Հիշել նախագիծը

«Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «ՀՀ պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ, «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս գործող «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքն ուժի մեջ է մտել 2009թ. հունվարի 1–ից, որի կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնց լուծմանն է ուղղված ներկայացվող  նախագծերը։

 «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2017թ հուլիսի 13-ի նիստի N 30 արձանագրային որոշմամբ հաստատված «Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018 թվականների միջոցառումների» Ծրագրի 36-րդ կետի, և նպատակ ունի դրանով Հայաստանի Հանրապետությունում ներդնել գյուտերի իրավական պահպանության առավել կատարելագործված համակարգ:

«Արդյունաբերկան դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության առավել կատարելագործված համակարգ ներդնելու նպատակով։

Նախագծի նպատակը արդյունաբերական նմուշների իրավական պահպանության օրենսդրության կատարելագործումն է։ Օրենքը նախագծելուց հաշվի են առնվել բնագավառում գործող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

Ներկայումս գործող «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն միաժամանակ  կարգավորում է արդյունաբերության սեփականության երեք օբյեկների՝ գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի, ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները, որն էլ հայտատուների, իրավաբանների, ինչպես նաև դատավորների համար դժվարություն է առաջացնում  օրենքի որոշ դրույթներ հստակ մեկնաբանելու առումով, քանի որ նրանք ներկայացված են բավականին ընդհանրացված: Նշված ընդհանրությունները դժվարություններ են առաջացնում նաև արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննության ընթացքում։

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով սահմանված իրավաբանական նշանակության  գործողություններ կատարելու համար պետական տուրքեր սահմանելու անհրաժեշտությամբ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Գործող՝ «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում հստակ նշված չեն այն պահպանական փաստաթղթերի ձևերը, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է գյուտերի իրավական պահպանությունը: Նախագծով նախատեսվում է հստակեցնել գյուտերի իրավական պահպանության ձևերը՝ ներդնելով «գյուտի կարճաժամկետ արտոնագիր» պահպանական փաստաթղթի նոր ձև:

Գործող օրենքում ամբողջական չէ երրորդ անձանց կողմից գործող արտոնագրի դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգը: Նախագծով նախատեսվում է ներդնել երրորդ անձանց կողմից գործող գյուտի կարճաժամկետ արտոնագրի դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգ:

Բավականաչափ հստակ պարզաբանված չեն՝ գյուտերին լրացուցիչ իրավական պահպանություն տրամադրման ընթացակարգերը: Նախագծով դրանք համապատասխանեցվել են միջազգայնորեն ընդունված՝ լրացուցիչ իրավական պահպանություն տրամադրման ընթացակարգերին:

Հստակեցված չեն «ծառայողական» գյուտերի հեղինակների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև գործող օրենքում բացակայում են գյուտի ստեղծում ուղղակիորեն չնախատեսող կապալի պայմանագրի կամ գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների իրականացման պայմանագրերի կատարման արդյունքում ստեղծված գյուտի արտոնագիր ստանալու իրավունքին վերաբերող դրույթներ:

Գործող օրենքի դրույթներն անբողջությամբ չեն համապատասխանում «Արտոնագրային իրավունքի մասին պայմանագրի» (PLT)՝ ծանուցումներին վերաբերող դրույթներին: Նախագծում նախատեսվում է ճշգրտվել պետական լիազոր մարմնի ծանուցումներին և հարցումներին պատասխանելու ժամկետների հաշվարկի սկզբունքը, սահմանելով որպես այդ ժամկետների հաշվարկման սկիզբ՝ դրանց ուղարկման թվականը:

Գործող օրենքի կիրառկման ընթացքում խնդիրներ են ի հայտ եկել գյուտերի փորձաքննության ընթացակարգերի հետ կապված: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է ներդնել գյուտերի փորձաքննության՝ այսպես կոչված «հետաձգված փորձաքննության» ընթացակարգ, ըստ որի հայտատուն և/կամ երրորդ անձինք կարող են դիմել գյուտերի ըստ էության փորձաքննության անցկացման համար հայտի ներկայացման թվականից հետո հինգ տարվա ընթացքում, ժամանակ ստանալով մինչև գյուտերի ըստ էության փորձաքննության անցկացման համար դիմելը բազմակողմանի գնահատել դրա նպատակահարմարությունը:

Այս կապակցությամբ արդիական պահանջ է դարձել գյուտերին վերաբերող օրենսդրության վերանայումն ու նոր մոտեցումների սահմանումը։

Գործող օրենքում նախատեսված չէ արդյունաբերական նմուշների հայտերի հրապարակումը, ինչը հնարավորություն չի տալիս ավելի վաղ իրավունքների տիրապետողներին արդյունաբերական նմուշի գրանցան դեմ առարկություններ ներկայացնելը։ Նախագծով նախատեսվում է ներդնել երրորդ անձանց կողմից գործող արդյունաբերական նմուշի գրանցան դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգ:

Հստակեցված չեն արդյունաբերական նմուշների հեղինակների իրավունքները և պարտականությունները:

Այս կապակցությամբ պահանջ է դարձել արդյունաբերական նմուշների օրենսդրության վերանայումն ու նոր մոտեցումների սահմանումը։

Ներկայումս ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է մտավոր սեփականության իրավունքների, մասնավորապես արդյունաբերական դիզայնի հուսալի և արդյունավետ պահպանության ապահովմանը, ինչը ենթադրում է համապատասխան օրենսդրության հստակեցում և իրավակիրարկման ոլորտի խնդիրների վերացում։ Մյուս կողմից, իրականացվող քաղաքականությունը ենթադրում է, որ այդ իրավունքների տրամադրումն ու կիրարկումը պետք է համապատասխանի նաև հանրության շահերին և բացառի չարաշահման հնարավորությունները։

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը պարունակում է գյուտերին և արդյունաբերական դիզայններին իրավական  պահպանություն տրամադրելու և դրանց նկատմամբ իրավունքներն ուժի մեջ պահելու հետ կապված`  իրավաբանական նշանակություն ունեցող ընթացակարգային գործողությունների կատարման համար գանձվող պետական տուրքերի և դրանց դրույքաչափերի սահմանումը: Կատարված հիմնական փոփոխությունները պայմանավորված են «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսված ընթացակարգերով պայմանավորված նոր գործողություններով։ Ընդ որում, նախատեսված փոփոխություններով պետական տուրքերի դրույքաչափերի համար որպես հիմք հաշվի են առնվել գործող դրույքաչափերը:

          Նախագծի մնացած փոփոխությունները պայմանավորված են «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան խմբագրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ դուրս է եկել «օգտակար մոդել» հասկացությունը, դա փոխարինելով կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտով: Իսկ «արդյունաբերական նմուշ» հասկացության փոխարեն օգտագործվում է «արդյունաբերական դիզայն» հասկացությունը որը ավելի է համապատասխանում տվյալ օրենքով պահպանվող օբյեկտների բովանդակությանը:

 

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագծերը մշակվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծերի ընդունումը կապահովի առկա խնդիրների լուծումը, ինչը հնարավորություն կտա հուսալի և արդյունավետ կարգավորել գյուտերի և արդյուանբերական դիզայնների հետ կապված հարաբերությունները։ Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով պայմանավորված գործողությունների համար սահմանված պետական տուրքերի գանձումը:

 

  • Քննարկվել է

    31.10.2018 - 15.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10262

Տպել