«Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ջերմԱՏՆային տնտեսությունների ներդրման
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անհրաժեշտությունը:
Բուսաբուծության ճյուղի առանձնահատուկ ուղղություններից է ջերմոցա-ջերմատնային տնտեսությունների ոլորտը։ Ջերմոցա- ջերմատնային տնտեսությունների հիմնական խնդիրներն են` բաց գրունտի մշակության համար սածիլների աճեցման ապահովումը, բանջարեղենի արտադրության սեզոնայնությունը մեղմելը (բանջարեղենի արտադրություն տարվա այն ամիսներին, երբ բաց գրունտում դա հնարավոր չէ), և՛ հյուսիսային, և՛ լեռնային շրջաններում ջերմասեր բանջարեղենի աճեցմանը նպաստելը:
Ջերմատնային տնտեսությունները տնտեսվարողներին հնարավորություն են ընձեռում ամբողջ տարվա ընթացքում, բնակլիմայական պայմանների հետ կապված նվազագույն ռիսկերով, միավոր տարածքից ստանալ կայուն և երաշխավորված բարձր բերք։
Առաջարկվող փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրումը կխթանի գյուղացիական տնտեսություններին անցնել ցածրարժեքից դեպի բարձրարժեք գյուղատնտեսության, որն իրենից ենթադրում է գյուղատնտեսություն՝ ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխան։ Միաժամանակ, ջերմատնային տնտեսությունների վարումը և մրցունակ արտադրանքի ստացումը պահանջում է գիտելիքների իմացություն և ժամանակին համահունչ նորարարությունների կիրառում։
Նպատակային ծրագրերի իրականացման և հետևողական աշխատանքի շնորհիվ մի քանի տարիների ընթացքում ջերմատնային տնտեսությունը կարող է դառնալ մեր երկրի գյուղատնտեսության առանցքային, բարձր հավելյալ արժեք ապահովող, ներքին և արտաքին ապրանքաշրջանառության մեջ լուրջ տեսակարար կշիռ ունեցող ուղղություններից մեկը:
Ջերմատնային տնտեսությունների զարգացման խթանումը կհանդիսանա ՀՀ ագրարային ոլորտում իրականացվող քաղաքականության այն ուղղությունը, որն ուղղված է առկա ռեսուրսների, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի, մասնավորապես անմշակ և աղակալված հողերի արդյունավետ օգտագործմանը, բուսաբուծության ճյուղի համախառն արտադրանքի ավելացմանը:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Բանջարանոցային մշակաբույսերի համախառն բերքը 2018 թվականին կազմել է 628.2 հազ.տոննա, որը ներառում է 926 հա ջերմոցներից և ջերմատներից հավաքված 68.2 հազ. տ բանջարանոցային մշակաբույսերի բերքը:
Համաձայն հավաքագրված օպերատիվ տվյալների Հայաստանի Հանրապետությունում շահագործվում է շուրջ 1300 հա ջերմատուն, որից նորագույն տեխնոլոգիաներով մշակվող ջերմատների մակերեսը կազմում է շուրջ 177.0 հա: Ջերմատների ընդհանուր քանակության շուրջ 90%-ը գտնվում են Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում: Ներկայումս կառուցման գործընթացում են գտնվում 26.0 հա ընդհանուր տարածքով ջերմատներ:
Ջերմատնային տնտեսությունների զարգացման խթանումը կնպաստի նաև բանջարեղենի գների իջեցմանը և սեզոնայնությամբ պայմանավորված կայունացմանը: Բանջարեղենի առանձին տեսակների` լոլիկի, վարունգի, տաքտեղի և սմբուկի գները կտրուկ աճում են նոյեմբեր ամսից, ինչը վկայում է, որ հիմնականում բարձրանում է ծածկած գրունտի բանջարեղենի գները։
Ծածկած գրունտի բանջարեղենի գնի վրա մեծ ազդեցություն է ունենում ներքին շուկայում իրացվող ծածկած գրունտի փոքր արտադրողների արտադրանքը, որոնց ինքնարժեքը համեմատաբար բարձր է, և պահանջարկի առկայության պայմաններում գները տարեվերջին զգալիորեն աճում են: Մշակված ծրագիրը նպատակ է հետապնդում մեղմել գնային տատանումները, գները դարձնել ավելի մատչելի, իսկ ապրանքները՝ ավելի լայն սպառման։
Տեղական փորձը ցույց է տալիս, որ սովորական տեխնոլոգիաների կիրառմամբ ջերմոցներում 1 քառ.մ-ի բերքատվությունը տատանվում է 8-20 կիլոգրամի սահմաններում՝ կախված մշակաբույսից, իսկ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, մշակաբույսերի բերքատվությունը հասնում է 40-60 կիլոգրամի։
Ջերմատնային տնտեսություններն ունենալով մեծ արդյունավետություն պահանջում են ֆինանսական ներդրումներ, զարգացած ենթակառուցվածքների առկայություն, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում, ոլորտային գիտելիքներ։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:
Գյուղատնտեսության ոլորտում ջերմատնային տնտեսությունների ստեղծմանն ու զարգացմանը նպաստելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են որոշակի արտոնություններ, մասնավորապես՝ ջերմատնային տնտեսություններում օգտագործվող միջոցների ներմուծումն, ինչպես նաև ջերմատնային տնտեսություններում օգտագործվող միջոցների օտարումը ազատված է ԱԱՀ-ից: Ջերմատնային տնտեսությունների ստեղծումը խթանվում է նաև «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի» պետական աջակցության ծրագրերով: Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ 2017 թվականի հունվարի 1-ից գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմատնային տնտեսությունների համար գործում է բնական գազի արտոնյալ սակագներ:
Կարգավորման նպատակը և բնույթը:
Կարգավորման նպատակն է` փոքր և միջին ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով ավելացնել պաշտպանված գրունտի մակերեսը, ջերմատնային տնտեսությունների արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել ջերմատնային տնտեսությունների արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսվարողների եկամուտների ավելացմանը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը:
- Ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում արդիական չափորոշիչներով ջերմատնային տնտեսությունների կառուցում՝ շուրջ 25,0 հա ընդհանուր մակերեսով,
- բերքատվության բարձրացում և ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացումՙ տարեկան շուրջ 2930 տոննայով,
- ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության և արտադրողականության բարձրացման հաշվին,
- տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում,
- տնտեսավարող սուբյեկտների մասնագիտական կարողությունների բարձրացում,
- ստեղծվող ջերմատնային տնտեսությունները կարող են օրինակ ծառայել տնտեսավարողների լայն շերտերի համար՝ արդի մոտեցումներին ծանոթանալու առումով, ինչպես նաև ուսումնական բազա՝ ուսանողների համար։
Այլ տեղեկություններ:
Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ջերմԱՏՆային տնտեսությունների ներդրման
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ջերմԱՏՆային տնտեսությունների ներդրման
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` համապատասխանում է:
-
Քննարկվել է
30.08.2019 - 15.09.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 8692
Տպել