Հիշել նախագիծը

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սահմանադրական դատարանը, իր 19.03.2019թ. ՍԴՈ-1448 որոշմամբ անդրադառնալով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի և 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցին, Սահմանադրության 60, 75 և 78-րդ հոդվածներին հակասող է ճանաչել Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասն՝ այն մասով, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքներն այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` ոչ ուշ, քան 30 աշխատանքային օրվա ընթացքում պետական գրանցման ներկայացնելու պահանջը չպահպանելը՝ առանց ժամկետը բացթողնելու պատճառները հաշվի առնելու, հանգեցնում է գործարքի անվավերությանը, ինչպես նաև 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ այն մասով, որ խոչընդոտում է հարգելի պատճառով 30-օրյա ժամկետի խախտմամբ ներկայացված դիմումների հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից նոտարական կարգով կնքված գործարքների պետական գրանցման համար 30-օրյա ժամկետ սահմանելու և այդ ժամկետը լրանալուց հետո բացասական իրավական հետևանքների վրա հասնելու օրենսդրական ընթացակարգերը մի շարք դեպքերում կարող են խոչընդոտել անձի՝ սեփականության նկատմամբ իրավաչափ սպասելիքների իրացմանը, հետևաբար՝ այդ ընթացակարգերը արդյունավետ չեն անձի՝ սեփականության նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքի իրացման տեսանկյունից:

Օրենսդրական այս կարգավորումների արդյունքում սահմանափակվում է անձի՝ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը, քանի որ 30 աշխատանքային օրվա ժամկետը բաց թողնելուց հետո նա այլևս չի կարող իր կողմից արդեն իսկ կնքված գործարքի միջոցով ձեռք բերել սեփականության իրավունք: Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ օրենսդրի կողմից սեփականության իրավունքի այս սահմանափակումն արդարացված չէ Սահմանադրության տեսանկյունից այն հիմնավորմամբ, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Սահմանադրական դատարանը, իրավաչափ համարելով նման կարգավորումը, այնուամենայնիվ նշել է, որ իրավաչափ նպատակ հետապնդող այս կարգավորումն ընդունելիս օրենսդիրը պետք է հաշվի առներ Սահմանադրության 78-րդ հոդվածով երաշխավորված համաչափության սկզբունքը, ըստ որի՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Մինչդեռ առկա կարգավորումները թեև պիտանի են հետապնդվող նպատակի իրականացման համար, սակայն անհրաժեշտ չեն:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից սահմանված կարգավորումն անհրաժեշտ չէ, քանի որ որպես ավելի մեղմ միջոց Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում կարող էր նախատեսվել դրույթ՝ ժամկետը բաց թողնելը վերականգնելու վերաբերյալ, եթե բաց թողնելը տեղի էր ունեցել առանց անձի մեղքի: Գործարքի անվավերությանը հանգեցնելու կամ առոչինչ լինելու սահմանումը որպես իրավական հետևանք անհամաչափ սահմանափակում է սեփականության իրավունքի ձեռքբերման նկատմամբ օրինական ակնկալիքի իրավունքը: Կարող են լինել դեպքեր, երբ անձի կողմից ժամկետը չպահպանելն ամենևին նրա մեղավորությունից չբխի: Այս հանգամանքն օրենսդիրը պետք է հաշվի առներ համապատասխան հարցը կարգավորելիս: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդիրն Oրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում ընտրել է միջոցներից այն մեկը, որն էապես ավելի խիստ է միջամտում անձի սեփականության իրավունքին, քան դա կարող էր լինել վերոնշյալ բացառությունը սահմանված լինելու դեպքում, այն պիտանի, սակայն Սահմանադրության 78-րդ հոդվածի իմաստով անհրաժեշտ միջոց չէ: Ուստի գործարքի անվավերության իրավական հետևանքներ կարող է առաջացնել միայն անձի մեղավորությամբ Օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելը:

Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշմամբ բացահայտված խնդիրները, Նախագծով Օրենքում կատարվել են համապատասխան լրացումներ,, որոնք հստակ թվարկում են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դիմողի միջնորդությամբ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը գրանցման համար դիմելու ժամկետի բացթողումը հարգելի է համարում:

Բացի այդ, Սահմանադրական դատարանն անդրադարձել է նաև Դիմողի բարձրացրած հարցին՝ կապված վարչական ակտի հիման վրա կատարված գործարքները տարանջատելու հետ՝ հաշվի առնելով այն, որ վարչական ակտի հիման վրա պայմանագիր կնքելու և այն նոտարի կողմից վավերացվելու, սակայն Օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում պետական գրանցման չներկայացվելու դեպքում վարչական ակտի հիման վրա կնքված գործարքն առոչինչ է և ենթակա չէ պետական գրանցման՝ մի կողմից, իսկ վարչական ակտն ուժի մեջ է և առաջացնում է սեփականության իրավունքի նկատմամբ լեգիտիմ ակնկալիք՝ մյուս կողմից (բացառությամբ պայմանով վարչական ակտերի):

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ հաշվի առնելով այն, որ մի շարք դեպքերում գույքի օտարման մասին որոշումները կայացվում են վարչական ակտերով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ պետության պարտականությունն է սահմանել սեփականության օտարման այնպիսի արդյունավետ կառուցակարգեր և կարգավորումներ, որոնք նվազագույնս կծանրաբեռնեն գույքը ձեռքբերողներին՝ կապված գործարքների կնքման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման հետ: Ընդ որում՝ վարչական ակտի հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերման ամրագրումն առանձին դեպքերում կարող է իրականացվել նոտարական գործառույթների համատեղման եղանակով, երբ մեկ մարմինը կստանձնի անձին վարչական ակտի տրամադրմանն ուղղված բոլոր գործողությունների կատարումը:

Հաշվի առնելով նշված հանգամանքը, մասնավորապես գույքը ձեռքբերողներին նվազագույնս ծանրաբեռնելու անհրաժեշտությունը՝ նախագծով (հոդված 24, մաս 6) սահմանվել է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու պարտականությունը կրում է այդ գործարքը վավերացրած նոտարը:

Նման կարգավորման պարագայում վերանում է պետական գրանցման համար դիմելու ժամկետը բաց թողնելու հավանականությունն ու դրանից բխող բացասական հետևանքները: Մասնավորապես նման կարգավորման դեպքում չի կարող ստեղծվել նկարագրված  կազուսային այն իրավիճակը, երբ առկա կլինի ուժի մեջ գտնվող վարչական ակտ, սակայն դրա հիման վրա կնքված գործարքը կլինի առոչինչ:

Նշված փոփոխությունից բխում է նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, որոնք կապված են նոտարի կողմից իրավունքները պետական գրանցման ներկայացնելու հետ: Նախագծով նոտարի վրա պարտականություն է դրվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքը (բացառությամբ միակողմ գործարքների) վավերացնելուց հետո անմիջապես ծանուցել գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին՝ գործարքից ծագող իրավունքի պետական գրանցումն ապահովող նախնական նշում անելու համար և պետական գրանցման ներկայացնել գործարքը վավերացնելուց հետո եռօրյա ժամկետում:

Բացի այդ լրացում է կատարվել նաև Քաղաքացիական օրենսգրքի 505-րդ հոդվածում, որով սահմանվել է վճարումների կատարման բացառապես անկանխիկ եղանակ տարաժամկետ վճարելու պայմանով կնքված անշարժ գույքի  առուվաճառքի պայմանագրի դեպքում: Վճարումը պետք է կատարվի վաճառողի կողմից պայմանագրում նշված բանկային հաշվին, իսկ անհնարինության դեպքում՝ նոտարի դեպոզիտ հաշվին, ինչը համարվում է պարտավորության պատշաճ կատարում:

Տարաժամկետ վճարման պայմանի դեպքում գույքը մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման: Առաջարկվող կարգավորումը թույլ կտա խուսափել գրավը դադարելու պահը որոշելու հետ կապված և դրանից բխող խնդիրներից, քանի որ անկանխիկ եղանակով վճարման պարագայում վերանում են պրակտիկայում առաջացող խնդիրները՝ կապված վճարումը կատարելու կամ վերջին վճարումը կատարելու պահը որոշելու անհնարինության հետ:

Մեկ այլ որոշմամբ (իր 04.02.2014թ. ՍԴՈ-1137 որոշմամբ) Սահմանադրական դատարանը, անդրադառնալով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի դրույթներին, գտել է, որ դրանում ամրագրված` «իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը կայացվել է դրա ընդունման լիազորությունը չունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից» դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումների շրջանակներում։

