ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան 

  1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անձի ֆունկցիոնալության գնահատման կազմակերպական և իրավական հիմքերը, ֆունկցիոնալության գնահատման նպատակները, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները, ֆունկցիոնալության գնահատման ոլորտում պետական կառավարման մարմնի լիազորությունները, ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինների լիազորությունները, ինչպես նաև ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող այլ հարաբերություններ:
  2. Սույն օրենքի նպատակը ֆունկցիոնալության գնահատման համակարգի (այսուհետ՝ գնահատման համակարգ) ներդրումն է, հաշմանդամություն ունեցող անձանց գնահատված կարիքին համարժեք ծառայություններ մատուցելու իրավական հիմքերի ստեղծումը՝ հիմնված մարդու հիմնարար իրավունքների վրա:

Հոդված 2. Ֆունկցիոնալության գնահատման ոլորտը կարգավորող օրենսդրությունը 

  1. Հայաստանի Հանրապետությունում ֆունկցիոնալության գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
  2. Սույն օրենքով սահմանված ֆունկցիոնալության գնահատման ոլորտում մատուցվող ծառայություններից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող՝ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
  3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ծառայություններից Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձիք կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, Հայաuտանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով ուղղակի նախատեսված դեպքերում:
  4. Սույն օրենքով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթները հավասարապես տարածվում են հաշմանդամություն ունեցող երեխաների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները 

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
  • ֆունկցիոնալության գնահատում՝ Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացվող գործընթաց, որն իրականացվում է անձի առողջական խնդիրների, գործունեության ու մասնակցության և միջավայրային արգելքների գնահատման հիման վրա անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու կամ մերժելու, անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշելու և անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունները որոշարկելու նպատակներով,
  • ֆունկցիոնալության սահմանափակում` օրգանիզմի ֆունկցիաների և մարմնի կառուցվածքի, գործունեության և մասնակցության, միջավայրային գործոնների ազդեցության համատեքստում անձի հասարակական կյանքին մասնակցելու կարողության սահմանափակումը,

ա.   մարմնի կառուցվածք (Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) ֆունկցիաների միջազգային դասակարգման (այսուհետ՝ ՖՄԴ) «s» ծածկագրեր)՝ մարմնի անատոմիական մասեր, ինչպիսիք են օրգանները, վերջույթները և դրանց բաղադրիչները,

բ.   oրգանիզմի ֆունկցիաներ (ԱՀԿ ՖՄԴ «b» ծածկագրեր)՝ օրգան համակարգերի ֆիզիոլոգիական ֆունկցիաներ (ներառյալ հոգեկան ֆունկցիաները),

գ.    գործունեություն և մասնակցություն (ԱՀԿ ՖՄԴ «d» ծածկագրեր)` սովորելու և գիտելիքները կիրառելու, ընդհանուր առաջադրանքներ կատարելու, հաղորդակցվելու, տեղաշարժվելու, ինքնասպասարկման, կենցաղը կազմակերպելու, միջանձնային հարաբերություններ ստեղծելու, կրթություն ստանալու, աշխատելու (երեխաների համար` խաղալու) և այլ ունակությունների (կարողությունների) և հնարավորությունների համակցություն.

դ.    միջավայրային գործոններ՝ (ԱՀԿ ՖՄԴ «e» ծածկագրեր)՝ անձի վրա որոշակի ազդեցություն ունեցող ֆիզիկական և սոցիալական միջավայր, այդ թվում՝ հասարակության կողմից անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը,

  • ծառայությունների անհատական ծրագիր (ԾԱԾ)` անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում մշակված փաստաթուղթ, որը ներառում է հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումներն ու ծրագրերը,
  • ֆունկցիոնալության գնահատման համակարգ՝ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշելուն, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելուն, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) ամբողջություն: 

Հոդված 4. Ֆունկցիոնալության գնահատման համակարգի հիմնական սկզբունքները 

  1. Ֆունկցիոնալության գնահատման համակարգի հիմնական սկզբունքներն են.
  • հաշմանդամություն ունեցող անձի հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը,
  • հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը և իրազեկ համաձայնությունը,
  • մատչելիությունը,
  • անձնական տվյալների գաղտնիությունը,
  • հաշմանդամություն ունեցող անձի կարիքների բազմակողմանի գնահատելը,
  • ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ծառայությունների մատուցումը որպես գերակա նպատակ ունենալը:

 ԳԼՈՒԽ 2

ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները ֆունկցիոնալության գնահատման ոլորտում 

  1. Ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
  • մշակում և իրականացնում է ֆունկցիոնալության գնահատման ոլորտում միասնական պետական քաղաքականությունը,
  • հաստատում է հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագիրը,
  • հաստատում է ֆունկցիոնալության գնահատման կարգը, չափորոշիչները և գործիքները,
  • հաստատում է ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու կարգը,
  • հաստատում է ֆունկցիոնալության գնահատման հիման վրա ծառայություններ տրամադրելու կարգը,
  • հաստատում է ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կանոնադրությունը,
  • հաստատում է հաշմանդամության պատճառական կապերը և դրանք սահմանելու կարգը,
  • հաստատում է անձի մահվան պատճառական կապը որոշելու դեպքերը (մահվան պատճառական կապի տեսակները), ինչպես նաև գնահատման միջոցով անձի մահվան պատճառական կապը որոշելու կարգը,
  • հաստատում է աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված վնասվածքների, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելու կարգը և չափանիշները,
  • հաստատում է ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրում ընդգրկվելու կարգը,
  • սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց առանձին խմբերին օրենքով նախատեսված արտոնություններ տրամադրելու կարգերը,
  • հաստատում է ֆունկցիոնալության գնահատման համակարգի բարեփոխումների իրականացմանն ուղղված ծրագրեր,
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ։ 

Հոդված 6. Ֆունկցիոնալության գնահատման ոլորտում պետական կառավարման մարմնի լիազորությունները 

  1. Ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը հանդիսանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ լիազորած մարմին):
  2. Լիազորած մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով՝
    • հաստատում է ծառայությունների անհատական ծրագրի ձևը, լրացման կարգը,
    • հաստատում է ֆունկցիոնալության գնահատման կենտրոնների կանոնադրությունը,
    • իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 Հոդված 7. Ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինները 

  1. Ֆունկցիոնալության գնահատումն իրականացնում են այդ ոլորտում իրավասու պետական մարմինները՝ ֆունկցիոնալության գնահատման կենտրոնները (այսուհետ՝ նաև ՖԳԿ):
  2. Իրենց լիազորությունների շրջանակում ՖԳԿ-ների ընդունած որոշումները, եզրակացությունները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց, կազմակերպությունների համար ենթակա են պարտադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
  3. Ֆունկցիոնլության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինների գործունեության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։ 

Հոդված 8. Ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինների լիազորությունները 

  1. Ֆունկցիոնալության գնահատման կենտրոնները՝
    • գնահատում են անձի ֆունկցիոնալությունը,
    • կազմում են ծառայությունների անհատական ծրագիրը,
    • անձին ճանաչում են հաշմանդամություն ունեցող կամ չեն ճանաչում,
    • որոշում են անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը,
    • ֆունկցիոնալության գնահատման համար դիմած անձանց անհրաժեշտության դեպքում ուղեգրում են լրացուցիչ հետազոտությունների և (կամ) կարող են առողջապահական, կրթական և այլ մարմիններից պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են անձի ֆունկցիոնալության գնահատման համար,
    • որոշում են հաշմանդամության պատճառական կապը, որոշում են հաջորդ գնահատման, ինչպես նաև ծառայությունների անհատական ծրագրի վերանայման ժամկետը,
    • որոշում են անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը՝ կապված աշխատանքային պարտականությունների կատարման կամ մասնագիտական հիվանդության հետ,
    • մասնակցում են ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց տվյալների շտեմարանի ստեղծմանը,
    • անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով, ելնելով անհրաժեշտությունից, հարցումներ են կատարում տարբեր մարմիններ և կազմակերպություններ՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից,
    • իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ։

Հոդված 9. Ֆունկցիոնալության գնահատումը 

  1. Գնահատման արդյունքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող կամ չի ճանաչվում, որոշվում է նաև նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը:
  2. Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշվում է ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչներին համապատասխան: Ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  3. Ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է՝

1)       անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա՝

ա. հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում,

բ. անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի փոփոխության դեպքում,

գ. գնահատման կենտրոնի կողմից կայացրած որոշումը (վարչական ակտը) բողոքարկելու դեպքում,

դ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում.

2)       լիազորած մարմնի նախաձեռնության հիման վրա (վարչական ակտի իրավաչափությունը գնահատելու համար),

3)       դատարանի որոշմամբ։

  1. Վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ: Անժամկետ հաշմանդամություն սահմանելու դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հոդված 10. Հաշմանդամության պատճառական կապերը 

  1. Հաշմանդամության պատճառ կարող են լինել՝

1) մանկուց (մինչև 18 տարին լրանալը) ձեռք բերած  հիվանդությունը.

2) ընդհանուր հիվանդությունը.

3) աշխատանքային վնասվածքը.

4) մասնագիտական հիվանդությունը.

5) բնական, տեխնածին և այլ աղետները, ինչպես նաև դրանց վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդությունը կամ վնասվածքը.

6) զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունը կամ  վնասվածքը.

7) զինվորական պարտականությունները կատարելու հետևանքով ձեռք բերած հիվանդությունը կամ վնասվածքը.

8) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ վնասվածքը.

9) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների (խաղաղապահ առաքելությունների, զորավարժությունների) ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ վնասվածքը.

10) պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ վնասվածքը.

11) հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ վնասվածքը.

12) Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների ժամանակ զինվորական ծառայողական պարտականությունները կատարելիս  ձեռք բերած հիվանդությունը կամ վնասվածքը.

13) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերը։

  1. Ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում սահմանվում է նաև պատճառական կապը: Հաշմանդամության պատճառական կապը սահմանվում է հաշմանդամություն առաջացնող ախտաբանական վիճակի և այդ ախտաբանական վիճակի առաջացման պատճառի (անմիջական կապ կամ հետևանք) վերաբերյալ փաստաթղթերում եղած տվյալների հիման վրա:
  2. Հաշմանդամության պատճառական կապերը սահմանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

Հոդված 11. Ծառայությունների անհատական ծրագիրը 

  1. Ծառայությունների անհատական ծրագիրը կազմվում է ՖԳԿ-ների կողմից՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:
  2. Ծառայությունների անհատական ծրագիրը կազմելու և իրականացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  3. Ծառայությունների անհատական ծրագիրը պետք է հիմնված լինի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը խթանելու նպատակի վրա: Այն կազմվում է անձի ֆունկցիոնալության գնահատման հիման վրա և կապված է առողջապահության, կրթության, զբաղվածության, սոցիալական ապահովության միջոցների, բուժական և վերականգնողական ծառայությունների, ներառյալ աջակցող միջոցները, ինչպես նաև իրավական ակտերով նախատեսված այլ միջոցառումների հետ: Ծառայությունների անհատական ծրագիրը պետք է հաշվի առնի հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների՝ սեռով պայմանավորված հատուկ կարիքները:
  4. Ծառայությունների անհատական ծրագրի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է լիազորած մարմինը:
  5. Ծառայությունների անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ՝ անձն իրավունք ունի հրաժարվելու ինչպես ծառայությունների անհատական ծրագրի իրականացումից՝ ամբողջությամբ, այնպես էլ դրանում ընդգրկված որևէ միջոցառման իրականացումից:
  6. Ծառայությունների անհատական ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացումը կազմակերպվում և դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան մարմինների (անձանց, կազմակերպությունների, հիմնարկների) կողմից՝ սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում: Ծառայությունների անհատական ծրագրում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ հսկողությունն ապահովում է լիազորած մարմինը:
  7. Ծառայությունների անհատական ծրագիրը համապատասխան մարմինների (անձանց, կազմակերպությունների, հիմնարկների) կողմից ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի:
  8. Ծառայությունների անհատական ծրագրում ներառված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումների արդյունքները (արդյունավետությունը) գնահատում է լիազորած մարմինը:
  9. Ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցների հաշվին: 

Հոդված 12. Ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումների և ծառայությունների անհատական ծրագրերի բողոքարկումը և վերահսկողությունը 

  1. Ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումների և ծառայությունների անհատական ծրագրերի բողոքարկման հիմքերը, ժամկետները և կարգը կարգավորվում են սույն օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով:
  2. Ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումների, կազմվող եզրակացությունների և ծառայությունների անհատական ծրագրերի կազմման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազորած մարմինը:
  3. Ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումների, կազմվող եզրակացությունների և ծառայությունների անհատական ծրագրերի մշակման ու կազմման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը և մեխանիզմները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  4. Ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումները (այդ թվում՝ ծառայությունների անհատական ծրագրերը) կարող են բողոքարկվել վերադասության և դատական կարգով: Բողոքարկման կարգը սահմանում է կառավարությունը: 

Հոդված 13. Ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տվյալների շտեմարանը 

  1. Ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամաբ վերահսկողություն, վիճակագրական և հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով լիազորած մարմինը ձևավորում և վարում է տվյալների շտեմարան:
  2. Տվյալների շտեմարանի ձևավորման և օգտագործման գործընթացում երաշխավորվում է էթիկայի սկզբունքների պահպանումը, ինչպես նաև անձնական տվյալների գաղտնիությունը՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
  3. Տվյալների շտեմարանը վարում է լիազորած մարմինը, իսկ սպասարկումը և դրանում առկա տեղեկությունները մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպությունը:
  4. Տվյալների շտեմարանը պետք է ապահովի դրանում ներառված տվյալների համադրելիությունը, ապախոշորացումը՝ վիճակագրական տվյալների արտածման հնարավորությունը:
  5. Լիազորած մարմինը, հաշմանդամություն ունեցող անձանց և հանրության համար տվյալների շտեմարանի հասանելիությունն ապահովելու նպատակով, իր պաշտոնական կայքում պարբերաբար հրապարակում է տեղեկություններ՝ հաշվի առնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի պահանջները: 

ԳԼՈՒԽ 3

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 14. Օրենքի ուժի մեջ մտնելը 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    06.08.2019 - 21.08.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9520

Տպել