Հիշել նախագիծը
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Կողմ
-
6 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Մալխասյան 30.08.2019 11:06:19 | 10-15 տարի առաջ իմ կողմից մշակված ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան նախագիծը բազում քննարկումներից ու հսկայական դիմադրություններից հետո թեև մտավ ՀՀ Ազգային ժողովի նիստ, սակայն այդպես էլ չքննարկվեց: Կարծում եմ, որ սույն նախագիծը ևս արժանանալու է նույն ճակատագրին, քանի որ դրան դիմադրելու են բոլոր ՀԿ-ները: | Ընդունվել է ի գիտություն | Նախագծի վերաբերյալ չի ներկայացվել որևէ որոշակի առաջարկ: |
2 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 10.09.2019 16:31:06 | 1. Նախագծի վերնագրից անհրաժեշտ է հանել « ԼՐԱՑՈՒՄ ԵՎ » բառերը՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները: | Ընդունվել է | Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: |
3 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 10.09.2019 16:31:06 | 2. Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի համաձայն՝ հասարակական կազմակերպությունները (այսուհետ՝ Կազմակերպություն) գործունեության հաշվետվության մեջ պետք է ներկայացնեն տարեկան մուտքերի (դրամական և/կամ գույքային) ընդհանուր գումարը և օգտագործված դրամական միջոցները և/կամ գույքը: Վերոնշյալ կարգավորման առնչությամբ գտնում ենք, որ այն խնդրահարույց կարող է լինել այն դեպքերում, երբ Կազմակերպությունները անհատույց ստանում են գույք, որի դրամական արժեքը արտացոլված չի լինում պայմանագրում, հետևաբար, գործունեության հաշվետվություններում Կազմակերպությունների կողմից պահանջվող տեղեկատվությունը լրացնելու ժամանակ կարող են լրացուցիչ խնդիրներ առաջանալ: | Ընդունվել է մասնակի | Նախագծի 8-րդ կետում կատարվել է փոփոխություն։ «Հաշվապահական հաշվառման մասին » ՀՀ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բոլոր կազմակերպությունները պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում: Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հաշվապահական հաշվառումը կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ է` տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով: Իսկ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները, ինչպես նաև Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման սկզբունքները, ստանդարտների կիրառման ուղեցույցները և պարտադիր կիրառման այլ փաստաթղթեր։ Հետևաբար, նախագծի 7-րդ կետի վերաբերյալ առաջարկը չի ընդունվում, քանի որ օրենքում առկա են անհրաժեշտ կարգավորումները։ |
4 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 10.09.2019 16:31:06 | 3. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետում «և դրա արդյունքում ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը» բառերը փոխարինել «և Կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ օգտագործված շահույթի վերաբերյալ տեղեկատվությունը» բառերով՝ հաշվի առնելով Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: | Ընդունվել է մասնակի | Կետը շարադրվել է նոր խմբագրությամբ։ |
5 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 13.09.2019 17:37:57 | ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Ս․թ․ օգոստոսի 30-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրային քննարկման է ներկայացվել «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի համաձայն հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Ստորև ներկայացվում են ԹԻՀԿ առաջարկությունները օրինագծի վերաբերյալ. 1. Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը սահմանում է, որ Կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունը ներառում է օգտագործված դրամական միջոցների և/կամ գույքի մասին տեղեկատվությունը։ Կարծում ենք, սույն ձևակերպումը զերծ է իրավական որոշակիության կանոններից, և տարբեր մեկնաբանությունների և դրանից բխող բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ Մասնավորապես, ի՞նչ է հասկանալ օգտագործված գույք, արդյո՞ք պետք է ներառել յուրաքանչյուր օգտագործված (անշարժ և շարժական) գույքի մասին տեղեկատվությունը, ներառում է արդյո՞ք գույք հասկացությունը օգտագործված գրենական պիտույքների մասին տեղեկատվությունը, և այլն։ Որակյալ իրավական ակտի հիմնական չափանիշներից է իրավական որոշակիության սկզբունքի պահպանումը։ Իրավական որոշակիության սկզբունքի հետ աղերսներ ունեցող կոնկրետ իրավական ակտի սխալ մեկնաբանման հետևանքով հասարակական կազմակերպությունները կարող են թերի հրապարակել օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա հաշվետվությունը և այդ հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության։ Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը ոչ միայն խոչընդոտում է հասարակական կազմակերպությունների հաշվետվողականության խելամիտ ընթացակարգերի ներդրումը, այլև օրենսդրության ողջամիտ զարգացումը: Առաջարկություն. 24-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ Կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունը ներառում է օգտագործված դրամական միջոցների ընդհանուր գումարը։ 2. Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝ Կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունը ներառում է հաշվետու տարվա ընթացքում կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և դրա արդյունքում ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը։ Նախագծով առաջարկված ձևակերպումից հասկանալի չէ, թե ինչպիսի տեղեկատվություն է պարտավորվում ներկայացնել հասարակական կազմակերպությունը՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պարագայում, ինչը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Նշված կետը չի հստակեցնում, որ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը պետք է օգտագործել Կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ։ Սույն կետը շարադրված է այնպես, որ կարելի է եզրակացնել, որ հասարակական կազմակերպությունը կարող է նշված շահույթը օգտագործել այլ նպատակներով, ինչը ուղղակիորեն արգելված է գործող Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով։ Առաջարկություն. Տարատեսակ մեկնաբանություններից զերծ մնալու և իրավական որոշակիության սկզբունքը պահպանելու նպատակով առաջարկում ենք ձևափոխել Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը, այն շարադրելով հետևյալ կերպ՝ Հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն իրականացրել է, թե ոչ, եթե այո, ապա այդ գործունեության արդյունքում հաշվետու տարում ինչքան շահույթ է օգտագործել Կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ։ 3. Նախագծի 24-րդ հոդվածի 7-րդ մասը նախատեսում է, որ հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատում է Լիազոր մարմինը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Խիստ կարևոր է իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցությունը, գործընթացի թափանցիկությունն ու հաշվետվողականության ապահովումը, ինչպես նաև հանրային կարծիքի բացահայտումը: Առաջարկություն. Հաշվետվության օրինակելի ձևի, հրապարակման և ներկայացման կարգի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու նպատակով, առաջարկում ենք տվյալ նախագիծը տեղադրել e-draft էլեկտրոնային հարթակում՝ բոլոր շահագրգիռ կողմերին հնարավորություն ընձեռելով մասնակցել հանրային քննարկմանը։ _____________________________ Հաշվի առնելով, որ նախատեսվում են փոփոխություններ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում, անհրաժեշտ է անդրադառնալ դրա նաև այլ թերություններին և կատարել համապատասխան փոփոխություններ: 4. Նախագիծը կարգավորում է միայն հաշվետվության հրապարակման հիման վրա ծագող իրավահարաբերությունները, բայց չի անդրադառնում օրենքի 26-րդ հոդվածում նախատեսված հանրային միջոցներից ֆինանսավորման դեպքում ծագող պարտադիր աուդիտի իրականացման և աուդիտորի եզրակացությունը հաշվետվությանը կցելու պահանջին։ Գործող օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցներից) ֆինանսավորվել