Իսկ ինչ վերաբերում է նույն ենթակետի` «...կամ իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը չի համապատասխանում դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի պահանջներին» դրույթին, ապա այդ դրույթը այնքանով, որքանով կիրառվում է առանց օրենքով սահմանված դատական կամ արտադատական կարգով տվյալ ակտի անվավեր ճանաչման, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 5-րդ, 91-րդ և 108.1-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Սահմանադրական դատարանը, իր որոշմամբ կարևորելով օրենքում հասկացությունները հստակ և ճշգրիտ ամրագրելու անհրաժեշտությունը, որպեսզի չաղավաղվի իրավակարգավորման բովանդակությունը, նկատի է առնում, որ քննության առարկա օրենքի իրավակարգավորման շրջանակներում կարգավորման առարկան ոչ թե իրավունքի սահմանումը կամ սահմանափակումն է, այլ օրենքով նախատեսված սահմանափակման կիրառումը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ այլ նորմատիվ, ինչպես նաև անհատական իրավական ակտերով չեն կարող ամրագրվել կամ սահմանվել իրավունքներ կամ իրավունքի սահմանափակումներ, իսկ անհատական իրավական ակտերով, որպես իրավունքի կիրառման ակտեր, կարող են ընդամենը կիրառվել իրավունքի սահմանափակումները։

Այնուհետև, Սահմանադրական դատարանը, անդրադառնալով վարչական ակտի անվավերությանն ու առոչնչությանը, արձանագրում է, որ իրավունք կամ սահմանափակում կիրառող վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքի ստուգումը և գնահատումը ոչ միայն իրավաչափ է, այլ նաև անհրաժեշտ և պարտադիր՝ պայմանավորված այլոց իրավունքներով և ազատություններով, ինչպես նաև առ ոչինչ վարչական ակտի կատարման կամ կիրառման համար օրենքով սահմանված պատասխանատվության չենթարկվելու հանգամանքով։

Իսկ ինչ վերաբերում է իրավունք կամ սահմանափակում կիրառող վարչական ակտի անվավերության հիմքերի՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստուգման և գնահատման հարցին, ապա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետական լիազոր մարմինը, մերժելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը, օրենքի վիճարկվող դրույթների ուժով՝ չի կատարել վարչական ակտի պահանջը՝ անտեսելով այն հանգամանքը, որ ոչ մի իրավասու սուբյեկտ չի վիճարկել պետական գրանցման ենթակա իրավունք կիրառող վարչական ակտը, և այն գտնվում է իրավաբանական ուժի մեջ։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ պետական գրանցման ենթակա իրավունք կամ սահմանափակում կիրառող վարչական ակտի՝ դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի պահանջներին չհամապատասխանելու հիմքով իրավունքի պետական գրանցման մերժումը կարող է համարվել իրավաչափ միայն այն դեպքում, երբ սահմանված դատական կամ արտադատական կարգով վերացվել է պետական գրանցման իրավունք կամ սահմանափակում կիրառող անհատական իրավական ակտը, այսինքն՝ երբ դադարեցվել է վարչական ակտի իրավաբանական ուժը։

  1. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Կարգավորման նպատակը ՍԴ վերոնշյալ որոշումների կատարումն ապահովելն է, ինչպես նաև ակնկալվում է՝

  • գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու պարտականությունը նոտարների վրա դնելու միջոցով վերացնել գրանցման համար դիմելու ժամկետը բաց թողնելու հավանականությունը և դրանից բխող բացասական հետևանքները,
  • հնարավորություն ընձեռել այն անձանց, որոնց համար անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները ոչ ուշ, քան գործարքի նոտարական վավերացման օրվանից սկսած՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում պետական գրանցման ներկայացնելու պահանջը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության (նման գործարքն առոչինչ է), դիմելու պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնին նշված ժամկետը բաց թողնելը հարգելի ճանաչելու խնդրանքով,
  • պետական գրանցումը մերժելու հիմքերի հստակեցման շնորհիվ բացառել պրակտիկայում անհատական իրավական ակտերի կիրառման հետ կապված հնարավոր խնդիրները:
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

  • Քննարկվել է

    15.07.2019 - 30.07.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կադաստր, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն, Նոտարական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9854

