Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ  ԾՐԱԳՐԻ  ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և  83-րդ հոդվածի՝ Երևանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:

Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հիմնական նպատակն է՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները, որոնք փաստաթղթում ներկայացված են ըստ առանձին ոլորտների։  

Ծրագրի կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։ Յուրաքանչյուր բաժին հիմնականում բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝ «Վիճակի բնութագիր», «Հիմնախնդիրներ»  և «2019 թվականի նախատեսվող աշխատանքներ»:

2019 թվականի ծրագրերն ու միջոցառումները կազմվել են՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի գերակայությունները, ինչպես նաև առկա հիմնախնդիրները և ֆինանսական հնարավորությունները։ Ծրագիրն ուղղված է  քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների՝ ժամանակի պահանջներին համահունչ զարգացմանը:

Ծրագրի նպատակն է ապահովել համակարգային բարեփոխումների իրականացման մեկնարկը՝ որպես գերակա սկզբունք ունենալով քաղաքացու շահերի և իրավունքների պաշտպանությունը:

Ինչպես Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրում, այնպես էլ մեկնարկային 2019 թվականի Երևանի զարգացման ծրագրում Երևանի քաղաքապետարանի գործունեության, ծրագրերի մշակման և իրականացման ուղենիշ լինելու է թափանցիկության և բնակչությանը լիարժեք հաշվետու լինելու ապահովումը, մարդու իրավունքների, հանրային տարածքների, շրջակա միջավայրի և պատմամշակության ժառանգության պաշտպանության գերակա սկզբունքներով որոշումների կայացումը, քաղաքի մասնակցային կառավարման մշակույթի ձևավորումը, քաղաքի կառավարման ներառականության ապահովումը, իրավահավասար ու ներդաշնակ համակեցության մշակույթի հանրահռչակումն ու ձևավորումը:

Ծրագիրը նպատակ ունի նախանշել և լուծել մայրաքաղաքի աղբահանության և ընդհանրապես, կենցաղային կոշտ թափոնների կառավարման հիմնախնդիրը:    Ծրագրում կարևորվում է բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում էական փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը, արդյունավետության բարձրացումը:

Նախատեսվում է տալ հասարակական տրանսպորտի համակարգային և ամբողջական արդիականացման մեկնարկը:

Գերակա ուղղություններից է ապօրինի կառուցապատման բացառումը: Հանրային կանաչ տարածքների ավելացումը, նոր հանգստի գոտիների և այգիների ստեղծումը ոլորտի առաջնահերթություններն են:

Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի կարևորագույն ոլորտներից են սոցիալական ապահովությունը և առողջապահությունը: Կիրականացվեն հոգածության տարաբնույթ ծրագրեր:

Կրթական որակի բարելավումը, երեխաների կրթության համար մեկնարկային հավասար պայմաններ ստեղծելը, հասանելիության բարձրացումը, կրթական հաստատությունների պայմանների և հարմարավետության բարձրացումը, ինչպես նաև ներառական կրթության համակարգի զարգացումը կարևորվում են Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրով:

Ծրագրով նախատեսվում է նաև մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված նպատակային քայլերի իրականացում:

«Խելացի Երևան» ծրագրի շրջանակում նախատեսվում է կառավարման օպտիմալացում ու ծառայությունների որակի բարելավում, տեղեկատվական ժամանակակից տեղնոլոգիաների ներդրում:

Քաղաքային տնտեսության զարգացման գործում կարևորվում է համայնք-մասնավոր հատված համագործակցության խրախուսումը և համատեղ իրագործվող ծրագրերի շրջանակի ընդլայնումը։

Հիմք ընդունելով վերը շարադրվածը, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածը՝ համաձայն որի Երևանի քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնվում Երևանի բնակչության կենսական շահերը, Երևանի զարգացման ծրագրերը, ինչպես նաև առկա ռեսուրսները՝ որոշման նախագծով Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվում Երևանի զարգացման 2019 թվականի ծրագիրը։

  • Քննարկվել է

    14.11.2018 - 29.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

29.11.2018 15:00

Հանրային քննարկումների ընթացքում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9083

Տպել

Առաջարկներ`

Նինա Մխիթարյան

20.11.2018

Երևան քաղաքի 2019թ. զարգացման ծրագրի նախագծով նախատեսված է երրորդ կարգի վթարային շենքերի ամրացում, սակայն դրա հետ կապված որևէ ծրագիր կամ գումար Երևան քաղաքի բյուջեյի նախագծում սահմանված չէ: Հաշվի առնելով, որ այս ծրագիրը ուղղակի կապված է բնակչության անվտանգության խնդիրների հետ, առաջարկվում է Երևան քաղաքի 2019թ. բյուջեյի բախագծում նախատեսել համապատասխան գումարներ (պահուստային ֆոնդի հաշվին) ծրագիրն իրականացնելու համար կամ հանել այն ծրագրի նախագծից բնակչության մոտ ավելորդ հույսեր չառաջացնելու համար:

Նինա Մխիթարյան

20.11.2018

Երևան քաղաքի 2019թ. զարգացման ծրագրի նախագծով նախատեսված է ստորգետնյա անցումների բարեկարգում, սակայն դրա հետ կապված որևէ ծրագիր կամ գումար Երևան քաղաքի բյուջեյի նախագծում սահմանված չէ: Հաշվի առնելով Մաշտոցի պող.-Գր.Լուսավորիչ փ. հատման մասում գտնվող ստորգետնյա անցման հակասանիտարական վիճակը, ինչպես նաև ուղղորդվելով այն ենթադրությամբ, որ ծրագրի այս կետը ի սկզբանե նախատեսված չէ չկատարելու տրամաբանությամբ, առաջարկում եմ դրա իրկանացման համար անհրաժեշտ գումարները նախատեսել երևան քաղաքի 2019թ. բյուջեյի նախագծով:

Նինա Մխիթարյան

20.11.2018

Երևան քաղաքի 2019թ. զարգացման ծրագրի նախագծով նախատեսված է վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցում, սակայն դրա հետ կապված որևէ ծրագիր կամ գումար Երևան քաղաքի բյուջեյի նախագծում սահմանված չէ:

Տեսնել ավելին