ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Օ Ր Ե Ն Ք Ը


ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով կարգավորվում են արտակարգ իրավիճակների կառավարման գործընթացում արտակարգ իրավիճակ հայտարարելու կարգն ու պայմանները:

 

Հոդված 2. Արտակարգ իրավիճակի ռեժիմը

Արտակարգ իրավիճակի ռեժիմը ժամանակավոր միջոցառում է, որը իրականացվում է (կամ նախատեսված է) որոշակի տարածքում կամ օբյեկտում արտակարգ իրավիճակ հայտարա­րե­լու պարագայում պետական կառավարման համակարգի և տեղա­կան ինքնակառա­վար­ման մարմինների, կազմակերպությունների, բնակչության գործունեու­թյունը հատուկ իրավական իրավահարաբերություններում իրականացնելու նպատակով՝ իրավաբանական ան­ձանց, Հայաս­տա­նի Հանրա­պե­տության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քա­ղաքա­ցիու­թյուն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների որոշակի սահ­մա­նա­­փա­կում­ների կիրառմամբ, նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանմամբ:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

  • տեղական բնույթի արտակարգ իրավիճակ` իրա­դրու­թյուն, երբ խոցման գործոնները չեն տարածվել կազմակերպության, օբյեկտի տարածքից կամ արտակարգ դեպքի, պատահարի վայրից դուրս, և արտակարգ իրավիճակ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար բավարար են տվյալ տա­րածքն սպասարկող պետական մարմինների, ծառայությունների, կազմակերպու­թյունների ուժերն ու միջոցները,
  • համայնքային բնույթի արտակարգ իրավիճակ` իրադրություն, երբ խոցման գործոնները դուրս են եկել կազմակերպության տարածքից կամ արտակարգ դեպքի, պատահարի վայրից, սա­կայն, չեն տարածվել քաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) ու գյուղական համայնք­ների տարածքից դուրս, և արտակարգ իրավիճակ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար բավարար են տվյալ համայնքն սպասարկող պետական մարմինների, ծառայությունների, կազմակերպությունների ուժերն ու միջոցները,
  • մարզային բնույթի արտակարգ իրավիճակ՝ իրադրություն, երբ խոցման գործոնները դուրս են եկել քաղաքային կամ գյուղական համայնքի տարածքից, սակայն, չեն տարածվել տվյալ մարզի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) տարածքից դուրս, և արտակարգ իրավիճակ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար բավարար են տվյալ մարզում (Երևան քաղաքում) գործող պետական մարմինների, ծառայությունների, կազմակերպությունների ուժերն ու միջոցները,
  • հանրապետական բնույթի արտակարգ իրավիճակ՝ իրադրություն, երբ խոցման գործոնները դուրս են եկել մարզի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) տարածքից, սակայն, չեն տարածվել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, և արտակարգ իրավիճակ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար անհրաժեշտ է ներգրավել Հայաստանի Հանրապետության ուժերն ու միջոցները կամ ծագել է միջազգային օգնությանը դիմելու անհրաժեշտություն,
  • արտակարգ իրավիճակի գոտի՝ վարչական տարածք կամ տեղանք, որտեղ հայտարարվել է արտակարգ իրավիճակ ու գործում է արտակարգ իրավիճակի ռեժիմ,
  • աղետ՝ արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային, տիեզերական, սոցիալ-կենսաբանական երևույթ­նե­րի կամ զենքի կիրառման կամ ռազմական գործողությունների խոցող գործոնների ազդեցության ինտենսիվությամբ, տևողությամբ, տարածման մասշտաբներով, կորուստների և վնասի չափով պայմանավորված հետևանք­ների ծանրու­թյան աստիճան:

 

ԳԼՈՒԽ 2

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 4. Արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը

  1. Արտակարգ իրավիճակ կարող է հայտարարվել Հայաստանի Հանրապետության տարածքում աղետի առաջացման, աղետի առաջացման սպառնալիքի կամ աղետի հակազդման և հետևանքների վերացման համար առկա հնարավորություն­ների անբավարարության դեպքերում:
  2. Արտակարգ իրավիճակ` ըստ նշանակության կարող է հայտարարվել նաև Հայաստանի Հանրապետությունում կամ նրա առանձին տարածքում արտակարգ կամ ռազմական դրության իրավական ռեժիմների հայտարարման ժամանակ:

 

Հոդված 5. Արտակարգ իրավիճակ հայտարարելը

  1. Արտակարգ իրավիճակ հայտարարում է՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հանրապետական, մարզային կամ համայնքային նշանակության արտակարգ իրավիճակի դեպքում՝

ա. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների  ղեկավարի առաջարկությամբ.

բ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմնի ղեկավարը` մարզային, համայնքային կամ տեղական նշանակության արտակարգ իրավիճակի դեպքում՝

ա. տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ.

բ. լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարի առաջարկությամբ.

գ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման այլ մարմնի ղեկավարից ստացված տեղեկատվության հիման վրա.

դ. հատուկ, կարևորագույն նշանակության  օբեյկտի, կազմակերպության ղեկավարի կամ հերթապահի (օպերատիվ հերթապահի, կարգավարի, ավագ կարգավարի) զեկույցի հիման վրա.

3) Հայաստանի  Հանրապետության տեղական  ինքնակառավարման  մարմնի ղեկավարը՝ համայնքային կամ տեղային նշանակության արտակարգ իրավիճակի դեպքում՝

ա. լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարի առաջարկությամբ.

բ. Հայաստանի  Հանրապետության տեղական  ինքնակառավարման այլ մարմնի ղեկավարից  ստացված տեղեկատվության հիման վրա.

գ. հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտի, կազմակերպության ղեկավարի կամ հերթապահի (օպերատիվ հերթապահի, կարգավարի, ավագ կարգավարի) զեկույցի հիման վրա.

  1. Որոշակի տարածքում արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում գործում է արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմը:

 

Հոդված 6. Արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին որոշման բովանդակությունը

  1. Արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին որոշումը պետք է ներառի՝

1) հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները.

2) հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը.

3) այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ իրավիճակ.

4) արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը.

5) կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք.

6) ուժի մեջ մտնելու և գործողության ժամկետները:

  1. Արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին որոշումը ենթակա է անհապաղ հրապարակման հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլով:

 

ԳԼՈՒԽ 3

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 7. Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմում իրականացվող  միջոցառումները

  1. Արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում կառավարման մարմինների կողմից իրականացվող միջոցառումներն են՝
  • ստեղծված իրավիճակի, հետևանքների և հակազդման կարողությունների գնահատման, համարժեք արձագանքման և աղետ առաջացնող խոցող գործոնների ու հետևանքների վերացման աշխատանքերի կազմակերումը.
  • արձագանքման գործընթացում ներգրավված կառավարման մարմինների և ծառայությունների ուժեղացված և (կամ) շուրջօրյա աշխատանքային ռեժիմի անցման ապահովումը.
  • արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմ ներդնելու մասին որոշման ընդունումն ու համա­պատասխան վարչական տարածքների և դրանցում ռեժիմի առանձնահատկությունների սահմանումը.
  • արտակարգ իրավիճակների հանձնաժողվների աշխատանքի կազմակերպումը, անհրաժեշ­տու­թյան դեպքում՝ օպերատիվ շտաբերի (խմբերի) ծավալումը.
  • կառավարման մարմինների, արտակարգ իրավիճակների հանձնաժողվների, օպերատիվ շտա­բերի (խմբերի), լիազոր մարմնի ճգնա­ժամային կառավարման ազգային և տարածքային կենտ­րոնների (ներգրավման դեպքում՝ շարժական կառավարման կետերի) միջև ներդաշնակ աշխատանքի կազմակերպումն ու արդյունավետ կառավարման ապահովումը.
  • ստեղծված իրադրության, վարվելականոնների, ժամանակավոր սահմանափակումների, մշտա­դիտարկման և կանխատեսումների, հետևանքների վերացման գործընթացի, հասցված վնասների և կորուստների մասին բնակչության, շահագրգիռ կառավարման մարմինների, կազմակերպությունների, հիմնարկների, զանգվածային լրատվամիջոցների իրազեկման և տեղեկատվական հոսքերի արդյու­նա­վետ կառավարման ապահովումը.
  • հասարակական կարգի, հատուկ, կարևորագույն օբյեկտների պահպանման կազմակերպումը.
  • արտակարգ իրավիճակի գոտում բնակչության կենսապահովման կազմակերպումը.
  • արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համապատասխան պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման ապահովումը.
  • սույն կետում թվարկված միջոցառումների և գործընթացների անխափանությունն ապահո­վելու համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրների պլանավորումն և հատկացման ապահովումը:

Հոդված 8.    Արտակարգ   իրավիճակի ռեժիմն ապահովող մարմինները

          Արտակարգ իրավիճակի ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում են Արտակարգ իրավիճակների, Պաշտպանության, Առողջապահության նախարարությունների, Ոստիկանության, պետական կառավարման համակարգի այլ մարմինների ու կազմակերպությունների ուժերն ու միջոցները` սույն օրենքով սահմանված արտակարգ իրավիճակի ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման համար:

 

Հոդված 9. Արտակարգ իրավիճակներում կիրառվող ժամանակավոր սահմանափակումները և կիրառվող միջոցների սահմանները

  1. Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմ հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետութան կառավարության, տարածքային կառավարման մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարների որոշմամբ իրավական ռեժիմի գործելու ժամանակահատվածում և տարածքում կարող են կիրառվել հետևյալ միջոցներն ու սահմանափակումները՝
  • արտակարգ իրավիճակի կամ աղետի գոտում տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի (այդ թվում՝ կարանտինային) սահմանում.
  • բնակչության կենսագոյության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.
  • արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, մաքսային, սահմանային, բանկային և տեղեկատվական պետական հատուկ քաղաքականության իրականացում, ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ.
  • արտակարգ իրավիճակի կամ աղետի գոտում կապի միջոցների, այդ թվում՝ ռադիոկապի և ռադիոհաճա­խականությունների կիրառման սահմանափակումներ.
  • սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում.
  • արտակարգ իրավիճակի կամ աղետի գոտում քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի, անձնական իրերի ստուգում և տրանսպորտային միջոցների զննության իրականացում.
  • պարետային ժամի սահմանում՝ առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվության հասարակական վայրերում գտնվելու արգելմամբ.
  • արտակարգ իրավիճակի կամ աղետի գոտում պայթյունավտանգ, քիմիապես և մանրէաբանական վտանգավոր նյութեր կիրառող արդյունաբերական օբյեկտների և կազմակերպությունների գործունեության կասեցում.
  • նյութական և մշակութային արժեքների տարհանում, եթե առաջացել է դրանց կորստի, ոչնչացման կամ վնասման սպառնալիք.
  • քաղաքացիների, իրավաբանական անձանց և կազմակերպությունների տրանս­պոր­­տա­յին միջոցների, ինժեներական տեխնիկայի ու այլ անհրաժեշտ գույքի, սարքերի, սարքա­վորումների ներգրավում տարհանման, փրկարարական, վթարավերականգնողական և հետևանքների վերացման գործընթաց՝ շահագործման կանոնների և նպատակային կիրառման պայմանների պարտադիր պահպանմամբ.
  1. Արտակարգ իրավիճակի պայմաններում իրականացվող միջոցառումները և ֆիզիկական անձանց սահմանադրական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների փոփոխությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց առաջադրվող լրացուցիչ պարտավորությունները պետք է իրականացվեն այն սահմաններում, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջները և համարժեք են այդ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներին, ինչպես նաև պետք է համապատասխանեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին և բխեն արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ միջազգային պարտավորություններից:

 

Հոդված 10. ֆիզիկական և  իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքները

  1. Արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցվում է կրած նյութական վնասը, և տրամադրվում է անհրաժեշտ օգնություն՝ Կառավարության սահմանած կարգով:
  2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց գույքն ու այլ միջոցներն օգտագործվել են արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման նպատակով, իրավունք ունեն ստանալ համարժեք փոխհատուցում՝ Կառավարության սահմանած կարգով:

 

 

 

ԳԼՈՒԽ  4

ԵԶՐԱՁԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 11.   Արտակարգ իրավիճակի գործողության դադարումը

Արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում այն կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցվել այդ որոշումը ընդունող մարմնի որոշմամբ, որի մասին բնակչությունն իրազեկվում է սույն օրենքով սահմանված կարգով, իսկ ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումները վերանում են դադարեցման հետ միաժամանակ, առանց այդ մասին հատուկ իրազեկելու:

 

Հոդված 12.   Օրենքի ուժի  մեջ մտելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    03.12.2018 - 18.12.2018

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12441

Տպել