Justice Group
10.05.2019
10․05․2019 ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը ներկայացնում է իր դիտարկումները և առաջարկությունները Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ 1. Առաջարկում ենք՝ Սահմանել չափորոշիչներ, որոնց առկայության պայմաններում միայն կարող է կիրառվել այս կամ այն սահմանափակումը: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ․ Կալանավորված անձին պատժախուց տեղափոխելը և այնտեղ պահելն ինքնին իրենից ներկայացնում է զսպող մեխանիզմ, որպիսի պայմաններում ցանկացած այլ սահմանափակումներ, ինչպիսիք, օրինակ նախատեսվում են Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ կատարվելիք փոփոխություններով, ինքնին կարող է առաջացնել դատապարտյալի՝ անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների խախտումներ, եթե չհստակեցվի կիրառվող սահմանափակման և կատարված արարքի միջև պատճառահետևանքային կապը: Տեղին է մեջբերել, որ Եվրոպական բանտային կանոններով կտրականապես արգելվում է կոլեկտիվ և մարմնական տույժերը, մութ մենախցերում պահելը, ինչպես նաև դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող ցանկացած այլ պատիժը կիրառել որպես կարգապահական տույժ։ Արգելվում է որպես կարգապահական տույժ կիրառել ցանկացած տեսակի զսպման միջոցներ (Տե՛ս՝ Եվրոպական բանտային կանոններ, կետ 60․6 /https://rm.coe.int/european-prison-rules-978-92-871-5982-3/16806ab9ae/)։ Վերոնշյալ միջազգային փորձի լույսի ներքո պետք է նկատել, որ կալանավորվածի նկատմամբ կիրառվող ցանկացած սահմանափակում պետք է լինի հիմնավոր և մատչելի: Այդպիսի պայմաններում միայն կարող է երաշխավորվել վերջինիս կողմից կիրառվող տույժի վերադասության կարգով բողոքարկման հնարավորությունը (Տե՛ս՝ վերը նշված Եվրոպական բանտային կանոններ, կետ 61)։ Տվյալ պայմաններում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, թե որքանով է սույն հոդվածով նախատեսվող նորմը նպաստում այն կիրառողի հայեցողական վարքագծի դրսևորմանը: Մասնավորապես, առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է «(…) կալանավորված անձանց կարող են արգելվել՝ (…)», իսկ 4-րդ պարբերությամբ նախատեսվող սահմանափակումների կիրառման համար նախատեսվում է համապատասխան մարմնի կամ դրա պաշտոնատար անձի պատճառաբանված որոշումը՝ այդպես էլ չանդրադառնալով խնդրի այն կարևոր մասին, թե ինչ չափանիշների վրա պետք է հիմնվել այս կամ այն սահմանափակումը կիրառելիս: Ստեղծված իրավիճակում իրավասու մարմնի կամայական որոշումներից խուսափելու անհրաժեշտ պայման է հանդիսանում այն, որ պետք է հստակեցվեն կալանավորվածի կողմից դրսևորվող ոչ իրավաչափ արարքները և այդ արարքների կատարման հետևանքով կիրառվող կոնկրետ սահմանափակումները, ինչպես նաև այն արարքները, որոնց դեպքում կալանավորվածի նկատմամբ կարող է կիրառվել մեկից ավելի սահմանափակում: Ասվածը անմիջականորեն բխում է Եվրոպական բանտային կանոնների 60.2-րդ կետի պահանջներից՝ «Պատժի խստությունը պետք է համաչափ լինի խախտմանը»: Սահմանափակումների կիրառումը պետք է սահմանվի օրենքով և սահմանափակվի անհրաժեշտության և համաչափության սկզբունքներով: Միջազգային չափանիշները պահանջում են, որ սահմանափակումները կիրառվեն միայն բացառիկ դեպքերում, երբ այլ մեթոդներն սպառվել են (Տե՛ս՝ Խոշտանգումների վերաբերյալ հարցերով հատուկ զեկույց, 23 դեկտեմբեր 2003 թ., E/CN.4/2004/56, պարբ. 18): ———— 2․ Առաջարկում ենք՝ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի հոդված 1-ի կետ 4-ը և 5-ը, և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի Հոդված 2-ի կետ 4-ը և 5-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 4) տեսակցությունները, եթե առանց այդ սահմանափակման/արգելքի հնարավոր չէ պահպանել անվտանգությունը և կարգապահությունը, 5) հեռախոսակապից օգտվելը, բացի ընտանիքի հետ կապ հաստատելու դեպքերից, եթե դա չի խոչընդոտում անվտանգության և կարգապահության պահպանմանը: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ. Համաձայն ՄԱԿ-ի կալանավորների հանդեպ վերաբերմունքի նվազագույն ստանդարտ կանոնների (Նելսոն Մանդելայի կանոնները)՝ Կանոն 43-ի կետ 3-ի. «Կարգապահական կամ սահմանափակող միջոցառումները չպետք է ընդգրկեն ընտանիքի հետ շփումը: Ընտանիքի հետ շփումների սահմանափակումները կարող են սահմանվել միայն կարճ ժամանակով և միայն այն դեպքերում, երբ այն անհրաժեշտ է անվտանգությունը և կարգապահությունը պահպանելու համար»: