«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ
ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 170-րդ հոդվածը սահմանում է չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման կարգը, սակայն միևնույն ժամանակ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:
Օրենգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով օրենսդիրը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասում կարգավորելով զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին փոխհատուցում տրամադրելու կարգը, նախատեսել է Օրենսգրքից տարբերվող երկու կարգավորում՝
- փոխհատուցում տրվում է ոչ ավելի, քան զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց,
- փոխհատուցում տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:
Սահմանադրական դատարանն իր 2018 թվականի հուլիսի 10-ի ՍԴՈ-1424 որոշմամբ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասին, զինծառայողի՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակվելու մասով ճանաչել է Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 73-րդ և 82-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
Թեև Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդրին է վերապահված ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքի բովանդակությունը որոշակիացնելու լիազորությունը, այդուհանդերձ, Սահմանադրությունը, ի թիվս այլնի, նախ՝ բացառում է ընդհանրապես այս իրավունքի չերաշխավորելը օրենքով, ինչպես նաև խտրական մոտեցումն այն երաշխավորելիս:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքը երաշխավորում է այս իրավունքը նաև զինծառայողների համար, բայց սահմանում է դրա պաշտպանության ավելի նեղ ծավալ՝ չսահմանելով և չհիմնավորելով այն չափանիշները, որոնցով հնարավոր կլիներ իրավաչափ տարբերակում դնել, մի կողմից՝ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, մյուս կողմից՝ այլ պետական ծառայողների միջև:
Այդ առումով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ չօգտագործված արձակուրդների օրերի դիմաց փոխհատուցում ստանալու միասնական իրավակարգավորումների ապահովումն օրենսդրի իրավասության շրջանակներում է:
Վերոգրյալից ելնելով՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ տվյալ դեպքում տարբերակումը չունի օբյեկտիվ բնույթ, հիմնավորված չէ և չի հետապնդում իրավաչափ նպատակ:
Բացի այդ Սահմանադրական դատարանն իր վերոնշյալ որոշման 4.2 կետում վիճարկվող հոդվածը դիտարկել է նաև Սահմանադրության 73-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժին վերաբերող դրույթների լույսի ներքո: Մասնավորապես, Սահմանադրության վերոնշյալ դրույթի համապատասխան՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
Այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավակարգավորման այդպիսի պայմաններում, երբ կոնկրետ ժամանակահատվածում չի եղել չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու ժամկետային սահմանափակումը, սակայն զինծառայողը զրկված է եղել այդ արձակուրդային օրերն օգտագործելու կամ դրանց դիմաց առանց ծառայությունից արձակվելու փոխհատուցում պահանջելու և ստանալու հնարավորությունից, ապա զինծառայողի համար առկա են եղել «օրինական ակնկալիքի» հիմքեր: Հետևաբար, նշված դեպքերում պետք է երաշխավորվի փոխհատուցում ստանալու՝ անձի հնարավորությունը՝ որպես Սահմանադրությամբ նախատեսված սեփականության իրավունքի պաշտպանության իրագործում:
Վերոշարադրյալը վկայում է սույն օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:
- Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված կարգավորումների նպատակն է ի կատարումն Սահմանադրական դատարանի որոշման ապահովել օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրությանը:
Բացի այդ անցումային դրույթներով հետադարձ ուժ է տրվել օրենքին՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով այն զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, որոնց փոխհատուցում է տրամադրվել 2017 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում դիմել չօգտագործված արձակուրդի համար տրամադրված փոխհատուցման վերահաշվարկ կատարելու համար
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
-
Քննարկվել է
09.10.2018 - 24.10.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Ֆինանսական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 8636
Տպել