|
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» դրամաշնորհի ծրագրի «Տեղեկատվական նյութեր (այդ թվում՝ տեսանյութեր և հեռուստահաղորդումներ)» տողով նախատեսված է թվով 40 տեսանյութի թողարկում, սակայն ծրագրի որակական և ժամկետայնություն չափանիշներում դրանց որակի, տևողության և այլ գնահատման չափանիշները սահմանելու անհնարինության պատճառով խնդիրներ են առաջանում դրանց պատշաճ կատարման, համացանցում տեղակայված տեսանյութերի թիրախավորման գնահատումն իրականացնելիս: Միևնույն ժամանակ, ծրագրի «Ծրագրային դասընթացներ» տողով նախատեսված դասընթացներն ունեն բարձր պահանջարկ, բացի այդ, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում ծրագրային դասընթացներին մասնակցած և վարկ ստացած տնտեսությունների մոնիտորինգի գործառույթը խոշոր նշանակություն ունի պետական բյուջեից տնտեսավարողներին տրամադրվող միջոցների ծախսման նպատակայնության ապահովման հարցում, ուստի դրանց քանակի ավելացումը էապես կնպաստի ծրագրի առավել արդյունավետ իրականցմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի միջև 2018 թվականի փետրվարի 02-ին կնքված պայմանագրում «Գյուղական խորհրդատվական ծառայություններ»-ի Ծրագրային դասընթացների համար տարեկան ոչ ֆինանսական ցուցանիշ սահմանված է 120 հատ, պահանջվող գումարը՝ 184,705,515 դրամ (1 հատի հաշվարկով պահանջվող գումարը` 1,539,212), «Տեղեկատվական նյութեր (այդ թվում՝ տեսանյութեր և հեռուստահաղորդումներ)»-ի համար 40 հատ, պահանջվող գումարը՝ 61,568,505 դրամ (1 հատի հաշվարկով պահանջվող գումարը` 1,539,212), «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում, ծրագրային դասընթացներին մասնակցած և վարկ ստացած տնտեսությունների մոնիտորինգ»-ի համար 240 հատ, պահանջվող գումարը՝ 61,568,505 դրամ (1 հատի հաշվարկով պահանջվող գումարը` 256,535):
Ծրագրային դասընթացների համար տարեկան ոչ ֆինանսական ցուցանիշը սահմանված է՝ հաշվի առնելով Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: Սակայն, հաշվի առնելով 1-ին կիսամյակում դրանց մեծ պահանջարկը, ԳԶՀ կողմից ծրագրային դասընթացների ոչ ֆինանսական ցուցանիշների փաստացի կատարումը գերազանցել է պլանավորվածը: «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում, ծրագրային դասընթացներին մասնակցած և վարկ ստացած տնտեսությունների մոնիտորինգ»-ի պլանավորված ցուցանիշը կապված է կանխատեսսվող գյուղատնտեսության ոլորտին տրամադրվելիք վարկերի հետ (փաստացի վարկերի ստացած շահառուների մոնիտորինգ): Ֆինանսական կառույցների կողմից տրամադրված վարկերի քանակը ևս գերազանցել է պլանավորվածը, ուստի ԳԶՀ կողմից «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում, ծրագրային դասընթացներին մասնակցած և վարկ ստացած տնտեսությունների մոնիտորինգ»-ի փաստացի կատարված ոչ ֆինանսական ցուցանիշը ևս գերազանցել է պլանավորվածը: Կատարված աշխատանքների համար լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվել:
Նախատեսվող ոչ ֆինանսական ցուցանիշների փոփոխությունը ևս չի առաջացնում լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրային դասընթացները նախատեսվում է կազմակերպվել ԳԶՀ մարզային կառույցների գրասենյակներում կամ տարածաշրջաններում տեղակայված խորհրդատուների գտնվելու վայրերում, ինչը չի առաջացնի լրացուցիչ գործուղման և տրանսպորտային ծախսեր: Միևնույն ժամանակ, ծրագրային դասընթացների ընթացքում նախատեսված ֆինանսական գրագիտությանը վերաբերող հատվածն իրականացվում է մասնավոր ֆինանսական կառույցի աջակցությամբ, ինչը ևս հնարավորություն է տալիս առկա ռեսուրսներով իրականացնել պլանավորվածից առավել ծրագրային դասընթացներ առկա ֆինանսավորման պայմաններում:
|
|
Հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի տենդեցները Որոշման նախագծով նախատեսվում է «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» դրամաշնորհի ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով վերանայել նշված ծրագրի ոչ ֆինանսական ցուցանիշները: Մասնավորապես, առաջարկվում է ծրագրի ոչ ֆինանսական ցուցանիշներում, սկսած 2-րդ եռամսյակից, կատարել փոփոխություններ՝ ցուցանիշներից հանել «Տեղեկատվական նյութեր (այդ թվում՝ տեսանյութեր և հեռուստահաղորդումներ)» տողն ամբողջությամբ և փոխարենը «Ծրագրային դասընթացներ» տողում դասընթացների քանակն ավելացնել 80-ով (երրորդ եռամսյակում ավելացնել 40-ով, չորրորդ եռամսյակում՝ 40-ով), գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում ծրագրային դասընթացներին մասնակցած և վարկ ստացած տնտեսությունների մոնիտորինգի թիվը՝ 80-ով (երրորդ եռամսյակում ավելացնել 40-ով, չորրորդ եռամսյակում՝ 40-ով):
Ծրագրի ընդհանուր ֆինանսական ցուցանիշներում փոփոխություն չի նախատեսվում:
|