Լիլիթ Հարությունյան
02.03.2019
Առաջարկվող փոփոխությունը հիմնավորված չէ՝ հետևյալ պատճառաբանությամբ. 1. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն է, ոչ թե ստուգման ակտը (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, 256-րդ հոդված): 2. Ստուգման ակտը և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը տարբեր փաստաթղթեր են: Ստուգման ակտը կազմվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան (ստուգման ակտում ամփոփվում են ստուգման արդյունքները): Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է, եթե առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված արարք. այն է՝ պետական կամ հասարակական կարգի, հանրային սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Արձանագրություն չի կազմվում, եթե առկա է նույն օրենսգրքի 247-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը: 3. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-258-րդ հոդվածներին համապատասխան: