«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի մասին», ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
8 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ», ««ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը
Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական կոնվենցիան ստորագրել է 2001 թվականի հունվարի 25-ին և վավերացրել 2002 թվականի ապրիլի 26-ին: Եվրոպական կոնվենցիայով նախատեսված անհատական գանգատներ ներկայացնելու հնարավորությունը պայմանավորեց Հայաստանի Հանրապետության շահերը Եվրոպական դատարանում պատշաճ կերպով ներկայացնելու անհրաժեշտությունը, ինչի հիման վրա ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1751-Ն որոշմամբ ստեղծվեց Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնը, իսկ ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 1789-Ն որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության կազմում ստեղծվեց Եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունը (այսուհետ՝ Վարչություն):
Վարչությունը, համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի N 577-Ն որոշման, աջակցում է Լիազոր ներկայացուցչին՝ ապահովելով վերջինիս լիազորությունների արդյունավետ իրականացումը: Վարչությունն օժանդակում է Լիազոր ներկայացուցչին Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության գործում՝ քննվող գանգատներով Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումների նախագծերի մշակմամբ: Վարչությունը նաև համակարգում է Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարման գործընթացը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե ներկայացվող գործողությունների ծրագրերի ու հաշվետվությունների նախագծերի կազմմամբ: Ի թիվս վերոնշյալ գործառույթների, ժամանակի ընթացքում Վարչությանը վերապահվել են նաև որոշակի ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային պայմանագրային մարմիններ (մասնավորապես, Եվրոպայի Խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտե, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտե և վերջինիս ենթակոմիտե, Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ) ներկայացվող ազգային պարբերական և ad hoc զեկույցների առնչությամբ Կառավարության դիրքորոշումների նախագծերի պատրաստման, ՀՀ վերաբերյալ կազմված զեկույցներում ամփոփված առաջարկների իրացման համակարգման և կոնվենցիոն պահանջների ապահովման գործառույթները: Ավելին, լինելով ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանում, Վարչությունն իրականացնում է նաև ՀՀ արդարադատության նախարարության նպատակներով և խնդիրներով պայմանավորված այլ հարակից գործառույթներ: Վարչության աշխատանքներն ի պաշտոնե համակարգում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, որը նաև Լիազոր ներկայացուցչի տեղակալն է:
Պայմանավորված Եվրոպական դատարանում աշխատանքային նոր մեթոդների ներդրմամբ (օրինակ՝ պարզեցված ընթացակարգ)՝ վերջին տարիներին աճել է ինչպես ՀՀ կառավարությանը կոմունիկացվող գանգատների, այնպես էլ ՀՀ վերաբերյալ խախտում արձանագրող վճիռների քանակը: Գրանցվել է ոչ միայն քանակական աճ, այլև ավելացել է բարդ իրավական խնդիրներ բարձրացնող գանգատների և խախտումներ արձանագրող վճիռների թիվը:
Այսպես, 2013 թվականին Եվրոպական դատարան հասցեագրված գանգատների առնչությամբ ներկայացվել է 28 դիրքորոշում, 2014-ին՝ 35, 2015-ին՝ 19, 2016-ին այս թիվը շեշտակի աճել է՝ հասնելով 70-ի, իսկ 2017-ին՝ կազմել 91 ինչպես հետաձգված և նախորդ տարվանից տեղափոխված գործերի, այնպես էլ նոր կոմունիկացված գանգատների հաշվին։ 2018 թվականին, անկախ կոմունիկացված գործերի թվաքանակի աճից, Եվրոպական դատարան ներկայացված դիրքորոշումների թիվը նվազել է պայմանավորված ինչպես քաղաքական զարգացումներով, այնպես էլ Արդարադատության նախարարության աշխատանքային ծանրաբեռնվածությամբ։ Լինելով ՀՀ արդարադատության նախարարության կազմում Վարչությունը, ինչպես նշվեց, բացի Եվրոպական դատարանին առնչվող գործառույթներից իրականացնում է նաև բազմաթիվ այլ ֆունկցիաներ, որոնք հիմնականում բխում են ոլորտը համակարգող նախարարի տեղակալի իրավասությունից: Բնական է, որ նման մոտեցումն էապես ազդում է աշխատանքի արդյունավետության վրա:
Վերոշարադրյալին զուգահեռ ակնկալվում է, որ ՀՀ կառավարությանը կոմունիկացվող գանգատների քանակը կավելանա՝ պայմանավորված Կոնվենցիան փոփոխող թիվ 14 արձանագրության հիման վրա Եվրոպական դատարանի աշխատանքի մեթոդների շարունակական փոփոխությամբ: Եվրոպական դատարանի Քարտուղարությունը ՀՀ կառավարությանն արդեն ծանուցել է, որ գանգատներն առաջիկայում կոմունիկացվելու են նաև այսպես կոչված պարզեցված ընթացակարգով։ Ներկայումս, ՀՀ կառավարությունն արդեն իսկ ստացել է գանգատներ այս ընթացակարգով, ինչը ենթադրում է, որ Եվրոպական դատարանն այդ գանգատների առնչությամբ այլևս փաստերի շարադրանք և հստակ հարցեր չի կոմունիկացնում կառավարությանը, փոխարենը՝ փոխանցում է դիմումատուի գանգատը՝ կառավարության հայեցողությանը թողնելով գործի ելքի համար նշանակություն ունեցող փաստերի և հարցերի ու դրանով պայմանավորված առարկությունների շրջանակը որոշելու բեռը: Արդյունքում, ստացվում է, որ աշխատանքը, որը ժամանակին կատարվում էր Եվրոպական դատարանի Քարտուղարության կողմից, այժմ վերապահվել է կառավարությանը:
Անդրադառնալով Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռների քանակին՝ պետք է նկատել, որ 2013 թվականին կայացվել է ընդամենը 2 վճիռ, 2014-ին` 4 վճիռ, 2015-ին` 8, 2016-ին` 15, 2017-ին՝ 12, 2018-ին` 16 վճիռ, իսկ 2019-ի միայն առաջին երեք ամիսներին արդեն իսկ հրապարակվել է 10 վճիռ:[1]
Քանակի հետ զուգահեռ բարդացել է նաև արձանագրվող խախտումների բնույթը: Այսպես, օրինակ՝ 2015-2017 թվականների ընթացքում Եվրոպական դատարանն առաջին անգամ անդրադարձել է ՀՀ արտատարածքային իրավազորությանը և այդ համատեքստում կայացրել է նաև ՀՀ վերաբերյալ կյանքի իրավունքի խախտում արձանագրող առաջին վճիռը, իսկ 2018 թվականին Եվրոպական դատարանը հրապարակել է առաջին վճիռները, որոնցով արձանագրված խախտումները տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների համատեքստում: Պայմանավորված Եվրոպական դատարանի որդեգրած աշխատանքային մեթոդներով, ինչպես նաև կոմունիկացված գանգատներով բարձրացվող խնդիրների բարդությամբ՝ ակնկալվում է, որ ապագայում ՀՀ վերաբերյալ Եվրոպական դատարանի կողմից կայացվող վճիռների թիվը շարունակելու է ավելանալ, իսկ արձանագրվող խախտումների բնույթը՝ բարդանալ:
Հարկ է նշել, որ Լիազոր ներկայացուցչի ինստիտուտին վերաբերող հարցերի իրավական կարգավորման հիմքը ներկայումս ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 577-Ն որոշումն է, որը Լիազոր ներկայացուցչի լիազորությունները և վերջինիս ներկայացվող պահանջները սահմանում է շատ ընդհանրական: Թեև Լիազոր ներկայացուցչի պաշտոնի առաջացման պահից ի վեր նշված որոշման հիման վրա Լիազոր ներկայացուցչին հաջողվել է բարեհաջող իրականացնել իր լիազորություններն, այնուամենայնիվ գործնականում մի շարք խնդիրներ են առաջանում Լիազոր ներկայացուցչի կարգավիճակի համապարփակ իրավական կարգավորման բացակայության հետևանքով: Մասնավորապես, պետական մարմինների և պաշտոնատար անձանց հետ իրավահարաբերություններում որոշակի չէ Լիազոր ներկայացուցչի դերը և իրավասությունների շրջանակը, ավելին, ներկա իրավակարգավորման պարագայում անհասկանալի է Լիազոր ներկայացուցչի և արդարադատության նախարարի, ինչպես նաև Լիազոր ներկայացուցչի և համապատաՂխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալի հարաբերակցության հարցը: Ընդ որում՝ չնայած այն հանգամանքին, որ Վարչությունը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության համակարգում, երբևէ որևէ նախարար բովանդակային առումով չի միջամտել Եվրոպական դատարանում ՀՀ շահերի ներկայացման գործընթացին. որոշումները կայացվել են միայն լիազոր ներկայացուցչի կողմից:
2. Առկա խնդիրները և Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը
Ընթացիկ իրավիճակի ուսումնասիրությունը թույլ է տալիս վեր հանել Վարչության աշխատանքի արդյունավետությանը սպառնացող և առկա ռեսուրսների ճիշտ օգտագործմանը խոչընդոտող, ինչպես նաև Լիազոր ներկայացուցչի ոչ հստակ կարգավիճակի առնչությամբ որոշ խնդիրներ, որոնց հաղթահարման միտումով ներկայացվում է սույն Նախագծերի փաթեթը: Առկա խնդիրներից հարկ է առանձնացնել մասնավորապես հետևյալները՝
- Վարչության կադրային քաղաքականությունը ՀՀ օրենսդրության համաձայն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից, չնայած այն հանգամանքին, որ Վարչության աշխատանքներն առավելապես վերաբերում են Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցչությանը և համակարգվում են Լիազոր ներկայացուցչի կողմից: Այս կերպ արհեստականորեն սահմանափակվում է Լիազոր ներկայացուցչի իրավասությունը՝ որոշել իր լիազորությունների պատշաճ իրականացմանն օժանդակելուն կոչված աշխատակազմում անհրաժեշտ մասնագիտական ռեսուրսների ներգրավման հարցը, անմիջական կերպով կազմակերպել և վերահսկել վերջինիս գործունեությունը և համագործակցել ամենօրյա աշխատանքային գործունեության ընթացքում առանց լրացուցիչ միջնորդավորվածության: Վարչության՝ Լիազոր ներկայացուցչից անջատ լինելը բազմաթիվ լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում աշխատանքի գործնական կազմակերպման և կառավարման տեսանկյունից:
- Վարչության աշխատակիցները, չնայած Վարչությանը վերապահված աշխատանքի բարդությանն ու մեծ ծավալին, ներգրավվում են Լիազոր ներկայացուցչի գործառույթներին չառնչվող Արդարադատության նախարարության այլ գործառույթների կատարման աշխատանքներում (ընթացիկ հանձնարարականներ), ինչն ուղղակիորեն ազդում է Վարչության հիմնական գործառույթին ուղղված աշխատանքների արդյունավետության և որակի վրա:
- ՀՀ արդարադատության նախարարությունն ինքնին շահագրգիռ գերատեսչություն է, որը պատասխանատու է համապատասխան ոլորտային քաղաքականության մշակման համար, և հաճախ Եվրոպական դատարանի վճիռներում արձանագրված խախտումները վերաբերում են հենց նախարարության իրավասության ոլորտներին, ինչպես օրինակ՝ քրեակատարողական քաղաքականություն, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն և այլն: Չպետք է մոռանալ, որ Եվրոպական դատարանի շատ գործերով ՀՀ արդարադատության նախարարությունը հանդիսանում է շահագրգիռ կողմ, երբ քննվում է ԴԱՀԿ, քրեակատարողական հիմնարկներին, ՔԿԱԳ,և այլ ոլորտներին առնչվող խախտումների վերաբերյալ գործեր և հետագայում կայացվում են վճիռներ/որոշումներ: Սա ինքնին բացառում է արդարադատության նախարարության համակարգում արդյունավետ և առանց շահերի բախման լուծում գտնելու հնարավորությունը:
- Արդարադատության ոլորտում քաղաքականության իրականացումը որևէ կերպ չի ներառում Եվրոպական դատարանում ՀՀ շահերի ներկայացման կամ Եվրոպական դատարանում վճիռների կատարման գործընթացը: «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքի հավելվածի 3-րդ կետը տալիս է«արդարադատության քաղաքականություն» եզրույթի բնորոշումը՝ ամրագրելով դրա բաղադրիչները: Համաձայն այդ օրենքի՝ «Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը» ապահովելը չի համարվում արդարադատության քաղաքականության մաս կամ բաղադրիչ: Նշվածը հիմնավորում է այն փաստը, որ միջազգային դատական ատյաններում ՀՀ շահերի ներկայացման գործառույթը հանդիսանում է պրոֆեսիոնալ գործառույթ, որը դուրս է արդարադատության նախարարության քաղաքականության ոլորտներից: Բնական է, որ Եվրոպական դատարանի վճիռների և որոշումների արդյունքում ՀՀ արդարադատության նախարարությունը կորոշի իր ոլորտային քաղաքականության բովանդակությունը, սակայն բուն Եվրոպական դատարանի հետ աշխատանքը և՛ վճիռների, և՛ որոշումների կատարման համակարգումը որևէ կերպ չի նույնանում արդարադատության ոլորտի քաղաքականության հետ: Ավելին, ՀՀ վարչապետի աշխատակազմում գրասենյակի տեսքով լուծում տալը որևէ կերպ չի բացառում ինչպես ՀՀ արդարադատության նախարարության հետ, այնպես էլ այլ շահագրգիռ մարմինների հետ աշխատանքը և համագործակցությունը: Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության շահերը ներկայացնելիս լիազոր ներկայացուցչի գործառույթները հստակ կամրագրվեն օրենքով և այլ իրավական ակտերով, ներառյալ նաև կառավարության դիրքորոշման ձևակերպման ընթացակարգը և սկզբունքները:
- Վարչության՝ լիազոր ներկայացուցչից անջատ լինելը լրացուցիչ արհեստական բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծում աշխատանքի գործնական կազմակերպման և կառավարման տեսանկյուններից։
- Համապարփակ կարգավորումների բացակայության պարագայում հստակ չեն Լիազոր ներկայացուցչի կարգավիճակը, նրա լիազորությունների շրջանակը, հարաբերակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաև նրա դերը պետական մարմինների համակարգում:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանում նոր աշխատանքի մեթոդների ներդնմամբ պայմանավորված գնալով աճում է ծանրաբեռնվածությունը, իսկ Եվրոպական դատարանի կողմից քննարկվող հարցերը՝ էապես բարդանում, առավել ընդգծվում է հարցի հրատապությունը: Որպես խնդրի լուծման լավագույն տարբերակ ներկայացվում է սույն Նախագծերի փաթեթը, որը հիմք կստեղծի Լիազոր ներկայացուցչի լիազորությունների պատշաճ և արդյունավետ իրականացման համար: Մասնավորապես՝
- որևէ նախարարության կազմից դուրս լինելը Լիազոր ներկայացուցչին և նրան աջակցող անձնակազմին տալիս է անհրաժեշտ կարգավիճակ։ Իսկ նշվածը հնարավոր է դարձնում ուղղակիորեն և արդյունավետ կերպով համագործակցել հանրապետական գործադիր իշխանության և այլ պետական մարմինների հետ՝ ինչն էլ իր հերթին էապես կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
- Իր անմիջական ղեկավարման և վերահսկման տիրույթում գտնվող մասնագիտացված գրասենյակի առկայության պարագայում Լիազոր ներկայացուցիչը հնարավորություն կունենա ինքնուրույն վարել կադրային քաղաքականությունը, կազմակերպել իրեն օժանդակող թիմի աշխատանքները, ներգրավել լրացուցիչ օժանդակություն միջազգային կազմակերպություններից` ուղղված Լիազոր ներկայացուցչի գրասենյակի կարողությունների զարգացմանը:
Կարևոր է ընդգծել, որ ԵԽ գործընկերների հետ քննարկվել է Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի գրասենյակը ՀՀ վարչապետի աշխատակազմում հիմնելու տարբերակը, և նրանք ողջունել են այդ քայլը, համարելով առաջադեմ:
Այս հարցի առնչությամբ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Եվրոպայի խորհրդի անդամ տարբեր երկրներում լիազոր ներկայացուցչի ինստիտուտը տեղակայված է տարբեր պետական մարմիններում, օրինակ, արտաքին գործերի, ֆինանսների նախարարությունների, գլխավոր դատախազության կազմում կամ նախագահի աշխատակազմում:
Միջազգային փորձի ուսումնասիրությունն ընդգծում է Խորվաթիայի Հանրապետության Լիազոր ներկայացուցչի կարգավիճակի առանձնահատկությունը և առավելությունը: Լինելով պետական մարմինների համակարգում կառավարության լիազոր ներկայացուցչի ինստիտուտի տեղակայման հարցում ամենից տարաբնույթ փորձ ունեցող երկիրը՝ Խորվաթիայի Հանրապետությունում որպես ամենից արդյունավետ և ընդունելի տարբերակ, ի վերջո, ընտրվել է Վարչապետի աշխատակազմում Լիազոր ներկայացուցչի գործունեության կազմակերպումը: Ինստիտուտի ձևավորման սկզբնական շրջանում, դեռևս 1999 թվականին, Լիազոր ներկայացուցչի աշխատակազմը ևս գործել է վարչապետի աշխատակազմի ներքո: Լիազոր ներկայացուցիչը, ինչպես նաև վերջինիս աշխատակազմի աշխատակիցները ունեին պետական ծառայողի հատուկ կարգավիճակ սոցիալական բարձր երաշխիքներով, ինչը բխում էր գործունեության բնույթի առանձնահատկությունից, աշխատակիցներին ներկայացվող բարձր մասնագիտական որակների պահանջներից: Հետագայում 2004 թվականին ձևավորված նոր կառավարության որոշմամբ Լիազոր ներկայացուցչի աշխատակազմի գործունեության վերահսկումը փոխանցվեց արդարադատության նախարարության իրավասությանը՝ այս կերպ փորձելով թեթևացնել գործադիր իշխանության շուրջը կենտրոնացած պետական մարմինների գործունեության համակարգման բեռը: Արդյունքում վերացվեց Լիազոր ներկայացուցչի և վերջինիս աշխատակազմի համար նախատեսված պետական ծառայողի հատուկ կարգավիճակը: Կարգավիճակի նման փոփոխությունը Խորվաթիայի Հանրապետության իշխանությանը կանգնեցրեց այնպիսի գործնական խոչընդոտների առջև, ինչպիսիք այժմ հանդիպում են Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած աշխատանքի կազմակերպման գործնական խնդիրներից, մինչև վճիռների կատարման փուլում որոշումներ կայացնելու իրավասությունը: Հաշվի առնելով այս և նախկինում ունեցած փորձը, 2012 թվականին Լիազոր ներկայացուցչի աշխատակազմը վերադարձվեց Վարչապետի աշխատակազմ՝ վերականգնելով վերջիններիս համար պետական ծառայողի հատուկ կարգավիճակը: Լիազոր ներկայացուցչի աշխատակազմի նման կարգավիճակը պահպանվում է մինչ օրս և գործում հաջողությամբ՝ հնարավորություն տալով Լիազոր ներկայացուցչին առավել արդյունավետ կազմակերպել Խորվաթիայի Հանրապետության շահերի պաշտպանությունը Եվրոպական դատարանում:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 2015 թվականի խմբագրության 6-րդ հոդվածի` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նախագծերի ընդունման պարագայում հնարավոր կլինի հաղթահարել օրենսդրական անկատարությունը և առավել բարձր իրավական ուժ ունեցող նորմատիվ ակտով՝ օրենքով սահմանել Լիազոր ներկայացուցչի կարգավիճակը և այն գործողությունները, որոնք իրավասու է վերջինս կատարել: Որպես Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացուցիչ և Եվրոպական դատարանի պարտավորեցնող վճիռների ու որոշումների կատարման գործընթացը համակարգող միակ իրավասու մարմին` Լիազոր ներկայացուցչի ինստիտուտը բացառիկ դեր և կարգավիճակ ունի պետական մարմինների համակարգում: Համապարփակ իրավական կարգավորման բացակայության պարագայում որոշակի չեն ո´չ Լիազոր ներկայացուցչի գործառույթները, ո´չ էլ դրանց իրականացման կարգը և պայմանները:
Այս առնչությամբ միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է օրենքի մակարդակով Լիազոր ներկայացուցչի կարգավիճակի սահմանման պրակտիկայի անհրաժեշտության մասին: Որոշ երկրներում արդեն ընդունվել են օրենքներ Եվրոպական դատարանում լիազոր ներկայացուցչի կարգավիճակի մասին, ինչպես օրինակ` Մոլդովայում, Մակեդոնիայում, Խորվաթիայում և այլուր: Նախագծերի ընդունման դեպքում կորոշակիացվի Լիազոր ներկայացուցչի կարգավիճակը, առավել հստակ ամրագրում կստանան վերջինիս գործունության հիմնական ուղղությունները և գործառույթները:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով ՀՀ պետական համակարգի և օրենսդրական կարգավորման առանձնահատկությունները, ինչպես նաև ընթացող բարեփոխումների և օպտիմալացումների տրամաբանությունը` լավագույն լուծումը Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի առանձին պաշտոն նախատեսելն է և ՀՀ վարչապետի աշխատակազմում Լիազոր ներկայացուցչի գրասենյակ ստեղծելն է։ Այդ նպատակով էլ ներկայացվում է սույն Նախագծերի փաթեթը, որը ոչ միայն առավել հստակ ու համապարփակ կարգավորում է նախատեսում Լիազոր ներկայացուցչի ինստիտուտի համար օրենքի մակարդակով, այլ նաև հստակ սահմանում է`
- Լիազոր ներկայացուցչի կարգավիճակը և նշանակման կարգը.
- Լիազոր ներկայացուցչի գրասենյակի կարգավիճակը.
- Լիազոր ներկայացուցչին փոխարինման կարգը.
- Լիազոր ներկայացուցչի գրասենյակի նպատակն ու խնդիրները.
- Լիազոր ներկայացուցչի գործունեության ուղղությունները և լիազորությունները:
Նման կարգավիճակը բացի Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության շահերը ներկայացնելուց Լիազոր ներկայացուցչին հնարավորություն կընձեռի իրականացնել նաև կանխարգելիչ գործառույթ: Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՀ վերաբերյալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռներից բխող, ինչպես նաև կոնվենցիոն պահանջների և ՀՀ ներպետական օրենսդրության ու պրակտիկայի համեմատական վերլուծության հիման վրա թիրախավորված համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ հիմնավոր օրենսդրական և պրակտիկ առաջարկությունների կազմմանը՝ ուղղված ինչպես արդարադատություն իրականացնելիս կոնվենցիոն երաշխիքների ապահովմանը, այնպես էլ պատկան մարմինների աշխատանքների բարելավմանը:
Ավելին, նման լուծման պարագայում արդյունավետ կլինի նաև գրասենյակի շրջանակներում կարգավորել այլ միջազգային դատական/արբիտրաժային/պայմանագրային և այլ մարմիններում ՀՀ շահերի ներկայացման գործառույթը: Խոսքը վերաբերում է այն իրավիճակներին, երբ անհրաժեշտ է մասնագիտական, միջազգային-իրավական մոտեցում: Ակնհայտ է, որ ՀՀ արդարադատության նախարարության կարողությունները չեն բավարարում, արդարադատության ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման հետ մեկտեղ նաև արդյունավետ կերպով իրականացնել միջազգային դատական մարմիններում/արբիտրաժներում, ներառյալ Եվրոպական դատարանում ՀՀ շահերի արդյունավետ ներկայացումը: Միջազգային դատարաններում, արբիտրաժներում շահերի ներկայացումը և համակարգումը պահանջում է բարձրակարգ մասնագիտական աշխատանք և համակարգված մոտեցում: ՀՀ արդարադատության նախարարությունն իր կառուցվածքի և գործառույթների համադրմամբ միջազգային դատական մարմիններում ՀՀ շահերի ներկայացումը իրականացնում է որպես երկրորդային ֆունկցիա։ Նման պարագայում ստեղծվելիք գրասենյակի շրջանակներում նաև այլ միջազգային դատական ատյաններում ՀՀ շահերի ներկայացման աշխատանքները կազմակերպելն էապես կնպաստի հարցի արդյունավետ լուծմանը:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի փաթեթի ընդունմամբ Լիազոր ներկայացուցչի համար կապահովվի անհրաժեշտ կարգավիճակ, ինչը հնարավորություն կտա վերջինիս ուղղակիորեն և արդյունավետ կերպով համագործակցել պետական կառավարման համակարգի և այլ մարմինների հետ, ինչն էապես կնպաստի աշխատանքի արդյունավետությանը:
Ավելին, կբարձրանա Եվրոպական դատարան ներկայացվող ՀՀ կառավարության դիրքորոշումների փաստարկման որակը, ՀՀ կառավարության շահերի պաշտպանության մակարդակը, առավել արդյունավետորեն կիրականացվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային իրավական չափանիշների ներդրումը ներպետական օրենսդրության մեջ, ինչն իր հերթին կնպաստի երկրում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանը:
[1] Տվյալները ներկայացված են 2019 թվականի մարտի 31 դրությամբ։
-
Քննարկվել է
10.04.2019 - 26.04.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Կառավարչական իրավահարաբերություն, Հանրային կառավարում
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7788
Տպել