Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը

75%25%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածում՝
1) 1.2-րդ մասում ««A», «B» և «C» կարգերի, ինչպես նաև «A1», «B1» և «C1» ենթակարգերի» բառերը փոխարինել ««A» և «B» կարգերի, ինչպես նաև «A1» և «B1» ենթակարգերի» բառերով,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.3-րդ, 1.4-րդ, 1.5-րդ և 1.6-րդ մասերով.
«1.3. Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած անձը պետք է անցնի բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելու ընթացքում ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ սույն օրենքի 22.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում:
1.4. «C», «D», «T» և «CE», «DE» կարգերի, «C1», «D1» և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական առաջին անգամ ստանալու համար դիմած անձիք Ճանապարհային ոստիկանության կողմից տրված պահանջագրի հիման վրա անցնում են բժշկական հավատարմագրում:
1.5. Թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ենթակա, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված անձանց անձնական տվյալները մշակվում են էլեկտրոնային եղանակով և հարցման դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմնի միասնական էլեկտրոնային շտեմարանի միջոցով հասանելի են դառնում Ճանապարհային ոստիկանությանը: Էլեկտրոնային շտեմարանից հարցում կատարելու համար վարորդի թեկնածուի կողմից համաձայնություն չտալու դեպքում վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը մերժվում է:
1.6. Տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար ուսուցման գործունեության իրականացումը ենթակա է լիցենզավորման Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2.
Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «հոգեկան» բառից հետո լրացնել «, թմրամիջոցների և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված» բառերը:

Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելու օրվանից 6 ամիս հետո:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1.5-րդ մասով սահմանված էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքներն ավարտին են հասցվում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193-Ն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակի 9-րդ` «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

9. Տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար ուսուցման գործունեության իրականացում ԿՄ - - - - Հ -

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելու օրվանից 6 ամիս հետո:

 

 

  

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186-Ն օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ՝ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.5.6-րդ կետով.
«8.5.6. Տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար ուսուցման գործունեության իրականացման համար՝ տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելու օրվանից 6 ամիս հետո:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    21.06.2019 - 06.07.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10038

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

24.06.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Կարծում եմ, որ նախագծի հիմնավորումը բավարա չէ: Այսպես, անկախ թե անձը որտեղ կամ ինչպես է սովորել վարել կամ որտեղ կամ ինչպես է սովորել ճանապարհային երթևեկության կանոնները միևնույն է նրա գիտելիքների չափանիշը որոշում է պետական մարմինը: Եթե անձը լավ կամ լիարժեք չի տիրապետում համապատասխան գիտելիքներին, ապա իրավասու մարմինը պետք է չտրամադրի համապատասխան իրավունք: Լիցենզավորումը՝ ուսուցման առումով որևէ խնդիր չի լուծելու: Այն միայն ավելացնելու է կոռուպցիոն ռիսկերը, լրացուցիչ ֆինանսական բեռ է դնելու սովողների վրա, ինչպես նաև սահմանափակելու է մրցակցությունը համապատասխան բնագավառումը: Նշված մոտեցումը հակասում է նաև ՀՀ կառավարության ծրագրի 5.4 կետի պահանջներին, որով սահմանված է, որ ապրանքների եւ ծառայությունների շուկաներում գործելու համար պետության սահմանած` ինստիտուցիոնալ կամ այլ տնտեսական (լիցենզավորման պահանջներ եւ այլն) արգելքները կամ սահմանափակումները կհասցվեն նվազագույնի եւ կորոշվեն բացառապես այնպիսի սահմաններում, որոնք ունեն կենսական կարեւորություն: 2. Հիմնավորման մեջ խոսվում է միայն բեռնատար տրանսպորտային միջոցները վարել սովորեցնելու խնդրի լիցենզավորմանը, մինչդեռ նախագծով լիցենզավորվում է ողջ ոլորտը: 3. Ժամանակին կոռուպցիոն ռիսկերը վերացնելու նպատակով հանվեց վարորդների բժշկական հավաստագրումը, որը լուրջ արդյունքներ տվեց: Ներկայումս առանց որևէ վիճակագրական կամ այլ հիմքերի այն անհասկանալի պատճառով վերականգնվում է: Կարծում եմ, որ այս մոտեցումը ևս իր մեջ նարառնում է ոչ միան բազում կոռուպցիոն ռիսկեր, այլ առաջ է բերում լրացուցիչ և անհիմն ծախսեր քաղաքացիների համար: Խնդիրը պետք է լուծել ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային համակարգի միջոցով: Անձը, որվ ցանկանում է ստանալ վարորդական իրավունք պետք է տա իր համաձայնութունն, այն մասին, որ ոստիկանությունն իրավունք ունի մշտապես ստանալ տեղեկատվություն անձի այն հիվանդությունների մասին, որոնք խոչընդոտ են հանդիսանում վարորդական իրավունք ստանալու համար: Այս դեպքում ոստիկանությունը ցանկացած ժամանակ կարող է ստանալ համապատասխան տեղեկատվությունը ոչ միայն վարորդական իրավունքը տրամադրելիս, այլ նաև վարորդական իրավունքի գործողության ողջ ընթացքում:

Տեսնել ավելին