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

26.07.2019

Ի լրումն սույն նախագծի վերաբերյալ իմ նախորդ առարկությունների հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ եւ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն: Նույն օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջեւ պահանջվող ձեւով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից: Վերոգրյալից ուղղակի բխում է, որ գույքի նկատմամբ իրավունքի գրանցումը տեխնիկական կամ ոչ էական հարց չէ: Գույքի նկատմամբ իրավունքի գրանցումը պայմանագրի կնքման շղթայի բաղկացուցիչ մասն է հանդիսանում, առանց որի պայմանագիրը չի համարվի կնքված: Վերոգրյալի համաձայն է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ եթե գործարքը կնքվել է պատշաճ ձեւով, իսկ կողմերից մեկը հրաժարվում է գործարքից ծագող իրավունքների գրանցումից, դատարանն իրավունք ունի մյուս կողմի պահանջով վճիռ կայացնել այդ իրավունքների գրանցման մասին: Սույն նորմից ուղղակի բխում է, որ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման համար պետք է դիմեն պայմանագրի բոլոր կողմերը, քանի որ գույքի նկատմամբ իրավունքի գրանցումով անձինք փաստացի տնօրինում են գույքը՝ որոշում են դրա ճակատագիրը: Վերագրյալի համաձայն գտնում եմ, որ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը նոտարին կամ կողմերից միայն մեկին հանձնարարլով, ոչ միայն խախտվում են վերոհիշյալ նորմերի, այլ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի պահանջը:

Գևորգ Մալխասյան

26.07.2019

Ի լրումն սույն նախագծի վերաբերյալ իմ նախորդ առարկությունների հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ եւ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն: Նույն օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջեւ պահանջվող ձեւով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից: Վերոգրյալից ուղղակի բխում է, որ գույքի նկատմամբ իրավունքի գրանցումը տեխնիկական կամ ոչ էական հարց չէ: Գույքի նկատմամբ իրավունքի գրանցումը պայմանագրի կնքման շղթայի բաղկացուցիչ մասն է հանդիսանում, առանց որի պայմանագիրը չի համարվի կնքված: Վերոգրյալի համաձայն է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ եթե գործարքը կնքվել է պատշաճ ձեւով, իսկ կողմերից մեկը հրաժարվում է գործարքից ծագող իրավունքների գրանցումից, դատարանն իրավունք ունի մյուս կողմի պահանջով վճիռ կայացնել այդ իրավունքների գրանցման մասին: Սույն նորմից ուղղակի բխում է, որ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման համար պետք է դիմեն պայմանագրի բոլոր կողմերը, քանի որ գույքի նկատմամբ իրավունքի գրանցումով անձինք փաստացի տնօրինում են գույքը՝ որոշում են դրա ճակատագիրը: Վերագրյալի համաձայն գտնում եմ, որ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը նոտարին կամ կողմերից միայն մեկին հանձնարարլով, ոչ միայն խախտվում են վերոհիշյալ նորմերի, այլ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի պահանջը:

Գևորգ Մալխասյան

24.07.2019

3. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն պարտավոր է իրականացնել միայն նոտարական գործողություններ: Իրավունքի գրանցումը նոտարական գործողություն չէ և չի կարող պարտադրվել նոտարին: Նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայան նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողություններն ու ծառայությունները վճարով են: Ընդ որում ոչ նոտարական գործողությունների համար ծառայությունների վճարը սահմանում է նոտարը: Այս պայմաններում անձանց վրա դրվում է նաև նոտարի կողմից մատուցվող ոչ նոտարական գործողությունների համար լրացուցիչ վճարումներ կատարելու պարտականություն ևս, որն անընդունելի է: 4. Նոտարն իրավունք չունի առանց կողմերի կողմից սահմանված կարգով տրված լիազորության իրականացնել պայմանագրի կողմերի կողմից կնքված պայմանագրից բխող իրավունքի գրանցում, քանի որ այդ գրանցման հետևանքով մի կողմը ձեռք է բերում իրավունք, իսկ մյուս կողմը կարող է այն կորցնում է: Այս պայմաններում առանց անձի գրավոր համաձայնության իրավունքի պետական ցանկացած գրանցման փաստ անվավեր կճանաչվի ցանկացած դատարանի կողմից: 5. Ըստ էության սույն նախագծով գործարքների նկատմամբ իրավունքների գրանցման քաղաքացիաիրավական հարաբերությունները դառնում են վարչաիրվական հարաբերություններ, որը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսդրության սկզբուքններին: 6. Նույն մոտեցումները վերաբերվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 505-րդ հոդվածի փոփոխությոնը, որով ևս պետությունը խախտում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի սկզբունքները՝ անհիմն ու անօրինական ձևով միջամտելով անձանց քաղաքացիաիրավական հարաբերություններին:

Տեսնել ավելին