Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ:
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն 05.04.2017 14:38:22 | Նախագծում առկա են խնդիրներ՝ կապված հանձնաժողովի անկախության ապահովման երաշխիքների հետ: Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացած մարմինների գործունեության արդյունավետության ապահովման համար առանցքային նշանակություն ունի հակակոռուպցիոն մարմնի անկախության ապահովումը: Այսպիսի պահանջն ուղղակիորեն ամրագրված է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի» 6-րդ հոդվածի 2-րդ մասում, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր մասնակից պետություն իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան կոռուպցիայի դեմ պայքարի մարմնին կամ մարմիններին պետք է ապահովի անհրաժեշտ ինքնուրույնությամբ, որպեսզի մարմինը կամ մարմինները կարողանան իրականացնել իրենց գործառույթներն արդյունավետ և անհարկի ազդեցությունից ազատված (…)»: Այդպիսի միջոցառումներից է Կոնվենցիայի 36–րդ հոդվածի ներքո ամրագրված հակակոռուպցիոն մասնագիտացված անկախ մարմնի ստեղծումը. «Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ապահովի այնպիսի մարմնի կամ մարմինների կամ անձանց առկայությունը, որոնք մասնագիտացած են կոռուպցիայի դեմ պայքարում` իրավապահ միջոցների օգնությամբ: Մասնակից պետության իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան` այդպիսի մարմնին կամ մարմիններին կամ անձանց պետք է անհրաժեշտ անկախություն ապահովվի, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց գործառույթները առանց որևէ անհարկի ազդեցության։ Այդպիսի անձինք կամ այդպիսի մարմնի կամ մարմինների աշխատակիցները իրենց խնդիրների կատարման համար պետք է օժտված լինեն պատշաճ որակավորմամբ եւ պաշարներով»: Վերոհիշյալ հոդվածի բովանդակությունից պարզ է դառնում, որ կոռուպցիայի դեմ պայքարող մասնագիտացած մարմինը պետք է օժտված լինի հետևյալ հատկանիշներով. ա) անկախությամբ, որպեսզի իր գործառույթներն իրականացնի առանց որևէ անհարկի ազդեցության, բ) պատշաճ որակավորմամբ իր խնդիրների կատարման համար և գ) պաշարներով։ Բացի այդ, Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» կոնվենցիայի 20-րդ հոդվածի համաձայն. «(…) Նրանք պետք է ունենան անհրաժեշտ անկախություն, այդ Կողմի իրավական համակարգի հիմնական սկզբունքներին համապատասխան, որպեսզի հնարավորություն ունենան իրենց գործունեությունն իրականացնել արդյունավետորեն և առանց որևէ անհիմն ճնշման»: Նույնիսկ, Կոռուպցիայի դեմ պայքարի հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծման անհրաժեշտության մասին խոսվում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջամերիկյան կոնվենցիայում և Աֆրիկյան տարածաշրջանային մակարդակում գործող համապատասխան միջազգային փաստաթղթերում: Ջակարտայի սկզբունքներում ևս ընդգծված է, որ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը պետք է նշանակվի այնպիսի գործընթացում, որը ապաքաղաքականացված է, չեզոք և անկողմնակալ: Նախարարների կոմիտեի 1997թ. Նոյեմբերի 6-ի ԵԽ Հանձնարարական 97 (24)-ով սահմանված Կոռուպցիայի դեմ պայքարի 20 ղեկավար սկզբունքների շարքին է պատկանում անկախությունը: Եվրոպական գործընկերներն ընդդեմ կոռուպցիայի (EPAC) և Կոռուպցիայի դեմ պայքարի եվրոպական ցանցը (EACN) 2011թ նոյեմբերին ևս սահմանել են հակակոռուպցիոն մարմնի ստանդարտներ, որոնցից են անկախությունն ու անկողմնակալությունը: Գլենիստերն ընդդեմ Հարավային Աֆրիկայի Հանրապետության և այլոց գործով սահմանադրական դատարանը գտել է. «Պետության կողմից բավականաչափ անկախ հակակոռուպցիոն մարմնի չստեղծումը խախտում է մի շարք մարդու իրավունքներ, ինչպես օրինակ հավասարության, մարդկային արժանապատվության, վարչական արդարադատության իրավունքը, սոցիալ-տնտեսական իրավունքները ընդհուպ կրթության, առողջապահության և կացարանի իրավունքը»: Հակակոռուպցիոն մարմինների և կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտների գործունեության քաղաքական կոնտեքստը տարբեր է և յուրաքանչյուր երկրում յուրովի է հանդես գալիս: Սակայն, յուրաքանչյուր պարագայում բոլոր հակակոռուպցիոն մարմիններին բնութագրող հիմնական հատկանիշն ու կենտրոնական սկզբունքը վերաբերվում է անկախությանը: Միջազգային փորձի ուսումնասիրությունը, մասնավորապես` Ավստրալիա, Մոլդովա, Բոսնիա-Հերցեգովինա, Լեհաստան, Ալբանիա և այլն վկայում է, որ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին անհրաժեշտ է նշանակել օրենսդիր մարմնի կողմից` ապահովելով վերջինիս անկողմնակալությունն ու անկախությունը` բաց և թափանցիկ մրցույթի արդյունքում: Թե՛ տնօրենը և նրա տեղակալները, թե՛ աշխատակազմի մնացած անդամները պետք է լինեն բարձր բարոյական հատկանիշներով, իդեալական հեղինակությամբ օժտված և հակակոռուպցիոն արժեքներ կրող անձինք: Օրինակ նման պահանջներ են սահմանված Ուկրաինայի, Մոլդովայի (անկաշառելիության թեսթավորման կարգ, մարմնի աշխատակիցների վարվելակերպի մոնիթորինգ,), Լատվիայի, Լիտվայի, Կանադայի և այլ երկրների օրենսդրություններով: Նախագծի անցումային դրույթներում նշված է հետևյալ կարգավորումը. «1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վերանվանվում է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով: 2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան Ազգային ժողովի կողմից Հանձնաժողովի անդամների նշանակումը:» Վերոգրյալ իրավակարգավորումն ուղղակիորեն չի ենթադրում հանձնաժողովի լիակատար անկախություն, քանի որ անդամները պետք է նշանակվեն հրապարակային մրցույթի արդյունքում։ Ավելին, առաջարկվող մոդելի հիմքում ընկած է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ձևավորման մոդելը, որը, ինչպես ցույց է տալիս վերը նշված հանձնաժողովի գործունեության շուրջ հնգամյա պրակտիկան, իրեն ամենևին չի արդարացրել: Հետևաբար, Նախագծում ամրագրված կարգավորումների պարագայում երաշխավորված չէ հանձնաժողովի անկախությունը, ավելին` վերոնշյալը դրսևորվում է որպես պետության կողմից կանխակալ մոտեցում և կարող է դիտվել որպես վերը նշված անձանց` քննարկվող մարմնում ընտրվելու համար առավելություն: Սա էլ իր հերթին առաջացնում է ոչ հավասար մրցակցային պայմաններ այն մասնագետների նկատմամբ, ովքեր համապատասխանում են նշված մարմնում ընտրվելու օրենսդրությամբ սահմանված չափանիշներին: Բացի այդ, միջազգային փորձում առկա չեն համանման ձևաչափով ձևավորված մարմիններ: | Ընդունվել է ի գիտություն | Աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ և ամրագրվել են հակակոռուպցիոն մարմինների համար միջազգային իրավական ակտերով նախատեսված անկախության անհրաժեշտ և բավարար երաշխիքներ: Նախագծում սահմանվել է, որ Հանձնաժողովի անդամները նշանակվում են Ազգային ժողովի կողմից` Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով: Ինչ վերաբերում է այն կարգավորմանը, համաձայն որի՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան Ազգային ժողովի կողմից Հանձնաժողովի անդամների նշանակումը, ապա դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածը, որը վերաբերում է ինքնավար մարմիններին, ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ որևէ այլ կարգավիճակով նոր մարմնի ստեղծումը սահմանադրական կարգավորումների հաշվառմամբ հնարավոր չէ: Այդ իսկ պատճառով Նախագծում նախատեսվել են համապատասխան կարգավորումներ՝ որպես խնդրի լուծում՝ մինչև ինքնավար մարմինների վերաբերյալ դրույթների ուժի մեջ մտնելը և օրենքով սահմանված կարգով դրանց կազմավորումը: Ինչ վերաբերում է մրցութային կարգով մարմնի անդամների նշանակմանը, ապա համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի՝ Օրենքով ստեղծված ինքնավար մարմինների անդամները նշանակվում են օրենքով և հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշմամբ սահմանված կարգով, գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հետևաբար, Հանձնաժողովի անդամների նշանակման կարգի հետ կապված հարաբերությունները առավել մանրակրկիտ կարգավորվելու են հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշմամբ: |
2 | Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն 05.04.2017 14:44:29 | Նախագծում առկա են խնդիրներ` հակակոռուպցիոն անկախ մարմնի կոլեգիալ կազմի հետ կապված: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ հաշվի առնելով բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ միջազգային իրավական ակտերի՝ «Հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ սկզբունքների Ջակարտայի հայտարարության», ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի, «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիայի», ինչպես նաև այլ միջազգային իրավական ակտերի դրույթները՝ Նախագծով Հանրային ծառայության էթիկայի հանձնաժողովի ձևավորման և գործունեության հիմքում դրված սկզբունքների թվին է պատկանում կոլեգիալությունը: Մինչդեռ, հարկ է նշել, որ վերոնշյալ իրավական ակտերը նման սկզբունքի առկայություն չեն նախատեսում: Ընդհակառակը, միջազգային փորձի, մասնավորապես հետևյալ երկրների` Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Ռումինիա, Բոսնիա-Հերցեգովինա, Լեհաստան, Սլովենիա, Չեխիա, Խորվաթիա, Հունգարիա, Ալբանիա, Սլովակիա, Մոնտենեգրո, Կոսովո, Բրազիլիա, Կանադա, Սինգապուր, ՀոնգԿոնգ, Հարավային Կորեա, Ինդոնեզիա, Մալազիա, Թայլանդ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, ուսումնասիրությունը վկայում է, որ անկախ հակակոռուպցիոն մարմնինն ունի հետևյալ կազմակերպաիրավական տեսքը. տնօրեն` անկախ հանձնակատար և աշխատակազմ: Բացի այդ, ՀՀ-ում արդեն նման կազմակերպաիրավական ձևով գործող համակարգերից կարելի է զուգահեռներ անցկացնել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հետ: | Ընդունվել է ի գիտություն | Միջազգային փորձի վերլուծությունից բխում է, որ պետություններում հիմնականում գործում են միանձյա և կոլեգիալ կազմով գործող մոդելներ, որոնք համարժեք և արդյունավետ կերպով կիրառվում են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առաջադիմական համարվող պետություններում: Կազմակերպված քննարկումների արդյունքում ՀՀ-ում նշված մոդելներից առավել արդյունավետ է համարվել նախատեսել կոլեգիալ կառավարման մոդելը: Բացի այդ, կոլեգիալ կառավարման մոդելն արդյունավետորեն գործում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սերբիան, Մակեդոնիան և Մոնտենեգրոն: |
3 | Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն 05.04.2017 14:46:30 | Նախագծում առկա են խնդիրներ հակակոռուպցիոն մարմնի մանդատի հետ կապված Ջակարտայի սկզբունքներում ևս ընդգծված է, որ հակակոռուպցիոն մարմինները պետք է կոնկրետ մանդատով օժտված լինեն կոռուպցիայի կանխարգելման, կրթման, իրազեկման բարձրացման, նախնական քննության միջոցով պայքարելու համար: Առաջարկվում է միայն կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ և կրթական գործառույթների իրականացում, սակայն անհրաժեշտ է ունիվերսալ մոտեցման ցուցաբերում՝ կոռուպցիայի հաղթահարման նպատակով, որոնք սովորաբար ունենում են հետևյալ լիազորությունների շրջանակը. հետաքննական գործունեության իրականացում, կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակում, վերլուծական գործունեություն, կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելում, հակակոռուպցիոն կրթական ծրագրերի մշակում, հաստատում և իրականացում, քաղաքացիական հասարակության հետ համագործակցություն, տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն, մոնիթորինգ: Նմանատիպ մոդել գործում է Հոնգ Կոնգում (Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողով) և Սինգապուրում (Կոռուպցիոն գործունեության քննության բյուրո): Այդ երկու երկրների հաջողված փորձը ոգեշնչել է մի շարք պետությունների իշխանություններին: Նմանատիպ մոդել գործում է նաև Լիտվայում (Հատուկ քննչական ծառայություն), Լատվիայում (Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի բյուրո), Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսում (Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողով), Բոտստվանում (Կոռուպցիոն գործերով և տնտեսական հանցագործությունների վարչություն), Ուգանդայում: Որոշ երկրներում՝ Կորեայում, Թայլանդում, Արգենտինայում և Էկվադորում կարելի է գտնել Հոնկոնգյան և Սինգապուրյան մոդելների տարրեր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի հեղինակները չեն ընտրել հակակոռուպցիոն ունիվերսալ մոդելը, այլ` կանխարգելիչ և իրավապահ առանձին հակակոռուպցիոն մարմինների համակցությունը, հարկ ենք համարում նշել, որ վերջիններս լիարժեք չեն դիտարկել այն, և ամբողջական լուծում չի տրվում, քանի որ օրենսդրական փաթեթում բացակայում է հակակոռուպցիոն իրավապահ մարմնի կամ այն մարմնի վերաբերյալ օրենքի նախագիծ, որը զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների քննչական գործառույթով: | Ընդունվել է ի գիտություն | «Հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ սկզբունքների Ջակարտայի հայտարարություն»-ը հստակ սահմանում է, որ հակակոռուպցիոն մարմինները պետք է օժտված լինեն կոնկրետ մանդատով՝ կոռուպցիայի կանխարգելման, կրթման, իրազեկման բարձրացման, նախնական քննության միջոցով պայքարելու համար՝ կամ մեկ մարմնի կամ էլ մի քանի մարմինների համակարգված գործունեության միջոցով: Նախագծով, որպես կոռուպցիայի դեմ պայքարի մոդել ընտրվել է կանխարգելիչ մոդելը, որի արդյունքում Հանձնաժողովին վերապահվել են կրթական և կանխարգելիչ գործառույթներ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությունը, սակայն, իրականացվելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի բոլոր անհրաժեշտ գործառույթներն ամբողջությամբ կարող են իրացվել փուլային սկզբունքով և իրավապահ մարմինների հակակոռուպցիոն մասնագիտացվածությունը բարձրացնելու նպատակով ևս ձեռնարկվում են համապատասխան քայլեր: |
4 | Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն 05.04.2017 14:49:53 | Առկա են խնդիրներ հակակոռուպցիոն մարմնում հանրային մասնակցության հետ կապված Ջակարտայի սկզբունքներում ևս ընդգծված է ներքին հաշվետվողականության սկզբունքը, այն է` մարմնի կողմից պետք է մշակվեն կանոններ և ընթացակարգեր, ներառյալ՝ մոնիթորինգ և կարգապահական պատասխանատվության հնարավորություն, որոնք կկանխեն լիազորությունների չարաշահումը: Տվյալ իրավակարգավորմամբ նախատեսված է հետևյալը` Հանձնաժողովի նախագահը պարտավոր է յուրաքանչյուր տարի հաշվետվություն ներկայացնել Հասարակական խորհրդին՝ պատասխանելով խորհրդի անդամների հարցերին: Գտնում ենք, որ վերոնշյալ մեխանիզմը բավարար չէ, և առկա է առնվազն եռամսյակը մեկ անգամ հաշվետվության ներկայացման անհրաժեշտություն: | Չի ընդունվել | Նախագծում նախատեսվել են բավարար մեխանիզմներ Հանձնաժողովի գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովման համար: Մասնավորապես, համաձայն Նախագծի կարգավորումների՝ Հանձնաժողովը յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, հաշվետու ժամանակահատվածի գործունեության վերաբերյալ հաղորդումը տեղադրում է Հանձնաժողովի կայքէջում և հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով: Հանձնաժողովն իր կայքէջում հրապարակում է իր կողմից հարուցված վարույթների, դրանց արդյունքում կայացվող որոշումների և եզրակացությունների, կատարման ենթակա որոշումների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ: Բացի այդ, Հանձնաժողովին կից գործում է Հասարակական խորհուրդ` խորհրդակցական մարմնի կարգավիճակով, որն իրականացնում է ներքին հասարակական դիտարկում: Հանձնաժողովի նախագահը պարտավոր է յուրաքանչյուր տարի հաշվետվություն ներկայացնել Հասարակական խորհրդին՝ պատասխանելով խորհրդի անդամների հարցերին՝ դրանով իսկ երաշխավորելով գործունեության բավարար թափանցիկություն: Միաժամանակ, կոռուպցիայի դե պայքարի միջոցառումներն առավել երկարատև են և դրանց իրականացումը պահանջում է տևական ժամանակ՝ տեսանելի արդյունքների ձեռքբերման նկատառումով, ուստի, հաշվետվությունների՝ կիսամյակային պարբերականությունից առավել հաճախակի հրապարակումը նպատակահարմար չէ: Բացի այդ, հիմնավորված չէ, թե ինչու է նպատակահարմար հենց եռամսյակային հաշվետվությունների հրապարակումն այն դեպքում, երբ վերոշարադրյալ կարգավորումներով ավահովվում են Հանձնաժողովի թափանցիկության և հանրային մասնակցության բավարար երաշխիքներ: |
5 | Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն 05.04.2017 14:55:19 | Առկա են խնդիրներ հակակոռուպցիոն մարմնի ներքին հաշվետվողականության հետ կապված Ջակարտայի սկզբունքներում ևս ընդգծված է ներքին հաշվետվողականության սկզբունքը, այն է` մարմնի կողմից պետք է մշակվեն կանոններ և ընթացակարգեր, ներառյալ՝ մոնիթորինգ և կարգապահական պատասխանատվության հնարավորություն, որոնք կկանխեն լիազորությունների չարաշահումը: Տվյալ իրավակարգավորմամբ առաջարկվում է հետևյալը. Հանձնաժողովում խախտումները և լիազորությունների չարաշահումը կանխելու, ռիսկերի կառավարման, հսկողության և այլ նպատակներով Հանձնաժողովի նախագահի ենթակայությամբ գործում է ներքին աուդիտի համակարգ: Հաշվի առնելով ներքին աուդիտի դերը հանձնաժողովի թափանցիկ և հաշվետու աշխատանքի ապահովման հարցում, առաջարկում ենք օրենքի մակարդակով մանրամասն կարգավորել ներքին աուդիտի իրականացման կարգն ու պայմանները, այդ թվում նաև` սահմանելով նաև ներքին աուդիտի իրականացնողներին/ վարչություն/բաժին: | Չի ընդունվել | Ներքին աուդիտի սկզբունքները, բնույթը, շրջանակը, համակարգը, ներքին աուդիտի մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ներքին աուդիտի կազմակերպման և գործունեության հետ կապված հիմնական հարաբերությունները կարգավորվում են «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով: Հետևաբար՝ ներքին աուդիտի իրականացման կարգի ու պայմանների ամրագրումը նշված օրենքի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է: Ինչ վերաբերում է ներքին աուդիտ իրականացնողներին/ վարչություն/բաժին օրենքի մակարդակով սահմանելուն, ապա Հանձնաժողովի կազմակերպական կառուցվածքին վերաբերող հարցերը սույն օրենքի կարգավորման առարկան չեն և Համաձայն Նախագծի կարգավորումների՝ Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքը հաստատում է Հանձնաժողովը: |
6 | Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն 05.04.2017 14:57:55 | Նախագծում առկա են խնդիրներ հակակոռուպցիոն մարմնի կազմի հետ կապված Առաջարկվող նախագծի համաձայն` հանձնաժողովը կազմված է 5 անդամից: Հարց է առաջանում, թե ինչու՞ է թվակազմը որոշվել 5 անդամ այն դեպքում, երբ բացակայում են հիմնավորումները տվյալ թվակազմի վերաբերյալ: Ավելին, վերոնշյալն ուղղակիորեն կրկնօրինակում է ներկայումս գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի թվակազմի վերաբերյալ կարգավորումները: Ընդ որում, հանձնաժողովի անդամ ի սկզբանե կարող էր նշանակվել 30 տարին լրացած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ քաղաքացին։ Հանձնաժողովի անդամ դառնալու համար նախագծով առաջարկվող «առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ» կարգավորումը թերի էր, ըստ մեզ, քանզի այն չէր պարունակում պահանջ մասնագիտական` հակակոռուպցիոն գործունեության ստաժի մասին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձը լինելով 30 տարեկան հասակում` չի կարող բավարարել անձի ուսումնառության և մասնագիտական ստաժի պահանջներին, մենք առաջարկել ենք նախատեսել առնվազն 35 տարեկան լրացած լինելու պահանջ: Ներկայիս կարգավորմամբ նշված է, որ Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության կողմից ճանաչված Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով ունի առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, որից ոչ պակաս, քան 3-ը հակակոռուպցիոն կամ բարեվարքության ոլորտի։ Գտնում ենք, որ 5 տարվա աշխատանքային ստաժի ժամկետը, որից ընդամենը 3-ը հակակոռուպցիոն ոլորտի, խիստ անբավարար է նման պատասխանատու պաշտոն ստանձնելու համար: Բացի այդ, ողջամտորեն հարց է առաջանում, թե ինչու՞ մեր այն դիտարկմանն ի պատասխան, ըստ որի անձը լինելով 30 տարեկան հասակում` չի կարող բավարարել անձի ուսումնառության և մասնագիտական 10 տարվա ստաժի պահանջներին, որոշվել է ոչ թե 5 տարով ավելացնել տարիքին վերաբերվող պահանջը, այլ` փոխարենը նվազեցնել ստաժի տարիները: Օրինակ, Մոլդովայում անհրաժեշտ է 10 տարվա աշխատանքային ստաժ: | Ընդունվել է մասնակի | Առաջարկը բավականաչափ հիմնավորված չէ և նշված չէ, թե ինչ հիմնավորմամբ Հանձնաժողովը պետք է կազմված լինի ավելի շատ թվով անդամներից: Բացի այդ, աշխատանքային խմբի գործունեության արդյունքում Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն, որի արդյունքում նախատեսվել է հետևյալը՝ Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության կողմից ճանաչված Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով ունի առնվազն 7 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից ոչ պակաս, քան 5-ը հակակոռուպցիոն ոլորտի։ Հանձնաժողովի անդամ նշանակվելու համար 30 տարին լրացած լինելու պահանջը նախատեսվել է այն հանգամանքի հաշվառմամբ, որ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած յուրաքանչյուր ոք, իսկ Սահմանադրությամբ նախատեսված Հանձնաժողովների անդամները ևս պետք է բավարարեն պատգամավորին ներկայացվող պահանջներին: Բացի այդ, Դատավորի որակավորման ստուգմանը թեկնածուները կարող են մասնակցել 28 տարեկանից: Հետևաբար, Հանձնաժողովի անդամի համար պատգամավորի կամ դատավորի համար սահմանված պահանջներից առավել խիստ պահանջներ նախատեսելն արդարացված չէ: Ինչ վերաբերում է 7 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու պահանջին, ապա այն նախատեսվել է ՀՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտելու, մասնագիտական գործունեությամբ զբաղվելու միջին տարիքի և Հանձնաժողովի անդամ դառնալու համար սահմանված տարիքային շեմերի հարաբերակցության հաշվառմամբ՝ որպեսզի հնարավոր լինի 30 տարեկանում բավարարել 7 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու պահանջը: |
7 | Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն 05.04.2017 15:03:22 | Հաշվի առնելով այն հանգամանքը, որ www.e-draft.am վեբ կայքը դեռևս հայտնի չէ հանրության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լայն շրջանում, առաջարկում ենք սույն օրենքի նախագիծը դարձնել հանրային քննարկման առարկա քաղաքացիական հասարակության, միջազգային կառույցների, ինչպես նաև` 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած 4 քաղաքական ուժերի հետ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ ուժերից երկուսը իրենց նախընտրական ծրագրերում նախատեսել են հակակոռուպցիոն մարմինների ստեղծումը: Անհրաժեշտ է ընդգծել, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան պատրաստ են հանձն առնել վերոնշյալ հանրային քննարկումների կազմակերպումն ու անցկացումը: | Ընդունվել է ի գիտություն | Նախագծի՝ վերջնական լրամշակումից հետո տվյալ առաջարկը կքննարկվի: Ինչ վերաբերում է խորհրդարան անցած 4 քաղաքական ուժերի հետ Նախագծի քննարկմանը, ապա Նախագիծն ընդունվելու է Ազգային ժողովի կողմից՝ սահմանված ընթացակարգին համապատասխան, որի ընթացքում այն մանրամասն կքննարկվի: |