Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

100%0%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ 

ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը 

  1. Սույն օրենքի կարգավորման առարկան Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի (այսուհետ` ՉԱԷԿ) վթարի և այլ միջուկային աղետների հետևանքներից տուժած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական պաշտպանության հետ կապված հարաբերություններն են:
  2. Սույն օրենքով նախատեսվող արտոնություններն և փոխհատուցումները տարածվում են սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված քաղաքացիների խմբերի վրա: 

    Հոդված 2. ՉԱԷԿ-ի վթարից, ինչպես նաև ՉԱԷԿ-ի և այլ միջուկային աղետների հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու արդյունքում տուժած  քաղաքացիների սոցիալական պաշտպանության վերաբերյալ օրենսդրությունը 

   ՉԱԷԿ-ի վթարի, ինչպես նաև ՉԱԷԿ-ի և այլ միջուկային աղետների հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու արդյունքում տուժած  քաղաքացիների սոցիալական պաշտպանության վերաբերյալ օրենսդրությունը բաղկացած է  սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից և սույն  օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերից: 

    Հոդված 3. ՉԱԷԿ-ի վթարից, ինչպես նաև ՉԱԷԿ-ի և այլ միջուկային աղետների հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու արդյունքում տուժած  քաղաքացիների խմբերը 

  1. Սույն օրենքի դրույթները տարածվում են ՉԱԷԿ-ի վթարի և այլ միջուկային աղետների հետևանքներից տուժած քաղաքացիների հետևյալ խմբերի վրա, ովքեր 1986-1987 թվականներին, այնուհետև նաև` 1988-1989 թվականներին`

     1) ԽՍՀՄ-ի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մասնակցել են ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքներին.

     2) կանչվել են հատուկ վարժական հավաքների (զինապարտներ և ներքին գործերի մարմինների աշխատողներ)` մասնակցելով ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքներին.

    3) մեկնել են աշխատանքային պայմանագրով` մասնակցելով ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքներին.

    4) մեկնել են կամավորական հիմունքներով` մասնակցելու ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքներին:

    5) հիվանդացել են ճառագայթային հիվանդությամբ` կապված ՉԱԷԿ-ի վթարի, ինչպես նաև վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետ, այն քաղաքացիները, որոնք ճանաչվել են հաշմանդամություն ունեցող անձինք, և նրանց հաշմանդամությունը կապվել է անմիջականորեն ՉԱԷԿ-ի վթարի ազդեցության հետ:

  1. Սույն օրենքի իմաստով այլ միջուկային աղետների հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու արդյունքում տուժած անձինք են համարվում նաև`

1) անձինք (ժամանակավորապես ուղարկված կամ գործուղված), այդ թվում` զինծառայողներ և զինապարտներ` զորակոչված հատուկ վարժական հավաքների, ինչպես նաև ոստիկանության, պետանվտանգության անձնակազմերի աշխատակիցներ, որոնք 1957-1958 և 1959-1961 թվականներին անմիջապես մասնակցություն են ունեցել 1957թվականին «Մայակ» արտադրական միավորման վթարի հետևանքների վերացման աշխատանքներին.

2) անձինք, ովքեր մասնակցել կամ տուժել են քաղաքացիական և ռազմական նշանակության այլ միջուկային օբյեկտների, այդ թվում` ատոմային էլեկտրակայանների վթարներից կամ դրանց հետևանքների վերացման արդյունքում ճառագայթահարվել են: 

 ԳԼՈՒԽ 2  

ՉԱԷԿ-Ի ՎԹԱՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՉԱԷԿ-Ի ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՈՒԺԱԾ  ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ  

   Հոդված 4. ՉԱԷԿ-ի վթարից, ինչպես նաև այլ միջուկային աղետների հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու արդյունքում տուժած  քաղաքացիների բժշկական օգնության և ճառագայթային ազդեցությունից պաշտպանվածության իրավունքը

 Սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված քաղաքացիներն իրավունք ունեն բժշկական օգնության և դիսպանսերիզացման առողջապահական կազմակերպություններում: Այդ անձանց մասնագիտացված բուժօգնությունը ապահովում, նրանց հիվանդության և հաշմանդամության պատճառական կապը որոշվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի և ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի կողմից տրված եզրակացությունների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:      

   Հոդված 5. ՉԱԷԿ-ի վթարի, ինչպես նաև ՉԱԷԿ-ի և այլ միջուկային աղետների հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու արդյունքում տուժած  քաղաքացիների  արտոնությունները 

  1. Սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձինք իրավունք ունեն`

1) ամենամյա անվճար բժշկական հետազոտման` համապատասխան մասնագետների ներգրավմամբ.

2) պետական պատվերի շրջանակում անվճար բուժօգնություն և սպասարկում ստանալու.

3)  բժշկի հատուկ դեղատոմսով` արժեքի 50% զեղչով դեղերի ձեռքբերման.

4) անվճար առողջարանային ուղեգրերով ապահովման` ՀՀ կառավարության սահմանված կարգով.

5)Հայաստանի Հանրապետության տարածքում անվճար օգտվել պետական ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտից (բացառությամբ՝ միկրոավտոբուսների և մարդատար տաքսի ավտոմեքենաների), ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենից.

6) Սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված այն անձինք, ովքեր չեն օգտվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոոշմամբ  սահմանված ամենամսյա պարգևավճար ստանալու իրավունքից,  ստանում են ամենամսյա դրամական օգնություն, որի նշանակման, վճարման կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2.Անձինք, որոնց հիվանդությունները պայմանավորված են նրանց ծնողների ճառագայթահարված լինելով, նույնպես օգտվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված  արտոնություններից:    

   Հոդված 6. ՉԱԷԿ-ի վթարի, ինչպես նաև ՉԱԷԿ-ի և այլ միջուկային աղետների հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու արդյունքում տուժած  քաղաքացիների կարգավիճակը հավաստող վկայականը

ՉԱԷԿ-ի վթարից, ինչպես նաև ՉԱԷԿ-ի և այլ միջուկային աղետների հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու արդյունքում տուժած  քաղաքացիների կարգավիճակը հավաստող վկայականները տրամադրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության  սահմանած կարգով: 

ԳԼՈՒԽ 3

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ  

Հոդված 7. Անցումային դրույթ 

Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված կարգերը: 

Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին:

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    29.08.2019 - 16.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9504

Տպել

Առաջարկներ`

Հակոբ Ճաղարյան

30.08.2019

նախագծում նշված չեն ՉԱԿ-ի աղետի լիկվիդացիոն աշխատանքներին գործուղվսծ անձինք: Այսպես` Մոտ 30 հայ օդաչու (Յակ-40 օդանավի 10 անձնսկազմ) մի քանի ամիս գործուղվել է վթարված ատոմակայանի վրա հատուկ թռիչքներ կատարելու, որոնց ընթացքում հատուկ միջոցներով կրակելով ամպերի վրա արհեստականորեն արագացնում էին նրանց հասունացումը: Որպեսզի բնական ճանապարով հասունանալով և ավելի ուշ անձրևի վերածվելով չվարակեյին շրջակա միջավայրը ռադիոակտիվ անձրևով: Անձամբ 2 գործուղում աշխատել եմ, յուրաքանչյուրը 15 օր:

Zaruhi muradyan

29.08.2019

Էրեբունի օդակայանում աշխատող օդաչուների մի մասը հատուկ սարքավորումների Յակ 40 օդանավով մի քանի շաբաթ ցրել են ռադիացիոն ամպեր,որոնց թվում և ամուսինս Յակ40 ի հրամանատար Հակոբ Ճաղարյանը.Կարծում եմ պիտի նրանք էլ հաշվառվեն

Տեսնել ավելին