Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ, ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 759 ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1402-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ 

ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ, ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ

 (ՆԵՐԱՌՅԱԼ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 759 ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ  ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1402-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ և 10-րդ մասերը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

  1. Սահմանել
  • Դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
  • Դեղատոմսերի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի.
  • Դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսերի ձևերը հաստատելու մասին» N 759 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու, ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշումները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առաջ տպագրված բոլոր ձևաթղթերի վրա կարող են դեղեր դուրս գրվել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ պահպանելով սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջները:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի մեկից՝ բացառությամբ հսկվող դեղերի և դեղանյութերի, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի, որոնց համար սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

 

 

 

«Հավելված 1

ՀՀ կառավարության 2019 թվականի – N- որոշման

 

ԿԱՐԳ

ԴԵՂԱՏՈՄՍԵՐ  ԳՐԵԼՈՒ ԵՎ ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
  1. Սույն կարգով կարգավորվում են դեղատոմսերի դուրս գրման, դեղատոմսային ձևաթղթերի տպագրության, բաշխման, հաշվառման, դեղատոմսային (դեղատնից դեղատոմսով բաց թողնման ենթակա) դեղերը բաց թողնելու, դեղատոմսերը դեղատանը հաշվառելու և պահելու հետ կապված հարաբերությունները:
  2. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի առաջին մասի համաձայն դեղատոմսեր գրվում են Հայաստանի Հանրապետությունում դեղատոմսային գրանցված դեղերի համար, բացառությամբ՝ Օրենքով սահմանված դեպքերի:
  3. Դեղատոմսը կարող է գրվել էլեկտրոնային կամ թղթային տարբերակներով:
  4. Էլեկտրոնային դեղատոմսերի դուրս գրումը, համարակալումը, հաշվառումը, ինչպես նաև դրանց համապատասխան դեղերի բաց թողնումն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից հաստատված ուղեցույցի համաձայն:
  5. Էլեկտրոնային առողջապահության համակարգը պետք է ապահովի դեղը ըստ համընդհանուր անվանման ընտրելու հնարավորություն՝ բացառելով որևէ դեղի գովազդը:
  6. Դեղատոմսը թղթային տարբերակով դուրս է գրվում միայն այն դեպքում, երբ Էլեկտրոնային համակարգը հասանելի չէ: Էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում թղթային տարբերակը տպագրվում է էլեկտրոնային համակարգից և տրամադրվում է պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին՝ պահանջի դեպքում:

 

  1. ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՈՒՄԸ

 

  1. Դեղատոմսը գրվում է դեղատոմսեր գրելու իրավասություն ունեցող բժշկի կողմից բժշկական օգնություն և սպասարկում ստացող անձանց՝ համապատասխան ցուցումների առկայության դեպքում:
  2. Դեղատոմսը պետք է պարունակի հետևյալ տվյալները.
  • բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, լիցենզիայի համարը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը.
  • պացիենտի անունը, ազգանունը,բնակության վայրը (լրիվ).
  • պացիենտի ծննդյան տարեթիվը կամ տարիքը, ընդ որում, մինչև 5 տարեկան երեխաների տարիքը գրվում է տարիներով և ամիսներով.
  • զեղչի չափը` ըստ անհրաժեշտության.
  • դեղի բաց թողումների թիվը (մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ)՝ ըստ անհրաժեշտության.
  • նշանակվող դեղի վերաբերյալ տվյալները՝ դեղի անվանումը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, բաղադրակազմը և պատրաստման ու բաց թողնման ցուցումները (դեղատանը պատրաստվող դեղերի համար), նշանակվող դեղի միանվագ կիրառման չափաբաժինը, կիրառման եղանակը, ժամանակը (ըստ անհրաժեշտության նշելով կապը սննդի ընդունման և օրվա ժամերի հետ), հաճախականությունը և տևողությունը (оրերով).
  • դեղատոմսը գրելու ամսաթիվը և ուժի մեջ գտնվելու ժամկետը.
  • բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը.
  • բժշկի ստորագրությունը:

 

  1. Էլեկտրոնային դեղատոմսը, բացի սույն կարգի 8-րդ կետում նշված տվյալները, պետք է պարունակի նաև.

 

  • ախտորոշման ծածկագիրը՝ հիվանդությունների միջազգային դասակարգման համաձայն.
  • դեղի անատոմիական-բուժական-քիմիական ծածկագիրը՝ ըստ գրանցամատյանի.
  • պացիենտի նույնականացման քարտի համարը, ծննդյան ամսաթիվը, սեռը.
  • բժշկի մասնագիտացումը և էլեկտրոնային հասցեն.
  • արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ (այսուհետ՝ փոխհատուցվող)  դեղերի տրամադրումը հիմնավորող փաստաթղթի համարը, տրման ամսաթիվը և ուժի մեջ գտնվելու ժամկետը՝ համակարգին կցելով համապատասխան փաստաթուղթը:
  1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են սույն որոշման հավելված 2-ով հաստատված թղթային դեղատոմսերի ձևաթղթերի հետևյալ ձևերը.
  • N 1 դեղատոմսային ձև` թմրամիջոց պարունակող դեղերի համար.
  • N 2 դեղատոմսային ձև` հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղերի համար.
  • N 3 դեղատոմսային ձև՝ փոխհատուցվող դեղերի համար.
  • N 4 դեղատոմսային ձև՝ դեղերի և դեղանյութերի մեկանգամյա կամ բազմակի բաց թողնման համար.
  • N 5 դեղատոմսային ձև՝ անասնաբուժական դեղերի համար:
  1. Դեղատոմսային ձևաթղթի վրա լրացվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի վերաբերյալ սույն կարգի 8-րդ  կետի առաջին մասում սահմանված տվյալները  կամ դրվում է այդ տվյալները պարունակող դրոշմակնիք:
  2. Դեղատոմսը լրացնում է անձամբ բժիշկը հայերեն լեզվով, իսկ դեղի բաղադրակազմին, դեղաչափին, դեղաձևին և դեղատանը դեղի պատրաստմանն ու բաց թողնմանը վերաբերող մասում կարող են օգտագործվել նաև անգլերեն կամ լատիներեն գրառումներ՝ սույն կարգի 36-րդ կետով թույլատրված լատիներեն կրճատումներով:
  3. Չի թույլատրվում կիրառել կամայական կրճատումներ և սահմանափակվել «Հայտնի է», «Ներքին», «Արտաքին» և այլ ընդհանուր ցուցումներով:
  4. Թղթային դեղատոմսերը գրվում են ընթեռնելի ձեռագրով, գրիչով` առանց ուղղումների կամ կարող են տպագրվել՝ պահպանելով սույն կարգով սահմանված պահանջները:
  5. Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը լրացնելու փոխարեն թղթային դեղատոմսերի համար կարող է օգտագործվել բժշկի տվյալները պարունակող դրոշմակնիք:
  6. Յուրաքանչյուր դեղատոմսային ձևաթղթի վրա դուրս է գրվում մեկ դեղ:
  7. Դեղատոմսում անհրաժեշտ է՝
  • կիրառել միայն արաբական թվեր՝ թվից հետո նշելով չափման միավորը (օրինակ՝ 30 մգ),
  • ընդունման հաճախականությունը նկարագրել բառերով (օրինակ՝ օրը երկու անգամ),
  • բաց թողնման ընդհանուր քանակը նշել ըստ դեղաձևի միավորների (օրինակ՝ 90 դեղահատ, 5 սրվակ),
  • հսկվող դեղի քանակը միաժամանակ նշել թվերով և տառերով (օրինակ՝ 20 (քսան) դեղահատ),
  • պատրաստվող դեղերի դեղագրություններում հսկվող դեղանյութերի անվանումները գրել սկզբում:
  1. Չի թույլատրվում դեղատոմսեր գրել բացառապես հիվանդանոցային պայմաններում կիրառվող հետևյալ դեղերի՝ կետամինի, ֆենտանիլի, թիոպենտալի, նատրիումի օքսիբուտիրատի, ալֆենտանիլի, սուֆենտանիլի և ռեմիֆենտանիլի ներարկման դեղաձևերի, ինչպես նաև բուպրենորֆինի ներքին ընդունման դեղաձևերի համար:
  2. Հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող պացիենտներին դեղերը տրամադրվում են բժշկական փաստաթղթում բժշկի կողմից կատարված նշանակման հիման վրա:
  3. Թույլատրվում է մեկ դեղատոմսում գրել թմրամիջոցներ պարունակող դեղ 10 օրացուցային օրվա ընթացքում բուժում ստանալու համար: Այն դեպքում, երբ մինչև 10-օրյա ժամկետի ավարտը պացիենտի առողջական վիճակից կախված անհրաժեշտ է կատարել դեղաչափի կամ դեղի փոփոխություն, դուրս է գրվում նոր դեղատոմս:
  4. Բացի թմրամիջոցներ պարունակող դեղերից մնացած հսկվող դեղերը մեկ դեղատոմսում թույլատրվում է դուրս գրել մեկ ամսվա համար անհրաժեշտ քանակով: Միայն էպիլեպսիայի դեպքում կարելի է նշանակել ֆենոբարբիտալ և կլոնազեպամ երկու ամսվա բուժման կուրսի համար: Մնացած բոլոր դեղերի քանակը մեկ դեղատոմսում չպետք է գերազանցի բուժման մեկ կուրսը, իսկ քրոնիկական հիվանդությունների դեպքում առավելագույնը վեց ամսվա բուժման համար անհրաժեշտ քանակը, որը կարող է դուրս գրվել մեկ դեղատոմսային ձևաթղթի վրա կամ երկուսից երեք ձևաթղթերի վրա՝ յուրաքանչյուրը առավելագույնը երկու ամսվա  կուրսով:
