԵՄ անդամ պետություններից փաստացի Հայաստան են վերադարձվել 12,050-ը ՀՀ քաղաքացներ[8]։
  • Վերաինտեգրման ծրագրեր իրակա­նաց­նող կազմակերպությունների և ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայությունում (այսուհետ՝ ծառայություն) գործող Վերաինտեգրման «մեկ պատուհան» ծառայության տվյալները հնարավորություն են տալիս պատկերացում կազմել փաստացի վերադարձի մասին։ Ըստ այդմ 2018թ. ընթացքում Հայաս­տան է վերադարձել և վերաինտեգրման ծրագրերին դիմել 1771 ՀՀ քաղաքացի. նրանցից կամավոր վերադարձել է 1493, իսկ հարկադիր՝ 278 անձ[9]։ Ծրագրերի շահառուների 48%-ը կանայք են, 52%-ը՝ տղամարդիկ, 76%-ը՝ չափահաս, իսկ 24%-ը անչափահասներ են։ 2019թ-ի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստան են վերադարձել և վերաինտեգրման ծրագրերին դիմել 1231 ՀՀ քաղաքացիներ, որոնցից կամավոր 944, իսկ հարկադիր՝ 287 հոգի։ Վերադարձողների 56% մարզերից են, իսկ 44%-ը՝ Երևան քաղաքից։
  • ԵՄ Սահմանային և առափնյա պահպանության եվրոպական գործակալության (Frontex) կազմակերպած հատուկ չվերթներով 2015-2018թթ. ընթացքում հարկադիր Հայաստան են վերադարձվել  598 ՀՀ քաղաքացիներ[10]։

Վերադարձի տարատեսակներից է հարկադիր վերադարձը, որն իրականացվում է կամ ինքնուրույն (միգրանտին ժամանակ է տրվում, որի ընթացքում նա պետք է լքի ընդունող երկիրը), կամ էլ հարկադիր արտաքսման ձևով (միգրանտը ֆիզիկապես հեռացվում է երկրից): Ընդ որում, վերադարձվում  են  մուտքի երկրում ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկար տարիների բնակությունից  հետո (մինչև 15 և նույնիսկ ավելի տարիներ):

Նշված խմբում հատկապես  շատ  են  Ռուսաստանի Դաշնությունից դատական կարգով արտաքսված  կամ վտարված  ՀՀ  քաղաքացիները: Դեռևս 2013թ. հուլիսից Ռուսաստանում ընդլայնվեց  այն  օտարերկրացիների  շրջանակը,  ում  նկատմամբ  սկսեց  կիրառվել մուտքի արգելք: Բացառություն  չէին նաև  ՀՀ  քաղաքացիները:   «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի կարգի մասին»  ՌԴ  օրենքի 27-րդ հոդվածի համաձայն   երեք  տարվա ընթացքում  երկու  վարչական իրավախախտում թույլ տված  օտարերկրյա  քաղաքացիների  մուտքը  ՌԴ  կարող է  փակվել  5 տարով:  Իսկ  «Վարչական  իրավախախտումների   մասին ՌԴ  օրենսգրքի»  18.8 հոդվածի համաձայն  այդ  անձինք   տուգանվում  են  և  ենթարկվում   վարչական վտարման: 2019թ  տվյալներով  1612  ՀՀ  քաղաքացու   մուտքը  ՌԴ   արգելվել  է,    ՌԴ տարածքից վտարելու մասին դատարանի որոշման առկայության պատճառով, ինչը  ենթակա է բողոքարկման միայն դատական կարգով։

Վերադարձից հետո  այս  անձինք բախվում են մի շարք խնդիրների, հատկապես, եթե Հայաստանից հեռանալուց «այրել են»  բոլոր կամուրջները՝ վաճառել բնակարանը, թողել աշխատանքը, հարազատներին և այլն: Իրենց համար հատկապես խնդրահարույց է վերադարձից հետո ամեն ինչ վերագտնելը, կրկին հարմարվելը, քանի որ իրենց բացակայության ընթացքում որոշակի փոփոխություններ են եղել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ փոխվել է իրավական դաշտը, ձևավորվել են նոր ինստիտուտներ և այլն:  Այն միգրանտները, ովքեր, օրինակ, ապաստան հայցողների կարգավիճակում են եղել, ապաստանի երկրում աշխատելու իրավունք չեն ունեցել, ուստի ժամանակի ընթացքում կորցրել են նաև իրենց մասնագիտական որակավորումը:

Չնայած Հայաստան վերադարձողների հոսքերը տարեցտարի ավելանում են, այնուհանդերձ, պետք է նշել, որ այսօր Հայաստանում վերադարձող միգրանտների վերաինտեգրմանն ուղղված պետական նպատակային ծրագրեր չեն իրականացվում, չկան իրավասու պետական մարմինների համար սահմանված հստակ գործառույթներ։

Այս ամենով հանդերձ, ակնհայտ է, որ Հայաստանում վերաինտեգրվելու նպատակով վերադարձողներին անհրաժեշտ է տրամադրել տևական աջակցություն, հակառակ դեպքում, վերադարձածների լիարժեք վերաինտեգրման համար անհրաժեշտ պայմանների բացակայությունը կարող է որպես արտամղող գործոն հանդիսանալ երկրից նրանց կրկին արտագաղթելու որոշման հարցում:

Հայաստանում վերադարձի և վերաինտեգրման աջակցության ծրագրերը (Assisted Voluntary Return and Reintagration) մեծամասամբ իրականացվում են միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից[11]՝ գլխավորապես ԵՄ ֆոնդերի կամ ուղարկող երկրների ֆինանսավորմամբ: Որոշ ծրագրերի իրականացման գործում իրենց մասնակցությունն ունեցել են նաև պետական կառույցները՝մասնավորապես՝Միգրացիոն ծառայությունը[12]։

Չնայած մի շարք վերաինտեգրման ծրագրերի առկայությանը Հայաստանում, այնուամենայնիվ, վերադարձ(վ)ողների համար նախատեսված պետական օժանդակության որևէ ծրագիր այսօր դեռևս չի իրականացվում։ Մեծ հաշվով Հայաստանում ցուցաբերվող վերաինտեգրման աջակցությունը ԵՄ երկրներից կամավոր վերադարձի խրախուսման ծրագրերի մաս է և ձևակերպված չէ որպես հայաստանյան օրակարգից բխող հիմնահարց: 

Մի կողմից, վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված աջակցության ծրագրերը շարունակական բնույթ չեն կրում: Մյուս կողմից էլ,  ծրագրերը ունենում են տարաբնույթ սահմանափակումներ, օրինակ՝ շահառուներ կարող են դառնալ հիմնականում կամավոր վերադարձող միգրանտները, իսկ հարկադիր վերադարձողները (արտաքսվածները) շատ հաճախ դուրս են մնում տրամադրվող աջակցության ծրագրերից։ Այսպես, ներկայումս գործում են վերաինտեգրման 9 ծրագրեր, որոնցից 7-ի շահառուները կարող են դառնալ միայն կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիները, իսկ 2-ինը՝ նաև հարկադիր վերադարձողները:  Տարբեր են նաև իրականացվող ծրագրերի միջոցով տրամադրվող աջակցող ծառայությունների փաթեթները:

Հայաստանում գործող վերաինտեգրման աջակցության ծրագրերը, որոշ տարբերություններով հանդերձ, առաջարկում են աջակցության այսպես կոչված «լայն» փաթեթ, որը, բացի խորհրդատվական աջակցությունից և ուղղորդման ծառայությունից, ընդգրկում է ֆինանսական ծախսերի որոշակի ուղղություններ, ինչպիսիք են՝ եկամուտ ապահովող գործունեությամբ զբաղվելը (օժանդակություն փոքր բիզնեսի հիմնմանը կամ կայացած բիզնեսի հզորացում), մասնագիտական վերապատրաստումը, երեխաների ուսուցումը, սոցիալական և բժշկական կարիքներին ուղղված աջակցությունը և այլն:

Հարկ է նշել, որ տարիներ շարունակ ԵՄ կողմից ֆինանսավորվող տարբեր վերաինտեգրման ծրագրերի շրջանակներում ծառայությունում գործել են ՀՀ վերադարձող քաղաքացիների համար նախատեսված «մեկ պատուհանի» սկզբունքով գործող խորհրդատվական և ուղղորդման ծառայություններ՝ նպատակ ունենալով աջակցություն ցուցաբերել արտերկրից վերադարձած ՀՀ քաղաքացի­ներին Հայաստանում հաստատվելու հարցում[13]: Սակայն սա վերադարձողներին առաջարկվող այսպես կոչված «նեղ» փաթեթն է, որը վերադարձող միգրանտներին առաջարկում է միայն խորհրդատվական բնույթի աջակցության տրամադրում և ուղղորդում դեպի  այլ ծառայություններ: Այնուամենայնիվ, ուղղորդման ծառայությունն էլ շարունակական բնույթ չի կրում և կախված է ծրագրերի  տևողությունից:

 Շատ կարևոր է հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին դիտարկել որպես հատուկ ուշադրության կարիք ունեցող թիրախային խումբ, ում պետք է տրամադրել վերաինտեգրման աջակցություն և հատկապես վերաինտեգրման նախնական փուլում, որպեսզի կանխվի նաև նրանց հետագա ռեէմիգրացիան՝ կրկնակի արտագաղթը Հայաստանից:

Ուստի, անհրաժեշտ է մշակել վերադարձողների պետական աջակցության այնպիսի ծրագիր, որը կբխի հայաստանյան օրակարգից՝ դրանում արտացոլելով Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները, ճգնաժամային իրավիճակում գտնվող վերադարձողների, մասնավորապես՝ հարկադիր վերադարձողների առաջնային կարիքները: Անհրաժեշտ է աջակցության տրամադրման ինստիտուցիոնալ լուծումներ տալ, քանի որ մինչ այժմ այդ գործընթացն իրականացվել է անհատական դեպքերին աջակցություն տրամադրելու միջոցով:

Եթե նախկինում Հայաստանում չի եղել պետական կառավարման որևէ մարմին, որը պետության կողմից օժտված լինի վերադարձող միգրանտների վերաինտեգրման կազմակերպման լիազորություններով, ապա այս ուղղությամբ ինստիտուցոնալ քայլն արված է. 2019թ-ից Միգրացիոն ծառայությունում ձևավորվել է Վերադարձի և վերաինտեգրման բաժինը:

Վերոնշյալ հանգամանքները պայմանավորում են սույն նախագծերի ընդունման անհրաժեշտությունը: 

2. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակներն են.

  •  առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումը ապահովելու նպատակով,
  • ուղղորդում և խորհրդատվություն տրամադրել և՛ կամավոր, և՛ հարկադիր վերադարձածներին։ 
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք 

Նախագիծը մշակվել է ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության կողմից։ 

  1. Ակնկալվող արդյունքը 

Պետության օժանդակությամբ վերադարձողները ի վիճակի կլինեն վերա­հաս­տատվել և նոր կյանք սկսել հայրենիքում։ Սա կարևոր խթան կհանդիսանա վերադարձի հոսքերի ավելացման և Հայաստան ներգաղթի քաղաքականության խրախուսման համար և երկարաժամկետ հեռանկարում ուղղված կլինի երկրում ժողովրդագրական խնդիրների լուծմանը:

 Պետության կողմից դրամական միջոցների ներդրումը արձանագրում է նաև պետության շահագրգռվածությունը վերադարձած միգրանտների՝ հայրենիք վերադարձի խրախուսման և վերաինտեգրման հարցում, ինչը նաև կարևոր ազդակ կարող է լինել ՀՀ- ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը արագացնելու հարցում: Բացի այդ, պետության հետաքրքրվածությունը և ներդրումը նպաստավոր գործոն է այլ աղբյուրներից (դոնոր կառույցներից) դրամական միջոցների հայթայթման համար:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇման ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ                                                                                                                                 

«Հայաստանի Հանրապետության վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում։ Միաժամանակ, ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները կիրականացվեն «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվելիք գումարների վերաբաշխման միջոցով։

 [1] Ծրագրի մշակման համար օգտագործվել են ոլորտում իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները, ուսումնասիրվել է միջազգային փորձը, կազմակերպվել են հանդիպումներ և քննարկումներ ոլորտում գործունեություն ծավալող պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ` վերադարձողների հիմնական կարիքների բացահայտմանը և դրանց լուծմանն ուղղված:

[2] Հայաստանում չկան պատերազմական գործողություններ, մարդու իրավունքների համատարած ոտնահարում և այլն:

[3] Վ. Մաթևոսյան, «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր: Եվրոպայում միջազգային պաշտպանություն որոնող ՀՀ քաղաքացիները»։ Միգրացիոն ծառայություն, 2019թ: Հասանելի է՝ http://www.miglib.org/sites/default/files/migration_in_figures_0.pdf

[4] Հնարավոր չի լինում իրականացնել ճամփորդական փաստաթղթերի կամ անձը հաստատող այլ փաստաթղթերի բացակայության կամ կեղծ տվյալների առկայության դեպքերում: Շատերը, ամեն կերպ փորձելով հաստատվել եվրոպական որևէ երկրում, կրկնակի ապաստանի հայցեր են ներկայացնում, որի հետևանքով երկարատև գործընթաց է սկսվում, որը երբեմն տարիներ է տևում և այլն:

[5] Միգրացիոն ծառայության պաշտոնական կայք, հասանելի է՝ http://smsmta.am/upload/Report2017.pdf

[6] Տե՛ս նույնը:

[7] Eurostat statistics: հասանելի է՝ https://ec.europa.eu/eurostat/web/asylum-and-managed-migration/data/database

[8] Վ. Մաթևոսյան «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր։ Եվրոպայում անօրինական բնակվող և վերադարձված ՀՀ քաղաքացիները»։ Միգրացիոն ծառայություն, 2019թ: Հասանելի է՝ http://www.miglib.org/sites/default/files/migration_in_figures_2019_1_B.pdf?fbclid=IwAR2ezCd1tLR381Zu7VGfFnPW_HPNIAcixftww_f1y2owHaRSSnemxjJ-obc

[9] Ծրագրերի շահառուների գերակշռող մասը կամավոր վերադարձողներ են, քանի որ ոլորտում իրականացվող ծրագրերի մեծ մասը նախատեսված է բացառապես կամավոր վերադարձող անձանց համար:

[10] Տվյալները տրամադրվել են ԵՄ Սահմանային և առափնյա պահպանության եվրոպական գործակալության կողմից։

[11] Միգրացիայի միջազգային կազմակեր­պություն, «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի» հայաստանյան գրասենյակ, Կայուն զարգացման հայկական հիմնադրամ, Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակ, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Գործարար Նախաձեռնությունների Հզորացում և Զարգացում» ՀԿ, «Քվոլիֆայդ Սմարտ Էսիստանց» ՀԿ:

[12] Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների հետ իրականացված վերաինտեգրման աջակցության ծրագրերի իրականացումը, Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի  (ERRIN) ստեղծումը, Վերադարձի և վերաինտեգրման եռամսյակային ֆորումների կազմակերպումը, և այլն։

[13] ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 769-Ն որոշմամբ նախա­տեսվել է իրականացնել վերադարձող միգրանտներին «մեկ պատուհան» սկզբուն­­քով աջակցություն տրամադրող ՀԿ-ների աշխատանք­ների կանոնակարգում:

  • Քննարկվել է

    02.10.2019 - 17.10.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15946

Տպել