Հիշել նախագիծը

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

 

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) բխում է ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներից: Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի ձևավորման և ներդաշնակ զարգացման հիմքում պետք է դնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Առողջությունը բոլորի համար 21-րդ դարում» քաղաքականության հիմնարար արժեքները` առողջությունը որպես մարդու կարևորագույն իրավունքներից մեկը, արդարությունը առողջության պահպանման հարցերում, յուրաքանչյուր մարդու, խմբի և հաստատությունների, կազմակերպությունների պատասխանատվությունն ու մասնակցությունն առողջության պահպանման գործում, ԱՀԿ-ի համընդհանուր սկզբունքները` հավասարություն, արդարություն, մատչելիություն և ծառայությունների որակի ապահովում, առողջության պահպանման գործում կառավարության և անհատների նոր դերի սահմանում, այդ գործընթացում պատասխանատվության տարանջատում, ստվերային գործունեության վերացում և օրինականացում, առողջության պահպանման բարելավման գործում նոր հոգեբանության սերմանում բնակչության մոտ, ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործում և հնարավորության դեպքում լրացուցիչ միջոցների ընդգրկում:

Վերջին տարիների ընթացքում առողջապահության համակարգում կուտակվել են ոլորտի ներդաշնակ զարգացումը կանխորոշող մի շարք լուրջ հիմնախնդիրներ: Անհրաժեշտություն է առաջացել վարչական ապակենտրոնացման գործընթացը զուգակցել համակարգի կառավարման և բուժօգնության որակի վերահսկման մեխանիզմների համարժեք ուժեղացմամբ:  Նույն մոտեցումը ամրագրում է նաև «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին քաղաքական հռչակագիրը», ըստ որի` երկիրը պետք է հաղթահարի իրավական ու ցանկացած այլ պատնեշ, որը կխոչընդոտի ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման, վարակակիրների խնամքի և աջակցության հասանելիությանը` միաժամանակ պաշտպանելով մարդու իրավունքները:

Սկսած 1981-ից, երբ առաջին անգամ արձանագրվեցին ՁԻԱՀ-ի դեպքերը, համընդհանուր ընդունվեց, որ. ՄԻԱՎ վարակով ապրող, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի անձանց հանդեպ խարանը և խտրականությունը լուրջ խոչընդոտներ են ՄԻԱՎ-ի կանխարգելման, խնամքի և բուժման ծառայությունների տրամադրման   ճանապարհին:

Եվ իհարկե ազգային քաղաքականության սահմանումը էական նշանակություն կարող է ունենալ  երկրում  ՄԻԱՎ-ի դեմ արդյունավետ պայքարն ուղղորդելու և դրան աջակցելու գործընթացում: Այն դեպքերում, երբ օրենսդրությունը չի աջակցում և պաշտպանում ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի կամ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, ավելի մեծ դժվարություններ են առաջանում հանրային առողջության տեսանկյունից ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելման գործում: Ավելին, ապացուցված է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեքստում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը նպաստում է ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելիության նվազեցմանը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված խտրականության կանխարգելմանը և համաճարակի ազդեցության նվազեցմանը:

Ապահովելու համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը` Հայաստանում  սահմանվել է անհրաժեշտ օրենսդրական դաշտ, ինչը լրացուցիչ երաշխիքներ է ստեղծել պաշտպանելու և կյանքի կոչելու ՄԻԱՎ-վարակակիր կամ ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց իրավունքները, որոնք ամրագրված են միջազգային պայմանագրերով և Սահմանադրությամբ:

ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը փաստում է, որ խտրականությունը, որ կունենա ցանկացած հիմք` սեռային, ռասայական, մաշկի գույնի, էթնիկական ու սոցիալական ծագման, գենետիկ գործոնների, լեզվական, կրոնական կամ հավատալիքի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային փոքրամասնությանը պատկանելիության, ունեցվածքի, ծննդի, սահմանափակ կարողությունների, տարիքային կամ անձնական ու սոցիալական այլ հանգամանքների, պետք է արգելվի: Սա նշանակում է, որ ՄԱԿ-ի փաստաթղթերի համատեքստում դիտարկվելիս, ՀՀ Սահմանադրությունը նույնպես արգելում է «անձնական ու սոցիալական այլ հանգամանքների» հիման վրա խտրականությունը:

Մեկ այլ օրենք` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ նախատեսում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալու մատչելի տեղեկատվություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին: Օրենքը նաև սահմանում է հիվանդների` բժշկական տեղեկատվության գաղտնիության ապահովման դրույթներ:

«Բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից: ՀՀ Քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում Առանց մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կողմից անձի հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկություններ հրապարակելը: Բժշկական տեսանկյունից գաղտնի համարվող տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն դատարանի (դատավորի), դատախազի, նախաքննության, ինչպես նաև այլ իրավասու մարմինների պահանջով` օրենքով սահմանված կարգով: Սակայն հարկ է նկատել, որ ՀՀ օրենսդրությունը չի կարգավորում բժշկական գաղտնիքի ապահովմանը առնչվող բոլոր հարցերը` առաջացնելով որոշ բացեր:

Ելնելով միջազգային համընդհանուր կիրառման փաստաթղթղերում ամրագրված սզբունքների և մոտեցումների ներդրման անհրաժետությունից, ուսումնասիրելով ներկայումս  գործող օրենսդրական կարգավորումները, նշված ոլորտում  առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ  արձագանքնելու համար մշակվել է սույն նախագիծը, որով կատարավում են որոշ հստակեցումներ, մասնավորապես բժշկական կազմակերպությունների կողմից ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառաման արգելքը և համապատասխան բխող պատասխանատվության շրջանակները, ինչպես նաև բուժանձնակազմի կողմից ՄԻԱՎ վարակակիր և ՁԻԱՀ-ով հիվանդ  անձանց բժշկական տեղեկությունների գաղտնիության պահպանման  և բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների  փոխանցմանն ներկայացվող պահանջների շրջանակները:

Նախագծով իր ամրագրումն է ստացել նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեսթավորման գործընթացի կարգավորմանը վերաբերող դրույթ, նկատի ունեալով, որ ՄԻԱՎ-ի նկատմամբ իր կարգավիճակն իմանալու ցանկություն ունեցող անձը հետազոտության համար հնարավորություն ունենա վերցնել իր սեփական նմուշը (լնդային տրանսուդատ կամ արյուն), ապա իրականացնելու հետազոտություն և մեկնաբանելու արդյունքը՝ միայնակ կամ որևէ մեկի մասնակցությամբ: Նշվածի հետ մեկտեղ ամրագրվել է, որ ինքնաթեսթավորման ժամանակ դրական արդյունքի դեպքում անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ մասնագիտացված բժշկական կազմակերպութ­յունում՝ ստացված արդյունքը հաստատելու կամ ժխտելու նպատակով:

Վերը նշված փոփոխությունների և լրացումներիի արդյունքում, հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ կազմակերպել ՄԻԱՎ-ով ապրող անձանց բժշկական օգնութունը և սպասարկումը և ապահովել վերջիններիս իրավունքների անխոչընդոտ իրացումը:

 

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) բխում է ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներից, համաձայն որոնց, ՄԻԱՎ-ի բացահայտման, ներգործության և փոխանցման նկատմամբ  քրեական իրավունքի նորմերի կիրառումը առաջացնում է խնդիրներ ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ հանրային առողջապահական տեսակետից: Միջազգային փորձի վերլուծությունը վկայում է, որ չկան որևէ ապացույցներ, որ քրեական իրավունքի նորմերի կիրառումը հանդիսանում է արդյունավետ միջոց ՄԻԱՎ-ի կանխարգելման համար: Ավելին, ապացուցված է հակառակը,այն է. քրեական պատասխանատվության շրջանակներում ամրագրված դրույթները խոչընդոտ են հանդիսանում ՄԻԱՎ-ի նկատմամբ թեսթավորում անցնելու, կարգավիճակի բացահայտման, համապատասխան բժշկական օգնության դիմելու համար: Ներկայում ՄԻԱՎ-ի համար նախատեսված ժամանակակից դեղերը և բուժումը  միանշանակ թույլ են տալիս փաստել, որ  ՄԻԱՎ-ի փոխանցումը դարձնում են անհնար և այս տրամաբանության մեջ գործող քրեական օրենսգրքում ամրագրված դրույթները չեն արտացոլում և ապահովում փոխարժեք ներգործության միջոցներ: Կան կարծիքներ նաև, որ ՄԻԱՎ-ի փոխանցման նկատմամբ քրեական օրենսդրությամբ ամրագված պատասխանատվության միջոցների կիրառումը կարող է  լուծել  մի շարք հանրային առողջապահական խնդիրներ, սակայն դա այդպես չէ: Ավելին, ՄԻԱՎ-ի փոխացման  քրեականացումը, որպես նոր դեպքերի կանխման և համաճարակային կայուն իրավիճակի ապահովման հիմք, համարվում  է ոչ ճկուն գործիք և առոչինչ է դարձնում ՄԻԱՎ-ի հակազդմանն ուղղված արդյունավետ միջոցների կիրառումը:

Ելնելով վերը նշվածից, ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրն առաջարկում է երկրներին վերանայել իրենց քրեական օրենսդրությունը` սահմանափակելով ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվությունը միայն այն դեպքերում, երբ անձը տեղեկացված է իր ՄԻԱՎ հիվանդության մասին, գործում է կանխամտածված և դիտավորությամբ, որի արդյունքում այդ վարակը փոխանցում է այլ անձանց:

ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը կոչ է անում չկիրառել քրեական պատասխանատվություն հետևյալ դեպքերի համար.

  • երբ անձը տեղեկացված չէ իր հիվանդության մասին,
  • երբ անձը չի հասկանում, թե ինչ ուղիներով է փոխանցվում ՄԻԱՎ-ը,
  • բացահայտել է իր ՄԻԱՎ կարգավիճակը տվյալ անձին,
  • չի բացահայտել իր կարգավիճակը, քանի որ վախեցել է բռնությունից կամ այլ ծանր բացասական հետևանքներից,
  • ձեռնարկել է որոշակի միջոցներ, որպեսզի նվազեցնի վարակի փոխանցման վտանգը (օրինակ՝ սեռական հարաբերություններ պահպանակի օգտագործումով),
  • երբ կողմերի միջև եղել է նախնական համաձայնություն` ընդունելով հնարավոր վտանգը:

ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը պետություններին առաջարկում է նաև խուսափել ՄԻԱՎ վարակի հետ կապված հատուկ հոդվածներ սահմանելուց, իսկ կանխամտածված վարակման դեպքում կիրառել ընդհանուր քրեական հոդվածները:

Այն դեպքում, երբ բռնությամբ ուղեկցված իրավախախտումը հանգեցնում է  ՄԻԱՎ վարակի փոխանցման կամ ստեղծում է փոխանցման մեծ վտանգ, ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը կարող է համարվել ծանրացուցիչ հանգամանք, եթե տվյալ անձն իրավախախտում կատարելիս իմացել է իր կարգավիճակի մասին:  

Մի շարք երկրներում (օր.՝ Բելգիա, Չեխիա, Էստոնիա, Խորվաթիա, Մալթա, Շվեյցարիա և այլն) քրեական պատասխանատվություն է սահմանված միայն այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով դիտավորությամբ վարակելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու դեպքում:

Պետք է նշել, որ.

1) նշված հոդվածի առաջին մասի հիմավորվածությունը վիճելի է և անորոշ է սահմանում արարքի կանխատեսելիությունը և կանխամտածվածությունը` մեղադրական դատավճռի հիմնավորման համար, քանի որ այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը հստակ չի մեկնաբանում պատասխանատվության ենթակա դեպքերը և երկակի մեկնաբանման հնարավորություն է տալիս: «Ակնհայտ վտանգի ենթարկել» կարող է դիտվել ցանկացած գործողություն, որի հետևանքով տեսականորեն մարդը կարող է վարակվել ՄԻԱՎ-ով,

2) նույն հոդվածի 1-ին մասը չի նախատեսում մեղքի այն ձևը, որի դեպքում անձը ենթակա է պատասխանատվության,

3) անկախ այն հանգամանքից, թե անձն այլ անձի վարակվելու ակնհայտ վտանգի է ենթարկել դիտավորությամբ, թե անզգուշությամբ` ենթակա է քրեական պատասխանատվության, անկախ այդ արարքի արդյունքում առաջացող հետևանքներից: Այսինքն, եթե նույնիսկ «այլ անձը» արդյունքում չի վարակվել մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով, այդուհանդերձ «վարակելու ակնհայտ վտանգի ենթարկող» անձը ենթակա է քրեական պատասխանատվության:

            Ելնեով վերը նշվածից, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ կողմից մի շարք միջազգային պայմանագրերով մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ստանձնած պարտավորութուների կատարման անհրաժեշտությամբ, առաջարկվում է սույն նախագծով սահմանել ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվություն միայն այն դեպքերում, երբ անձը տեղեկացված է իր մոտ առկա ՄԻԱՎ հիվանդության մասին, գործում է կանխամտածված` դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ և փաստացի փոխանցում է ՄԻԱՎ:

Բացի այդ, Նախագիծը դրույթ է սահմանում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ, եթե մյուս՝ ՄԻԱՎ-ով վարակված կամ վարակման վտանգի ենթարկված անձը ժամանակին նախազգուշացված է եղել առաջինի մոտ այդ հիվանդության առկայության մասին և կամավոր համաձայնվել է կատարել վարակման վտանգ ստեղծած գործողություն, կամ եթե հանցանք կատարած անձը ձեռնարկել է վարակը չփոխանցելու համար անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները: Սույն դրույթի ուժով կբացառվի ինչպես մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքում մոր նկատմամբ քրեական պատասխանավությունը, եթե վերջինս ձեռնարկել է վարակը չփոխանցելու համար անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները, և այնուամենայնիվ վարակի փոխանցում տեղի է ունեցել, այնպես էլ  զուգընկերոջ մոտ ՄԻԱՎ-ի առկայության մասին տեղեկացված լինելու և կամավոր ձևով վարակման վտանգ ստեղծող գործողություն կատարելու դեպքում: Սույն դրույթը, ըստ էության, հանդիսանում է պատասխանատվությունից ազատելու յուրահատուկ տեսակ, ինչը կապված է անձի` մինչև հանցավոր արարք կատարելը դրսևորած դրական վարքագծի հետ, որի հետևանքով նրա կողմից կատարված արարքը դադարում է սոցիալապես վտանգավոր լինել:

Ավելին, համաձայն ՄԱՎ/ՁԻԱՀ-ը և մարդու իրավունքները միջազգային ուղեցույցի ՄԻԱՎ-ի փոխանցման քրեական օրենքի կիրառման փոխարեն կառավարությունները պետք է ընդլայեն այն ծրագրերը, որոնց արդյունավետությունը ապացուցված է ՄԻԱՎ-ի փոխանցման կրճատման ընթացքում` պաշտպանելով ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց: Նման միջոցառումները ներառում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվության, կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, ներառյալ կամավոր խորհրդատվությունը և թեսթավորումը, այդ թվում նաև ինքնաթեսթավորման հասանելիության ապահովումը, որպեսզի նրանք կարողանան խուսափել ՄԻԱՎ-ի ազդեցությունից` ավելի անվտանգ վարք դրսևորելու միջոցով: Կանխարգելման ծրագրերը պետք է ներառեն այնպիսի կանխարգելիչ միջոցառումներ, որոնք թույլ են տալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խուսափել ՄԻԱՎ-ի փոխանցումը ուրիշներին, կամավոր կերպով բացահայտել իրենց դրական կարգավիճակը և խուսափեն խարանից և խտրականությունից, այսպիսով խուսափելով նոր սեռական ճանապարհով փոխանցվող վարակների տարածումից և այսպիսով  կանխարգելեն ՄԻԱՎ վարակի հետագա տարաումը:

       Նշենք նաև, որ ներկայացված առաջարկությունները կատարվել են Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի  փոխանցման վերացումը գնահատելու և արդյունքում երկրին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը հավաստելու նպատակով Հայաստանի իրավիճակը գնահատող ԱՀԿ տարածաշրջանային փորձագիտական խմբի  կողմից 2016 թվականի ապրիլին, ինչպես նաև ԱՀԿ Գլոբալ Վավերացման խորհրդատվական հանձնաժողովի (ԳՎԽՀ) փորձագիտական խմբի կողմից 2016 թվականի հունիսին և արտացոլվել ԱՀԿ համապատասխան կառույցների ղեկավարների կողմից ՀՀ առողջապահության նախարարին ուղղված, նաև ՀՀ արտաքին գործերի նախարարին, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչությանը և ԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավարներին պատճենված 2016 թվականի օգոստոսի 11-ի և 2017 թվականի օգոստոսի 4-ի, 2018 թվականի սեպտեմբերի 24-ի գրություններում, որտեղ  մասնավորապես  նշվում է, որ ԳՎԽՀ կողմից Հայաստանում վեր են հանվել մարդու իրավունքներին առնչվող նշանակալից հարցեր, մասնավորապես առնչվող ՄԻԱՎ փոխանցման քրեականացմանը, և որ ԳՎԽՀ-ն ակնկալում է մինչև սույն տարվա ավարտը ստանալ իրավիճակի բարելավման ուղղված քայլերի վերաբերյալ հաշվետվություն:

 Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի  փոխանցման վերացման վավերացման շրջանակում ԱՀԿ կողմից կատարված այս առաջարկության տրամաբանությունը բխում է և, հետևաբար, հոդվածի վերանայման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ,  հակառակ դեպքում, քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի նաև հղի կինը` վերջինիս մոտ ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում` հանգեցնելով հղիության ընթացքում ՄԻԱՎ վերաբերյալ հետազոտվելուց խուսափելուն և, այդպիսով, մորից երեխային վարակի փոխանցման վտանգի:

Մարդու իրավունքների ընդլայնման, մասնավորապես ՄԻԱՎ-ի փոխանցման քրեականացման դաշտում փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը շեշտադրվում է նաև 2016 թվականի հուլիսին ՄԱԿ-ի գործադիր տնօրեն Մայքլ Սիդիբեի կողմից ՀՀ վարչապետին ուղղված պաշոնական գրության մեջ, որտեղ մասնավորապես առաջարկվում է քրեական օրենսգրքից հանել ՄԻԱՎ-ի ոչ կանխամտածված փոխանցման համար քրեական պատասխանատվության սահմանումը, այն պահպանելով միայն դիտավորությամբ վարակելու դեպքերում, ինչը դրական կանդրադառմա երկրում ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման  և բուժման ծառայությունների ընդլայնման գործընթացի վրա: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽUԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱUԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետա­­­­­­կան բյու­­ջեի եկամուտների վրա կարող է լինել բացասական, իսկ ՀՀ պետական բյուջեի ծախսերի, համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի վրա ազդեցությունը կլինի չեզոք: 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