  5. Փոխհատուցվող դեղերի դեղատոմսեր կարող են դուրս գրվել միայն համապատասխան իրավասություն ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկի կողմից ՀՀ օրենսդրությամբ փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտներին: Թմրամիջոց պարունակող և միաժամանակ փոխհատուցվող դեղերը դուրս են գրվում N 1 դեղատոմսային ձևի վրա, հոգեմետ նյութ պարունակող և միաժամանակ փոխհատուցվող դեղերը դուրս են գրվում N 2 դեղատոմսային ձևի վրա:
  6. Փոխհատուցվող դեղեր դուրս գրելիս կատարվում է նշում զեղչի չափի մասին դեղատոմսի համապատասխան հատվածներում (100%, 50%, 30%):
  7. Բազմակի բաց թողնման անհրաժեշտության դեպքում N4 և N5 դեղատոմսային ձևաթղթի համապատասխան հատվածներում կատարվում է նշում բաց թողնման դեպքերի թվի մասին (երկու անգամ կամ երեք անգամ) և (կամ) դեղատոմսը  դուրս է գրվում երկու կամ երեք օրինակից՝ ստորագրելով բոլոր օրինակները: 
  8. Բազմակի բաց թողնման ենթակա չեն հսկվող դեղերը և դեղանյութերը, համակարգային ազդեցությամբ հակավարակային դեղերը, իմունաբանական և ռադիոակտիվ դեղերը, ինչպես նաև փոխհատուցվող դեղերը:
  9. Չի թույլատրվում դեղատանը պատրաստվող դեղերի դեղագրություններում դուրս գրել հետևյալ դեղանյութերը.
  • համակարգային ազդեցությամբ հակաբակտերիային, հակամիկոբակտերիային և ուրոլոգիայում կիրառվող հակավարակային դեղանյութեր.
  • անաբոլիկներ և սեռական հորմոններ.
  • համակարգային ազդեցությամբ գլյուկոկորտիկոիդներ:
  1. Դեղատոմսերում դեղերը գրվում են համընդհանուր անվանումներով՝ «Դեղերի մասին» օրենքի 25 հոդվածի 10-րդ մասին համապատասխան: Դեղի առևտրային անվանումով դեղատոմս դուրս գրելը հնարավոր է միայն բժշկի պատճառաբանված հիմնավորման դեպքում: Թղթային դեղատոմսի դեպքում հիմնավորումը նշվում է դեղատոմսի դարձերեսին, իսկ էլեկտրոնային դեղատոմսի դեպքում այդ նպատակի համար առանձնացված դաշտում:
  2. Դեղատոմսային ձևաթղթի վրա գրված դեղի վերաբերյալ տվյալները նույնությամբ գրանցվում են բժշկական փաստաթղթերում, որոնք պահպանվում են բժշկական օգնության և սպասարկման իրականացման վայրում: Փաստաթղթերում անհրաժեշտ է նշել նաև պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին դեղատոմսը տրամադրելու, փոխհատուցման կամ բազմակի բաց թողնման մասին, ինչպես նաև  ներառել դեղը առևտրային անվանումով բաց թողնելու հիմնավորումը:
  3. Դեղատոմսային ձևաթղթի վրա թույլատրվում է լրացնել, տեղադրել կամ նշել միայն սույն կարգով սահմանված տեղեկությունները:
  • Թղթային դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Թմրամիջոց պարունակող դեղի դեղատոմսը ստորագրությամբ հաստատվում է նաև բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` տնօրենի տեղակալի կողմից: Մի քանի օրինակից դուրս գրվող դեղատոմսերի առաջին օրինակի և պատճեն(ներ)ի  վրա պետք է առկա լինի բժշկի բնօրինակ ստորագրությունը:
  1. Դեղատոմս գրող բժիշկը հաշվառում է N 1 և N 2 ձևաթղթերի վրա դուրս գրված դեղատոմսերը ըստ տեսակների առանձնացված մատյաններում, որոնց էջերը պետք է համարակալվեն, կարվեն և հաստատվեն ղեկավարի ստորագրությամբ: Մատյանում նշվում են դուրս գրման ամիսը, ամսաթիվը, պացիենտի անունը, ազգանունը, բնակության վայրը, բժշկական փաստաթղթի համարը, զեղչի չափը (տոկոսով), դեղատոմսի բովանդակությունը և պացիենտի ստորագրությունը:
  2. Մատյանները պահպանվում են վերջին գրանցումը կատարելուց հետո 5 տարի ժամկետով:
  3. Դեղատոմսերը ուժի մեջ են.
  • Թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղի դեղատոմսը՝  10 օր
  • փոխհատուցվող դեղի դեղատոմսը՝ 30 oր.
  • միանվագ բաց թողնման դեղի դեղատոմսը՝ 30 օր.
  • բազմակի բաց թողնման դեղի դեղատոմսը՝ 180 օր:
  1. Դեղատոմսը տրամադրվում է պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին՝ տեղեկացնելով դեղատանը դեղը համարժեք դեղով փոխարինելու հնարավորության մասին և կամ հիմնավորելով տվյալ առևտրային անվանումով դեղը ընդունելու հանգամանքը:
  2. Թղթային դեղատոմսը կորցնելու դեպքում դուրս է գրվում նոր դեղատոմս՝ այդ մասին նշում կատարելով բժշկական փաստաթղթում:
  • Դեղատոմսը գրելու ժամանակ թույլատրվում է կիրառել հետևյալ լատիներեն կրճատումները.

Շարունակությունը՝ կից փաստաթղթում

  • Քննարկվել է

    27.03.2019 - 12.04.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15432

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

09.04.2019

22. Հաշվի առնելով, որ «Հայաստանի Հանրապետությունում դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ թույլատրվում է դեղատոմսով բացթողնվող դեղերի առաքումը, ուստի անհրաժեշտ է համապատասխան ընթացակարգ նախատեսել նաև նշված դեպքի համար:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

09.04.2019

21. Առաջարկվում է Որոշման նախագծի N 1 հավելվածի 72-րդ կետը հանել՝ հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ քաղաքացու գործունակությունը լրիվ ծավալով ծագում է չափահաս (18 տարեկան) դառնալու պահից, իսկ մինչև այդ անչափահասը քաղաքացիաիրավական հարաբերություններին մասնակցում է իր օրինական ներկայացուցիչների միջոցով: Միևնույն ժամանակ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտների առողջական վիճակի մասին տեղեկությունները տրվում են նրանց օրինական ներկայացուցիչներին: Վերոգրյալից հետևում է, որ բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս, այդ թվում՝ դեղատոմսեր բաց թողնելիս, անչափահասի անունից հանդես են գալիս նրա օրինական ներկայացուցիչները:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

09.04.2019

20. Առաջարկվում է Որոշման նախագծի N 1 հավելվածի 60-րդ կետը խմբագրել՝ հաշվի առնելով, որ նպատակահարմար չէ դեղատան աշխատակցին վերապահել լիազորություն անվավեր ճանաչելու բուժաշխատողի կողմից ստորագրված դեղատոմսը, ինչպես նաև յուրաքանչյուր դեպքում բժշկին կամ անասնաբույժին տեղյակ պահելու վերջինիս պարտականության սահմանումը:

Տեսնել ավելին