Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 562-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԹԻՎ 562-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 
1. Անհրաժեշտությունը.

      Նախագծի մշակումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության ապահովման անհրաժեշտությամբ: 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 562-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի (այսուհետ՝ Հիմնարկ) կանոնադրության 7-րդ կետի համաձայն՝ Հիմնարկի գործունեության հիմնական նպատակը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին հանրապետական գործադիր մարմինների կողմից մշակված ծրագրերի, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեով ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին իրականացվելիք և ՀՀ ֆինանսների նախարարի կողմից սահմանված ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների կատարման ապահովումն է:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է հարկաբյուջետային՝ պետության եկամուտների ձևավորման և ծախսման, հանրային ֆինանսների կառավարման, այդ թվում՝ բյուջետային գործընթացի կազմակերպման, ներքին ֆինանսական հսկողության (ներառյալ` ներքին աուդիտի), գնումների գործընթացի պետական կարգավորման և համակարգման, ֆինանսաբյուջետային վերահսկողության, պետական պարտքի կառավարման, հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության, խաղային գործի, ինչպես նաև ֆինանսատնտեսական, վարկային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովման, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման, համայնքային բյուջեների եկամուտների ձևավորման ոլորտներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Փաստորեն Հիմնարկին ներկայումս վերապահված են այնպիսի գործառույթներ, որոնք «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի ուժով պետք է իրականացվեն անմիջականորեն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է նոր քաղաքականություն` պետական կառավարման համակարգի մարմիններից բացի որևէ այլ մարմնի կամ կազմակերպության կողմից պետության ներքին և արտաքին քաղաքանության բնագավառում լիազորությունների իրականացման բացառումը:

Հանրային յուրաքանչյուր մարմին կամ կազմակերպություն, անկախ կազմակերպաիրավական կամ այլ առանձնահատկություններից, պետք է գործի օրենքով սահմանված որոշակի լիազորությունների շրաջանակում՝ բացառապես իրականացնելով տվյալ մարմնի նպատակներին համապատասխանող և դրանցից բխող գործառույթներ: Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, և չպետք է լինեն կրկնություններ, այլընտրանքային, զուգահեռ, փոխարնող կամ թաքնված համակարգեր և/կամ տվյալ մարմնին ոչ բնորոշ գործառույթներ: Ընդ որում՝

  • քաղաքականությանը վերաբերող գործառույթները/ստորաբաժանումները պետք է համախմբվեն և իրականացվեն/գործեն պետական մարմինների կառուցվածքում՝ որպես մասնագիտացված ստորաբաժանումներ և/կամ ենթակա մարմիններ,
  • օժանդակ, սպասարկող, աջակցող և/կամ մասնագիտացված/խորհրդատվական այլ ծառյությունների/գործառույթների մասով պետք է դիտարկել դրանք մասնավորին պատվիրելու հնարավորությունը և նպատակահարմարարությունը: Անհնարին և/կամ ոչ նպատակահարմար լինելու դեպքում, նման գործառույթները պետք է կազմակերպվեն տվյալ մարմնի աշխատակազմում գործող համապատասխան ստորաբաժանումների միջոցով՝ բացառելով նույնանման գործառույթների, ներառյալ հաստիքների և ստորաբաժանումների մի քանի միավորների/աշխատակազմերի կողմից իրականացումը: Այս նպատակներով պետության կողմց նոր ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների, Հիմնադրամների, ՓԲԸ-ների և/կամ այլ կառույցների ստեղծումից պետք է ձեռնպահ մնալ, իսկ գործող կառույցների գործունեությունը դադարեցնել (լուծարել, միավորել կամ այլ), եթե վերը նշված մոտեցումների ներքո չի հիմնավորվում դրանց գոյության անհրաժեշտությունը:

4. Կարգավորման նպատակը և բնույթը.

      Նախագծով առաջարկվում է դադարեցնել Հիմնարկի գործունեությունը և վերջինիս լիազորությունների իրականացումն ապահովել ՀՀ ֆինանսների նախարարության կառուցվածքում ստեղծվող ստորաբաժանման միջոցով։

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:


6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է և տվյալ բնագավառում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության ապահովումը

  • Քննարկվել է

    25.09.2018 - 10.10.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9300

Տպել