«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված՝ ՀՀ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ներկայացվող՝ հանցագործությունների մասին դիմումների ու հաղորդումների քննարկման վերաբերյալ կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվության (Ձև N 2Մ) լրացման և ներկայացման պրակտիկայի ուսումնասիրության ու քննարկման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խնդիրներ՝ կապված այդ հաշվետվությունները սահմանված ժամկետում և պատշաճ չներկայացնելու պատճառով իրավական ճշգրիտ վիճակագրություն վարելու անհնարինության հետ:
ՀՀ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ներկայացվող՝ հանցագործությունների մասին դիմումների ու հաղորդումների քննարկման վերաբերյալ կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվության լրացման և ներկայացման պրակտիկայի ուսումնասիրության ու քննարկման արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության կողմից ներկայացվող հաշվետվությունները վարվում են ոչ միատեսակ, մասնավորապես.
ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից նույն քրեական գործով անցնող հանցագործության յուրաքանչյուր դրվագ դիտարկվում է որպես հանցագործության առանձին դեպք և հաշվառվում Ձև N 2Մ հաշվետվությունում, մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեն հաշվառումն իրականացնում է ոչ թե ըստ դրվագների, այլ՝ ըստ քրեական գործերի:
Հաշվետու ժամանակահատվածի ավարտին մոտ գրանցված այն դեպքերը, որոնցով տվյալ ժամանակահատվածում քրեական գործ դեռ չի հարուցվում, ՀՀ ոստիկանության կողմից ներառվում են հաշվետու ժամանակահատվածի հաշվետվություններում, իսկ ՀՀ քննչական կոմիտեի կողմից դրանք հաշվառվում են հաջորդ հաշվետու ժամանակահատվածում:
ՀՀ քննչական կոմիտեն հաշվետվություններում ընդգրկում է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների վերացման վերաբերյալ նախորդ տարիների տվյալները, իսկ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները՝ բացառապես ընթացիկ տարվա գրանցամատյանում հաշվառված տվյալները:
Բացի այդ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ներկայացվող՝ հանցագործությունների մասին դիմումների ու հաղորդումների քննարկման վերաբերյալ կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվության միասնական ձևը (Ձև N 2Մ) և դրա լրացման ու ներկայացման կարգը սահմանող՝ ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածում առկա՝ «հանցագործությունների դեպքերի գրանցման-հաշվառման N 1 գրքի» և «հանցագործությունների մասին դիմումների» բառերը այլևս ավելորդ են, քանի որ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը» սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման հավելվածով նախատեսված է հանցագործությունների հաշվառման մեկ միասնական գրանցամատյան, բացի այդ, նշված հավելվածը հստակ սահմանում է «հաղորդում» եզրույթը՝ ամրագրելով այն որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի օրենսգրքի 177-179-րդ հոդվածներով նախատեսված քրեական գործ հարուցելու առիթներ, հետևաբար «դիմում» եզրույթով վերնագրված, սակայն հանցագործության մասին որոշակի տվյալներ պարունակող տեղեկությունները (փաստաթղթերը) նույնպես պետք է գնահատվեն որպես հանցագործության մասին հաղորդում և լուծվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Միաժամանակ, կազմված հաշվետվությունների ներկայացման ժամկետները համապատասխանացվել են ներկայիս պրակտիկայի պահանջներին:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է հանցագործության մասին հաղորդումների քննարկման արդյունքների վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տվյալների լիարժեք ճշգրտություն:
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը պայմանավորված է բնագավառում առկա իրավական և տեխնիկական մի շարք խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությամբ: