ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Բնակչության առողջության պահպանումը` ալկոհոլի չարաշահման կանխարգելման միջոցով, հանրային առողջության կարևորագույն խնդիրներից է, այն ՄԱԿ-ի կայուն զարգացման առանցքային թիրախներից (թիրախ 3.5) մեկն է:
Ալկոհոլի հետևանքով առաջացած վնասը պայմանավորված է վերջինի սպառման ծավալներով, խմելու ձևով (հաճախականությամբ) և ալկոհոլի որակով: Ալկոհոլի չարաշահումը պատճառ է հանդիսանում ավելի քան 200 հիվանդության և վիճակի, որոնցից առավել արդիական են կախվածությունը, լյարդի ցիրոզները, քաղցկեղը և վնասվածքները:
Միջազգային վիճակագրությունը վկայում է, որ աշխարհում գրանցված բոլոր մահերի շուրջ 5.9%-ի պատճառ է ալկոհոլի օգտագործումը: 2012թ-ին 139 մլն հաշմանդամության ճշգրտված կյանքի տարիների կամ գլոբալ հիվանդությունների և վնասվածքների բեռի 5.1%-ը պայմանավորված են եղել ալկոհոլի օգտագործմամբ:
Համաձայն ԱՀԿ տվյալների Հայաստանում 2014թ.-ին ալկոհոլի սպառումը 15 և բարձր տարիքային խմբում կազմել է 3.9 լիտր մաքուր ալկոհոլ մեկ շնչի հաշվով, որը զգալի ցածր է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների ցուցանիշից` 8.6: Այնուամենայնիվ մտահոգիչ է, որ մաքուր ալկոհոլում պարունակվող սպիրտի օգտագործման ցուցանիշը կազմելով 3.3 լիտր մեկ շնչի հաշվով գերազանցում է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների համանուն ցուցանիշը` 2.5, ընդ որում եթե Եվրոպական երկրներում արձանագրվում է ցուցանիշի կայուն նվազման միտում, ապա Հայաստանում այն ունի բացասական դինամիկա` գերազանցելով օրինակ, Վրաստանի (2.1) և Մոլդովայի ցուցանիշները (2.5): Համապատասխանաբար շեշտակի ցածր է գինու ու գարեջրի սպառումը: Այսպես, գինու սպառումը Հայաստանում կազմում է 0.1 լիտր մաքուր ալկոհոլում 15 և բարձր տարիքի մեկ շնչի հաշվով` Վրաստանում` 2.5, Մոլդովայում` 4.9, ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրներում 2.4, իսկ գարեջրինը` Հայաստանում` 0.5 լիտր 15 և բարձր տարիքի մեկ շնչի հաշվով` Վրաստանում` 1.5, Մոլդովայում` 1.9, ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրներում` 3.4: Վերոնշյալ տվյալներից ակնհայտ է, որ թեև Հայաստանում ակլոհոլի սպառման ծավալները համեմատաբար մեծ չեն, սակայն մտահոգիչ է, որ սպառման կառուցվածքում գերակշռում է թունդ ալկոհոլը:
Առկա գիտահետազոտական տվյալները վկայում են, որ պոպուլյացիոն մակարդակում մշակված քաղաքականությունները, մասնավորապես` ալկոհոլի գովազդի արգելքը, հանդիսանում է ալկոհոլի չարաշահման դեմ պայքարի առավել ծախսարդյունավետ մեթոդներից` ի շնորհիվ ալկոհոլով պայմանավորված մահերի և հաշմանդամության մակարդակի նվազեցման և այն ընդգրկված է ԱՀԿ «ծախսերի տեսանկյունից առավել օպտիմալ լուծումների» շարքում:[1]
Մի շարք լոնգիտուդային հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է, որ այն երիտասարդները, որոնք ենթարկվել են ալկոհոլի մարքեթինգի ազդեցությանը ավելի մեծ հավանականությամբ կսկսեն օգտագործել այն, իսկ նրանք որ արդեն օգտագործում է` կխմեն ավելի շատ: Դրա հետ մեկ տեղ, ալկոհոլի մարքեթինգն ավելի զգալի ազդեցություն է ունենում ցածր և միջին եկամուտներով երկրներում:
Երեխաները, դեռահասները և ծերերը որպես կանոն ավելի խոցելի են ալկհոլի օգտագործման հետևանքով առաջացող վնասից քան բնակչության այլ խմբերը: Վերոնշյալի լույսի ներքո, առանձնահատուկ կարևորություն է ստանում ակլոհոլի օգտագործման կանխարգելումը հատկապես երեխաներին և դեռահասների շրջանում, որի առավել արդյունավետ միջոցներից է ալկոհոլի գովազդի սահմանափակումը հատկապես հեռուստատեսությամբ:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ Եվրոպական տարածաշրջանի 12 երկրներում ամբողջությամբ արգելված է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը հանրային և ազգային, 11-ում` նաև մասնավոր հեռուստատեսություններով: 14 երկրներում գործում են մասնակի սահմանափակումներ` ցուցադրման ժամի և տեղի նկատմամբ: Հարկ է նշել նաև, որ 4 երկրներում արգելված է անգամ գարեջրի, իսկ 6-ում գինու գովազդը: Օրինակ, Ֆրանսիայում ալկոհոլային խմիչքների գովազը հեռուստատեսությամբ ամբողջովին արգելված է դեռևս 1991թ.-ից` «Loi Evin» (Էվինի օրենքի) համաձայն:
Այսպիսով ակնհայտ է, որ մեր հանրապետությունում գերակշռում է համեմատաբար թունդ ալկոհոլային խմիչքների սպառումը, ինչին անուղակի նպաստում են նաև գործող իրավակարգավորումները, ուստի անհրաժեշտություն է առաջանում «Գովազդի մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ` արգելելով թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով, բացառությամբ տեղական արտադրության կոնյակի, ինչն իր հերթին դրական ազդեցություն կունենա բնակչության լայն խմբերի` հատկապես երեխաների, դեռահասների և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի ձևավորման և ոչ վարակիչ հիվանդությունների կարևոր ռիսկի գործոն հանդիսացող ալկոհոլի չարաշահման հետրանքով առաջացող հիվանդությունների թվի նվազեցման վրա:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի մինչև 2014թ.-ը գործող խմբագրությամբ թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ամբողջությամբ արգելված էր, ինչը նպաստավոր պայմաններ էր ստեղծում ալկոհոլի մարքեթինգի համար առավել զգայուն խմբերի` երեխաների և դեռահասների շրջանում խմելու կանխարգելման համար:
Այնուհետև, «Գովազդի մասին» օրենքի 2014թ.-ի հունիսի 21-ին ընդունված փոփոխությունների արդյունքում, Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրվեց հետևյալ խմբագրությամբ` «զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-ից մինչև 22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի գովազդի:», ըստ էության թույլատրելով թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը նշված ժամերից դուրս: Հատկանշական է, որ ժամանակահատվածը գործնականում համընկնում է զանգվածային դիտում ունեցող մարզական հեռուստահաղորդումների հետ, որոնց հիմնական աուդիտորիան են երեխաները, դեռահասներն ու երիտասարդները: Սպորտային հեռուստահաղորդումների ժամանակ թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը երիտասարդ ունկնդիրների շրջանում կարող է նաև դրական ասոցիատիվ կապ ստեղծել` առողջ ապրելակերպի (սպորտի) և ալկոհոլի չարաշահման միջև, ինչը բացասական ազդեցություն կարող է թողնել վերջինների վարքագծային մոդելի վրա:
Համաձայն ապացուցողական բժշկության տվյալների ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը կախված է ապրելակերպից և առկա ռիսկի գործոնների առանձնահատկություններից, որոնք կարող են նպաստել այդ հիվանդությունների զարգացմանը: Ըստ ԱՀԿ տվյալների ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման գերակշռող մասը պայմանավորված է ծխախոտի օգտագործման, ալկոհոլի չարաշահման, անառողջ սննդակարգի և այլ գործոնների վնասակար ազդեցությամբ:
Վիճակագրական տվյալների վերլուծությունը վկայում է, որ եթե 2012թ.-ին մահացության կառուցվածում առաջատար տեղ զբաղեցնող ոչ վարակիչ հիվանդությունների կարևոր ռիսկի գործոն հանդիսացող ալկոհոլի չարաշահումը[2] հանդիպել է 15 և բարձր տարիքային խմբի տղամարդկանց 11.2%-ի շրջանում, ապա 2016թ.-ին արդեն 16.3%-ի, որոնց մոտ վիճակագրորեն հավաստի կերպով ավելի փոքր են ֆիզիկական կենսունակության ինքնագնահատման ցուցանիշները: Ալկոհոլի օգտագործման խնդիրն առավել մեծ առողջապահական նշանակությունը պայմանավորված է նաև նրանով, որ ծխախոտի օգտագործումը խորացնում է ալկոհոլի օգտագործման և չարաշահման հետ` մի քանի անգամ բարձրացնելով հիվանդությունների զարգացման առաջացման ռիսկը:
Վերջին տասնամյակում տնային տնտեսությունների անվանական սպառողական ծախսերի կառուցվածքում նկատվում է ալկոհոլային խմիչքների վրա ծախսվող գումարների աճ, այսպես եթե 2015թ.-ին տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական ծախսը ալկոհոլային խմիչքների ձեռքբերման վրա կազմել է 237 դրամ, ապա 2016թ.-ին այն հասել է 244 դրամի: Հարկ է նշել նաև, որ ալկոհոլի սպառման` ըստ բարեկեցության խմբերի IV (18.8%) և III (19.0%) քվինթիլներում ցուցանիշի արժեքն ավելի բարձր է, քան ցածր բարեկեցությամբ խմբում (13.5%): Ըստ կրթամակարդակի, ալկոհոլի օգտագործման դիտարկվող ցուցանիշն ավելի բարձր է միջին մասնագիտական կրթությամբ անձանց մոտ (21.0%), որին հետևում են միջնակարգ 16.7%) և թերի բարձրագույն (16.2%) կրթությամբ անձինք: Այն ամենացածրն է բարձրագույն (13.6%) և միջնակարգից ցածր (11.1%) կրթամակարդակ ունեցող անձանց խմբերում:
Վերը նշված խնդիրները լուծելու նպատակով առաջացել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, որի արդյունքում ակնկալվում է բարելավել բնակչության առողջության պահպանումը:
Օգտագործված գրականության ցանկ.
- Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017:
- Առողջապահության համակարգի գործունեության գնահատում, Հայաստան 2016:
- Առողջապահության Համակարգի Գործունեության Գնահատում, 2017:
- Global status report on alcohol and health – 2014 ed. WHO:
- SDG implementation voluntary national review (vnr) armenia, Yerevan 2018, WHO:
- European Health Information Gateway, https://gateway.euro.who.int/en/hfa-explorer/:
- Status report on alcohol and health in 35 european countries, 2013, WHO:
- «Решения, оптимальные по затратам и другие рекомендуемые мероприятия», ВОЗ:
- Կարգավորման նպատակը և բնույթը:
Միջազգային փորձը, հիմնավորված ազգաբնակչության շրջանում ալկոհոլային խմիչքների օգտագործման ցուցանիշների վրա վկայում է, որ ալկոհոլի օգտագործման քանակը պայմանավորված է վերջինի գովազդի նկատմամբ գործող սահմանափակումներով:
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը, Եվրոպական Միությունը և այլ կառույցների քաղաքականությունը ալկոհոլի օգտագործման նկատմամբ միտված է կանխարգելելու և նվազեցնելու վերջինի սպառումը` հատկապես երեխաների, դեռահասների ու երիտասարդների շրջանում։ Վերոնշյալ քաղաքականության համատեքստում, Գովազդի մասին օրենքում կատարելով համապատասխան փոփոխություններ նախատեսվում է սահմանափակել ալկոհոլի գովազդը՝ կրճատելով ալկոհոլի սպառումը թիրախ խմբերի շրջանում, նվազեցնելով հնարավոր բացասական ազդեցությունը բնակչության առողջության վրա։
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Օրենքի փոփոխության նախագիծը մշակվել է առողջապահության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը:
Օրենքի փոփոխության նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է նվազեցնել Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ալկոհոլի օգտագործումն ու չարաշահումը, ինչպես նաև ալկոհոլի չարաշահման արդյունքում առաջացող բնակչության առողջությանը պատճառված վնասը:
ՏԵՂԵԿԱՆՔ
ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ընդունման առնչությամբ այլ ՕՐԵՆՔՆԵՐԻ ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մաuին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունմամբ այլ օրենքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՏԵՂԵԿԱՆՔ
ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ընդունման առնչությամբ ընդունման ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՅՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:
[1] Տվյալ միջամտությունը ԱՀԿ կողմից գնահատված է որպես «արդյունավետ միջոցառում ծախսարդյունավետության ≤ 100 միջազգային դոլար գործակցով կանխարգելվող DALY-ի միջինից ցածր և ցածր եկամուտներով երկրներում»:
[2] Բնակչության շրջանում ալկոհոլի չարաշահում է համարվում օրական 20 գրամից ավելի սպիրտին համարժեք ալկոհոլային խմիչք օգտագործելը:
-
Քննարկվել է
29.10.2018 - 14.11.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 9331
Տպել