ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս գործող օրենսդրության համաձայն` սահմանի անցման կետերում իրավասու մարմինների կողմից արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի տարածման կանխարգելման և դրանց դեմ պայքարի նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատող անձանց և բեռների, ապրանքների, ուղեբեռների, փոստային ծանրոցների, մարդկանց դիակների, կոնտեյներների և տրանսպորտային միջոցների նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրականացվում են վերահսկողության և, անհրաժեշտության դեպքում, առողջապահական (բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող) միջոցառումներ:
Նշված լիազորությունը նախկինում իրականացվում է ԱՆ առողջապահության պետական տեսչության կողմից: Ներկա իրավիճակում վերահսկողական ֆունկցիան վերապահված է տեսչական մարմիններին, սակայն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին որևէ օրենքով սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնելու լիազորություն չի վերապահվել: Հետևաբար, նշված լիազորության` օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը հնարավորություն կտա նշված տեսչական մարմնին իրականացնել համապատասխան վերահսկողություն` առաջնորդվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով առաջարկվող նախագծով ամրագրվող նորմը:
- Առաջարկվող կագավորումների բնույթը
Առաջարկվում է նախագծով ամրագրել լիազորող նորմ, ինչը հնարավորություն կտա համապատասխան տեսչական մարմնին սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնել և կվերանա օրենսդրական բացը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լրացնել առկա օրենսդրական բացը և լիազորող նորմ սահմանել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար` հնարավորություն տալով վերջինիս սահմանի անցակետերում իր վերահսկողական ֆունկցիան իրականացնելու համար: