Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ այլ միջոցով անձին ծնողական իրավունքներից ինքնակամ հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար պատասխանատվությունը հստակեցնելու, երեխաների ընտանիքում ներդաշնակ զարգացմանն աջակցելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, վիճակի խոցելիությունը օգտագործելու միջոցով կամ շահադիտական դրդումներով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը լուրջ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ այդպիսի գործողությունները սպառնում են երեխայի՝ կենսաբանական ընտանիքում ապրելու իրավունքին, հակասում են ընտանիքի ամրապնդման պետական քաղաքականությանը, ընտանիքի բոլոր անդամների փոխօգնության և միմյանց նկատմամբ ունեցած պատասխանատվության, ընտանեկան գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքներին։

Ծնողական իրավունքներից հրաժարվելու դեպքում երեխան զրկվում է զարգացման այն հնարավորություններից, որոնք ունենում են ընտանիքում ապրող երեխաները, նրանց մի մասը տեղափոխվում է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն, որոնք, հետազոտությունների համաձայն, կարող են անդառնալի ազդեցություն ունենալ երեխաների կյանքի վրա այդ հաստատություններում նույնիսկ ամենալավ պայմանների առկայության պարագայում։

Քիչ չեն քաղաքացիների հայտարարություններն այն մասին, որ առողջական խնդիրներ (հատկապես Դաունի համախտանիշ) ունեցող նորածինների ծնողներին, հատկապես մայրերին, վիճակի խոցելիությունից օգտվելով կամ խաբեությամբ հորդորում կամ որևէ կերպ հարկադրում են հրաժարվել ծնողական իրավունքներից։ Այդ հանգամանքը պարզելով՝ հետագայում ծնողները դիմում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ակնկալելով ստանալ երեխայի կարգավիճակի, գտնվելու վայրի կամ որդեգիր ծնողների վերաբերյալ տեղեկություններ, ինչը հիմնականում անհնար է անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից։

Առաջարկվող կարգավորումը բխում է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից և դրան կից «Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ» կամընտիր արձանագրության հոդված 3-ից, Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (Որդեգրման մասին Հաագայի կոնվենցիա) հոդված 4-ից, ինչպես նաև Երեխաների որդեգրման մասին եվրոպական կոնվենցիայի հոդված 5-ից, որը ստորագրվել է Հայաստանի կողմից 2008 թվականի նոյեմբերի 27-ին։

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է ընտանիքի, մայրության, հայրության և մանկության պաշտպանությունը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը, ինչպես նաև երեխայի մուտքը հաստատություններ կանխարգելելը։

Նախագծով առաջարկվող լրացումով հստակեցվում է հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, վիճակի խոցելիությունը օգտագործելու միջոցով կամ շահադիտական դրդումներով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու դեպքում (այդ թվում, երբ արարքն իրականացվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսվող քրեական պատասխանատվության հարցը։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

5.   Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ պայքարել հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, վիճակի խոցելիությունը օգտագործելու միջոցով կամ շահադիտական դրդումներով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու դեմ՝ այդ կերպ նպաստելով ընտանիքների միասնությանը և երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքին։

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

          «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:  

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

          «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում  լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    16.09.2019 - 01.10.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8112

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Թումասյան

20.09.2019

Ընդհանուր առմամբ բարձր գնահատելով ներկայացված նախաձեռնությունը և համաձայնվելով ներկայացվող արարքի քրեականացման հետ՝ անհրաժեշտ է նշել հետևյալ դիտարկումները՝ 1. Նախագծի 1-ին հոդվածի «օրենսգրքի 20-րդ գլուխը» բառերը փոխել «օրենսգիրքը» բառով, քանի որ փոփոխությունը կատարվում է օրենսգրքում, այլ ոչ թե նրա առանձնացված մասում և դա է պահանջում իրավական տեխնիկան, 2. Առաջարկվող 169.2-րդ հոդվածի 1-ին մասում ներկայացվում է, որ հանցագործությունը կատարվելու է հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, վիճակի խոցելիությունը օգտագործելու միջոցով (հանցագործության օբյեկտիվ կողմի ֆակուլտատիվ հատկանիշ՝ կատարման եղանակ) կամ շահադիտական դրդումներով (հանցագործության սուբյեկտիվ կողմի ֆակուլտատիվ հատկանիշ՝ շարժառիթ), այսինքն հեղինակներն այլընտրանքային ներկայացնում են կատարման եղանակը և շարժառիթը, որոնք նույն հարթությունում համադրելը ճիշտ չէ, քանի որ դրանք բնութագրում են հանցակազմի տարբեր տարրերը և այլընտրանքը կարող է լինել միևնույն տարրի տարբեր պայմանների միջև: Հետևաբար, առաջարկվում է 1-ին մասից հանել «կամ շահադիտական դրդումներով» բառերը՝ այն նախատեսելով 2-րդ մասում որպես հանցագործության ծանրացնող հանգամանք, 3. Առաջարկվող հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսվող ծանրացնող հանգամանքերը խմբագրման և մեկ կետով ներկայացնելու կարիք ունեն՝ ներառելով առանց նախնական համաձայնության այն կատարելը, ինչպես նաև որպես ծանրացնող հանգամանք պետք է նախատեսել նշված հանցագործության կատարումը առողջական խնդիրներ ունեցող երեխայի առնչությամբ՝ առողջական խնդիրների առկայության պատճառով: Բացի այդ, խիստ վիճահարույց է 2-րդ մասով նախատեսված սանկցիան, որն անհարկի խիստ է համեմատած ինչպես երեխայի դեմ ուղղված այլ, այնպես էլ մարդու դեմ ուղղված բոլոր հանցագործությունների համեմատ: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է 169.2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2. Նույն արարքը, որը կատարվել է՝ 1) առողջական խնդիրներ ունեցող երեխայի առնչությամբ՝ առողջական խնդիրների առկայության պատճառով, 2) պաշտոնեական դիրքն օգտագործելով, 3) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, 4) շահադիտական դրդումներով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:»:

Տեսնել ավելին