Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

«Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդ­վա­ծի համաձայն՝ հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների վերաբեր­յալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը հրապարակվում է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ը, եթե հիմնա­դրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն ՀՀ դրամը: Սակայն, ՀՀ հարկային օրենսգրքով շահութահարկի հաշվարկների ներկայացման վերջնաժամկետ է սահմանված հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 20-ը: Քանի որ շահութահարկի հաշվարկով ներկայացվող շահութահարկի գծով ծախսը հանդիսանում է կազմակերպության կողմից ներկայացվող ֆինանսական հաշվետվություն­ներում արտացոլման ենթակա հոդված, հետևաբար, ֆինանսական հաշվետվությունների հրապարակման՝ շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետից ավելի վաղ ժամկետ սահմանելը հիմնադրամների մոտ խնդիրներ է առաջացնում:

 2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ներկայումս «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հիմնադրամները, մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ը, հրապարակում են միայն ֆինանսական հաշվետվությունների վերաբեր­յալ աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը՝ առանց տարեկան ֆինանսական հաշվետվությունների:

3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է որպես ֆինանսական հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետ հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ի փոխարեն սահմանել հուլիսի 1-ը, ինչպես նաև աուդիտորական եզրակացության հետ միասին սահմանել ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջ:

 4.Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան հիմնադրամների կողմից ֆինանսական հաշվետվությունների փաթեթի և «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ժամկետում հրապարակման ապահովումն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ կսահմանվի միասնական մոտեցում:

 

 

  • Քննարկվել է

    17.08.2018 - 01.09.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8193

Տպել

Առաջարկներ`

Արամայիս Փաշինյան

20.08.2018

Նախագիծն ինքնին դրական է, սակայն շատ հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների մոտ խնդիր կա՝ կապված "ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքով սահմանված հրապարակման վճարի հետ, որով հրապարակային ծանուցման վճարը սահմանվում է ըստ տպագրական նիշի` մեկ տպագրական նիշի համար` 10 դրամ։ Սա նշանակում է, որ բոլոր այս կազմակերպությունների համար "Հիմնադրամների մասին" ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն Ֆինանսական հաշվետվությունները հրապարակելու դեպքում հրապարակման արժեքը սահմանված առավելագույն գումարն է կազմելու՝ 100,000 դրամ, որը շատերի համար մեծ բեռ է և կազմակերպության գործունեության հրապարակայնության համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում։ Օրինակ, եթե կազմակերպությունը ժամանակին իր հիմնադրից որպես սեփականություն որևէ անշարժ գույք է ստացել որպես գրասենյակ, ապա անկախ գործունեության ծավալներից կամ գործունեություն իրականացնել-չիրականացնելու հանգամանքից պարտադրված է ոչ միայն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ անցկացնել, այլև 100,000 դրամ հրապարակման պետտուրք վճարել։ Առաջարկում եմ ոչ առևտրային կազմակերպությունների համար վերանայել նշված դրույքաչափը կամ բացի ակտիվների չափից կիրառել նաև այլ չափանիշ, օրինակ՝ համախառն եկամտի կամ տարվա ընթացքում կատարված ծախսերի մեծությունը։

Տեսնել ավելին