Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1698-րդ հոդվածով, ինչպես նաև 1692-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի՝ հարկային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով հարկային մարմնին որպես լիազոր ճանաչելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1698-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն, գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելու կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելու կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելու համար, սակայն տվյալ հոդվածը փաստացի չի կիրառվում, քանի որ նշված հոդվածով սահմանված պատասխանատվությունը կիրառող լիազոր մարմին սահմանված չէ:

Հարկային մարմին ներկայացվող հաշվարկները և հաշվետվությունները պարունակում են վիճակագրական տեղեկատվություն ներկայացնելու պահանջ, որը չներկայացնելու, մասնակի կամ սխալ ներկայացնելու դեպքում աղավաղվում է հարկ վճարողների գործունեության ամբողջ ֆինանսատնտեսական և վիճակագրական պատկերը: Վիճակագրական տեղեկությունների սխալներով ներկայացնելը հանգեցնում է մակրոտնտեսական ոչ ճիշտ ցուցանիշների և վերլուծական ոչ ճիշտ եզրահանգումների, ինչի համար հարկային օրենսդրությամբ պատասխանատվություն սահմանված չէ, իսկ վարչական իրավախախտման մասով հարկային մարմնին վարչական տույժ կիրառելու լիազորություն վերապահված չէ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1698-րդ հոդվածով, ինչպես նաև 1692-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով, հարկային մարմնին, իր լիազորությունների շրջանակում,  ճանաչել որպես պատասխանատվություն կիրառող մարմին:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1698-րդ հոդվածով, ինչպես նաև 1692-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով պատասխանատվություն կիրառող մարմին կճանաչվի հարկային մարմինը: Նախագիծն առաջին հերթին ունի կանխարգելիչ բնույթ, քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1692 հոդվածը նախատեսում է հարկ վճարողի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար առաջին անգամ կիրառել նախազգուշացում: Հարկային մարմնի նպատակը հարկ վճարողներին տուգանելը չէ, այլ հակառակը՝ սխալ ներկայացված հաշվարկների ճշգրտման հարցում նրանց օժանդակելն է, որը կհանգեցնի առավել ճշգրիտ տեղեկատվության հավաքագրմանը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ հնարավոր կլինի կիրառել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1698-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը, իսկ հարկային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով հարկային մարմնի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 1692-րդ հոդվածի կիրառումը կապահովի հարկային օրենսդրությամբ սահմանված վիճակագրական տեղեկատվության ճշգրիտ ներկայացումը և կկարգավորի դրանից բխող հետագա աշխատանքների ճշտության խնդիրը:   

 

  • Քննարկվել է

    29.03.2019 - 13.04.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9413

Տպել

Առաջարկներ`

Վարդան Պետրոսյան

04.04.2019

Գտնում եմ, որ նախաձեռնվող փոփոխությունների հիմնավորումները իրարամերժ են և հակասական, որպիսի պայմաններում նախագիծն անընդունելի է։ Ամփոփոթերթում նշվել է, թե ՎԻՎ 169․8 մասով ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական համապատասխան փոփոխությունը հսկողական աշխատանքները լիարժեք կազմակերպելու, պետական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու և նույն հարկ վճարողի մոտ պետական տարբեր մարմինների կողմից նույն հարցի շրջանակներում տարբեր վարչարարական գործիքներ կիրառելուց զերծ մնալու համար: Միևնույն ժամանակ նույն փոփոխությամբ առաջարկվում է ՊԵԿ-ին լիազորություն տալ կիրառելու ՎԻՎ 169․2-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը, որը այսօր կիրառում է պաշտոնական վիճակագրության մարմինը, ինչպես նաև մաքսային մարմինը։ Գտնում եմ, որ օրենսդրական փոփոխությունների հիմքում դրված են հակասական, իրարամերժ մոտեցումներ, այն է ՎԻՎ 169․8 հոդվածի մասով նախագծի հիմքում ըստ էության նշվում է, որ պետական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, նույն հարկ վճարողի մոտ պետական տարբեր մարմինների կողմից նույն հարցի շրջանակներում վարչարարական գործիքներ կիրառելուց զերծ մնալու համար, իսկ ՎԻՎ 169․2-րդ հոդվածով առաջարկվում է վիճակագրական տեղեկատվությունը սխալներով ներկայացնելու համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը, բացի պաշտոնական վիճակագրության մարմնից լիազորել նաև հարկային մարմնին՝ անտեսելով այն հանգամանքը, որ այդպիսով միևնույն խնդիրը վերահսկելու համար պետական ռեսուրսներն օգտագործվելու են ոչ արդյունավետ, նույն հարկ վճարողի մոտ պետական տարբեր մարմինների կողմից նույն հարցի շրջանակներում կիրառվելու են վարչարարական նույն գործիքները։

Վարդան Պետրոսյան

03.04.2019

Օրենսդրական փոփոխության հիմքում առաջ է բարձրացված խնդիրն այն է, որ պակաս աշխատավարձ վճարելու կամ աշխատավարձ չվճարելու դեպքերի առթիվ ՎԻՎ 169.8 սահմանված պատասխանատվությունը կիրառող լիազոր մարմին սահմանված չէ։ Որպես վերը նշված խնդրի լուծում առաջարկվում է այդ լիազորությունը փոխանցել ՊԵԿ-ին։ Այսինքն փոփոխությամբ ակնկալվում է, որ պակաս աշխատավարձ վճարելու կամ աշխատավարձ չվճարելու դեպքերի կանխարգելման գործառույթը պետք է իրականացվի ՊԵԿ-ի՝ հարկային մարմնի կողմից։ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված են հարկային մարմնի խնդիրները, դրանք են․ 1) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը նպաստելը. 2) Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքներին և հարկային հարաբերությունները կարգավորող, ինչպես նաև հարկային մարմնին լիազորություններ վերապահող այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` հարկային մարմնի համար սահմանված պարտականությունների և գործառույթների կատարումը, լիազորությունների իրականացումը. 3) հարկային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային և իրավասու այլ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը. 4) օրենքով նախատեսված այլ խնդիրների իրականացումը. 5)հարկային հանցագործությունների գործերով դեպքի վայրի պահպանության իրականացումը, որի կանոնները սահմանում է Կառավարությունը: Վերոգրյալից հետևում է, որ հարկային մարմնի նպատակը կայանում է իր կողմից վերահսկվող եկամուտներ ապահովելը, Հանրապետության տնտեսական անվտանգությանը նպաստելը հարկային հարցերին առնչվող մյուս պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը։ Իր հերթին պակաս աշխատավարձ վճարելու կամ աշխատավարձ չվճարելու հարցերը ուղղակիորեն բխում են աշխատանքային իրավունքից։ Աշխատավարձը՝ իր բնույթով հանդիսանալով եկամուտ և ըստ այդմ՝ հարկման օբյեկտ, ներառվում է հարկային մարմնի կողմից վերահսկվող հարաբերությունների շրջանակներում։ Սակային անձին աշխատավարձ չվճարելը կամ պակաս վճարելը որևէ առնչություն չունի օրենքով հարկային մարմնի առջև դրված խնդիրների հետ, քանի որ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հարկը հաշվարկվում է հաշվեգրման սկզբունքով՝ այսինքն անկախ աշխատավարձը վճարված լինելու հանգամանքից, հարկային պարտավորությունը հաշվարկվում է և դառնում գանձման ենթակա։ Այսպիսով աշխատավարձի վճարման հետ կապված խնդիրները տարբերվում են օրենքով սահմանված հարկային մարմնի խնդիրներից։ Ինչ վերաբերում է այն դիրքորոշմանը, թե ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական համապատասխան փոփոխությունը հսկողական աշխատանքները լիարժեք կազմակերպելու, պետական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, նույն հարկ վճարողի մոտ պետական տարբեր մարմինների կողմից նույն հարցի շրջանակներում տարբեր վարչարարական գործիքներ կիրառելուց զերծ մնալու նպատակով, գտնում եմ, որ այդ նպատակը ևս արդարացիորեն հավասարակշռված չէ, քանի որ ՎԻՎ 169.8 սահմանված պատասխանատվությունը կիրառող լիազոր մարմին սահմանված չլինելու խնդիրը անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետությունում անձի և քաղաքացու հիմնական իրավունքի բաղադրիչ՝ աշխատանքային իրավունքի, երաշխավորված լինելու հետ։ Այսինքն, եթե նույնիսկ աշխատավարձը վճարելու իրավահարաբերության նկատմամբ վերահսկողությունը տրվի հարկային մարմնին առկա խնդիրը լուծում չի ստանա։ Գտնում եմ, որ քննարկվող նախաձեռնությունը չպետք է ընդունվի զուտ այն պարզ պատճառով, որ առկա խնդիրը հարկային մարմնի խնդիրը չէ, համակարգային լուծում պահանջող խնդիր է։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի․ 1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: 2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: 3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Սահմանադրության 57-րդ հոդվածով սահմանված են աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները, 82-րդ հոդվածով՝ աշխատանքային պայմանների սկզբունքները, 83-րդ հոդվածով՝ սոցիալական ապահովության սկզբունքները, 84-րդ հոդվածով՝ արժանապատիվ գոյությունը և նվազագույն աշխատավարձի սկզբունքը։ Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված են Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության հիմնական նպատակները, որոնցից է ի թիվս այլոց, բնակչության զբաղվածության խթանումը և աշխատանքի պայմանների բարելավումը։ Այսպիսով հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով, պարտական է հարգելու, պաշտպանելու մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Հետևաբար Սահմանադրությամբ սահմանված մարդու և քաղաքացու ի թիվս մյուս հիմնական իրավունքների և ազատությունների, հանրային իշխանությունը պարտավոր է պատշաճ կարգով իրականացնելու մարդու և քաղաքացու աշխատանքի ընտրության ազատության և աշխատանքային իրավունքների, աշխատանքային պայմանների, սոցիալական ապահովության, արժանապատիվ գոյությունը և նվազագույն աշխատավարձի սկզբունքների պաշտպանությունը։ Մյուս կողմից աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ։ Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ հոդվածի՝ աշխատանքային օրենսդրության նպատակն է` 1) սահմանել ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) աշխատանքային իրավունքների և ազատությունների պետական երաշխիքները. 2) նպաստել աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծմանը. 3) պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը: Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված են աշխատանքային օրենսդրության տասը սկզբունքները։ Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ Սահմանադրությունը մարդու և քաղաքացու հիմնական իրա¬վունքների շարքում առանձնացնում է աշխատանքային իրավունքը։ Աշխատանքային իրավունքից են ծագում աշխատանքային հա¬սա¬րա¬¬կական հարաբերություններ, որոնք կարգավորվում են իրավունքի նոր¬¬մերով։ Այդ իրավանորմերի ամբողջությունն աշխատանքային օրենսդրություն է։ Այսպիսով աշխատանքային իրավունքները մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների բաղադրիչ մասն են կազմում, որոնց հարգումն ու պաշտպանությունը ևս հանրային իշխանության առանձին պարտականությունն է։ Հետևաբար հանրային իշխանությունը՝ որպես մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավոր իր պարտականությունն ամբողջությամբ իրականացնելու նպատակով, ի թիվս այլոց պետք է վերահսկի այդ իրավունքների իրացմանն հետ կապված հարաբերությունները, ձեռնարկի կանխարգելիչ միջոցներ այդ իրավունքների խախտումները վերացնելու նպատակով, ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ և վավերացրել է «Արդյունաբերությունում և առևտրում աշխատանքի տեսչության մասին» կոնվենցիան, որի 1-ին հոդվածի համաձայն՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որի համար կոնվենցիան ուժի մեջ է, պետք է արդյունաբերական ձեռնարկություններում աշխատանքի տեսչության համակարգ ունենա: Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ 1. Աշխատանքի տեսչության համակարգի գործառույթներն են. ա) ապահովել աշխատանքի ընթացքում աշխատողների աշխատանքի պայմանների և պաշտպանության հետ կապված իրավական դրույթների կատարումը, ինչպիսիք են աշխատանքային օրվա տևողության, աշխատավարձի, անվտանգության, առողջապահության և բարեկեցության դրույթները, երեխաների և երիտասարդների աշխատանքին առնչվող դրույթները և նմանատիպ այլ հարցերը՝ այնքանով, որքանով դրանց կատարումն ապահովելու համար լիազորված են աշխատանքի տեսուչները, բ) այդ դրույթների պահպանման առավել արդյունավետ միջոցների մասին գործատուներին և աշխատողներին տեխնիկական տեղեկատվություն և խորհուրդներ տրամադրելը, գ) գործող իրավական դրույթներով հատուկ չկարգավորված թերությունների և չարաշահումների մասին իրավասու մարմնին տեղեկացնելը: 2. Եթե աշխատանքի տեսուչներին հանձնարարվում են այլ պարտականություններ, ապա վերջիններս չպետք է խոչընդոտեն նրանց հիմնական գործառույթների իրականացմանը կամ որևէ ձևով վնաս հասցնեն նրանց հեղինակությանը կամ անաչառությանը, որոնք անհրաժեշտ են տեսուչներին գործատուների և աշխատողների հետ իրենց հարաբերություններում: Ելնելով վերոգրյալից գտնում եմ, որ այսօր առթիվ ՎԻՎ 169.8 հոդվածով, ինչպես նաև աշխատանքային իրավունքի խախտման համար պատասխանատվությունը կիրառող լիազոր մարմին սահմանված չլինելու խնդիրը լրջագույն խնդիր է, քանի որ․ Ա) հանրային իշխանությունը չունի աշխատանքային իրավունքի՝ որպես անձի և քաղաքացու հիմնական իրավունքի, պատշաճ կերպով պաշտպանությունը իրականացնող մարմին՝ աշխատանքի տեսչական համակարգ, Բ) Հայաստանի Հանրապետությունը միջազգային պայմանագրով աշխատանքի տեսչական համակարգ ունենալու պարտականություն է կրում։ Հարկ եմ համարում նշել, որ ՀՀ-ում աշխատանքային իրավունքների և աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ստեղծված արհեստակցական միություններ ևս չկան։ Այսպիսով առաջարկում եմ գործադիր իշխանությանը՝ մասնավորապես ՊԵԿ-ին՝ որպես վերը նշված խնդիրը բարձրացնող, ՀՀ-ում աշխատանքային իրավունքի պաշտպանության պետական երաշխիքները իրացնելու նպատակով նախաձեռնել ստեղծելու աշխատանքի տեսչության համակարգ, որին կտրվի ի թիվս այլոց նաև ՎԻՎ 169.8 հոդվածով պատասխանատվությունը կիրառելու լիազորությունը։