է 5 միլիոն և ավելի ՀՀ դրամի չափով: Համարում ենք, որ նշված շեմը շատ ցածր է աուդիտի անցկացման բարձր ծախսերի համեմատությամբ: Հասարակական կազմակերպությունների աուդիտի պահանջները պետք է համարժեք լինեն պետական ֆինանսավորման չարաշահումից առաջացած ռիսկի մակարդակին: Հիմնադրամների համար պարտադիր աուդիտի իրականացման համար սահմանված ֆինանսավորման շեմը «Հիմնադրամների մասին» օրենքով 10,000 միլիոն դրամ է, և տվյալ տարբերակումն ու առավել խիստ պահանջը հասարակական կազմակերպությունների համար բոլորովին արդարացված չէ: Առաջարկություն. Բարձրացնել պարտադիր աուդիտի համար նախատեսվող ֆինանսավորման շեմը և սահմանել ոչ պակաս հիմնադրամների համար նախատեսված շեմից: 5. «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված չէ, որ աուդիտի ծախսերը կարող են ներառվել պետության կողմից հատկացվող ֆինանսավորման մեջ, ինչը կարող է տարընթերցման հնարավորություն տալ և մի կազմակերպությունը կարող է այն ներառել նախահաշվում, մյուսը՝ չներառել: Մյուս կողմից, հասարակական կազմակերպությունները, որպես կանոն, չունեն սեփական միջոցներ՝ հոգալու աուդիտի ծախսերը, ինչը կարող է խոչընդոտներ ստեղծել և սահմանափակել նրանց համագործակցությունը պետության հետ: Անհրաժեշտ է, որ պետությունը աուդիտի պարտադիր պահանջին զուգահեռ նախատեսի դրա ծախսերի ծածկումը պետական բյուջեի հաշվին: Հարգանքով ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն | 1․ Ընդունվել է, 2․ 3․Հետագայում կքննարկվի,4․ Չի ընդունվել 5.Հետագայում կքննարկվի | 1․ Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: 2․ Տես՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի 3-րդ առաջարկի եզրակացությունը։ 3. Հարցը լրացուցիչ կքննարկվի հաշվետվության օրինակելի ձևի մշակման փուլում։ 4․ Ներկայումս ԱԺ պաշտոնական կայքի նախագծեր բաժնում դրված է պաշտոնապես շրջանառված, սակայն նստաշրջանի օրակարգում դեռևս չընդգրկված «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին թիվ Կ-1164-25.04.2019-ՖՎ-011/0 նախագիծը, որտեղ այս կետի փոփոխությունը սահմանված է։ 5․ Առաջարկությունը դուրս է Նախագծի շրջանակներից և հետագայում կքննարկվի համապատասխան մարմինների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ առանձին նախագծի տեսքով։ |
6 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 13.09.2019 17:37:57 | Առաջարկություն. Պետական ֆինանսավորում տրամադրելիս աուդիտի անցկացման ծախսերը ներառել իրականացվող ծրագրերի բյուջեում: 6. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն կազմակերպությունն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ներկայացնելու և պաշտպանելու իր և իր անդամների, շահառուների և կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն կազմակերպությունն իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «3. Կազմակերպությունը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ոլորտից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել, եթե. 1) հայցադիմումը բխում է կազմակերպության կանոնադրական նպատակներից և խնդիրներից և ուղղված է կազմակերպության շահառուների` կազմակերպության կանոնադրային նպատակների հետ կապված կոլեկտիվ շահերի պաշտպանությանը, 2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում մասնակցել է հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին կամ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի տրվել, և 3) հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն 2 տարվա ընթացքում գործունեություն է ծավալել սույն հոդվածի 2-րդ մասում նշված ոլորտում: Դատարան դիմելու իրավունքը սահմանափակվում է միայն շրջակա միջավայրի պահպանության ոլորտով, թեև բազմաթիվ երկրներում կան այլ ոլորտներ, որտեղ ՀԿ-ները իրավասություն ունեն դիմելու դատարան օրինակ՝ խտրականության դեմ պաշտպանության, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտներում: Կազմակերպությունները կարող են հայց ներկայացնել միայն այն դեպքում, եթե անմիջապես մասնակցություն են ունեցել հանրային քննարկումներին կամ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի տրվել: Այս դրույթը սահմանափակում է հանրային շահի ներկայացման իրավունքը միայն այն կազմակերպություններին, որոնք մասնակցել են հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին կամ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի տրվել, թեև հնարավոր են դեպքեր, երբ որևէ կազմակերպություն այդ գործընթացում չի մասնակցել և հետևաբար, դրանք ավտոմատ կերպով զրկվում են դատարան դիմելու հնարավորությունից: Հայց ներկայացնելու հնարավորությունը սահմանափակվում է այն կազմակերպությունների շրջանակով, որոնք առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Դատարան դիմելու հնարավորությունը չպետք է սահմանափակվի կազմակերպության որոշակի ժամկետում ակտիվ կամ պասիվ լինելու փաստով: Բացի այդ, օրենքը չի պարզաբանում, թե ինչ ապացույցներ պետք է կներկայացվեն կազմակերպության գործունեության ակտիվությունը գնահատելու համար: Այս սահմանափակումից ելնելով` նոր հիմված կազմակերպությունները, որոնք ստեղծվել են կոնկրետ խնդրի վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով, զրկվում են դատարան դիմելու հնարավորությունից: Այսպիսով, գործող օրենսդրական կարգավորումները արդարադատության խոչընդոտ են համարվում հասարակական կազմակերպությունների հանրային շահերի պաշպանության իրավունքի իրականացման տեսանկյունից: Որպես հանրային շահի պաշտպանությամբ զբաղվող և իր անդամների ու շահառուների իրավունքների և օրինական շահերի ջատագով, հաճախ հասարակական կազմակերպության համար անհրաժեշտ և էական է դատարանում հանդես գալ որպես հայցվոր այնպիսի հարցերով, որոնք առնչվում են հանրային շահին, ընդհանուր բնույթի են և չունեն կոնկրետ շահառուներ: Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպություններին դատարանում իր շահառուների օրինական շահերը ներկայացնելու հնարավորություն ընձեռնելն էական է, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարում, հանրային հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման և մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերում: Այսպիսով, հասարակական կազմակերպություններին՝ որպես քաղաքացիական հասարակության միավորի պետք է տալ հստակ իրավական լծակներ՝ իր առաքելությունը և հանրային շահերի ջատագովությունը արդյունավետ իրականացնելու համար: Հարգանքով ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն | 6․Հետագայում կքննարկվի | Առաջարկությունը դուրս է Նախագծի շրջանակներից և հետագայում կքննարկվի համապատասխան մարմինների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ առանձին նախագծի տեսքով։ |
7 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 13.09.2019 17:37:57 | Առաջարկություն. Ընդլայնել կազմակերպության դատարան դիմելու ոլորտի շրջանակը: Միաժամանակ, առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել հետևյալ պահանջները. 1) մասնակցել է հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին կամ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի տրվել, և 2) հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն 2 տարվա ընթացքում գործունեություն է ծավալել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Հարգանքով ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն | 7․Հետագայում կքննարկվի | Առաջարկությունը դուրս է Նախագծի շրջանակներից և հետագայում կքննարկվի համապատասխան մարմինների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ առանձին նախագծի տեսքով։ |