  • Քննարկվել է

    04.03.2019 - 19.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14135

Տպել

Առաջարկներ`

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ

19.03.2019

Գնահատելով Նախագծում առաջարկվող փոփոխությունների կարևորությունը, գտնում ենք, որ այն չի կարող բերել զգալի փոփոխությունների ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականությունը բացառելու գործում, քանի դեռ չի ընդունվել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն: Մասնավորապես. 1. Նախագծի 2-րդ հոդվածով կարգավորվում է Բժշկական կազմակերպությունում խտրականության արգելումը, սակայն թե Նախագծում, թե որևէ այլ իրավական ակտում ներկայումս բացակայում է խտրականության հասկացությունը: 2. ՀՀ վարչական իրավախախումների մասին օենսգրքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կամ բուժաշխատողի կողմից անձին ՄԻԱՎ կարգավիճակի պատճառով բժշկական օգնություն և սպասարկում չտրամադրելու կամ ոչ պատշաճ տրամադրելու վերաբերյալ հոդված է առաջարկվում ներառել, սակայն Նախագծով չի կարգավորվում, թե որ պետական մարմինն է իրավասու լինելու վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու այս իրավախախտման համար: Կարծում ենք, որ այս Նախագծով առաջարկվող փոփոխություններն ամբողջական կդառնան, երբ կունենանք ձևավորված հավասարության մարմին, ով էլ իրավասու կլինի և կունենա բավարար գիտելիքներ և գործիքակազմ՝ խտրականության առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար: Մասնավորապես, պետական մարմինների կողմից իրականացվող վարչարարության առանձնահատկությունները ներկայումս թույլ չեն տալիս կիրառել խտրականության բացահայտման համար այնպիսի անհրաժեշտ և առանձնահատուկ մեխանիզմներ, ինչպիսին ապացուցման բեռի փոխանցումն է խտրականություն կիրառած անձի նկատմամբ:

Լուսինե Միրզոյան

19.03.2019

Կարծում եմ անհնար կլինի պոլիկլինիկաներում համապատասխան ներուժի ապահովումը եւ ծառայությունների որակի ապահովումը, ինչպես դա արվում է ՁԻԱՀ-ի կենտրենում։ Չեմ կարծում նաեւ, որ բնակիչները կգնան տեղամասային առողջության կենտրոններ հետազոտվելու։

<<Դրական մարդկանց հայկական ցանց>>

19.03.2019

Հոդված 1-ի փոփոխությամբ մի շարք խնդիրներ կառաջանան, ինչը որ կա սեռավարակների, կամ հեպատիտների վիճակագրության ոլորտում, սա առաջին հերթին։ Անհասկանալի է, թե ինչ է լինելու ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը (ՁԻԱՀ-ի ԿՀԿ), որը 1989-ից սկսած պատշաճ կերպով վարում է ամենամսյա վիճակագրություն և իրականացնում է համակարգված մոնիթորինգ՝ տվյալները հավաքելով բոլոր բուժհաստատություններից։ Այս փոփոխությամբ անհասկանալի է դառնում նաև, թե ով պետք է իրականացնի մոնիթորինգը և ինչպես հավաքագրվի տեղեկատվությունը բոլոր տեղերից։ Բացի այդ կարևոր մոնիտորինգի մաս է հանդիսանում ներկայումս իրականացվող միասնական դեղերի պատվերի ձևավորումը, որը ևս իրականացնում է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն, այսինքն բուժում ստացող հիվանդների կանխատեսումը ըստ բացարձակ թվի, և տարբեր սխեմաների, դա 2005թ.-ից սկսած մինչ օրս հնարավորություն է տվել ապահովել դեղերի անխափան մատակարարումը, որը նաև շատ կարևոր է այսօրվա «բուժումը նաև կանխարգելում է» ռազմավարության համար։ Կարծում ենք տարիների փորձ ու մշակված մեխանիզմի փոփոխությունը այս առումով կարող է լուրջ խնդիրներ առաջացնել դեղերի ընդհատումների հետ կապված, ինչը ցույց է տալիս նաև Ռուսաստանի փորձը, որտեղ ներկայումս հիվանդները լուրջ խնդիրներ են ունենում դեղերի մատակարարման ընդհատումների հետ կապված։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր կազմակերպությունը 2007թ.-ից սկսած աշխատում է, և խնամք ու աջակցություն է տրամադրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, այսինքն քաջատեղյակ լինելով ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանրության խնդիրներին, վստահաբար կարող ենք ասել, որ ելնելով հատկապես մարզերում տիրող խտրական վերաբերմունքից (այդ թվում բժշկական գաղտնիության չպահպանումը), և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ վախի զգացողության առկայությունից, նրանք ապահով չեն զգա, նույնիսկ իրենց տարածքային պոլիկլինիկայից դեղեր ստանալու առումով, քանի դեռ առկա է խտրական վերաբերմունք նրանց նկատմամբ։ Եվս մի կարևոր փաստարկ։ Կանխարգելում և մոնիտորինգ գործառույթները չեն հանդիսանում լիցենզիա պահանջող գործառույթներ։ Ավելին, 2003թ.-ից սկսած ՀՀ-ում խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում իրականացնում են հասարակական կազմակերպությունները, ընդ որում իրականացնում են բավականին բարձր արդյունավետությամբ, ինչի մասին վկայում են թե ձեռք բերված ցուցանիշները, և թե միջազգային տարբեր գնահատականներ։ Այս կազմակերպությունները շարունակում են ակտիվ գործել և արդյունքներ գրանցել ոչ միայն կանխարգելման, այլև վաղ հայտնաբերման առումով, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից դեղերի ընդունման պարտաճանաչության ապահովման առումով, և պետական և հասարակական սեկտորի նման համակարգված աշխատանքներն են, որ թույլ են տալիս մինչ օրս արյունավետ հակազդել համաճարակին և հասնել երկրի առաջ դրված ցուցանիշներին։ Հոդված 2. Բժշկական գաղտնիքի պահպանումը կարգավորվում է նաև այլ օրենքներով, կարծում ենք այս փոփոխությունը ավելի լայն օրենսդրական կարգավորում է պահանջում, նմանատիպ խնդիրներ ունենում են նաև տուբերկուլոզով հիվանդները, կամ օրինակ խոցելի խմբերի պատկանող մարդիկ, այս դեպքում, արդյոք նրանք պաշտպանված չե՞ն լինելու։ Կան նաև մի շարք տեխնիկական հարցեր, որ լավ կլիներ քննարկել իրավաբանների հետ մասնավորապես 6.1 հոդվածը, որի առաջին կետը հանդիսանում է սահմանադրական իրավունք և ամրագրված է ՀՀ սահմանադրությունում, իսկ նույն հոդվածի երկրորդ կետը հանդիսանում է քրեական օրենսգրքի հատված (ընդ որում նաև հղում չկա, թե որ օրենքի մասին է խոսքը), ինչքանո՞վ է ճիշտ այսպիսի ձևակերպումը կանխարգելման մասին օրենքում։ Հոդված 5. Ինքնաթեստավորման հետ կապված` եթե վերջնական ախտորոշում կարող է տալ ցանկացած բուժհաստատություն, ինչ է լինում հետո հիվանդի հետ, ով է վարում։ Կարծում ենք, որ այստեղ ևս ակտուալ է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից ներկայումս իրականացվող գործառույթները հիվանդների վարման առումով, քանի որ այս գործելաոճը տարիների ընթացքում ցույց է տվել իր արդյունավետությունը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ փոփոխությունների մասով. այս փոփոխությունը շատ կարևոր է, բայց թերի է, այն առումով որ ավելի լայն օրենսդրական կարգավորում է պահանջում, քանի որ ոչ միայն ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ են բախվում այս խնդրին, այլև տուբերկուլոզով, հեպատիտներով հիվանդները, ինչպես նաև խոցելի խմբերի ներկայացուցիչները, կամ սոցիալապես անապահով մարդիկ, այս խնդիրներին մենք բախվում ենք մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում։

Տեսնել ավելին