Վարդան Պետրոսյան

29.03.2019

Լրջագույն խնդիր կա. ՀՀ֊ն, համարվելով սոցիալական պետություն, չունի աշխատողների իրավունքների պաշտպանությունն իրականացնող լիազոր մարմին։ Ի՞նչպես կարող է պետությունը համարվել սոցիալական, եթե աշխատողի իրավունքը պաշտպանող լիազոր մարմին չկա։ Գտնում եմ, որ ՊԵԿ֊ը՝ որպես գործադիր իշխանության մարմին, գիտակցելով այս խնդրի մասին, ոչ թե պետք է, առիթից օգտվելով վարչարարական զինանոցը համալրի, համակարգային լուծումներ առաջարկի։ Միևնույն ժամանակ, որ կրկին հիմնավորվածության խնդիր կա։ Որպես հիմնավորում ըստ էության նշված է, որ աշխատողին օրենքով սահմանված չափից պակաս աշխատավարձ վճարելու կամ աշխատավարձ չվճարելու դեպքերի առթիվ ՎԻՎ 169.8 սահմանված պատասխանատվությունը կիրառող լիազոր մարմին սահմանված չէ, հետևաբար այդ լիազորությունը առաջարկվում է տալ ՊԵԿ֊ին։ Հարց է առաջանում ի՞նչու ՊԵԿ֊ին։ Եվ միայն այս հարցի հավասարակշռված պատասխանը կարող էր հանդիսանալ պատշաճ հիմնավորում։

Տեսնել ավելին