Արման Հարությունյան
18.02.2019
«Ամփոփաթերթ» բաժնում Սահմանադրության 6-րդ հոդվածին համապատասխանության հարցով Ձեր կողմից ներկայացված փաստարկները, մասնավորապես՝ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածը վերաբերվում է բյուջեի կատարմանը, այսինքն սահմանում է որոշակի գործիքակազմ, տվյալ դեպքում «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) պահանջների կատարումն ապահովելու համար և չի պարունակում Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի «պետական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդ»-ի մասով հավելյալ որևէ լիազորող նորմ: Ինչ վերաբերվում է Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 24-րդ կետին, ապա այն առնվազը, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով պետական մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդի մասով, չի բխում Օրենքի պահանջից: Օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանվել է, որ տնտեսված միջոցները համապատասխան պետական մարմնի աշխատակիցների պարգևատրմանն ուղղելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը՝ ի հավելումն այլ օրենքներով սահմանված պարգևատրման պայմանների, այդ թվում` սահմանափակումների, այսինքն Կառավարությունը տնտեսված միջոցները պետական մարմնի աշխատակիցների պարգևատրմանն ուղղելու լիազորության հետ միաժամանակ ձեռք է բերում նաև այդ միջոցների մասով պագևատրման հավելյալ պայմաներ սահմանելու լիազորություն: Հետևաբար՝ հիմնավորման մեջ նշված իրավական ակտերի դրույթները, ինչպես նաև աշխատողների պարգևատրման միջազգային փորձը չեն կարող Կառավարությանը լիազորել պետական մարմինների աշխատակիցների պարգևատրման համար հիմնական պայմաններ և կարգ սահմանել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով պետական մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից, քանի որ հիշյալ պարգևատրման ֆոնդը չի կարելի նույնացնել Օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով նախատեսված տնտեսվող միջոցների հետ, չնայած որ դրանք կարող են ուղղվել միևնույն նպատակին՝ խրախուսմանը (պարգևատրմանը): Հաշվի առնելով վերոգրյալը, մասնավորապես՝ Օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով Կառավարության լիազորությունը՝ ի հավելումն այլ օրենքներով սահմանված պարգևատրման պայմանների, այդ թվում` սահմանափակումների, սահմանելու պարգևատրման կարգ և պայմաններ՝ միայն նշված կետով նախատեսված տնտեսումից աշխատողների պարգևատրմանն ուղղված միջոցների մասով. Առաջարկում եմ. 1. Նախագծի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սահմանել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով նախատեսված միջոցներից՝ պետական մարմինների աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի» 2. Հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 17-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ» 3. Հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից, ինչպես նաև» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված`» բառերով: 4. Հավելվածի 1-ին կետում «քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական» բառերը փոխարինել «պետական պաշտոններ և» բառերով: 5. Հավելվածի 11-րդ կետում «2010» թիվը փոխարինել «2011» թվով: Ինչ վերաբերվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասին, ապա անհրաժեշտ է արձանագրել օրենսդրական բացի մասին, քանի որ նշված հոդվածը սահմանում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրման աղբյուրները և այդ աղբյուրներից պարգևատրում ստանալու նրանց իրավունքը, սակայն, ի տարբերություն պետական ծառայության պաշտոնների, պարգևատրման կարգը սահմանված չէ, ինչպես նաև պարգևատրման կարգ սահմանելու լիազորությունը վերապահված չէ որևէ մարմնի, որի արդյունքում կիրառվում է Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որն անկասկած անթույլատրելի է և ենթակա է շտկման օրենսդրական ճանապարհով: Պարգևատրման միասնական կարգ և պայմաններ սահմանելու գաղափարն անշուշտ ողջունելի է, և հուսանք, որ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով, պետական մարմինների բոլոր աշխատակիցների համար Կառավարությունն առաջիկայում կնախաձեռնի օրենսդրությանը համապատասխան բոլոր անհրաժեշտ քայլերը դրա իրագործման համար: