Հիմնավորում
«Հացահատիկային հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Անհրաժեշտությունը` Ծրագրի նպատակն է հանրապետության տարածքում զարգացնել աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոլոռի, ոսպի, սիսեռի, առվույտի և կորնգանի (այսուհետ՝ մշակաբույսեր) սերմնաբուծությունը ու սերմարտադրությունը, որը հնարավորություն կընձեռի պետական ու մասնավոր սերմնաբուծական կազմակերպությունների միջոցով ավելացնել հանրապետության տարածքում արտադրված, բարձր որակ ապահովող սերմացուի արտադրության ծավալները:
Բուսաբուծական արտադրությանն ապահովել մշակաբույսերի սորտային ու ցանքային բարձրորակ և ագրոտնտեսական բարձր հատկություններով օժտված սերմացուով՝ երկրում ստեղծելով սերմարտադրության ընդհանուր շարունակական շղթա:
Հարստացնել մշակաբույսերի սորտային կազմը, որը լայն հնարավորություն կտա ոլորտի տնտեսավարողներին մշակաբույսերի ճիշտ գոտիավորման և սորտերի ընտրության հարցում:
Տեղական արտադրության որակյալ սերմացուի արտադրության ծավալների ավելացման շնորհիվ բարձրացնել սերմացուի ինքնաբավության մակարդակը, ավելացնել մշակաբույսերի բերքատվությունը, ինչի հաշվին կավելանան նաև դաշտավարությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների եկամուտները:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները` Բարձր բերքի ստացման հիմնական գրավականը բարձրորակ սերմերով ցանքի կատարումն է: Հանրապետությունում հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմացուներով բավարարվածության մակարդակը բավականին ցածր է, իսկ դրանց գները՝ ոչ մատչելի: Անհրաժեշտություն է առաջացել հանրապետությունում բարձրացնելու հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմացուներով ինքնաբավության մակարդակը:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը` Հանրապետությունում իրականացվել է «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը»:
2011 թվականին իրականացվել են «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի գարնանացան գարու սերմարտադրության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի եգիպտացորենի արտադրության զարգացման» ծրագրերը, 2013 թվականին` «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» և 2014 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», 2015 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», 2016 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի գարնանացան գարու, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում 2017 և 2018 թվականների գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագրերը:
Կարգավորման նպատակը և բնույթը` Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի սերմնաբուծության և սերմարտադրության ոլորտում մասնագիտացված ֆերմերային տնտեսությունների միջոցով բարձրացնել հանրապետությունում տեղական արտադրության սերմացուով ինքնաբավության մակարդակը, հարստացնել ծրագրում ընդգրկված մշակաբույսերի սորտային կազմը՝ այն համալրելով բարձր ագրո-տնտեսական հատկանիշներ և հարմարվողականություն ունեցող սորտերով՝ արդյունքում ավելացնելով բերքատվությունը և տնտեսական արդյունավետության մակարդակը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
Ակնկալվող արդյունքը` Հայաստանի Հանրապետությունում սերմնաբուծական ֆերմերային տնտեսությունների կազմակերպությունների արտադրական կարողությունների հզորացում, Հանրապետության տարածքում արտադրվող բարձր վերարտադրության աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոլոռի, ոսպի, սիսեռի, առվույտի ու կորնգանի սերմացուի արտադրական ծավալների ավելացում և տեղական արտադրության սերմացուով ինքնաբավության մակարդակի բարձրացում, աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոլոռի, ոսպի, սիսեռի, առվույտի ու կորնգանի սորտային կազմի հարստացում, մշակության արդյունավետության բարձրացում և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացում, բարձր վերարտադրության սերմերի արտադրության բոլոր օղակներում պետական վերահսկողություն բարելավում:
Իրավական ակտի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին` Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն իրազեկելու նպատակով:
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` Նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:
Տեղեկանք
«Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին
«Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն» ծրագիրը հաստատելու և ֆինանսական միջոցների օգտագործումը թույլատրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
Տեղեկանք
«Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն» ծրագիրը հաստատելու և ֆինանսական միջոցների օգտագործումը թույլատրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական նվազեցում չի առաջանում: