«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2018 թվականի փետրվարի 09-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) ներդրված պարզեցված վարույթը գործը ընդհանուր հայցային վարույթից տարբերվող հեշտացված ընթացակարգի միջոցով քննելու հնարավորություն է ստեղծել: Այդուհանդերձ, այս վարույթի կիրառման պրակտիկայի ուսումնասիրությունը, ինչպես նաև ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում քաղաքացիական գործերի քանակի աննախադեպ աճի պատճառների վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կատարած գործոնային վերլուծությունը[1] թույլ են տալիս եզրահանգել, որ պարզեցված վարույթի ինստիտուտը որոշակի կատարելագործման կարիք ունի: Այսպես՝
- Օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ: Մինչդեռ այս կարգավորումից պարզ չէ, թե որ պահն է հիմք ընդունվում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշելու համար՝ հայցադիմում ներկայացնելու պահը, թե դրանից հետո.
- Օրենսգիրքը չի պարունակում դրույթներ արտարժույթով ներկայացված պահանջի՝ Հայաստանի Հանրապետության դրամի հետ համարժեքության որոշման վերաբերյալ, ինչը արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում կարող է խնդրահարույց լինել.
- Օրենսգիրքը չի նախատեսում պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու պարագայում կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին գործին մասնակցող անձանց գրավոր պարզաբանում ուղարկելու պահանջ, ինչը, սակայն, այս վարույթի արդյունավետությունը, ինչպես նաև գործին մասնակցող անձանց դատավարական իրավունքների իրականացման նախադրյալներ ապահովելու համար անհրաժեշտ է թվում.
- Օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, այունամենայնիվ գործնականում պարզեցված վարույթով որոշակի հարցեր պարզելու համար առաջանում է դատական նիստ հրավիրելու անհրաժեշտություն: Այսպես, հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվելու, պահանջներից հրաժարվելու, հաշտության համաձայնություն կնքելու, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար անհրաժեշտ է նախատեսել դատական նիստ հրավիրելու հնարավորություն.
- Օրենսգրքի 302-րդ հոդվածից հետևում է, որ պարզեցված վարույթի կարգով գործը քննելու դեպքում դատարանի կողմից կայացվող վճռի պատճառաբանական մասի բովանդակությանը ներկայացվող պահանջները ընդհանուր կարգով քննվող գործերով կայացվող վճիռների պատճառաբանական մասին ներկայացվող պահանջների համեմատ քիչ են: Այնինչ, վերջին տարիներին բռնագանձման պահանջների կտրուկ աճը, և այդ գործերով կայացված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքների սակավաթվությունը վկայում են, որ բոլոր դեպքերում վճիռը ընդհանուր կարգով պատճառաբանելը դատարանի համար առաջացնում է անհարկի ծանրաբեռնվածություն[2]: Ընդ որում, միջազգային փորձի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունից ևս հետևում է, որ դատական ակտերի պատճառաբանվածության պահանջը բացարձակ չէ: Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով դատական ակտերի պատճառաբանվածությանը, նշել է, որ կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը թեև պարտավորեցնում է դատարանին պատճառաբանելու դատական ակտը, այն չի կարող մեկնաբանվել որպես ցանկացած փաստարկի վերաբերյալ հիմնավոր պատասխանի ներկայացում[3]:Դատական ակտը պատճառաբանելու պարտականությունը կարող է տարբերվել կախված որոշման բնույթից[4] և դրա կիրառումը կարող է որոշվել գործի փաստական հանգամանքները հաշվի առնելով: Բացի այդ, մի շարք երկրներ, ինչպես օրինակ Ռուսաստանի Դաշնությունը, Շվեցարիան, Էստոնիան, Լիտվան, Ճապոնիան և կոնկրետ գործերի քննության դեպքում հրաժարվել են դատական ակտի պատճառաբանվածության պահանջից:
- Ներկայումս պարզեցված վարույթ կիրառելու հարցը դատարանը լուծում է հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում, այսինքն հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացված լինելու պարագայում կայացվում է պարզեցված վարույթ կիրառելու մասին առանձին որոշում: Բացի այդ, պարզեցված վարույթով գործի քննության ընթացքում որոշակի գործողությունների կատարման համար սահմանված են ժամկետներ, որոնց հաշվարկումը ևս լրացուցիչ ծանրաբեռնում է դատարանին:
Ամբողջ վերոգրյալը վկայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ).
- բռնագանձման պահանջի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշելիս հիմք է ընդունվում հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ներկայացված պահանջի չափը.
- կարգավորվել է արտարժույթով բռնագանձման վերաբերյալ պահանջ ներկայացվելու դեպքում այդ պահանջի՝ Հայաստանի Հանրապետության դրամի հետ համարժեքությունը որոշելու հարցը.
- նախատեսվել է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը, որպես կանոն, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ լուծելու հնարավորություն.
- ընդլայնվել են պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի շրջանակը՝ ներառելով նաև այն դեպքերը, երբ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելը պատասխանողը չի առարկել հայցի դեմ, չի ներկայացրել հակընդդեմ հայց կամ հայցի առարկայի փոփոխության արդյունքում հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը.
- սահմանվել է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձանց նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ գրավոր պարզաբանում ուղարկելու պահանջ.
- նախատեսվել է պարզեցված վարույթով դատական նիստ հրավիրելու հնարավորություն.
- մանրամասնվել են պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռին ներկայացվող պահանջները և բողոքարկման կարգը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ապահովել պարզեցված վարույթի արդյունավետությունը և կանխատեսելիությունը երաշխավորող նախադրյալներ:
[1] Մանրամասն տե՛ս Հայաստանի Հանրապետության արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգը (http://www.court.am/news/21-08-2018/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3.pdf):
[2] Դատարաններում 2013-2017 թվականներին ստացված քաղաքացիական գործերի վիճակագրական տվյալների համեմատական վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ 2017 թվականի ընթացքում ստացված քաղաքացիական գործերի 83.5% եղել են գումարի բռնագանձման պահանջի մասին, որի 80 տոկոսի հայցագինը հիմնականում չի գերազանցել 2.000.000 ՀՀ դրամը։ Ընդ որում, տվյալ կատեգորիայի գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքները չեն գերազանցում 1%-ը (ավելի մանրամասն տե՛ս Հայաստանի Հանրապետության արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգի 38-39-րդ էջերը) (http://www.court.am/news/21-08-2018/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3.pdf):
[3] (Van de Hurk v. the Netherlands, § 61; García Ruiz v. Spain [GC], § 26);
[4] (Ruiz Torija v. Spain, § 29; Hiro Balani v. Spain, § 27) a
-
Քննարկվել է
23.11.2018 - 10.12.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 8229
Տպել