Լրամշակման փուլում է
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ն մասը լրացնել հետևյալ պարբերություններով`
«պետական օժանդակություն տրամադրող մարմին` պետական մարմինը, ինչպես նաև բոլոր այն մարմինները կամ կազմակերպությունները կամ պաշտոնատար անձինք, որոնք լիազորված են տրամադրելու պետական օժանդակություն սույն օրենքի իմաստով.
օժանդակության նվազագույն թույլատրելի չափ (դե մինիմիս)` պետական օժանդակություն, որն արտահայտված է դրամային արտահայտությամբ և երեք հաշվետու տարիների կտրվածքով մեկ տնտեսվարող սուբյեկտի համար չի գերազանցում Հանձնաժողովի որոշմամբ սահմանված չափերը:»:
Հոդված 2. Օրենքի 16.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սույն օրենքի իմաստով պետական օժանդակություն է համարվում պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտին կամ տնտեսվարող սուբյեկտների որոշակի խմբին տրամադրվող ցանկացած օժանդակությունը (ներառյալ` ֆինանսական միջոցներ, սուբսիդիա, օգնություն, վարկ, փոխառություն, գույք, արտոնություններ կամ այլ պայմաններ):
- Պետական օժանդակությունը, որն ուղղակի կամ անուղղակի կերպով հանգեցնում կամ կարող է հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը կամ վնասում կամ կարող է վնասել սպառողների շահերը, արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված, ինչպես նաև Հանձնաժողովի որոշմամբ թույլատրված դեպքերի:
- Պետական օժանդակություն տրամադրող մարմինը մինչև պետական օժանդակություն տրամադրելը, թույլտվություն ստանալու նպատակով պարտավոր է հայտարարագիր ներկայացնել Հանձնաժողովին, եթե հայտարարագրման պահանջից ազատված չէ սույն հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն:
- Պետական օժանդակություն ստացող տնտեսվարող սուբյեկտը մինչև պետական օժանդակություն ստանալը կարող է հայտարարագիր ներկայացնել Հանձնաժողովին:
- Հայտարարագրման ենթակա չեն այն պետական օժանդակությունները, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պաշտպանությանը, կլիմայի փոփոխությանազդեցությանմեղմացմանը և ադապտացմանը, բնական աղետների կամ այլ բացառիկ դեպքերի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցմանը, սահմանամերձ համայնքների զարգացմանը, մշակութային ժառանգությունների պահպանությանը, գիտության և կրթության զարգացմանը, օրենքով կամ միջազգային պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարմանը, ինչպես նաև պետական օժանդակության նվազագույն թույլատրելի չափը (դե մինիմիս) չգերազանգող օժանդակությունները:
- Հայտարարագրման պահանջից ազատված պետական օժանդակության մասին, ամեն դեպքում, պետական օժանդակություն տրամադրող մարմինները տեղեկացնում են Հանձնաժողովին: Եթե Հանձնաժողովը տեղեկացումից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում չի պահանջում հայտարարագրի ներկայացում, ապա պետական օժանդակություն տրամադրող մարմինը կարող է գործարկել այդ պետական օժանդակությունը: Հանձնաժողովի կողմից հայտարարագիր ներկայացնելու պահանջի դեպքում պետական օժանդակություն տրամադրող մարմինը պարտավոր է սույն հոդվածով և Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով ներկայացնել հայտարարագիր:
- Հանձնաժողովը ուսումնասիրում է պետական օժանդակությունը և գնահատման արդյունքում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`
1) պետական օժանդակության թույլատրում,
2) պետական օժանդակության թույլատրում պարտադիր կատարման ենթակա համապատասխան հանձնարարականներով (պայմանով թույլատրում),
3) պետական օժանդակության արգելում, եթե պետական օժանդակությունը համատեղելի չէ սույն օրենքի կամ ի կատարումն սույն օրենքի ընդունված իրավական ակտերի պահանջների հետ:
- Մինչև Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը պետական օժանդակությունը տրամադրող մարմինը և դրա ստացման համար դիմող տնտեսվարող սուբյեկտը իրավունք չունեն գործարկել պետական օժանդակությունը կամ պետական օժանդակության գործարկմանն առնչվող գործողություններ իրականացնել:
- Մինչև Հանձնաժողովի կողմից որոշում ընդունելը պետական օժանդակությունը տրամադրող մարմնի կամ դրա ստացման համար դիմող տնտեսվարող սուբյեկտի կողմից պետական օժանդակության գործարկման կամ գործարկմանն առնչվող գործողությունների իրականացման դեպքում այդ պետական օժանդակությունը համարվում է չհայտարարագրված:
- Հանձնաժողովի որոշմամբ արգելված պետական օժանդակությունը չի կարող տրամադրվել: Արգելված պետական օժանդակություն ստացած տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է հետ վերադարձնել այն` Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում:
- Հանձնաժողովը վարում է պետական օժանդակության վերաբերյալ միասնական գրանցամատյան:
- Պետական օժանդակություն տրամադրող բոլոր մարմինները Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգի համաձայն, պարտավոր են Հանձնաժողով ներկայացնել իրենց կողմից տրամադրված պետական օժանդակության վերաբերյալ տեղեկատվությունը:
- Հանձնաժողովն իրավասու է տնտեսության առանձին ոլորտների, մարզերի կամ համայնքների տնտեսական զարգացմանը կամ որոշակի պետական խնդիրների լուծմանն ուղղված պետական օժանդակությունների վերաբերյալ ընդունել որոշումներ, որոնցով կարող են սահմանվել պետական օժանդակության տրամադրման այլ պայմաններ` կապված պետական օժանդակության նպատակի, պետական օժանդակություն ստացող սուբյեկտների խմբերի, կիրառվելիք շեմերի, պետական օժանդակության ընդհանուր չափերի, պետական օժանդակությունը գնահատելու չափանիշների և այլ պայմանների հետ:
- Շահագրգիռ ցանկացած անձ կարող է դիմել Հանձնաժողով` փաստացի տրված պետական օժանդակության վերահսկողություն նախաձեռնելու համար:»:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի`
- 1-ին մաս «ա» կետը լրացնել հետևյալ պարբերությամբ`
«- չհայտարարագրված և Հանձնաժողովին հայտնի դարձած պետական օժանդակության տրամադրման գործընթացը կասեցնելու վերաբերյալ.»,
- 1-ին մասի «է» կետի`
«պետական օժանդակության» բառերից հետո լրացնել «հայտարարագրման, պետական օժանդակության տրամադրման համար հայտարարագրման ոչ ենթակա օժանդակությունների ընդհանուր կանոնների, պետական օժանդակության նվազագույն թույլատրելի չափի (չափերի), պետական օժանդակության հայտարարագրի ձևի, Հանձնաժողովի կողմից պետական օժանդակության գնահատման, պետական օժանդակության գրանցամատյանի վարման ու գրանցամատյանի ձևի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասից հետո լրացնել հետևյալ 6.1 մասով`
«6.1 Հանձնաժողովի որոշմամբ պետական օժանդակության տրամադրման գործընթացը կասեցվելու դեպքում պետական օժանդակության գործարկման կամ գործարկմանն առնչվող գործողություններ կատարելու դեպքում տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:»:
Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածի առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերությամբ`
«Սույն օրենքի խախտմամբ տրամադրված պետական օժանդակության պատճառով տնտեսվարող սուբյեկտների կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
- Պետական օժանդակության միասնական գրանցամատյանում հաշվառելու նպատակով սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պետական օժանդակություն տրամադրող մարմինները պարտավոր են Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնել մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրամադրված այն պետական օժանդակությունների մասին, որոնք շարունակվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 171.6-րդ հոդվածի՝
1) վերնագրում «ստանալը» բառից հետո ավելացնել «կամ կասեցված պետական օժանդակությունը գործողության մեջ դնելը» բառերով,
2) 1-ին մասի «ստանալը» բառից հետո լրացնել «կամ Հանձնաժողովի որոշմամբ պետական օժանդակության տրամադրման գործընթացի կասեցվելու դեպքում պետական օժանդակության գործարկման կամ գործարկմանն առնչվող գործողություններ կատարելը» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 171.11-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 171.12-րդ և 171.13-րդ հոդվածներով՝
«Հոդված 171.12. Հայտարարագրման ենթակա պետական օժանդակությունը չհայտարարագրելը
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից հայտարարագրման ենթակա պետական օժանդակությունը չհայտարարագրելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
Հոդված 171.13. Կասեցված պետական օժանդակությունը գործողության մեջ դնելը
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից Հանձնաժողովի որոշմամբ պետական օժանդակության տրամադրման գործընթացի կասեցվելու դեպքում պետական օժանդակության պետական օժանդակության գործարկման կամ գործարկմանն առնչվող գործողություններ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 244.8-րդ հոդվածի 1-ին մասում «171.11» թվերը փոխարինել «171.13» թվերով:
Հոդված 4. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասում «171.11» թվերը փոխարինել «171.13» թվերով:
Հոդված 5. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ մասում «171.11» թվերը փոխարինել «171.13» թվերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
-
Քննարկվել է
21.08.2019 - 06.09.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տնտեսական, Սահմանադրական և վարչական օրենսդրություն
-
Նախարարություն
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Դիտումներ` 10645
Տպել