8 | Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 14.09.2019 12:37:02 | ԻՊԱՍ-ի կարծիքը «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով սահմանված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ 2019թ. օգոստոսի 30-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրային քննարկման է ներկայացվել «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է, մասնավորապես, փոփոխություններ կատարել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ Օրենքի 24-րդ հոդվածում՝ բոլոր հասարակական կազմակերպությունների համար սահմանելով պարտավորություն հրապարակել տարեկան հաշվետվություն, այդ թվում՝ ֆինանսական և գործունեության վերաբերյալ՝ անկախ ֆինանսավորման աղբյուրներից: Նախատեսվող կարգավորումները հակասում են միավորումների ազատության վերահսկողության համաչափության պահանջներին և հանդիսանում են միջամտություն հասարակական կազմակերպությունների գործունեությանը: 1. Մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ օրենսդրական վերահսկողությունը պետք է իրականացվի պետության կողմից բացառապես Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային համապատասխան[1]: Այսինքն` այն պետք է հետապնդի իրավաչափ նպատակ և լինի համաչափ: Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավաչափ նպատակներն են պետական անվտանությունը և հասարակական անվտանգությունը, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելը, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելը: Հասարակական կազմակերպությունների գործունեության թափանցիկության ապահովումն ինքնին չի կարող համարվել իրավաչափ նպատակ, սակայն թափանցիկությունը կարող է միջոց հանդիսանալ Կոնվենցիայով սահմանված նպատակներին հասնելու համար, օրինակ՝ կոռուպցիոն հանցագործությունների կանխումը: 2. Ընդհանուր սկզբունքի համաձայն` հանրային ֆինանսական աջակցություն ստացած կազմակերպությունները պետք է հաշվետու լինեն այդ միջոցների օգտագործման համար: Սա ենթադրում է, որ հասարակական կազմակերպությունները պետք է ողջամտորեն հաշվետվություններ ներկայացնեն իրենց կողմից ստացված և ծախսված գումարների վերաբերյալ: Այնուամենայնիվ, նման հաշվետվություններ ներկայացնելու պահանջը չպետք է անհարկի բեռ դնի կազմակերպությունների վրա` ներկայացնելու ծախսերի և գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ[2]: 3. Գործող ներպետական օրենսդրության համաձայն՝ հասարակական կազմակերպությունների բոլոր ծախսերը գրանցվում են հարկային մարմնի տվյալների բազայում, իսկ կազմակերպության ֆինանսական մուտքերը՝ բանկերի տվյալների բազայում: Այսինքն՝ պետության կողմից այդ տեղեկությունների հասանելիությունն արդեն իսկ ապահովված է, և արդյունավետ վարչարարության տեսանկյունից՝ պետությունը կազմակերպության վրա նույն տեղեկությունները նորից ներկայացնելու պահանջ չպետք է դնի, քանի որ պետության նկատմամբ հաշվետվողականության սկզբունքն ինքնին պահպանվում է: 4. Ավելին, անհրաժեշտ է որպեսզի միջամտությունը լինի համաչափ հետապնդվող նպատակին՝ այն է առկա լինի սոցիալական ճնշող պահանջ (pressing social need): Այսինքն, կազմակերպության ֆինանսական և բովանդակային գործունեության կապակցությամբ լրացուցիչ հաշվետվությունների ներկայացման պահանջի համար պետք է բավարար հիմքեր և հիմնավոր ապացույցներ[3]: Հետևաբար, եթե առկա են հասարակական կազմակերպությունների կողմից հանցավոր գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ բավարար հիմքեր, դրանք պետք է ուսումնասիրվեն պատշաճ քրեաիրավական ընթացակարգով, այլ ոչ բոլոր կազմակերպությունների համար սահմանելով հաշվետվություն ներկայացնելու միատեսակ պահանջ: 5. Պետության կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում չպետք է անհարկի կամ ոչ համաչափ բեռ դրվի հասարակական կազմակերպությունների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվության լրացուցիչ տրամադրման համար: [1] Case of Koretskyy and others v. Ukraine, Application no. 40269/02, 3 April 2007, կետ 38 [2] Բացատրական զեկուցագիր CM/Rec(2007)14, Հանձնարարական Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներին Եվրոպայում ոչ կառավարական կազմակերպությունների իրավական կարգավիճակի վերաբերյալ: Պարագրաֆ 62, Հոդված 114 [3] Բացատրական զեկուցագիր CM/Rec(2007)14, Հանձնարարական Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներին Եվրոպայում ոչ կառավարական կազմակերպությունների իրավական կարգավիճակի վերաբերյալ: Պարագրաֆ 68, հոդված 122 | Չի ընդունվել | «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կազմակերպության գործունեության սկզբունքներից է հաշվետվողականությունը, իսկ գործող կարգավորմամբ ստացվում է, որ այն կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուր չեն հանդիսացել հանրային միջոցները, հաշվետվություն հրապարակելու պարտավորություն չունեն և արդյունքում, բացակայում է հանրային հաշվետվողականությունը (Օրենքի 4-1, 18 1-7): Բացի այդ, «Փողերի լվացման եվ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով (29-4) ՊԵԿ-ը, որպես ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, պարտավոր է Լիազոր մարմնի պահանջով ներկայացնել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր), որոնք տրամադրելու համար ՊԵԿ-ը պետք է տիրապետի այդ տեղեկություններին, իսկ յուրաքանչյուր դեպքում ՀԿ-ներից տեղեկություններ պահանջելը իրատեսական և արդյունավետ չէ: Ավելին, Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ-ի կողմից 2015թ. դեկտեմբերին հաստատված՝ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումների 5-րդ փուլի փոխադարձ գնահատման հաշվետվության 216-րդ կետով արձանագրվել է, որ Հայաստանի ՌԱԳ-ի համաձայն՝ ՈԱԿ-ների հնարավոր խոցելիությունը գնահատված է միջին, իսկ տեսանելի ապագայում փոփոխության միտումների առումով՝ նվազող: Գնահատականը պայմանավորված է այնպիսի գործոններով, ինչպիսիք են ՈԱԿ-ների գործունեության իրավական կարգավորման, հաշվետվողականության ու վերահսկողության հետ կապված բացերը (մասնավորապես՝ իրավական կարգավորման դաշտի ոչ միատեսակ լինելը), որոշ ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ հաշվետվողականության պահանջ սահմանված չլինելը և վերահսկողության հետ կապված գործառնական խնդիրները: Միաժամանակ միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով հարցումներ են ուղարկվել մի շարք երկրներ: Մասնավորապես Ֆինլանդիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում ոչ առևտրային կազմակերպություններից պահանջվում են ներկայացնել հաշվետվություններ ստացված միջոցների մասին՝ անկախ դրանց ստացման աղբյուրից, ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ստացված ֆինանսական և ոչ ֆինանսական դրամաշնորների և դրանց նպատակների, նվիրատվությունների և նվիրաբերությունների և այլնի մասին: Ինչ վերաբերում նրան, որ նման պահանջը չպետք է անհարկի ծանր բեռ լինի, և պետք է լինի միավորման չափին և գործունեության շրջանակին համաչափ՝ հաշվի առնելով նրա գույքի և եկամուտների ծավալը, ապա տեղեկացնում ենք, որ Նախագիծը լրամշակվել է ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի կողմից, որում ընդգրկված են եղել մի շարք հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչներ։ |
9 | Ստելլա Չանդիրյան 14.09.2019 23:32:11 | «Հասարակական կազմակերպությունների մասին» գործող ՀՀ օրենքում հանրային միջոցներ ստացող կազմակերպությունների կողմից հրապարակային հաշվետվություն ներկայացնելու մասին դրույթը ներառվել է 2016 թվականի դեկտեմբերին՝ նպատակ ունենալով ապահովել հանրային ծախսերի թափանցիկությունը: Նման դրույթի ամրագրման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել այն իրողությամբ, որ պետական հաստատությունների կողմից գումարներ էին հատկացվում հանրությանն անհայտ հասարակական կազմակերպություններին, որոնց գործունեության, նվաճումների եւ ստացած դրամաշնորհների արդյունքների մասին որեւէ հանրային տեղեկություն առկա չէր: Տրամաբանորեն ակնհայտ է, որ հանրային միջոցներից օգտվող կազմակերպությունները գտնվում են այլ հասարակական կազմակերպություններից տարբեր իրավիճակում եւ նրանք պետք է հանրության առջեւ հաշվետվողականության ավելի մեծ բեռ կրեն: Ուստի, հստակ եւ կոնկրետ պատճառ կար «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում ձեւակերպելու ավելի մեծ հաշվետվողականության պահանջ այն հասարակական կազմակերպությունների նկատմամբ, որոնց վստահված էր հանրային միջոցների կառավարումը։ Հարկ է նկատել, որ առհասարակ իրավաչափ է հաշվետվողականություն պահանջը, սակայն ինչպես ամրագրված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ Վենետիկի հանձնաժողովի «Միավորումների ազատության մասին» համատեղ ուղեցույցի` «Իրավաչափ է հաշվետվողականություն եւ թափանցիկություն պահանջել միավորումների ձեռք բերած միջոցների մասին, այդուհանդերձ, նման պահանջը չպետք է անհարկի ծանր բեռ լինի, եւ պետք է լինի միավորման չափին եւ գործունեության շրջանակին համաչափ՝ հաշվի առնելով նրա գույքի եւ եկամուտների ծավալը։» : Հաշվի առնլեով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք հաշվետվողականության եւ թափանցիկության վերաբերյալ դրույթներն ամրագրել հաշվի առնելով միավորման չափն ու գործունեության շրջանակն եւ չհիմնավորված ու անհամաչափ բեռ չդնել հասարակական կազմակերպությունների վրա` առանց պատշաճ հիմնավորման եւ առանց հստակեցնելու դրա անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում՝ այդպիսով սահմանափակելով ՀՀ Սահմանադրությամբ եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված միավորումների ազատության իրավունքը: | Չի ընդունվել | Տես 8-րդ կետում։ |
10 | Ստելլա Չանդիրյան 14.09.2019 23:32:11 | Նախագծի 2-րդ հոդվածով ամրագրվում է, որ պետք է հրապարակվի տարեկան մուտքերի (դրամական եւ/կամ գույքային) ընդհանուր գումարն ու նշվում, որ հաշվետվության օրինակելի ձեւը հաստատում է Լիազոր մարմինը։ Նշվածի առնչությամբ անհրաժեշտ է նկատել, որ այդ օրինակելի ձեւը պետք է կազմվի այնպես, որպեսզի չհակասի շնորհատուների գաղտնիության իրավունքին, թե՛ իրավական եւ թե՛ ֆիզիկական անձանց պարագայում: Համաձայն Եվրոպային խորհրդի Նախարարների կոմիտեի «Եվրոպայում ոչ կառավարական կազմակերպությունների իրավական կարգավիճակի վերաբերյալ» CM/Rec(2007)14 hանձնարարականի` «Բոլոր հաշվետվությունները պարտավոր են հարգել շնորհառուների, շահառուների եւ աշխատակազմի իրավունքները, ինչպես նաեւ օրինական բիզնեսի գաղտնիությունը պահպանելու իրավունքը։» : Համանման տարբերակով՝ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Ուկրաինայի մասին համատեղ կարծիքի համաձայն` «Շնորհատուի` անանուն մնալու ցանկությունը պետք է հարգվի եւ գաղտնիության իրավունքին կարելի է միջամտել միայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ պահպանելով համաչափության սկզբունքը։»։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հաշվետվության օրինակելի ձեւը կազմելիս հիմք ընդունել շնորհատուների գաղտնիության իրավունքի պահպանման սկզբունքը թե՛ իրավական եւ թե՛ ֆիզիկական անձանց պարագայում։ | Չի ընդունվել | Նախագիծը չի սահմանվում շնորհատուների տվյալների հրապարակում։ |
11 | Ստելլա Չանդիրյան 14.09.2019 23:32:11 | Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ պետք է հրապարակել կազմակերպության անդամների, ինչպես նաեւ այն կամավորների թիվը, որոնց աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը (հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ)։ Հարկ է նկատել, որ համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ Վենետիկի հանձնաժողովի «Միավորումների ազատության մասին» համատեղ ուղեցույցի` «Միավորումները չպետք է պարտավորված զգան բացահայտելու իրենց անդամների անուններն ու հասցեները թե՛ միավորման ազատության իրենց իրավունքի, եւ թե՛ մասնավոր կյանքը հարգելու իրավունքի անհամատեղելիության պատճառով: Ավելին «Օրենսդրությունը պետք է նաեւ ապահովի շահառուների, անդամների եւ միավորումների հիմնադիրների գաղտնիության իրավունքի հարգումը, ինչպես նաեւ ցանկացած ոտնահարման դիմաց փոխհատուցումը:»։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերաշարադրել Նախագծում տեղ գտած այս կարգավորումն ու այն համապատասխանեցնել հարցի վերաբերյալ առկա միջազգային կարգավորումներին։ | Չի ընդունվել | Գործող իրավակարկավորմամբ կազմակերպության հաշվետվությունը ներառում է անդամների, կամավորների թիվը, այդ թվում՝ նշում՝ կազմակերպության միջոցներից հաշվետու տարվա ընթացքում օգտվելու մասին: Հետևաբար, Նախագծով չի սահմանվում կամավորների վերաբերյալ անձնական տվյալների հրապարակում: |